Թե առաջին անգամ երբ ուշադրությունս գրավեց մեր հյուրասենյակի պատից կախված՝ պապիս՝ սև ու սպիտակ, սև շրջանակով, մեծադիր դիմանկարը, չեմ հիշում: Բայց երբեք չեմ կարողացել անտարբեր անցնել այդ նկարի կողքով: Պապիս չեմ տեսել, հորս ասելով՝ նա մահացել էր իմ ծնունդից մի քանի շաբաթ հետո:
Երկար կանգնում եմ նրա դիմանկարի առջև ու նայում սպիտակ վերնաշապիկի տարօրինակ օձիքին, սև փողկապին, բարի աչքերին, փառահեղ, սև բեղերին, որոնց ծայրերը հասնում են գրեթե կզակին: Հայրս ասում է, որ այդ նկարը հին է, պապս նկարվել էր միջին տարիքում։ Վերջին տարիներին նա լրիվ սպիտակել էր, նիհարել ու մահացել ինչ-որ հիվանդությունից: Ասում է, որ ուսուցիչ է եղել, ոսկի ձեռքեր է ունեցել, հարգված է եղել, սպայի կոչումով ծառայել է Ռեզաշահի բանակում և այլն:
Մայրս ասում է, որ իր հայրն էլ ոսկի ձեռքեր ուներ, հաշվապահ է եղել։ Ցավոք, նկար չունի, որովհետև մահացել է անսպասելի, երիտասարդ տարիքում, օտարության մեջ, գործուղման ժամանակ, ձմռանը. թեթև էր հագնվել, թոքերը մրսել էին, անկողին էր ընկել ու հենց էդ ընկնելն էր։ Մի ռուս կին էր խնամել ու հետո լուր տվել նրա մահվան մասին: Չէր հասցրել շատերի նման լուսանկարվել ու նկարը կախել պատից:
Չգիտեմ, թե ինչ է նշանակում ոսկի ձեռքեր ունենալ, ափսոս նկարում պապիս ձեռքերը չեն երևում: Հարցրի քրոջիցս, ասաց՝ այսինքն՝ շնորհալի:
Հորս կողմից տատս կա, մենակ է ապրում իր բնակարանում: Պապս տատիցս մեծ էր քսաներեք տարի: Տատս ինձ և կինո շատ է սիրում, կինո գնալիս ինձ տանում է իր հետ, մեծ քրոջս չի տանում: Ամեն անգամ մայրս հարցնում է, թե ֆիլմը հարմա՞ր է երեխայի համար: Գրեթե ամեն անգամ մեզ է միանում տատիս ընկերուհի տիկին Լիզան՝ իր թոռնուհու՝ Նուշիկի հետ, որին շատ եմ սիրում ու մթության մեջ բռնում եմ փափուկ ձեռքը:
Մորս կողմից տատս ու նրա բոլոր հարազատներն ապրում են Ռուսաստանում. մեկ-մեկ նամակ են ուղարկում տարօրինակ ծրարներով: Նամակ ստանալիս մայրս շատ է ուրախանում և լացում է, մանավանդ երբ դրանց մեջ տատիս ու մյուս հարազատների սև ու սպիտակ լուսանկարներն են լինում: Նայում ենք նկարներից մեզ նայող ծանոթ դեմքերին և ուրախանում. մայրս բարձրաձայն կարդում է ռուսերեն նամակները, թարգմանում և ամեն անգամ ասում.
– Անտեր մնա երկաթե վարագույրը, կարոտ մնացի մերոնց:
Տատս մի անգամ ասաց, որ ոչ մի երկաթե վարագույր էլ չկա։ Դա ասում են փոխաբերական իմաստով՝ կմեծանամ, կիմանամ: Իհարկե, ես բան չհասկացա, բայց շատ չպրպտեցի: Երանի շուտ մեծանամ:
Մի օր քույրս ասաց, որ շուտով տեղափոխվելու ենք նոր տուն: Ես մեր բնակարանը շատ եմ սիրում, մի քիչ տխրեցի։
– Ապո՛ւշ, ի՞նչ տխրելու բան ա,– ասաց քույրս,– ուրախացիր, նոր տուն ենք գնում, բակով-բանով, մեր սեփականը, այսինքն՝ մերը: Նա բացատրեց, որ մինչև հիմա վարձով էինք ապրում: Վարձը փող է, որ տալիս էինք պարոն Անդրանիկին՝ բնակարանի տիրոջը:
Ուրախացա, երբ առաջին անգամ տեսա մեր նոր տունը, պտղատու ծառերով, նկուղով ու ջրամբարով բակը, որ շատ հարմար էր ընկերներիս ու Նուշիկի հետ պահմտոցի խաղալու համար: Դատարկ հյուրասենյակի պատերից մեկի վրա մտովի կախեցի պապիս նկարը:
Մեր տանը եռուզեռ սկսվեց: Որոշում էին ինչը թողնել, ինչը դեն նետել, ինչը տանել: Ավելի շուտ, մայրս էր որոշում, հայրս համաձայնում էր: Պապիս նկարն իջեցրին պատից: Մայրս ասաց, որ դա դնեն նկուղի իրերի մեջ։
– Հո, Նոյի ժամանակվա նկարը չենք կախելու պատից, համապատասխան չի մեր նոր նկարներին:
Հայրս քթի տակ տրտնջաց, բայց համաձայնեց: Քրոջիցս հարցրի, թե ինչ է նշանակում Նոյի ժամանակվա նկար: Ասաց՝ շատ հին նկար:
Տեղափոխվելուց հետո իմ ընտրած պատից պապի նկարի փոխարեն կախ տվին, մորս ասելով, մի գունավոր, մոդեռն կտավի ֆոտո, որը հայտնի չէր՝ ինչ էր: Պապս անհետացավ մեր նոր տնից: Շատ-շատ տխրեցի ու մի քիչ լաց եղա: Իջա բակ ու տարված խաղով մոռացա պապիս: Մի օր պահմտոցի խաղալիս Նուշիկի հետ իջա նկուղ։ Թաքնվեցինք մի սնդուկի հետևում: Նուշիկը հպվել էր ինձ ու ասաց.
– Սնդուկի մեջ ի՞նչ կա:
– Չեմ բացել, չգիտեմ,- ասացի։
– Ուզում եմ ականջիդ մի բան ասել:
– Ինչի՞ ականջիս, մարդ չկա, մենակ ենք:
– Գաղտնիք ա,- ասաց:
Ականջս մոտեցրի ու զգացի նրա տաք շուրթերի հպումը։
– Ես քեզ սիրում եմ,- փսփսաց կինոյում տեսած դերասանների նման: Չգիտեի ինչ ասել, բայց չէի ուզում՝ մեզ գտնեն…
Տանը չդիմացա, քրոջս պատմեցի ամեն բան:
– Դու ի՞նչ ասեցիր,- հարցրեց նա:
– Ոչինչ:
Քույրս բարկացավ ու աչքերը չռեց ինձ վրա։
– Դու նրան սիրո՞ւմ ես:
– Հա՛, շա՜տ:
– Ուրեմն, ապո՛ւշ, ասեիր՝ ես էլ՝ քեզ:
Խոստացա առաջին իսկ հանդիպմանն անպայման ասել…
Հաջորդ օրն իջա նկուղ ու մեծ դժվարությամբ բացեցի սնդուկի կափարիչը: Նուշիկի հարցից հետո հետաքրքրությունս շարժվել էր: Մեր հին տան որոշ իրերի ու մուգ կարմիր, թավշե, ոսկեզօծ վարագույրների արանքում, հանկարծ նկատեցի պապիս նկարի սև շրջանակի ծայրը: Մի կերպ քաշեցի դուրս… Տեղափոխելիս ճաքել էր նկարի ապակին՝ վերից վար:
Ասես պապիս կիսել էին երկու մասի..
Այնքան տխրեցի, որ Նուշիկին հանդիպելիս, մոռացա ասել՝ ես էլ քեզ…
Հունիս, 2023, Գլենդել
Վերջին մեկնաբանություններ