Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ԻՐԱԿԱՆ ԺՈԶԵՆ

Luis Fernando Verissimo- 1936

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Ժոզեն մահացավ տաղաչափական ճշգրտությամբ՝ Օդային Կամուրջ-ի ինքնաթիռներից մեկում, Սան Պաուլոյի ու Ռիոյի միջև ընկած ճանապարհի կեսին: Սիրտն էր: Մահացավ մոխրագույն կոստյումը հագին ու մուգ գույնի փողկապով, ձեռքին` նույն սև պորտֆելը, որի հետ տարիներ շարունակ ամեն երկուշաբթի վայրէջք էր կատարում Սանտուս Դումոնտ օդանավակայանում:
— Խեղճ Պաուլիստ* …,- ասացին նրա աշխատակիցները հոգեհանգստի ժամանակ` ցավալով այդքա՜ն լուրջ, այդքա՜ն օգտակար, այդքա՜ն ջանասեր աշխատակցի կորստի համար: Նրա մականունը Ռիոյում՝ Պաուլիստ էր:
Կինն ու տասնութ տարեկան որդին զուսպ էին և համակերպված` ողջ հոգեհանգստի ընթացքում: Դա Ժոզեի ոճն էր: Ոչ մի էքստազ կամ զգացմունքների դրսևորում. լոկ զսպվածություն: Որդին որոշել էր, որ նրան թաղեն բաճկոնը հագին:
— Ճիշտն ասած,- քչփչում էր Ժոզեի գրասենյակի աշխատակիցներից մեկը,- բանն այն է, որ նա երբեք էլ չընդունեց Ռիոյի սովորույթները…
— Միշտ էլ աքսորված պաուլիստ է եղել,- համաձայնեց ինչ-որ մեկը:
— Աքսորվա՞ծ,- զարմացավ մեկ ուրիշը,- բայց նա ապրում էր համ այնտեղ, համ այստեղ…
Հենց այդ պահին ներս մտան մի տիկին ու մի աղջիկ` արցունքների մեջ կորած, երկուսի հագին էլ նույն ջինսից, ուսներին մեծ կաշվե պայուսակներ, որոնցով եկել էին Սան Պաուլոյից:
— Կարիոկա**,- ճչաց կինը` շտապելով դեպի դագաղը,- այդ դո՞ւ ես, Կարիոկա:
— Պա՜պ,- ճչաց աղջիկը` խոնարհվելով հանգուցյալի վրա:
Համատարած իրարանցում:
Ընտանեկան փաստաբանը` պարոն Լուպերսիուն այնպես արեց, որ Ժոզեի երկու կանայք հավաքվեն սգո սրահից առանձնացած մի տեղ: Ամենադժվարը երկրորդ կնոջը (հոգեհանգստին ներկա գտնվելու հերթականությամբ) դագաղից պոկելն էր: Կարճ ժամանակում հաստատվեց եղելությունը. Ժոզեն Սան Պաուլոյում էլ ընտանիք ուներ: Աղջիկը տասնհինգ տարեկան էր: Ռիոյի կինը կարճ ու կոնկրետ ասաց.
— Օրինականը ես եմ:
— Սիրելիս…,- սկսեց մյուսը:
— Ես ձեր սիրելին չեմ: Մենք նույնիսկ ծանոթ չենք:
— Հանգիստ, հանգիստ,- խնդրեց Պարոն Լուպերսիուն:
— Հիմա գիտեմ, թե ինչուԿարիոկան երբեք չէր ուզում ինձ բերել Ռիո…,- ասաց մյուսը:
— Նրա անունը Ժոզե է. կամ` էր, մինչ սա պատահելը,- ասաց առաջինը՝ ինքն էլ չանդրադառնալով, որ մա՞հը նկատի ունի, թե երկրորդ ընտանիքի բացահայտումը:
— Այնտեղ` Սան Պաուլոյում, իր շրջապատում բոլորը նրան Կարիոկա են անվանում:
— «Շրջապատո՞ւմ»,- զարմացավ առաջինը: Ռիոյում մենք շրջապատ չունեինք: Հազվադեպ էինք տնից դուրս գալիս: Մեկ կամ երկու ընթրիք` փոքր խմբով. երբեմն` համերգներ: Հիմնականում, մինչև ժամը տասը, մենք արդեն անկողնում էինք լինում:
Հոգեհանգստի սենյակում Ժոզեի որդին խուսափում էր իր խորթ քրոջ հայացքից: Երկուսն էլ նման էին իրար: Հոր դիմագծերն ունեին: Աչքերը դեռևս արցունքներով լի աղջիկն ասաց, որ առաջին անգամ էր հորը փողկապով տեսնում: Տղան ուզում էր ասել, որ հորն առանց փողկապի երբևէ չի հիշում, բայց հարմար գտավ ոչինչ չասել: Լարված իրավիճակ էր:
— Խեղճ հայրիկ,- շշնջալով ասաց աղջիկը,- միշտ այնքան կատակասեր…
Որդին գնալով՝ բան չէր հասկանում:
Նրա մականունը Սան Պաուլոյում՝ Կարիոկա էր: Ամեն հինգշաբթի սպորտային վերնաշապիկով, ծայրահեղ դեպքում մի սվիտեր ուսերին գցած` վայրէջք էր կատարում Կոնգոնիաս օդանավակայանում: Մի անգամ նույնիսկ եկել էր ծովափնյա հագուստով: Սիրում էր բնակարանը լցնել ընկերներով կամ իր շրջապատի մարդկանց հետ գնալ ռեստորան կամ քեֆերի: Ու եթե որևէ մեկն ասեր՝ նա Սան Պաուլո է գնում արդարանալով, թե «Վաղն աշխատանքային օր է», նա վրդովված ասում էր, որ պաուլիստն ապրել չգիտի, որ մտածում է միայն փողի մասին, որ միայն կարիոկան գիտի կյանքը վայելել: Այնուամենայնիվ, չնայած որոշ հավաքույթների սրահներում՝ մինչև պորտը բաց վերնաշապիկի հետևանքով ունեցած վատ տրամադրությանը, նա իրեն հատուկ անկաշկանդությամբ՝ պաուլիստների մեջ հաջողություն ուներ, ինչպես նաև բիզնեսում: Ամեն երկուշաբթի թռչում էր Ռիո` ասելով, թէ պետք է լինի ծովափին, շնչի մի քիչ:
— Դուք չէի՞ք զարմանում, երբ նա Ռիոյից այդքան սպիտակ մաշկով էր վերադառնում,- հարցրեց օրինական կինը:
— Նա ասում էր, որ ծովափում չի սևանում, հենց ոտքը դնում է Կոնգոնիասի օդանավակայանը, սպիտակում է, — ասաց մյուսը:
Երկուսն էլ ժպտացին:
Ավելի ուշ, տանը, պարոն Լուպերսիուն մտորում էր դեպքի շուրջ:
— Երկու աշխարհների հերոս,- ասաց նա:
Կինը, ինչպես միշտ, չէր լսում: Պարոն Լուպերսիուն շարունակեց.
— Ռիոյում տիպիկ պաուլիստ էր, մի ծաղրանկար: Այո, հենց այդպես:
Պարոն Լուպերսիուն որևէ եզրակացություն անելիս՝ միշտ սկսում էր խաղալ իր երկար մատներով: Հենց դա էր. Ռիոյում նա պաուլիստական մի ծաղրանկար էր՝ պաուլիստի կարիոկայական պատկերը: Իսկ Սան Պաուլոյում` ընդհակառակը:
— Ավելին: Ռիոյում ճանաչված պաուլիստի դերը կատարելը նրա համար վայելք էր, իսկ Սան Պաուլոյում կարիոկայի դերը` վաճառքի ստրատեգիա:
Ոգևորված փաստաբանը ուժեղ սեղմեց կնոջ թևը, որն ասաց «Ա՜յ, Լուպերսիու»:
— Դու չե՞ս տեսնում: Նա կարիոկայորեն ճարպիկ մարդ է եղել, երբ պաուլիստի դերում է եղել և՝ պաուլիստորեն գործունյա, երբ կարիոկայի դերում է եղել: Ստերեոտիպային gigolo*** : Բրազիլական մի սինթեզ: Բայց այդ երկուսից ո՞րն էր իրական Ժոզեն:
Երկու այրիներն էլ մենակ քնեցին: Ռիոյինը` առանց իր Ժոզեի` կարիոկայականին հակասող պահանջների ու պատասխանատվության այդ քարե կտորի: Իսկ Սան Պաուլոյինը` առանց իր Կարիոկայի` այդ պաուլիստական մոխրի վրա փչող ծովային քամու:
Երկուսն էլ հառաչեցին:
—————————————————————————————-
* Այդպես են կոչում Սան Պաուլո նահանգում ծնված մարդկանց
** Այդպես են կոչում Ռիո դե Ժանեյրո քաղաքում ծնված մարդկանց
*** Տարեց և հարուստ կնոջ հաշվին ապրող երիտասարդ, պորտաբույծ

2 մեկնաբանություն

  1. Սահուն թարգմանություն, ուրույն ոճով վերաստեղծում և հաճելի ընթերցանություն: Արդյո՞ք Աննան թարգմանություններից բացի ունի իր ուրույն ստեղծագործությունները:

  2. Շնորհակալ եմ: Չէ, ինքս չեմ գրում… մի քանի բանաստեղծություն, մի քանի երգ, այդքանով սահմանափակվել եմ: Թարգմանությունը սիրելի զբաղմունքս է, ցավոք, աշխատանքս ուրիշ է…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի