Դենի Ժակար | ԵՐԳԵՐ

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ինձ ասում էին
Ինձ ասում էին` դու չես մոռանա,
նման երազանքը չի հեռանում
ստվերների միջով, ցրտի միջով,
Նա կառաջնորդի քո քայլերը.
Ու երբ օրը բացվի վերստին
նրա լույսից շլացած`կկորչես
նորից, նորից, նորից:
Կասկածներիդ խորքից, խռովքիդ խորքից
Քո հոգու ձայնը կհնչի ադամանդի պես.
Ու երբ ճակատագիրը գա քեզ իր ձեռքը պարզելու
Դու էլ չես կարողանա ասել` կանեմ դա վաղը,
Այլ պիտի ասես` կանեմ դա հիմա, հիմա:
Դու ասում էիր ինձ` ժպտալով.
Բա՛ց դուռը երազանքներիդ, ցանկություններիդ,
Հավատա՛ քեզ, վաղը կարող ես հաջողության հասնել.
Ուրիշ ոչ ոք քեզնից բացի` ուղին չգիտե,
Ու երբ Երջանկության թևերը քեզ հանեն վեր,
Կիմանաս ներքուստ, որ իրավացի էիր,
Կիմանաս ներքուստ, որ իրավացի էիր:
Ու կգա օրը , երբ ես կհիշեմ,
զավակներիս կպատմեմ իմ պատմությունը
ուժերի մասին ու սարեր շարժող երազանքների,
Եվ ցանկալիին հասնելու այդ խենթ հավատքի.
Իսկ երբ օրը գա հեռանալու,
գոնե կկարողանամ ասել.«Ես երազեցի»:
Իսկ երբ օրը գա հեռանալու,
գոնե կկարողանամ ասել.«Ես քայլ արեցի»:

Բացակայություն
Մութ ստվերը ամպերի քո բացակայության
Պարուրում է սիրտս մոլորված
Ալիքների պարը միակ շարժումն է կյանքի, որով կարող եմ հիանալ
արձագանքը հեռացող քայլերիդ
դեռ հնչում է դատարկության մեջ կորսված իմ սիրո
Փայլը խելագար ծիծաղիդ շլացնում է աչքերս խամրած` հուսահատ կոհակներով
Մաշկիս ամեն մի մասնիկը դեռ թրթռում է` քո հեշտասեր շնչից
Ամեն մի պատկերը ամեն մի հուշի դեռ լուսավորում է երազներս անգիտակցական
Ամեն վայրկյան ամեն րոպե սպասում եմ քո վերադարձին անհավանական
Ամեն առավոտվա ամեն արշալույսի գծագրում եմ դեմքդ`
այն կենդանի պահելու համար:

Երբ դու
Երբ կնվագես նոտաները բոլոր դաշնամուրների
Երբ կխմես բոլոր հյութերը բոլոր ծաղիկների
Ի՞նչ պիտի անես հետո:
Ո՞ր աղբյուրից ո՞ր ապագայի պիտի ուժ քաղես
Երբ գրած կլինես բոլոր պատկերները բոլոր պատմությունների
Երբ կշնչես բուրմունքները բոլոր հաջողությունների
Ի՞նչ պիտի անես հետո:
Այդ ի՞նչ ուժ այդ ի՞նչ աստղ պիտի հովանավորի քո ապագան.
Երբ կսովորես բոլոր իմաստությունները բոլոր ավանդույթների
Երբ կճաշակես համերը բոլոր կերակուրների
Ի՞նչ պիտի անես հետո:
Երբ սիրած կլինես բոլոր բջիջները նրա մարմնի
երբ կհսկես բոլոր վախերը նրա գիշերների
Ի՞նչ պիտի անես հետո:
Երբ կհետազոտես բոլոր անկյունները բոլոր օվկիանոսների
երբ կթռթռաս բոլոր թրթիռներով բոլոր հաճույքների
Ի՞նչ պիտի անես հետո:
Այդ ի՞նչ հրից, այդ ի՞նչ սիրուց պիտի ջերմանաս.
երբ կայցելես բոլոր ապագաները բոլոր կյանքերի
երբ կապրես բոլոր հնարավորները բոլոր ապագաների
Ի՞նչ պիտի անես հետո:
Ի՞նչ պիտի անես հետո:
կկարողանա՞ս վերջապես ճաշակել ընտիր համը յուրաքանչյուր պահի
կկարողանա՞ս ի վերջո պարել սրտիդ ռիթմի տակ:
կկարողանա՞ս լինել:
կկարողանա՞ս լինել:
կկարողանա՞ս լինել:

Թողնել պատասխան

Your email address will not be published.