Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էռնեստո Չէ Գեվարա
Ով ողջ մնա, ազատության է արժանի:
Եվ այդ գործում ինձ օգնական պետք չի,
Թող մեկը, պարզապես,
Վերջում իմ ոտքերից շղթաներս հանի:
Ով ողջ մնա, անմահության է արժանի:
Ինձ օգնական պետք չի,
Թող մեկը, պարզապես,
Մարդկանց՝ դիակներից հեռու տանի:


Թղթե վարդեր են,
Ամենուրեք. Հիմա. իմ ներսում:
Խզբզված, ճմրթված, չգրված ու մի կողմ շպրտված…
Միմիայն մերն են,
Ու չեն ապրի նրանք բոլոր վարդերի պարտեզում:

Ասք
Հանդիպեց ջրվորը հրեշին,
Եվ ընկավ ջրերի վրա,
Քլունգը կոտրվել է նրա,
Բայց քլունգը հրեշին պետք չի,
Հրեշը փնտրում է քաջին:
Հանդիպեց հնձվորը հրեշին,
Եվ ընկավ խոտերի վրա,
Գերանդին կոտրվել է նրա:
Գերանդին էլ հրեշին պետք չի,
Հրեշը փնտրում է քաջին:
Հանդիպեց հերոսը հրեշին,
Ու կտրեց գլուխը նրա:
Հնձվորին էլ ո՞վ կհիշի,
Ջրվորին էլ ո՞վ կհիշի,
Հրեշին էլ ո՞վ կհիշի:


Էլ տեղ չունեմ գնալու,
Օրը մի բուռ է դարձել,
Փոքրացել է, քարացել,
Ոչ ոքի պետք չի գալու…
Կորավ աչքիցս մի թել,
Կծիկ դարձավ, գլորվեց,
Ծանոթ դռան էր դիպել,
Ու փակ դռնից մոլորվել:
Էլ տեղ չունեմ գնալու,
Օրը մի բուռ է դարձել,
Փոքրացել է, չարացել,
Ինձ էլ նա պետք չի գալու:

Թռչկանի ջրվեժը
Ո՞վ ես դու, իմ ճերմակ, իմ թռչուն,
Քեզ արև՞ը բերեց, թե՝ քամին,
Ես այսօր քեզ իմ տեղն եմ զիջում,
Վստահում և հոգի, և մարմին:
Գուցե դու փոքրի՞կ ես դեռ շատ,
Գուցե ձեռքը բռնե՞լ է քո պետք,
Գուցե կյանքը մերկ ու դաժան
Մոտեցել, ոտքերի՞դ է կպել:
Քեզ այսօր ես իմ քարն եմ զիջում,
Քեզ ու քեզ, չէ՞ որ դու մեր միջից,
Միակն ես, ով դեռ չի ճանաչում,
Այն քարը, որ պիտի դեռ հնչի:
Միակն ես, ու ես չեմ ափսոսում,
Որ եղար դու կարմիր ու կանաչ,
Որ ճերմակ փետուրներ ես ուզում,
Եվ ուզում ես թևեր ունենալ:
Ո՞վ ես դու, իմ ազատ, իմ գերի,
Մի՞թե ցած կիջնես ինձ համար,
Մի՞թե այս չլիզված քարերից
Կփորձես իմ մասին իմանալ:
Ես այսօր քեզ իմ տեղն եմ զիջում,
Ինձ մի խոսք միշտ չի հերիքել,
Եվ թող ոչ ոք չիմանա, թե՝ ինչու՞
Ես գոռում էի, երբ փորձում էի երգել:

Շիրակի շոգեր
Թխկիների հովանու տակ
Լույսն արևից պահ է մտել,
Պահ է մտել, ու մի կարմիր քար է գտել:
Նա մի փոքրիկ քար է գտել,
Ու կարծում է, թե մի փոքրիկ արև է դա:
Ուռիների հովանու տակ
Լույսն արևից պահ է մտել,
Պահ է մտել, ու մի կապույտ ջուր է գտել:
Նա մի փոքրիկ ջուր է գտել,
Ու կարծում է, թե մի փոքրիկ երկինք է դա:
Հացիների հովանու տակ
Լույսը նորից պահ է մտել:
Նա բոլորից պահ է մտել, և անցորդին չի նկատել,
Կռունկին էլ չի նկատել:
Նա դուդուկի երգ է գտել,
Երգ է երգում:
Երգ է երգում նա այն մասին, որ երկինք կա,
Եվ այն մասին՝
Որ արև կա այդ երկնքում:

Արագածի դուռ
Քառասուն բազուկ է ինձ պետք, քառասուն ձեռք,
Որ ոսկե դարպասներդ բացեմ,
Պղնձե դարպասներդ բացեմ,
Քառասուն բազուկ է ինձ պետք, քառասուն ձեռք,
Եվ բեռնակիրներն են ինձ պետք, և լծկանները ձեր:
Քառասուն բազուկ է ինձ պետք, քառասուն ձեռք,
Որ ոսկե սինիներդ լցնեմ,
Պղնձե սինիներդ լցնեմ,
Քառասուն մանուկ է ինձ պետք, քառասուն ծեր,
Եվ որդիներն են ինձ պետք, և դուստրերը ձեր:
Քառասուն բազուկ է ինձ պետք, քառասուն ձեռք,
Որ ոսկե դարպասներդ փակեմ,
Պղնձե դարպասներդ փակեմ,
Քառասուն զրահ է ինձ պետք, զրահ ու զենք,
Հնձվորն եմ ես ձեր ոսկե,
Պղնձե հնձվորն եմ ես ձեր…

Որդիական սեր
Բա էլ որտեղի՞ց դուք իմանաիք իմ տեղը,
Եթե ես ձայնս կտրել, թաքնվել եմ,
Եթե ուրիշների հողը տվել եմ գլխիս,
Աչքերս փակել, ու ոչ ոքի ճամփան չեմ նայում:
Ոչ ոքի չեմ տեսնում,
Բայց մտածում եմ, որ վաղ թե՝ ուշ,
Հողն իմ տեղը կմատնի, անշուշտ,
Մտածում եմ, որ այդ վաղն ու ուշը, երբ գան,
Ժամանակից ավելի արդարացի կլինեն իմ հանդեպ:
Բա դուք որտեղի՞ց իմանաք իմ տեղը,
Եթե ես այդպես չմտածեմ,
Այդպես չանեմ:
Չէ՞ որ ես էլ մենակ չեմ,
Երկուսով եմ,
Երեքով:
Ի՞նչ իմանաս, թե՝ ո՞րերորդը կգա, կքանդի բահով, կուզենա տուն սարքել,
Բահը դեմ կառնի սրտիս,
Հոգուս դեմ կառնի,
Ես ձեռքերս հապշտապ վեր կշպրտեմ,
Կկանաչեմ,
Կբողբոջեմ,
Կծիծաղեմ ու կատակներ կանեմ,
Որ մարդիկ չվախենան ոչ հոգիներից ու ոչ էլ սրտերից,
Որ գան, տուն սարքեն,
Տներ սարքեն,
Աստված քեզ հետ…
Բա էլ ումի՞ց դու կիմանաիր իմ տեղը,
Եթե ես գինին չխմեի,
Անխնամ, անհարդար դեմքս դեմ չտաի խաչին,
Ա՛յ մոլորյալ,
Ա՛յ տնաշեն,
Ա՛յ հավատացյալ,
Էլ ու՞ր ես գնում հիմա,
Առաջին աստղի հետ վառվել, ի՞նչ ես փնտրում:

Կարկտաբեր ամպերը Ախուրյանի վրա
Մի ելեք,
Մի դուրս եկեք, տեսեք, թե խենթերն այս ինչ են անում:
Մեր սարի ամպերն առել ուսերին, տուն են տանում:
Տունը հեռու է, ելեք,
Սարը՝ հեռու,
Քայլում են, դղրդում, կայծակում են ու չեն հանգստանում:
Ոչ աղբյուրի տեղը գիտեն, որ զովանան,
Ոչ քարի տեղը, որ նստեն, շունչ առնեն,
Ոչ էլ ծառի, որ շքի տակ թաքնվեն:
Մեծ սարի ամպերն առել,
Բերում են սրտի պես փոքրիկ ծաղիկը ջրելու,
Սրտի պես անպաշտպան:
Դե քնից ելեք, աչքերդ բաց արեք,
Էլ ո՞վ կծածկի նրան անձրևից ու կարկտից,
Ո՞վ կպատսպարի բարձր ձայնից, գաղտագողի շշուկներից:
Սարը հեռու է, ելեք,
Տունը հեռու,
Ճանապարհն անհանգիստ,
Հազար ու մի մարդու կողքով է անցնում:
Ով տեսնի՝ աչքերին չպիտի հավատա,
Ով լսի՝ ականջներին չպիտի վստահի,
Ասելու են՝ լեռնային առյուծ է ու առյուծ,
Լեռնային արծիվ, արծիվ,
Մեծացել, էլ ծիլ չէ վաղուց:
Քներիցդ ելեք, տեսեք՝
Իրենք վնասված,
Իրենք թրջված,
Իրենք ցավ քաշած,
Էլ խենթեր չեն խենթերը, էլ ծաղիկները՝ ծաղիկներ չեն…
Միայն թե՝ տունը,
Տունը շատ է հեռու,
Միայն թե՝ սարը,
Սարը շատ է հեռու,
Միայն թե հեռուն,
Մի կողմի վրա չի, որ հեքիաթ կամ եղելություն լինի,
Չորս կողմի վրա է:


Վազելով անցա Շիրազի մոտով,
Իսահակյանին լսեցի հեռվից,
Վառվեցի խիզախ Չարենցի կռվից,
Ու հպարտացա ես Արարատով:
Սակայն կյանքի մեջ ոչինչ չգտա,
Որ քո արցունքին արժանի լիներ,
Դու ժպտա, իսկ ես՝ կյանքս քեզ կտամ,
Քո մի ժպիտի գինը նա ուներ:
Ու նորից անցա մեր հին տան մոտով,
Տերյանի ձայնին ականջս պահած,
Բայց լռություն էր շուրջս անաղարտ,
Աշնան պես հուշիկ, լույս ու հոգեթով:
Ես մահվան մեջ էլ ոչինչ չգտա,
Որ քո արցունքին արժանի լիներ,
Եվ այն, ինչ թանկ էր, ամեն ինչից թանկ,
Քո մի ժպիտի գինը նա ուներ:

1 մեկնաբանություն

  1. հավանեցի:)

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի