Ռազմիկ Գրիգորյան | ԶԱՐԻՆՋԱ

Լեռների մեջ ծվարած, երեխայի սրտի պես պարզ բաբախում է գյուղը։ Ծուռումուռ, նեղ, երկար ճանապարհներ անցնելուց հետո միայն կարելի է հասնել գյուղ։ Գյուղի այցեքարտը համարվում է յոթերորդ դարում կառուցված եկեղեցին, որի գմբեթին նստող աղավնիներն են պատարագ մատուցում ամեն օր։ Շատերին աննկատ, փոքրիկ գյուղի ոգին ապրում է Մեծ Հայրենականում ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողում։ Ահա այն ամենը, ինչը գյուղացիները հպարտորեն ցուցադրում են գյուղ եկած հյուրերին։ Իսկ երբ կարկուտ է գալիս գյուղացիների հետ միասին իր կսկիծը տաքցնելով լալիս էր նաև գյուղը։ Մենք ապրում ենք գյուղում, իսկ գյուղը մեր մեջ։

 

* * *
Հին, ցածր կտուրներին գլորվեց արևը։ Լեռները կանաչեցին։ Այդ օրերին դժվար է անասուններին ջրի մոտ տանելը, կանաչի հոտը առնելով վազում են դաշտի կողմը։ Նրանց տուն վերադարձնելու համար բավականին մեծ ճիգեր են պահանջվում։
-Եկեք հլը,-ընկերոջս հայրն էր։ Թողեցինք թղթախաղը, մոտեցանք,-գնացեք մի քանի կիլո հավի բուդ բերեք, հացը թխեն պրծնեն խորոված անենք։
-Բա փո՞ղ,-շտապեց ընկերս։
-Պարտքով, աշնան վրա։ Իմ անունից ուզեք, ցորենը քաղեմ կտամ։
-Ի՞նչ բերենք։
-Մի չորս կիլո միս, երկու շիշ արաղ, երկու շիշ էլ սոկ։
Մինչ կվերջացնեինք խորովածի միսը շամփուրներին շարելը ընկերոջս հայրը տաք լավաշի մեջ փաթաթեց պանիրը և լցրեց բաժակը։
-Է, սաղ ու լավ, աշխարհը մեռնել կա, կերեք խմեք, էս կմնա,-խմեց։
-Մենակ էդ գիտես, հեչ մտածու՞մ էս որ ալյուրը պրծավ, ի՞նչ ենք անելու, հացքաղին հլը մի ամիս կա,-ներս մտավ կինը։
-Աղջի, սուս մնա, են հորթը կծախենք ալյուր կառնենք։
-Ուշք ու միտքդ ծախելնա մենակ, ասենք էդ էլ ծախիր հետո՞։
-Լեզվիդ մի տուր, տիրոջդ մերը։ Պրծա՞ր հացը։
-Հա։
-Տարեք կախեք խորովածը, նայեք չվառեք են անգամվա նման,-կրկին լցրեց բաժակը։
Խորովածը քաշեցինք։ Բերեցինք դրեցինք սեղանին։ Ընկերոջս հոր քեֆը լավ էր արդեն։ Բացեցի երկրորդ շիշը, լցրեցի բաժակները։
-Երեկ եմ դաշտ գնացել, էս տարի աշնանացանը լավա, նորմալ բերք կլինի։ Աստված բարին տա,-նա չեր սիրում երկար կենացներ ասել, խմում էր արագ, ու եթե ուշացնում էի լցնել իր բաժակը, նկատողություն էր անում դրա համար։
-Էգուց են թեկնածուն պտի գա գյուղ։
-Տղերք, ինձանից ձեզ խորհուրդ հեռու մնացեք էդ բոզերից։ Մի հավատացեք դրանց։ Էդ որ անցավ էլ դրան չեք տեսնի մինչև մյուս ընտրություն։ Լավ բաներից խոսեք,-Ընկերոջս հայրը փակեց թեման։
-Բա ինչի՞ց խոսենք,-ընկերս փորձեց հակառակվել։
-Նարեկացուց, Չարենցից, Սևակից խոսեք։ Չնայած ի՞նչ գիտեք որ խոսեք, էդ հեռախոսները ձեր տունը քանդեցին, ում տեսնես հեռախոսով խաղ ա խաղում։ Վերցրեք բաժակները,-խմեցինք։
Երեկոյան ավարտեցինք խնջույքը։ Ընկերոջս հայրը քնեց։ Դուրս եկանք նրանց տանից։
-Եկեք հելնենք հուշարձանի մոտ նստենք մի քիչ, բայց ցուրտա մտի տանից շոր բեր հագնենք, ես մրսում եմ արդեն,-Ընկերս մտավ ներս, բերեց շորերը, հագանք և քայլեցինք դեպի հուշարձան։
Մութ էր։ Սառը քամին ուղեկցում էր մեզ։ Գոմերի կողքով անցնելիս տեղ-տեղ լսվում էր անասունի բառաչը, խոզերի ձայնը, դեպի մեզ վազող շների հաչոցը։
-Արա, էս քանի օրա ինչ եկել եմ, բայց պարապությունից զզվել եմ արդեն,-Սեթոն երեք օր առաջ էր եկել Ռուսաստանից և երկու օրից գնալու էր կրկին։
-Գործ չկա՞, կանչես գանք,-Վահագը գրպանից հանեց արևածաղիկի սերմերը։
-Չէ ախպեր, որ լինի խաբար կանեմ։
-Ես էլ կգամ,- Արմանը հեռախոսը դրեց գրպանը,-Ոչ մի բան չկա էստեղ։ Ջահելությունը սաղ օրը պարապ պատերի տակ նստած կամ կարթ ա խաղում կամ խմում, վերջն էլ վեճ ու կռիվ։ Մենք իզուր եկանք անցած տարի, մնայինք հիմա գործերս լավ կլիներ։
-Անասուն պահելը ձե՞ռք չի տալիս։
-Չէ ախպեր։ Սալյարկեն թանկ, վարելու, ցանելու, քաղելու փողը չես կարում հանես։ Անցած տարի մեր կորընկանը քաղեցինք սկի իրա գինը չհանեց։
-Հետո էլ տանեցիները ասում են պսակվի, պսակվեմ ի՞նչ անեմ։ Ես իմ գլուխը չեմ կարում պահեմ։
-Բա մինչև ե՞րբ սենց մենակ։
-Մինչև ոտքի կանգնենք կամ գնանք պրծնենք։ Էս տարի վարկ ել ունենք, գոնե ցորենը լավ լինի, ծախենք էդ փակենք հա։
-Անցած տարի մեր ցորենը լավ էր, հինգը տոննա կտար է՜, բայց կարկուտը եկավ ջարդեց լրիվ։ Երկու հարյուր կիլո զիբիլ քաղեցինք։
-Կարկուտից տուժածներին, փող չե՞ն տալիս,-հետաքրքրվեց Սեթոն,-տելեվիզորով ասում են որ պետությունը տալիս ա։
-Արա տելեվիզորը ոնց որ լրիվ ուրիշ երկրի մասին խոսա, ոչ մի ասածը չի բռնում իրականության հետ,-Արմանը ծխախոտ վառեց։
-Ոչ մի բան էլ չտվին։ Եկան ստից գրեցին, գնացին կորան։ Ձմռան ալյուրի համար, մեր մոզին ծախեցինք։
Նստեցինք հուշարձանի աստիճաններին։ Վահագը հերթով բացեց գարեջրի խցանները։ Թիկունքից փչող սառը քամու մեջ հոսում էր գիշերային լռությունը։ Հերթով մարում էին տների լույսերը։ Գյուղը պատրաստվում էր քնել։
Փոխվում էր նաև գյուղը։ Մեքնենա ունեցողները տաքսու վարորդներ դարձան։ Մեխանիզատորներից շատերը գործը անելուց առաջ էին պահանջում փողը։ Չունևոր գյուղացու գործը մնում էր վերջում, և նա շատ հաճախ տուժում էր դրանից։ Գյուղատնտեսական աշխատանքների եռուն սեզոնին բանկերի մոտ կարելի է տեսնել վարկ վերցնելու համար հերթի սպասող գյուղացիներին։ Մի քանի տների ետևում էլ ծվարած կարոտ կար։ Լավ ապրելու հույսը տարագիր է դարձրել շատերին։ Օտարության մեջ առաջինը մեռնում է, սովորաբար վերջինը մեռնող հույսը։
Հողի մշակը լարել է իր վերջին ուժերը, սեփական օջախի ծուխը վառ պահելու համար։ Նա չի ուզում թողնել որ հողը մեռնի։ Հողը դա հայրենիքն է, իսկ սրտում հայրենիք չունեցող մարդը ի վերջո հաշտվում է խավարում ապրելու մտքի հետ։ Անհայրենիք մարդը անԱստված է նաև։
-Արա, ասում են ջահելներին սիբիր են տանում։ Չբռնե՞նք պսակվենք գնանք։
-Ախպեր լավ տեղ լիներ չէին տանի։ Մի հավատա էդ կտերին։
-Ես ինձ վատ եմ զգում էդ ձևով գնալուց։ Չի դզում։ Չե՛մ գնա թեկուզ սոված մեռնեմ։
-Մի խորացեք, ուշ ա արդեն խմենք հելնենք։ Վաղը եկեք մեր տարթը կտրենք էլի՞։
Գարեջուրը վերջացավ։ Վեր կացանք։ Քայլեցինք դեպի տուն։ Գիշերը մնաց առանց մեզ։
Օրը մթնեց։ Երկիքը մռայլվեց։ Սառը քամին անցավ փողոցից փողոց։ Անօգնական բոլոր սրտերում, վերջին հույսը մնաց աղոթքը էլի։
-Կարկուտի ամպա, կգա էլի։ Մեր արտերի վրա էլ ա ամպած, պտի փչացնի անտերը էլի։ Հազիվ մի տարի լավ ցորեն էր կանգնել,-Երկնքից հայացքը չհեռացնող, պատուհանի մոտ կանգնած տատս, անհանգիստ շարժումներով նայում էր այս ու այն կողմ։
Կարկուտը չուշացավ։ Մի քանի րոպե, և վերջ։ Ամենինչ ծածկվեց սպիտակով։ Բակում ջարդված ծաղիկները թաղվեցին կարկուտի հատիկների տակ։ Տերևաթափ եղան ծառերը, կարծես խորը աշնան վերջին շունչն էր անցնում գյուղով։ Առվակի գիրկը նետված ծիրանի ցոգոլները հոսում էին փողոցն ի վար։ Մարագից դուրս գալով կատուն նետվեց ծառից ընկած վիրավոր թռչնի ուղությամբ, բռնեց նրան ու վազեց մարագ նորից։ Բնում կուչ եկած շունը դուրս եկավ, թափ տվեց իրեն։
-Արի գնանք ոչխարը բերենք, ձորում ուժեղ սելավ ա, ոչխարը չի կարում անցնի,-հարևանի տղան էր։
Հագա ռեզինե երկարաճիթ սապոգներս, պլաշս, դրեցի գլխարկս։ Դուրս եկանք։ Սելավը ահավոր էր։ Գրեթե ողջ գյուղը այնտեղ էր։ Ոչխարներին հատ-հատ գրկում և անցկացնում էինք։ Բոլոր հարցերը ուղղված էին հովվին։
-Ո՞ր կողմով եկավ։
-Դաշտու՞մ էլ, սենց ուժեղ եկավ։
-Զաղե՞ն էլ էր կարկուտ։
-Հա, հա, ժողովուրդ, սաղ տեղերն էլ կարկուտ էր։ Զաղով բռնեց, սաֆոներով եկավ, էս սարի դեմով, գյուղով էլ քաշեց տարավ,-Հովվի լուրը անմխիթար էր։
Ուշ երեկոյան վերադարձանք։ Ոչխարը ներս արեցի։ Մտա տուն, հանեցի սապոգներս, պլաշս, նստեցի։ Ոչ ոք չէր խոսում, ասելու ոչինչ չկար։ Ոչ ոք չեր ուզում իր արցունքները ցույց տալ որևէ մեկին։ Մեզանից յուրաքանչյուրը սակայն անկարող էր իրենից թաքցնել սեփական արցունքները, որոնք առատ հոսում էին յուրաքանչյուրիս ներսում։ Թեև ոչ ոք դա չէր նկատում։ Այն ժամանակ գյուղը յոթը տարով երիտասարդ էր։
*****
Գյուղում չեմ հիմա, ընկերներս նույնպես։ Դա չի խանգարում։ Ամեն առավոտ գնում եմ գյուղ, կանգնում կենտրոնում։ Ծերերից շատերը չկան, ընդունել են մահվան հրավերը։ Քայլում եմ, հին, ճաքճքված պատերի անկյուններում մանկությանս հանդիպելու համար, որի շունչը զգում եմ այս քարքարոտ, նեղ փողոցներում միայն։
Դաշտ գնացի, որ թարմ օդը ապտակի բաց ճակատիս։ Այդ օրը անձրև եկավ։ Հողե ճամփեքի փոսերում լճակներ գոյացան։ Կարկուտից կացնահարված արտերը արթնացել ու ժպտում էին կանաչ ծիլերով։ Անձրևն ուժեղացավ։ Ես վազեցի, ինձ հետ՝ Սեթոն, Արմանը, Վահագը։ Ընկնում էինք, ցեխոտվում, վեր էինք կենում ու վազում կրկին, ավելի արագ, խենթի պես։
Ամենքս մի քիչ Զարինջա ենք, որովհետև Զարինջան մենք ենք…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի