Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Ռոբեր Դեսնոս (Robert Desnos, 1900-1945)
Չորս անվիզները
Նրանք չորսն էին, որ այլևս գլուխներ չունեին
Չորսը, ում գլուխները կտրել էին ու դեն նետել
նրանց անվանում էին չորս անվիզներ:
Երբ նստում էին` խմելու մի բաժակ
հրապարակի կամ ճեմափողոցի սրճարանում,
Մատուցողները ձագարներ բերելը չէին մոռանում:
Երբ ուտում էին՝ արյունոտ էր,
Ու չորսն էլ խմում էին ու հեկեկում,
Երբ սիրում էին՝արյուն էր ծորում:
Երբ վազում էին, քամու պես էին,
Արտասվելիս` ինքնաբուխ էին,
Երբ քնում էին` առանց ափսոսանքի:
Աշխատելիս` չար էին դառնում
Թրև գալիս` վախ պատճառում,
Երբ խաղում էին` տարբեր էին միանգամայն:
Երբ խաղում էին՝ նման էին ամեն մեկին
Ձեզ ու ինձ, ձեզ ու մեզ ու նաև մյուսներին
Երբ խաղում էին՝ զարմանում էիր:
Երբ խոսում էին՝ սիրո մասին,
Ու մի համբույրի դիմաց
կտային իրենց միջի ողջ
արյունը մնացած:
ափերն իրենց ունեին գծեր անթիվ
որ կորչում էին ստվերներում
հանց երկաթգիծը անտառում:
Երբ նստում էին, ավելի վեհապանծ էին արքաներից
Ու կուռքերը իրենց խաչերի ետևում պահ էին մտնում
Երբ նրանք էին խրոխտ անցնում դիմացից:
Իրենց գլուխները ետ էին բերել բազմիցս,
Քսանից, հարյուրից ավել անգամ,
որ որսի կամ քեֆի տեղերում էին գտել:
Բայց երբեք նրանք չուզեցին ետ վերցնել դրանք,
Ուր փայլում էին աչքերն իրենց,
իսկ ուղեղներում հուշերն իրենց քուն էին մտել:
Գուցե դա խփում էր գլխարկագործների
կամ ատամնաբույժների գործին:
Ոմանց ուրախությունը տխրեցնում է մյուսներին:
Չորս անվիզներն ապրում են դեռ, դա հաստատ է,
Առաջինը Անատոլն է,
Երկրորդը` Քրոքինյոլը,
Երրորդը` Բարբըմոլը,
Չորրորդը` դարձյալ Անատոլը:
Ես ավելի ու ավելի քիչ եմ տեսնում նրանց
Քանզի, ի վերջո, ճնշող է հանդիպելը
չափից դուրս խորամանկամիտ մարդկանց:
Ֆիլիպ Սուպո (Philippe Soupault, 1897-1990)
Ջորջիա
Ես քնած չեմ Ջորջիա
Ես նետեր եմ արձակում գիշերվա մեջ Ջորջիա
Ես սպասում եմ Ջորջիա
Ես մտածում եմ Ջորջիա
Կրակը ձյան պես է Ջորջիա
Գիշերը հարևանուհիս է Ջորջիա
Լսում եմ աղմուկները բոլորն առանց բացառության Ջորջիա
Տսնում եմ, թե ինչպես է ծուխը ելնում ու փախչում հեռու Ջորջիա
Անաղմուկ քայլում եմ ստվերի մեջ Ջորջիա
Վազում եմ ահա փողոցը արվարձանները Ջորջիա
Ահա մի քաղաք, որը նույնն է Ջորջիա
և որը ես չգիտեմ Ջորջիա
Շտապում եմ ահա քամին Ջորջիա
և ցուրտը և լռությունը և վախը Ջորջիա
Փախչում եմ Ջորջիա
Վազում եմ Ջորջիա
Ամպերը ցածիկ են հիմա կընկնեն Ջորջիա
Ձեռքերս եմ տարածում Ջորջիա
Աչքերս չեմ փակում Ջորջիա
Կանչում եմ Ջորջիա
Գոռում եմ Ջորջիա
Կանչում եմ Ջորջիա
Քեզ եմ կանչում Ջորջիա
Արդյոք գալու՞ս ես Ջորջիա
Անմիջապես Ջորջիա
Ջորջիա Ջորջիա Ջորջիա
Ջորջիա
Ես քնած չեմ Ջորջիա
Սպասում եմ քեզ Ջորջիա
Ջորջիա
Վերջին մեկնաբանություններ