Վարդինե Իսահակյան | Հ Ե Ր Ո Ս Ը

VI11

 

Ամառային մի պարզ օր բարձրահարկ շենքերից մեկի չորրորդ հարկի բաց պատուհանից սենյակ էր ներթափանցում դրսում թևածող տաք, խիտ լռությունը… Սոնան գամված էր հյուրասենյակի կենտրոնում դրված բազմոցին ու հեռախոսի էկրանին: Վերջին օրերին համացանցն ամենահաճելի վայրն էր, ուր նա ընկղմվում էր ժամեր շարունակ ու մոռանում իրական աշխարհի մասին: Համացանց կոչվող սարդոստայնում սիրո խոստովանությունն ավելի քաղցր էր հնչում, չկար խաբեությամբ լի աչքերից, բերանի տհաճ հոտից կամ թևատակերի քրտնքահոտից հիասթափվելու վտանգը…

Սարդոստայնը հյուսված էր, Սոնան՝ սիրահարված…

Նախապես պատվիրել էր մի կախազարդ մակագրությամբ՝ «Իմ հերոսին»… Կախազարդն ափի մեջ սեղմելով՝ մտածում էր. «Նա հերոս տղա է, ազնիվ, ես երջանիկ կլինեմ նրա հետ»:

Առաջին  հանդիպմանը Սոնան պատրաստվում էր առանձնակի խնամքով…հագավ իր ունեցած կապտաթույր զգեստը, հանեց պահարանում վաղուց փոշոտվող բարձրակրունկները, երկու ժամ քառասուն րոպե նստեց վարսահարդարի հայելու դիմաց և ցերեկվա ուղիղ ժամը երեքին նա եկավ։ Սոնան ճախրանքով մոտեցավ պատուհանին։ Անձրև էր տեղում, ամառային տաք անձրև։ Սոնան նայեց ապակուց այն կողմ, տեսավ սպիտակ մեքենայից իջնող երիտասարդին…

Նա արդեն բակում էր և օգնեց աղջկան, որ նստի մեքենան, անձրևանոցը տեղավորեց սրահում, իսկ ինքը ղեկի մոտ տեղավորվելով՝ ժպտալով նայեց Սոնային: Համացանցում ամենաազնիվ բնութագծերով ներկայացված «հերոսն» իրականում ժանտախտից մազապուրծ առնետի էր նման. փոքր դեմք ուներ, ծուռ քիթ, թուխ մաշկ ուներ ու մանր աչքերից խորամանկություն էր ծորում… Սոնան երկնքից իջավ, ոտքերը հպվեցին թաց գետնին…

Աղմկոտ սրճարանի անցուդարձը սովորական էր ամռան այդ երեկո, մատուցողուհու հայացքը՝ կասկածելի… Սոնան ուզում էր հանել ոտքերը սեղմող բարձրակրունկ կոշիկները, խռիվ տալ սանրվածքն ու ոտաբոբիկ քայլել ամռան տաք անձրևի տակ՝ իրական սիրո մասին երազանքներով տոգորված…

Տատը Սոնային ասում էր. «Էդ ինտերնետն էդ որտեղ է, Սոնա ջան, մի տեղն իմացիր, դու էլ մտիր մեկին գտիր էլի, տես էն մեր հարևան Օֆիկի թոռը ոնց մտավ դրա մեջ ու մի բոյով սիրուն տղա գտավ, պսակվեց…»: Եվ ահա Սոնան գտել էր մի երիտասարդի, ով համացանցում փառաբանվում էր իր կատարած հերոսական արարքի համար, և ով վստահություն ներշնչեց նրան սիրահարվելու, երազելու, հանդիպելու, սիրուց ու վեհ նպատակներից խոսելու…

Մեքենան սլանում էր գիշերային մութ փողոցներով, Սոնան մտածում էր այն մասին, թե ինչու ինքը չի նկատում իր ճանաչած խելացի ու համեստ տղաներին, օրինակ՝ իրենց բակի Սարգիսին կամ Տիգրանին, ով արդեն հինգ տարի ծառայում էր սահմանապահ դասակում ու նույնքան տարի սիրահարված էր Սոնային, բայց լռում էր… Իսկ ահա իր նոր ուղեկիցը կարողանում էր երգեցիկ խոսքեր շշնջալ, ազնիվ ու նվիրական նպատակների մասին խոսել…

Նրանց հանդիպումները շարունակական դարձան, չնայած ի սկզբանե ապրած հիասթափությանը, Սոնան հավատաց ու սիրեց առաջին անգամ… Նա երջանիկ էր, և լուռ երազում էր ամուսնանալ, որդի ունենալ ու անվանակոչել նրան հոր անունով…

Սակայն իր հերոսի զանգերն ու սիրառատ հաղորդագրություններն աստիճանաբար նվազեցին, ցեցի նման սիրտը կրծող կասկածը օրեցօր խաթարում էր Սոնայի երջանկությունը… Նա ժամեր շարունակ միայնակ քայլում էր, աշնան քամին խաղում էր հերարձակ վարսերի հետ ու համառորեն փորձում մաքրել դեմքին դրոշմված թախիծը…

Ստացված զանգը նրանից չէր, ինչ որ անծանոթ երիտասարդ հաճոյախոսելով՝ փորձում էր համոզել Սոնային գոնե մեկ անգամ հանդիպել… Սոնան զարմանքով անջատեց հեռախոսը մտածելով՝ որտեղից այս անծանոթն իր մասին գիտեր…

Հերթական հանդիպումից առաջ կասկածանքի, հիասթափության երկյուղի նախազգացումը պաշարել էր Սոնային: Աշնան վերջին կիրակին նրանց սիրո երեկոն ավարտվեց արտասվախառն այգաբացով… Երբ Սոնան երկար սպասեց մի քանի րոպեով ծխելու մեկնած իր ուղեկցին, վերցրեց սեղանին երեսնիվայր դրված նրա հեռախոսը ժամացույցի սլաքների մատնանշած ճշգրիտ ժամանակն իմանալու պարզ ցանկությամբ, բայց տեսավ անձայն ստացված զանգերի ու նամակների տեղատարափ…

Այն բառերը, որ Սոնային էր ասում իր «հերոսը», գրել էր նաև մեկ տասնյակից ավելի աղջկա. «Գանձս, ես միայն քեզ եմ սիրում, արևս, ես քո նման դեռ ոչ մեկի չեմ սիրել…»: Իսկ Արփինեից, Մարիամից, Լիլիթից, Տաթևից, Անահիտից, Դիանայից, Լիանայից ստացված նամակները հուշում էին, որ իր նման շատ աղջիկներ էին հավատում նվիրական սիրո մասին իրենց շռայլված խոսքերին. «Նարեկ ո՞ւր ես, խի՞ չես պատասխանում»… «Մեռնեմ ժպիտիդ, հերիք է հիշել, որ դու կաս։ Էսօր գյուղում տեսա քեզ..»… «Նարեկ քաղաքում քեզ եմ սպասում, էսօր պիտի հանդիպեինք, ո՞ւր ես…»… «Հա տանը մենակ եմ, ե՞րբ կգաս, կոֆեն դնեմ, բաժակ նայողին էլ կանչեմ…»… «Նարեկ արի ամուսնանանք, գիտեմ, որ դու էլ ինձ ես սիրում…»… Սոնան ուզում էր՝ երկարաձգվեր իրականությանը պարզ աչքերով նայելու րոպեն. հերթական երկխոսությունը մի երիտասարդի հետ էր, ում Նարեկն օրեր առաջ ուղարկել էր Սոնայի հեռախոսահամարը նախաբանով. «Տես ինչ ես անում, զանգի խոսացրու, պոկ գա ինձանից, չեմ ուզում շատ խորանա էս ամեն ինչը, ոնց որ թե արդեն սիրում ա ինձ…»…

Սոնան դողում էր ողջ մարմնով, աչքերի առաջ պատկերներն արտացոլվում էին մշուշի մեջ, նա համատարած վերք էր…թարմ ցավոտ վերք… Նողկանք էր զգում նրա հանդեպ, ում ազնիվ նպատակների մասին խոսքերին հավատաց ու գեղեցիկ ապագայի գունավոր երազանքներ հյուսեց։ Նա հապշտապ դուրս եկավ ու գիշերային փողոցներում թևածող լռությանն ընտրեց իրեն ուղեկից։ Պայուսակից հնչող հեռախոսազանգերը ցավի ու հիասթափության մի յուրօրինակ սիմֆոնիա էին հիշեցնում…

Լուսադեմին հասավ տուն։ Ժամեր շարունակ բազմոցին գամված’ Սոնան սրտի բութ ցավով և դեմքի նույնպիսի արտահայտությամբ փորձում էր վատ երազի նման ջնջել, մոռանալ իր «հերոսին»… Չէր ուզում տատիկին խոստովանել, որ համացանցի տեղն ինքն էլ իմացավ, դուռը բաց գտավ ու ներս մտավ և բազմահազար օգտատերերից ընտրեց ամենաազնիվ հատկանիշներով նկարագրված ամենապիղծ ստահակին…

Նվաղած ձայնով նա տատին հարցրեց. «Տատ, ես ինչո՞ւ իրական հերոսների չեմ հանդիպում»:

Թոռան արցունքները տեսնելով, տատի դեմքին կորստի ցավից գոյացած խորը ակոսները խոժոռվեցին, աղջկա նուրբ ձեռքերն առնելով իր կոշտացած ափերի մեջ, նա հառաչանքով ասաց. «Որովհետև քո ազնիվ էությունն ունեցող իրական հերոսները հորդ նման իրենց կյանքը նվիրեցին հանուն քո խաղաղ լուսաբացների… Իսկ ստահակները նրանց սխրանքներն իրենց վերագրեցին ու կյանքը փառքի ճեմուղի դարձրած ապրում են՝ մթագնելով քո նման աղջիկների լուսաբացները…»:

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.