Անահիտ Թոփչյան | ՀԱՅԵԼԻՆ

Ժորժ Ռոդենբախի հիշատակին

— Այս հայելու համար տեղ չգտնվեց, — ասաց ընկերս, և պահարանի ետևից զգուշորեն մի արտառոց հայելի հանեց: Ուշադրությունս նախևառաջ գրավեց շրջանակը. կաղնեփայտի վրա վարպետորեն կատարված փորագրությունները ներկայացնում էին միահյուսված զանազան բույսեր, տերևներ ու պտուղներ, որոնց արանքներից թռչունների գլուխներ էին երևում: Արևադարձայինն ու տարաշխարհիկը նրբորեն խառնված էր եվրոպականի հետ՝ հիշեցնելով տասնյոթերորդ դարի հոլանդական նատյուրմորտները:
— Սա շատ հին բան պիտի լինի, — ասացի: — Եվ թանկարժեք… Որտեղի՞ց ես գտել:
— Չգիտեմ… Տանտերն էր թողել, — անտարբեր պատասխանեց նա, հետո միանգամից ավելացրեց. — Եթե հավանում ես՝ վերցրու:
Ինձ թվաց, թե կատակ է անում: Դա արվեստի գործ էր, հին ժամանակներից անթերի պահպանված: Նման բաներն այդպես հեշտությամբ չեն նվիրում: Մանավանդ ընկերս, որ աչքի չէր ընկնում առատաձեռնությամբ: Սակայն բոլորովին վերջերս, տարիների ընթացքում կուտակած գումարին, բանկից վերցրած երկարաժամկետ վարկն ավելացնելով, հինգսենյականոց բնակարան էր գնել Փարիզի կենտրոնում, ծայրեծայր վերանորոգել, նոր կահույք դրել, նշանավոր ավանգարդիստների մի քանի կտավներ կախել պատերից… Մի խոսքով՝ հսկայական ծախսեր: Այս հինավուրց հայելին՝ իր շրջանակով, լավ գնորդի վաճառելուց հետո, պիտի որ իր պարտքերի զգալի մի մասը փակեր: Եվ հանկարծ…
— Շնորհակալ եմ, սիրելիս, — բավական նեղված մրմնջացի ես: — Բայց, հասկացիր, չեմ կարող այդպիսի շքեղ նվեր ընդունել…
— Այո, իսկապես շքեղ է, ես կասեի՝ հազվագյուտ… բայց չէ որ մենք մանկության ընկերներ ենք, գրեթե հարազատ եղբայրներ… Մի՞թե չեմ կարող այսպիսի նվեր անել քեզ…
— Այո՛, այո՛, — հաստատեց նրա կինը, որ գերարդիական խոհանոցի դռանը կանգնած լսում էր մեր զրույցը: — Նա իր հարազատ եղբորից ավելին է սիրում քեզ:
Հետո խորամանկ ժպտալով մոտեցավ և ականջիս շշնջաց, բայց այնպես, որ ամուսինն էլ լսի.
— Եվ հետո, կարծեմ դուք էլ մտադիր եք նոր բնակարան գնել, և ձեր կահույքը սրան համապատասխան կընտրեք, իսկ մեր կահույքի հետ չի բռնում:
Իսկապես, հայելին իր փառահեղ շրջանակով բացարձակապես չէր մերվում գերարդիական այն կահույքին, որ ընկերս հատուկ պատվերով պատրաստել էր տվել: Այնուհանդերձ, ես չշտապեցի ընդունել նվերը, մանավանդ որ արդեն սեղան էինք նստում, և առնվազն մի երեք ժամ նրանց հյուրը պիտի լինեի: Ի դեպ, միակ հյուրը՝ կինս չկարողացավ գալ:
Մենք չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը: Սեղանի շուրջ խոսեցինք ամեն ինչից, հայելուց բացի: Սակայն վերջում, երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ, տանտիրուհին ցույց տվեց մուտքի դռան մոտ դրված, խնամքով փաթեթավորված նվերը:
— Չմոռանաք, — ասաց նա: — Ես գիտեմ, ծանր է, բայց դուք մեքենայով եք, դժվար չի լինի տուն հասցնել: Զգույշ կլինեք, հայելի կոտրելը լավ նշան չէ:
Հրաժարվելն այլևս անկարելի էր: Ես ընդունեցի նվերը, և մեքենայիս պահեստախցիկում խնամքով տեղավորելուց հետո, բարեհաջող տուն հասցրի, մեծ հրճվանք պատճառելով կնոջս: Սակայն մեզ անակնկալ էր սպասվում: Հայելին ոչ մի կերպ չէր հարմարվում մեր խառնաոճ կահույքին: Կամ շատ մեծ էր, կամ ծանր, կամ… պարզապես չէր սազում: Ժամն արդեն ուշ էր: Որոշեցինք հաջորդ օրը զբաղվել դրանով:
Գիշերն անհանգիստ քնեցինք: Ես որ երբեք չեմ բողոքել անքնությունից, պառկել էի և բառացիորեն երկու ժամ չէի կարողանում աչքերս կպցնել: Նյարդային վիճակում էի: Մի պահ նույնիսկ թվաց, թե թղթի շրշյուն և խուլ հարվածներ եմ լսում: Վեր կացա, մուտքի դուռն ստուգեցի, սենյակները, լոգանքի սրահը, խոհանոցն ու զուգարանը նայեցի: Կասկածելի ոչինչ չկար, սակայն չէի կարող պնդել, թե այդ ձայները թվացել են ինձ: Վերադարձա անկողին և տեսա, որ կինս էլ արթուն է:
— Քունդ չի տանո՞ւմ, — հարցրեց նա:
Չպատասխանեցի, բայց զգացի, որ նա էլ անհանգիստ է:
— Երևի շատ խմեցիք, — ավելացրեց նա: — Մանավանդ՝ սուրճ…
Հաջորդ շաբաթվա ընթացքում օրնիբուն զբաղված էինք նոր բնակարանի հոգսերով: Փաթեթավորված հայելին մյուս իրերի հետ տեղափոխվեց այնտեղ, թղթերը բացեցինք և որոշեցինք նախևառաջ հարմար տեղ գտնել հայելու համար: Սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում. կամ բնակարանն էր խանգարում հայելուն, կամ հայելին՝ բնակարանին: Վերջապես որոշեցինք կնոջս սենյակում կախել, մինչև որ շրջանակին համապատասխան կահույք գտնենք: Մնացած իրերն էլ մի կերպ տեղավորելուց հետո, հոգնած անկողին մտանք: Մեր առաջին գիշերը նոր բնակարանում: Գլուխներս բարձին դնելուն պես խոր քուն մտանք: Գիշերվա կեսին անսպասելի արթնացա: Ինձ թվաց, թե խոսակցություն լսեցի: Կինս կողքիս չէր: Որոշեցի վեր կենալ, և այդ պահին սոսկումի աղաղակ լսվեց: Կնոջս ձայնն էր, որ, հավանաբար, գալիս էր նրա աշխատասենյակից: Տեղիցս վեր թռա և վազեցի:
Նրա սենյակը ողողված էր մի տարօրինակ, մեռելային լույսով, որ հիշեցնում էր արծաթագույն արտացոլումը՝ լիալուսնի պահին: Կինս՝ ճերմակ գիշերանոցով, կանգնած էր սենյակի մեջտեղում և ափերով երեսը փակած՝ դողում էր: Մեռելային լույսը ծորում էր հայելուց: Ասես ետևն ինչ-որ մեկը լապտեր էր դրել: Անջատիչի կոճակը սեղմեցի, սակայն լույսը չվառվեց: Սարսուռ անցավ մարմնովս: Ես լավ հիշում էի, որ մի քանի ժամ առաջ նոր լամպ դրեցի: Հետո միանգամից սենյակը թաղվեց թանձր խավարի մեջ: Տարօրինակ էր, անգամ անվարագույր պատուհանների միջով ոչինչ չէր թափանցում: Ես զգուշորեն բռնեցի կնոջս ուսերից և տարա ննջարան, ամենայն հոգատարությամբ պառկեցրի անկողնում: Չէի շտապում որևէ հարց տալ: Չնայած ձեռքերի ափերը հեռացրել էր երեսից, բայց աչքերը չէր բացում:
Առավոտյան, նախաճաշելիս, նա սովորականի պես էր, ասես անցած գիշեր ոչինչ չէր պատահել: Խոսում էր ամեն ինչից, իր գործերից, ամառային հանգստի ծրագրերից, անգամ մեր նոր տան կահավորման հոգսերից, բայց ոչ մի բառ չարտասանեց գիշերվա խորհրդավոր պատահարի մասին: Հավանաբար մոռացել է, մտածեցի ես, կամ էլ գուցե երազ էր: Տնից դուրս գալուց առաջ, համենայն դեպս, սեղմեցի նրա սենյակի անջատիչի կոճակը: Լույսը վառվեց: Գուցե իսկապես երազ էր, բայց արտառոց, իրականությանն անչա՜փ մոտիկ:
Հաջորդող շաբաթվա ընթացքում դարձյալ զբաղված էինք նոր բնակարանի անվերջանալի հոգսերով, և այդ յոթ օրվա ընթացքում արտակարգ ոչինչ չպատահեց, հայելու մասին էլ գրեթե մոռացանք: Կինս միայն մեկ-երկու անգամ ասաց, թե հարմար տեղ չենք ընտրել և որ խամրած է, փայլից ընկած:
— Պետք է փոխել, — ասաց նա, — կամ անագի շերտը նորոգել… Երևի հարկ կլինի շրջանակից հանել:
Հաջորդ օրն իզուր էինք փորձում հայելին անջատել շրջանակից: Եվ տարօրինակն այն էր, որ ոչ մի մեխ չէր նկատվում: Աներևույթ մի սոսնձով ապակին ամուր կպած էր փայտին:
— Սա նշանակում է, որ հայելին էլ շրջանակի պես հին է, — ասացի ես:
Որոշեցինք, որ առավոտյան կտանեմ մեր ծանոթ հնավաճառի մոտ՝ խորհրդակցելու և լավ վարպետ գտնելու: Կնոջս չասացի, բայց մտադիր էի նաև մասնագետի մոտ ճշտել այս հին ապրանքի արժեքը և, ինչու չէ, եթե լավ գին տար, վաճառել:
Գլուխս բարձին դնելուն պես խոր քուն մտա: Սակայն կեսգիշերն անց, քուն թե արթուն, զգացի, որ տարօրինակ բաներ են կատարվում հետս: Ասես ինչ-որ մեկն ինձ հանեց անկողնուց և փետուրի պես տարավ կնոջս սենյակ: Այստեղ դարձյալ մեռելային լուսավորություն էր, ես կանգնած էի հայելու առջև, նայում էի և իմ արտացոլումը չէի տեսնում: Արծաթավուն լույսը հանկարծ դադարեց ծորալ, խամրած, տեղ-տեղ ճաք տված անագե ամալգամի վրա աստիճանաբար, դանդա՜ղ սկսեց ինչ-որ բան գծագրվել, ասես լուծույթի մեջ գցած լուսանկարչական թուղթ լիներ: Ուրվագիծը գնալով հստակվեց, ահա՛, գլուխ երևաց, պարանոց, ուսեր… Մանրամասներ հայտնվեցին՝ մազերը, հոնքերը, աչքերը, քիթը, բերանը, պարանոցի մանյակը, զգեստը… Հնաոճ զգեստը, ինչպիսին հագնում էին անցյալ դարասկզբի, կամ ինչպես ֆրանսիացիք են ասում՝ Belle ռpoque-ի կանայք… Ասես մի հին լուսանկար լիներ, մի դագերոտիպ, փոքր ինչ խունացած, բաց շագանակագույն, բայց որ ամենայն մանրամասնությամբ, բնական չափերի մեջ ներկայացնում էր դեմքը, որը սակայն անշարժ չէր: Հայելու մեջ կենդանի մարդ էր, մի երիտասարդ կին, քսան-քսաներկու տարեկան… Նրա շրթունքները դողում էին, ռունգերը թեթևակի ցնցվում… և հանկարծ, նրա փակ կոպերի տակից սկսեցին արցունքներ հոսել… Արցունքի երկու խոշոր կաթիլ, որ դանդաղ գլորվեցին այտն ի վար և ընկան կրծքին… Հետո ևս երկուսը… Ինձ թվաց, որ եթե դիպչեմ հայելուն, ապա մատներս կթրջվեն, և արդեն մազ էր մնում, որ անեի, երբ պատկերը խոսեց՝ խուլ ձայնով, աղերսագին.
— Մի՛ տար հայելին… Տնից դուրս մի՛ հանիր…
— Ո՞ւր… ո՞ւր չտանեմ, — ապշած հարցրի ես:
— Մի տար վարպետի մոտ… Ոչինչ մի փոխիր, ոչ մի բանի ձեռք մի տուր… Հատկապես հայելին աշխատիր որ…
Նրա խոսքը կիսատ մնաց, քանզի պատկերը միանգամից անհետացավ՝ հետը տանելով մեռելային լույսը:
Առավոտյան կինս մի քանի անգամ հիշեցրեց, որ չմոռանամ հայելին հետս վերցնել: Ես գլխով էի անում և մտածում, թե ինչ պատրվակ գտնեմ խուսափելու համար: Փորձեցի աննկատ դուրս գալ տնից, բայց, ավա՜ղ, կինս լուռ մատնացույց արեց հանդերձարանի տակ դրված ուղղանկյուն փաթեթը:
— Լսիր… Գուցե վաղը տանեմ, այսօր շատ գործ ունեմ:
— Հիմա՛ տար հնավաճառի մոտ, հետո ամբողջ օրը զբաղվիր գործերովդ:
Որոշեցի հետևել նրա խորհրդին, սակայն ո՛չ նորոգելու, այլ, իմիջիայլոց, արժեքը հարցնելու:
Հնավաճառը, որ մեր հին ծանոթն էր, զարմացավ՝ այդ առարկան ձեռքիս տեսնելով:
— Նվեր է… Շատ պատահական…, — ասես արդարանալով բացատրեցի:
Հնավաճառը մի քանի րոպե ուշադիր զննում էր նախշերը և զարմացած ու հիացած գլուխն օրորում: Հետո շրջեց, խոշորացույցով սկսեց փորագրված ինչ-որ սկզբնատառեր ու թվեր վերծանել:
— Սա գանձ է… Եվ ինչպե՜ս է պահպանվել…, — վերջապես ասաց նա: — Մինչդեռ 1632 թվականին է սարքվել, Անտվերպենում, մի շատ նշանավոր վարպետի արհեստանոցում:
— Ուզո՞ւմ ես վաճառել… Ես լավ գնորդ կգտնեմ քեզ համար…
Ես լուռ էի, չգիտեի, թե ինչ ասեմ: Չէ որ խորհրդավոր պատկերի աղջիկը խնդրեց… Բայց, սպասի՛ր, նա խնդրեց, որ ոչինչ չփոխեմ, բայց չասաց՝ մի՛ վաճառիր:
— Որքա՞ն ես ուզում, — գործնական հարցրեց հնավաճառը:
— Առայժմ չեմ կարող ասել…, — հետո միանգամից հարցրի. — Միայն շրջանակը նկատի ունե՞ք, հապա հայելի՞ն, չէ որ դա էլ հին է… Չլինի՞ ուզում եք հայելին դեն նետել կամ… ես ինչ գիտեմ, անագը քերել, կամ նոր հայելի դնել…
Հնավաճառը ներողամիտ ժպտալով ասաց.
— Բարեկամս, այդ ինչե՜ր եք ասում, ինչպե՞ս կարող եմ ես նման բարբարոսություն թույլ տալ… Այս հայելին նույնքան թանկարժեք է, որքան շրջանակը…
— Դե որ այդպես է, թողնում եմ ձեր խղճին: Վերջերս ահագին ծախսերի տակ մտա, թե ոչ չէի վաճառի…
Հնավաճառը հավաստիացրեց.
— Հանգիստ եղիր, շատ գոհ կլինես, միայն թե ժամանակ տուր ինձ, շատ չէ, մի երեք-չորս շաբաթ:
Տուն դառնալուն պես կնոջս առաջին հարցը եղավ.
— Ի՞նչ արեցիր, տարա՞ր վարպետի մոտ:
— Ոչ, հնավաճառի մոտ թողեցի, խոստացավ լավ գնով վաճառել:
— Երևի այդպես ավելի լավ կլինի, — համաձայնեց նա:
Եվ ես զգացի, թե ինչպես մի երանելի թեթևություն իջավ վրաս, ասես գիշեր ու զօր տանջող ատամնացավը միանգամից կտրվեր: Սակայն առավոտյան ինձ մի անակնկալ էր սպասվում: Լույսը հազիվ բացված հեռախոսը զնգաց: Հնավաճառն էր.
— Խնդրում եմ հենց հիմա գաք և ձեր հայելին տանեք, — կտրուկ և անքաղաքավարի պահանջեց նա:
— Բայց դուք ինձնից չորս շաբաթ էիք խնդրել, — ապշած թոթվեցի ես:
— Հետո ի՞նչ, սա առևտուր է, ամեն ինչ կարող է փոխվել… Եվ հնարավորին չափ շուտ եկեք:
— Իսկ կարո՞ղ եմ իմանալ, թե ինչու այդպես կտրուկ փոխեցիք ձեր որոշումը:
Հնավաճառն ի պատասխան կախեց լսափողը: Տնից դուրս գալուց առաջ որոշեցի հեռախոսագրքում ուրիշ հնավաճառների հասցեներ փնտրել և մեր տնից քիչ հեռու մեկին գտա: Դա փոքրիկ խանութ էր՝ լցված զանազան իրերով: Ի տարբերություն մյուսների, այս մեկը կարծես ամեն ինչ գնում և վաճառում էր: Սակայն արվեստի գործեր, մանավանդ թանկարժեք իրեր, չնկատեցի նրա մոտ:
Նախաշեմին կանգնած բավական երկար սպասեցի, մինչև որ խանութի խորքից հայտնվեց: Նա ուշադիր զննեց հայելին և մի ստացագիր ստորագրելով, վերցրեց ու տարավ այնտեղ, որտեղից դուրս էի եկել:
Օրեր անցան, ես մոռացա հայելու մասին: Հետո մեկ ամիս մեկնեցինք արձակուրդի: Վերադարձից հետո խրվեցինք գործերի մեջ, երբ մի օր անսպասելի զանգ հնչեց: Հնավաճառն էր, հրավիրում էր խոսելու:
— Գիտեք ինչ, — ասաց նա, — ձեզ համար մի քանի գնորդ եմ գտել, որ պատրաստ են լավ գին վճարել, սակայն… ինչպես ասեմ… Դուք հավանաբար չեք կարող, իրավունք չունեք այն վաճառելու:
— Չեմ հասկանում…
— Բացատրեմ ձեզ…, — նա աչքերը կկոցելով, մի տեսակ խորամանկ ժպիտով նայեց ինձ: — Դուք, անշուշտ, տեսել եք այդ աղջկան, ավելի շուտ նրա պատկերը հայելու մեջ…
Ես ցնցվեցի՝ վերհիշելով այն խորհրդավոր գիշերը:
— Ես էլ եմ տեսել, — շարունակեց հնավաճառը: — Մենք արդեն մեկ ամիս է զրուցում ենք… Ես ցույց էի տվել մի քանի գնորդների: Բոլորն էլ հետաքրքրված էին, իսկ նրանցից մեկն արդեն պիտի գար և տաներ: Դրա նախորդ գիշերն էր, որ աղջիկը հայտնվեց հայելու մեջ և խնդրեց, որ ոչ մի դեպքում չվաճառեմ և որ անպայման հայելին վերադարձնեմ ձեզ…
— Ոչինչ չեմ հասկանում, — նորից ասացի ես:
— Եվ գիտե՞ք ինչու… Նա սիրահարված է ձեզ, արդեն հարյուր տարուց ավելի…
— Կներեք, ես ընդամենը երեսունհինգ տարեկան եմ և հետո նրան առաջին անգամ եմ տեսնում, այն էլ հայելու մեջ… Սա կատարյալ զառանցանք է:
— Ոչ, հարգելի պարոն, սա ողբերգական մի պատմություն է: Ի դեպ, գիտե՞ք աղջկա անունն ինչ է… Բեատրիս Ստյուարտ, ծնվել է 1867 թ. Պենսիլվանիայի նահանգի Ռեդսթոն քաղաքում, 1889թ. ինքնասպան է եղել անպատասխան սիրո պատճառով, և նրա սերը մերժող երիտասարդը, ճիփ ճիշտ ձեր պատճենն էր և նրա անունն էր Էնդրյու Ուիլյամս:
— Ենթադրենք այդպես է, բայց ի՞նչ կապ ունի հայելին այս պատմության հետ:
— Այստեղ նայեք, — ասաց հնավաճառը՝ խանութի մի անկյունում անկանոն դրված մեծ ու փոքր հայելիները ցույց տալով: — Սրանցից յուրաքանչյուրը մի տխուր կամ ուրախ պատմություն ունի իր ներսում պարփակված… Հայելու մեջ նայելիս մենք միայն մեզ ենք տեսնում, բայց այնտեղ, ապակու ետևը, անագի բարակ շերտի մեջ տպվում է բոլոր նրանց պատկերները, ովքեր ժամանակին նայել են հայելուն, այդ անշունչ ամալգամը դարեր շարունակ կարող է պահպանել նրանց կենդանի պատկերը, նրանց վերջին արտացոլումը՝ մահվանից առաջ…
— Ուրեմն վտանգավոր է հին հայելիներ տուն բերել:
— Նայած…, — առարկեց նա: — Ձեր դեպքում՝ թերևս, քանզի ոչ միայն որ դուք, աղջկա համոզմամբ, Էնդրյու Ուիլյամսի բացարձակ կրկնօրինակն եք, այլև որ հայելին պահպանել է ինքասպանի պատկերը, իսկ նրանց հոգիներն, ինչպես գիտեք, երկար ժամանակ թափառում են երկրի և երկնքի միջև…
— Առավել քան ողբերգական վիճակ, — ցավակցորեն նկատեցի ես:
— Ճիշտ այդպես. նրանք լքել են այս հողը վաղաժամ ու ինքնակամ, և այդ պատճառով երկինքը մերժում է նրանց ընդունել… Նրանք դեռ անելիք ունեին երկրի վրա… նրանք հակառակվել են Աստծո կամքին, իսկ Բեատրիսը, դրանից զատ, ուզում է մխիթարանքի խոսքեր լսել ձեզնից:
— Բայց ես ինչպե՞ս կարող եմ մխիթարել նրան, հետո ի՞նչ, որ նման եմ այդ ամերիկացուն, որ հարյուր հիսուն տարի առաջ է ծնվել:
Հնավաճառը սևեռուն և թափանցող հայացքով նայեց ինձ:
— Դուք ուրիշ ընտրություն չունեք, դուք պարտավոր եք նրան մխիթարել… Այս հայելին արդեն հարյուր տարուց ավելի փնտրում էր ձեզ, — նա նորից անկյունում շարված հայելիները ցույց տվեց: — Ես գիտեի, որ ի վերջո պիտի գա այստեղ և միանա սրանց, և որ դո՛ւք պիտի բերեք, դո՛ւք, որպեսզի վաճառեք, ազատվեք պատասխանատվությունից, ամեն ինչից, և ապրեք անհոգ, բույսի պես…
Վերջին բառերը նա արտասանեց զայրացած, գրեթե գոռալով, ինչը բարկացրեց ինձ, ուստի պատասխանեցի նույն կերպ.
— Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, ես հո չե՞մ կարող ուրիշի մեղքերը քավել, ես Հիսուս Քրիստոսը չեմ:
— Ես էլ Հիսուսը չեմ, բայց մենք մարդ ենք, և եթե ինչ-որ մեկն ինքնասպան է լինում, պատասխանատու ենք դառնում բոլորս, եթե անգամ դա եղել է հարյուր տարի առաջ… Ի դեպ, այդպես մի խրտնեք «պատասխանատվություն» բառից, դա առանձնապես մի ծանր բեռ չէ, երբեմն բավական է կարեկցանքի, սիրո մի երկու բառ ասել, որպեսզի մարդուն փրկես… Ձեր նմանակը, հավանաբար, զլացել է այդ երկու բառն ասել, նա խուսափել է իր ճակատագրից, և Արարիչը, ի դեմս ձեզ, նրան մի նոր հնարավորություն է տվել սխալը շտկելու… Մի խուսափեք ձեր ճակատագրից, օգնեք նրան:
Ես ստիպված էի պատմություններ հորինել՝ կնոջս բացատրելու համար, թե ինչու եմ հայելին ետ բերել: Միակ պատճառաբանությունը, որ նրան քիչ թե շատ համոզեց, չնչին գինն էր, որն, իբր, հնավաճառն առաջարկել էր ինձ: Որոշեցինք ուրիշ հնավաճառի մոտ տանել: Կինս համաձայնեց, պայմանով, որ այլևս իր սենյակում չկախենք և աչքից հեռու մի տեղում պահենք: Այդպիսի տեղ չգտնելով՝ այս անգամ կախեցի իմ աշխատասենյակում: Առօրյա գործերը կլանեցին մեզ, և իսպառ մոռացել էինք հայելու մասին, երբ մի օր, այն խորհրդավոր գիշերվա պես, արտասովոր մի ուժ ինձ անկողնուց հանեց և տարավ դեպի հայելին: Նրանից դարձյալ արծաթավուն լույս էր ծորում: Եվ դարձյալ հայելու մեջ ինչ-որ պատկերի ուրվագծեր հայտնվեցին: Երբ ամեն ինչ հստակվեց, ես զարմանքով փաստեցի, որ դա Բեատրիս Ստյուարտը չէ, այլ միջին տարիքի մի տղամարդ՝ թավ բեղերով, կարճ և խնամված մորուքով, հագնված տասնիներոդ դարավերջի նորաձևությամբ: Նա հանկարծ ակնոց դրեց և հայացքը հառեց ինձ: Սոսկումից, թե զարմանքից քարացել էի: Էնդրյու Ուիլյամսն էր, և նա իսկապես նման էր ինձ: Ասես իմ երկվորյակը լիներ: Նրա շրթունքները շարժվում էին, ինչ-որ բան էր ասում, գուցե հարց էր տալիս, բայց ես ոչինչ չէի լսում, ժամանակը մեռցրել էր այդ ձայնը: Հանկարծ նա սկսեց փոքրանալ, և կողքին մի այլ դեմք գծագրվեց: Աղջիկն էր, Բեատրիս Ստյուարտը: Նրանք նայեցին իրար, Էնդրյուն մեղավոր ժպիտով ինչ-որ բան ասաց, և ես հասկացա այդ բառերը, լսեցի՛, քանի որ իմ շուրթերն էլ, ինձնից անկախ նույն բառերն արտաբերեցին. «Ներիր ինձ»: Աղջիկը ժպտաց, ափով փակեց նրա բերանը, և ես հստակ տեսա, թե ինչպես նրանք համբուրվեցին, և դա ավելի շուտ հրաժեշտի համբույր էր: Պատկերն անհետացավ: Լույսը նույնպես: Հայելին խաղաղվեց: Ես էլ թեթևացա: Այս գիշեր վերջապես կարողացա հանգիստ քնել:

 

1 մեկնաբանություն

  1. Հետաքրքիր էր: Վերջապես կարելի է վաճառել հայելին…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի