«

»

Նոյ 12 2012

Տպել Գրառում

Սիրանույշ Օհանյան | ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

Սոճուտի արևոտ բացատով մտահոգ անցնում էր գերեզմանափորը: Տխուր էր: Բացատը եզերող ծառերի խիտ սաղարթների միջով տեղ-տեղ թափանցած արևի պայծառ շողերը լույսի կամուրջներ էին կապել օդում, և դա գերեզմանափորին հիշեցրեց անցած-գնացած լուսավոր ժամանակները, երբ ինքը դեռ հավատում էր, որ կարող է պար բռնել այդ շողերի վրա: Ծառերը լուռ էին, իսկ գերեզմանափորը չէր ուզում առաջինը խզել ծանր լռությունը: Ուստի գերադասեց արագ հեռանալ թավուտի կողմը:
Սա իր սիրած անկյունն էր` սոճուտի բացատի հակադրությունը: Ցածրիկ, ճյուղատարած թփերը նման էին գաճաճ ծառերի` ասես գզգզված անտանելի հրմշտոցում: Ոմանց ճյուղերը նույնիսկ խառնվել էին իրար` հավանաբար ձգտելով նմանվել հողի գրկում ցանցավորված ինքնագլուխ արմատներին: Նույնիսկ իր` գերեզմանափորի համար դժվար էր քիչ թե շատ ազատ տարածք գտնելն ու հանգիստ նստելը: Նա տեղավորվեց` ուշադրություն չդարձնելով երեսը ճանկռտող համառ ճյուղերին: Հանգիստ մտորումների կարիքն էր զգում. լուսառատ բացատում ծառերը կշեղեին ուշադրությունը: Այստեղ անդորրաբեր կիսամութն էր իշխում:
Նման առեղծվածի առջև երբեք չէր կանգնել: Բայց ի՛ր գործն էր, ի՛ր խնդիրը, և պարտավոր էր անել առավելագույնը: Փակեց աչքերը: Ցանկացավ մի անգամ էլ քայլել անցած ճամփեքով` նորովի արժեքավորելով տեսածն ու արածը: Առաջին քայլը, ամենավաղ հուշը հրաժեշտն էր անդառնալիորեն թռած մանկությանը: Թե դրանից առաջ ինչ էր ունեցել, ինչ էր զգացել` չէր հիշում ամենևին: Հիշում էր միայն, որ մի օր իրեն գտավ այնտեղ` սոճուտում, անվճռականորեն կանգնած: Ցավով հայացքը բարձրացրել էր երկինք` օգնություն հայցելու կապույտ հեռաստանից: Զարթնել էր արդեն մանկությունը կորցրած իր հոգում մեծ ինչու-ն և ահեղորեն պատասխան էր պահանջում: Ինքը չէր կարող պատասխանել` ինչու: Թե չվախենար, թե քայլեր առաջ` վտանգն աչքի առջև ունենալով, գուցե չլիներ այսպես: Գուցե գտներ պատասխանը` սահմանված հենց իր համար, և հիմա բոլորովին ուրիշը լիներ` անհունորեն տարբեր իրենից` գերեզմանափորից: Ո՞վ իմանա: Գուցե չգտներ, և կործանումը լիներ արագ ու անհույս: Ո՞վ իմանա: Այն ժամանակ ինքը թուլակամորեն հրաժարվեց որոշում ընդունել, իսկ երկնքի վճիռն ակնթարթորեն իջավ: Կամ գուցե երկար ու ձիգ ժամանակներ անցան` չգիտի: Ինքն արդեն չէր կարողանում գնահատել ժամանակը:
Հիմա է հասկանում` ստիպվա՛ծ դարձավ գերեզմանափոր: Իր ապիկարության ևս մի ապացույց` այն ժամանակ շատ ուրախացավ դրանով: Մտածեց, որ կապրի հանգստության մեջ` հեռու մարդկանցից ու կենդանիներից, օրվա հացն ու տանիք կունենա գլխավերևում` ուրիշ ոչինչ հարկավոր չէ: Հիմա՛ է հասկանում, որ ի՛նքը փակեց ճամփաներն ու դռները բոլոր: Այլևս չէր կարող ապրել գլուխը կախ, բայց արդեն չուներ այլընտրանք:
Իրականում ինքը գերեզմանափոր չէ, բայց երկինքն իրեն այդպես կոչեց: Ինքը հսկիչն ու պահապանն է աճյունների: Իր աշխարհը կազմում էին անհաշվելի շիրիմները. ինքը պարտավոր էր հոգ տանել դրանց: Չգիտեր` որտեղից էին բերում աճյունները, չգիտեր` ովքեր են եղել մեռյալ մարմինների կրողները, չգիտեր` ուր են նրանք հիմա: Ընդունում էր աճյունները, խնամքով պատրաստում հերթական գերեզմանափոսը, մեն-միայնակ կատարում թաղման հնավանդ ծեսն ու նոր շիրիմին տնկում հերթական սոճու տունկը: Խնամում էր գերեզմանները, խնամում էր ծառերը, բարեխղճորեն պահպանում իր տիրակալության գեղեցկությունն ու հարմարավետությունը: Ժամանակի հետ սկսեց հորինել պատմություններ ամեն մի շիրիմի մասին: Պարզվեց, որ այստեղ բերված ամեն ոք հարազատ է իրեն. մեկը մանկության ընկերն էր, մյուսը` սիրելի ուսուցիչը, երրորդը` դժբախտ գործընկերը: Անգիր իմացավ նրանցից յուրաքանչյուրի կյանքը: Իր համար դրանք մարդիկ էին, որոնց հետ ապրել էր, որոնց ճանաչել էր և որոնց սիրում էր այժմ: Հաճախ էր տրվում քաղցր հիշողություններին` մտաբերելով նրանց հետ անցկացրած լավագույն ժամանակները: Շուտով ինքնախաբեությունը դարձավ իրականության իր զգացումը: Արդեն ուշ էր` հասկանալու համար, որ անհաշիվ շիրիմների թվում վստահաբար կարող է մեկն էլ ավելացնել` իր իսկ երբեմնի անհատականության շիրիմը: Հիմա էլ անխախտելի համոզմունքով մեկիկ-մեկիկ հիշեց իրեն ճանաչ ու հուշ դարձած մարդկանց: Արդեն չքացել էին երբեմնի տարակույսները` այդ ինչպե՞ս է, որ միայն ինքն է կենդանի բազում քաջածանոթ մեռյալների մեջ: Խանդաղատանքով լցված` վեր կացավ և դիմեց դեպի հսկայական դամբարանատարածքի մուտքը: Ճանապարհն անցնում էր սոճուտի բացատով. սլացիկ ծառերը զարմացած սոսափով ուղեկցեցին նրան: Քայլողն այսօր նման չէր իրեն:
Գերեզմանափորը ծանր խնդրի առաջ էր կանգնել: Իրեն հայտնի ողջ աշխարհը, որի ամեն մի թիզ հողին քաջ ծանոթ էր, բոլոր կողմերից շրջափակված էր խորախոր վիհերով. դրանցից անդին աղոտ գծագրված կապույտ լեռների գագաթները չէին հետաքրքրում գերեզմանափորին: Իրեն հայտնի ողջ աշխարհի ամեն մի թիզ հողը խնամքով օգտագործված էր այլևս. թափուր էին միայն նեղլիկ արահետները, սոճուտի պայծառ բացատն ու մթին թավուտը. դրանց հողը չէր ընդունում մեռյալների բազմաչարչար մարմինները: Այժմ անհրաժեշտ էր պատշաճ կերպով տեղավորել նորելուկ մեռյալների անծանոթ մարմինները, որոնց երբեմնի տերերը ժամանակի հետ դառնալու էին իր անբաժանելի մտերիմները` իր կամքից անկախ: Բայց որտե՞ղ: Երկինքը համր էր և անդրդվելի, լուռ պահանջում էր կատարյալ հնազանդություն` առանց մատնանշելու որևէ ճանապարհ: Գիտեր, որ ամեն գնով պետք է կատարել վերևից տրված հրամանը. թե ի՞նչ կպատահի չանսալու դեպքում` անհնարին էր նույնիսկ երևակայել: Իր ամենամեծ վախը ողջերից էր, այդ իսկ պատճառով համոզված էր, որ փտած աճյունները կենդանություն կառնեն` չարաչար պատժելու համար անճարակ գերեզմանափորին: Սարսափելի հեռանկարը դրդում էր լարել ողջ հնարամտությունն ու գիտելիքները` լուծում գտնելու համար: Ցավով մտածեց, որ սոճիների հովանու տակ հանդարտ պառկած իր երջանիկ գործընկերները չեն ուզում օգնել իրեն. հավանաբար նրանք գիտեն` ինչ անել: Ի՞նչ անել: Գերեզմանափորը հուսահատ կախեց գլուխն ու նայեց ոտքերի տակ տարածված անդունդին. հասել էր իր տիրակալության սահմաններին:
Ի՜նչ հարմարավետ գերեզման կարող էր լինել. խոր և ընդարձակ: Կայծակի պես ծագած ակամա համեմատությունից ծնվեց ըմբռնման լույսը. դե իհարկե՜: Իսկ ինքն այսքան երկար չարչարվում էր` անհուսորեն մոլորվածի նման: Որքա՜ն իմաստուն է երկինքը` շրջապատելով իր տիրակալությունը ընդարձակ գերեզմանափոսերով: Եվ ոգևորված գործի անցավ:
Օրեր շարունակ զգուշությամբ քանդում էր հնամյա գերեզմանները: Կիսափուտ ոսկորները տեղափոխում էր սոճուտի պայծառ բացատ, խնամքով տեսակավորում` գանգերը հավաքելով մի կույտում, վերջույթները` մի այլ, և այսպես շարունակ: Աշխատելիս հաճույքով զրուցում էր դատարկ ակնախոռոչների հետ, քնքշանքով շոյում դեղին ճաճանչաբազուկներ: Շտապում էր, քանի որ իրենց փոսերին տենչացող նորանոր աճյուններն սպառնում էին թունավորել ծառերը սնուցող մաքուր օդը: Ուստի փոքր-ինչ թափթփված աշխատեց. հետո երկար օրեր ստիպված եղավ հավաքել ճանապարհներին կորցրած մանր-մունր ոսկորները: Երբ դատարկվել էին արդեն բոլոր շիրիմները, տեղափոխեց դրանց երբեմնի բնակիչներին դեպի իր տիրակալության հեռավոր սահմանները` դրանցով լցնելու անդնդախոր գերեզմանափոս-սահմանը: Ապա հաճույքով ձեռնամուխ եղավ նոր մեռելների աճյունները տեղավորելու դժվարին աշխատանքին` ձգտելով առավելագույնս անաչառ ու անկողմնապահ լինել: Ժամանակն արագ էր թռչում, չէր աշխատում միայն մութ գիշերներին, երբ նույնիսկ լուսինն էր զլանում օգնել իրեն: Բայց վերջապես այս փորձությունն էլ հաղթահարվեց: Բոլորն ստացան իրենց հասանելիք հողը` ոմանք որպես ծածկ ունենալով սոսկ հավերժական երկինքը, սակայն ինքը գոհ էր լուծումից:
Այլևս երբեք չանդրադարձավ կատարվածին: Մտերմացավ նորեկ աճյունների հետ, նրանց մասին հորինեց չեղյալ դեպքեր ու պատմություններ: Այժմ սրանք էին իր հարազատներն ու մտերիմները, որոնց հետ անցկացրել էր կյանքի լավագույն պահերը: Անդունդներում սփռված բյուրավոր ոսկորները խաղաղ փոշիանում էին:
Ժամանակն իր անդրդվելի հրամայականն էր թելադրում գերեզմանափորին: Պարբերաբար դատարկվում էին հին շիրիմները, որոնց ժամանակավոր բնակիչները հանգրվան էին գտնում Գերեզմանափորի աշխարհը եզերող խրամատներում. կամաց-կամաց տեսանելի էր դառնում դրանց հատակը` ծածկված դեղնասպիտակ ոսկորներով: Հին մեռելներին շարունակաբար փոխարինելու էին գալիս նորերը. նրանց նույնպես վիճակված էր լքել ժամանակավոր կացարանը: Գերեզմանափորը երջանիկ էր: Այլևս չէր հիշում անցյալը: Գալիքը խոստանում էր նորանոր աճյուններ` բազմազան ու հետաքրքիր: Ոսկորներով ծածկված վիհերի հատակներն աստիճանաբար բարձրանում էին:
Զառամել էր գերեզմանափորը, իսկ իր աշխարհի խոր սահմանագիծ-խրամատը լցվել էր փոշիացած ոսկորներով: Ժամանակն արել էր իր գործը. վերացել պահպանիչ սահմանը խորթ աշխարհի և գերեզմանափորի տիրակալության միջև: Նա արդեն չափազանց ծեր էր դա ընկալելու համար, իսկ նոր մեռելների աճյունները գնալով սակավանում էին, ասես անհայտ ու մեծ աշխարհում ոչ ոք չէր ծնվում, ոչ ոք չէր մեռնում: Հաստաբուն սոճիները սնուցող պարարտ հողը կամաց-կամաց կորցնում էր իր զորությունը` զրկվելով նոր մեռելներից, և հնամենի ծառերը մեկիկ-մեկիկ հիվանդանում էին. կեղևների տակ բուն էին դրել անկշտում որդեր: Քայքայվում էր գերեզմանափորի սրբազան աշխարհը, իսկ նա ի զորու չէր նկատելու դա:
Մինչդեռ արտաքին աշխարհի մարդկանց կանչում էին հեռավոր հորիզոնները: Եվ մի օր էլ գերեզմաններով ծածկված մեռյալ աշխարհում հայտնվեց Առաջին ողջը:
Տեսածը վեր էր նրա ունեցած պատկերացումների համակարգից: Վախախառն զարմանքով շրջելով գերեզմանափորի տիրույթները` Առաջին ողջը հեռացավ` չսպասելով գիշերվա գալուն: Նա մտածեց, որ հավանաբար հանդերձյալ աշխարհը սա է, որ կա: Ուստի գերադասեց չմնալ այնտեղ, որտեղ իր վերջին հանգրվանը կարող էր գտնել:
Երկրորդ ողջը պակաս վեհերոտ էր: Շրջեց գերեզմանափորի ողջ աշխարհում, գիշերեց սոճուտի արևոտ բացատում` անքուն ունկնդրելով հավերժական ծառերի և երկնքի երկխոսությունը: Առավոտյան կողմ, արևը դեռ չծագած` թավուտում հայտնաբերեց հիշողությունը կորցրած գերեզմանափորին: Սկզբում մտածեց, որ սա չորացած ծառի և մեռելի ինչ-որ անհասկանալի մարմնավորում է: Երբ ուշադիր զննեց` թաքցնելով հայացքի հիվանդագին հետաքրքրասիրությունն ու աղոտ սարսափը, ծերուկի չորացած արտաքինը նմանեցրեց մարդկային գաճաճ մարմնի: Անհամարձակ շոշափեց նրան` սարսռելով գերեզմանային խոնավ հոտից, որով պարուրված էր գաճաճի մարմինը, ապա հարցրեց` ով է: Գերեզմանափորը չպատասխանեց. վաղուց էր իր համար ջնջվել իրականության ու երազների սահմանագիծը, և նա մտածում էր, թե այս ամենն իր հերթական մղձավանջ-զառանցանքներն են` այս անգամ արթմնի, արևը դեռ չծագած: Անմռունչ համբերատարությամբ տառապում էր` սպասելով ավարտին: Երկրորդ ողջին հանկարծ անմարդկային թախիծ համակեց, ասես ականատեսն ու պատճառն էր մարդկային հոգու քայքայման: Վազեց սարսափահար, շնչակտուր` շտապելով լքել մեռյալների ցավոտ աշխարհը:
Այլևս ոչ ոք չհամարձակվեց կտրել-անցնել ոսկորների դարչնագույն, մածուցիկ փոշով լցված սահմանագիծը: Առաջին և Երկրորդ ողջերը մութ, կցկտուր ակնարկներով պատմեցին իրենց տարօրինակ ապրումների մասին: Անտեսանելի արգելապատնեշներ բարձրացան երբեմնի խորախոր խրամատների հիմքերից. ոչ ոք չհամարձակվեց ոտք դնել մեռյալների թագավորություն:
Մի գիշեր էլ մեռավ գերեզմանափորը` անկատար թողած հողում թաղվելու իր միակ երազանքը: Անիմաց էր աշխարհն ու անհաղորդ:

Երբ խամրել էին արդեն հիշողություններն Առաջին և Վերջին հետազոտողների մասին, որոնք հանդգնել էին մուտք գործել մեռած մի աշխարհ, մտածողի արթուն միտքը, տքնելով օրեր ու գիշերներ, հայտնաբերեց մարդու հոգում բուն դրած գերեզմանափորի աշխարհը` մեռելների աշխարհ, որում շրջող միակ արարածը նույնպես մեռել է:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>