Քենեթ Քոչ, Քեյթ Ֆերըլ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ (Հատված «Թևերին Քնած» գրքից)

Շատ երիտասարդ գրողներ չեն գրում բանաստեղծություն այնպես, ինչպես կարող են, որովհետև նրանք կարծում են, թե բանաստեղծությունը պիտի որևէ ռիթմ, չափ ունենա, այն պիտի ինչ-որ խորիմաստ բանի մասին կամ հատուկ լեզվով պիտի լինի, նրանք կարծում են նաև, որ ամեն ինչ կատարյալ արված լինի և կարևոր է մնալ այն թեմայի սահմաններում, որով սկսել են: Կան որոշ հիմնական բաներ, որ օգտակար կլինի իմանալ:

Պոեզիա կա, որ ռիթմավորված է, բայց աշխարհում գրված պոեզիան մեծամասամբ առանց ռիթմի է: Ռիթմն ուղղակի հնչյունային մի ձև է, որ սիրում են բանաստեղծները. մի ձև, որ օգնում է նրանց բանաստեղծություններ գրել: Երբեմն այն կարող է ոգեշնչել, բայց շատ երիտասարդ բանաստեղծներ այն համարում են սահմանափակող և շատերն ավելի լավ բանաստեղծություն գրում են առանց դրա: Չափը, նույնպես, սովորաբար սահմանափակող է և անհրաժեշտություն չէ:
Չկան թեմաներ, որ հատուկ պոեզիայի համար են: Կարելի է գրել ամեն ինչի մասին՝ ինչ կամենաս, հեռախոսով խոսելու, պատուհանից նայելու, երազելու, ամեն ինչի մասին՝ ինչ պատկերացնում ես կամ մտածում, տեսնում կամ լսում: Կային թեմաներ, որ ճիշտ էին թվում տարբեր ժամանակներում, բայց հիմա բանաստեղծները ազատ են զգում ՝ գրելու ամեն ինչի մասին:
Երբեմն երիտասարդ բանաստեղծները սխալվում են՝ գրելով բաների մասին, որ կարծում են անհրաժեշտ է: Կամ նրանք փորձում են փոխակերպել այն, ինչ հետաքրքրում է իրենց՝ պոետիկ ինչ-որ բանի. նրանք գրում են «ընկերության», »խաղաղության» և «կյանքի ուղու» մասին, փոխարեն՝ որոշակի ընկերոջ, որոշակի օրվա և որոշակի փողոցի: Բանաստեղծությունն ընդհանուր կամ վերացական դարձնելով՝ թեման առավել արժեքավոր ու բանաստեղծական չի դառնում: Հնարավոր է՝ այն ետ պահի քեզ նրանից, ինչ զգում ես և մտածում, նոյնիսկ նրանից, ինչ գիտես: Պարզ ու սովորական ձևը, որ խոսում ես ընկերոջդ հետ, հնարավոր է, հենց այն է, որով կարող ես ամենալավն ասել այն, ինչ ուզում ես, այնպես որ այդ ձևն առաջինը փորձի’ր: Հնաոճ բանաստեղծական բառերը կարող են աղավաղել այն, ինչ գրում ես և հեռացնել քեզ նրանից, ինչ նկատի ունես: Երեխա բառը հնարավոր է, ավելին է նշանակում, քան, ասենք՝ մանուկ, և կապույտն ավելի գույն ունի իր մեջ ու ավելի է լի երաժշտությամբ և հիշողություններով, քան ասենք, լազուրը: Մանուկ, լազուր, օրիորդ, առկայծող և նման բառերը նույնպես կարող են գրավիչ լինել: Բայց, ամեն բառ, որ օգտագործվում ես, պիտի օգտագործես, որովհետև դա այն է, ինչ նկատի ունես, այլ ոչ թե քանի որ բանաստեղծական է: Գրելու հաճույքի մի մասն էլ բոլոր բառերն օգտագործելու ազատությունն է:
Շատերի համար ամեն ինչ նախօրոք պլանավորելը չէ, որ լավագույն ձևն է: Հաճախ բանաստեղծները իրենց ամենալավ գաղափարներին հասնում են գրելու ընթացքում: Հազիվ թե նրանք նախօրոք իմանան, թե ինչ են պատրաստվում ասել: Նրանք կարող են սկսել մի քանի բառից, որ միասին լավ են հնչում, մի տողից կամ երկու, հնարավոր է՝ միայն զգացողությամբ: Հետո այլ բառեր և այլ գաղափարներ են ծագում, երբ նրանք գրում են: Ծրագրելը հակված է ոգեշնչելուն: Եվ, հնարավոր է, միտումնավոր որոշում կայացնել մնալ թեմայի սահմաններում, որով սկսել ես: Երկուսն էլ կարող են սահմանափակել այն, ինչ լավ կլիներ քո բանաստեղծության համար: Լավ բանաստեղծությունը կարող է մի թեմայից ավելի ընդգրկել:
Ծրագրավորումն ու կազմավորումը կարող են օգտակար լինել նրա համար, ինչ գրում ես: Բայց երևի թե քեզ համար՝ որպես ակսնակ գրողի, ավելի կարևոր է ունենալ բավական նյարդներ ու հաստատակամություն՝ փորձելու գրելու նոր ձևեր, նախքան համոզված լինես դրանցում. խոսել այն մասին, ինչ հետաքրքրում է քեզ, եթե նունիսկ զգացածդ անհեթեթություն է, ոգեշնչվել, երբ ընթանում ես դեպի ուր բանաստեղծությունն է. դա նշանակում է նույնիսկ մի փոքր կորցնել ղեկավարումը, գրել ոչ թե նրա համար, որ հաճելի լինի լսարանին կամ ուրիշ մեկին, այլ հասնել բանաստեղծությանն այնպես, ինչպես այն քեզ ճիշտ է թվում:
Դու կարող ես ամբողջովին ազատ լինել բանաստեղծության առաջին տարբերակում, կարող ես նաև վերանայել: Ոչինչ չկա բանաստղծության մեջ, որ փոփոխելի չլինի: Բանաստեղծությունը նման չէ նկարի, որտեղ փոփոխությունը, որ անում ես, ծածկում է նախկինը: Դու միշտ կարող ես փոխել բանաստեղծությունը և ետ վերադառնալ: Դու կարող ես սրբագրել՝ ջնջել որոշ բաներ, տեղափոխել, փոխել ասելիքիդ ձևը, փոփոխել տողերը, նոր տողեր ավելացնել:
Երբեմն բանաստեղծությունը շատ կարճ է թվում կամ, ամեն դեպքում, դու ուզում ես ավելացնել ինչ-որ բան: Երբեմն կարող ես ցանկանալ փոփոխել վերջը: Ինչ էլ անես վերանայելուց, փորձիր լինել թեթև ու ազատ, ասես՝ գրես առաջին անգամ: Լավ է՝ պահել առաջին տարբերակը: Հետագայում կարող ես որոշել վերադառնալ դրան, թերևս մասամբ: Դու կարող ես փոփոխել բանաստեղծությունը երբ գրում ես, անմիջապես հետո կամ իհարկե, ցանկացած ժամանակ: Երբեմն, երբ բանաստեղծություն ես գրում և հետո, որոշ ժամամանկ մի’ մտածիր նրա մասին, երբ նայես այն նորից մի քանի շաբաթ կամ ամիս անց, հնարավոր է, անմիջապես այն ավելի լավ դարձնելու գաղափարներ ունենաս:
Երիտասարդ բանաստեղծի համար ամենալավը շատ բանաստեղծություն կարդալն ու շատ գտելն է: Լավ է ունենալ որոշ ընկերներ, որ նույնպես բանաստեղծություն են գրում, մարդիկ, որորնց հետ դու կարող ես խոսել բանաստեղծության մասին, ցույց տալ աշխատանքդ և կարդալ նրանցը: Որոշ գրողներ սիրում են օրագրի պես մի բան պահել, որտեղ գրառում են իրենց մտորումներն ու զգացողությունները, երբեմն նույնիսկ՝ երազները:
Գրելը օրագրում կամ այլ տեղ մի լավ բան ունի իր մեջ՝ այն ինչ կոչվում է գիտակցության հոսք: Դա նշանակում է գրել ասենք, կես ժամ կամ նույնիսկ մի ժամ ինչ կգա գլուխդ՝ առանց կանգառի: Մի փորձիր՝ իմաստավորել, մոռացիր ուղղագրության, կետադրության, նախադասություններն ավարտելու և նման բաների մասին: Դու կարող ես սկսել՝ մրածելով անցյալի ինչ-որ բանի մասին. քո հին սենյակի, նախկին ընկերոջ, այգու, ուր խաղացել եք: Դու կարող ես փորձել գրել նաև երաժշտության տակ: Միացրու որևէ երաժշտություն (նախընտրելի է առանց բառերի) և գրի’ր այն, ինչ երաժշտությունը ստիպում է մտածել կամ տեսնել: Այն ամենը, ինչ քեզ ներքաշում է նոր ձևով գրելու մեջ, լավ է. ընկերոջ հետ միասին բանաստեղծություն գրելը, օրինակ, դու գրում ես առաջին տողը, նա գրում է հաջորդը, և այսպես շարունակ: Դու կարող ես կանոններ մշակել, այնպես ինչպես՝ ամեն տող պիտի գույն ունենա և քաղաքի անուն: Եթե ուրիշ լեզու գիտես՝ գոնե մի քիչ թարգմանի’ր: Եթէ գտնում ես որևէ տեսակի կամ ձևի բանաստեղծություն, որ գրավում է քեզ, փորձի’ր ինքդ էլ գրել:
Երիտասարդ բանաստեղծները անհանգստանում են՝ ճի՞շտ են աշխատում, թե՞ ոչ: Օգտակար է իմանալ, որ տարբեր բանաստեղծներ տարբեր կերպ են աշխատում: Ոմանք կոնկրետ ռեժիմ ունեն, ոմանք՝ անկանոն են: Ոմանք հեշտ են գրում, ոմանց համար դժվար է: Որոշ բանաստեղծներ միշտ նոր բանստեղծություններ են սկսում, մյուսները՝ դժվար են աշխատում՝ վերանայելով հին բանաստեղծությունները: Հնարավոր է կարճ ժամանակում գրել լավ շատ բանաստեղծություններ, որ կսիրես: Բայց գուցե հանկարծ, երկար ժամանակ՝ոչինչ, որ իսկապես սիրես: Եւ հետո, հանկարծ սկսես նորից շատ գրել: Լավ է մեծ հավակնություններ ունենալ, ցանկանալ լավ բանաստեղծություն գրել, այդ անելու նոր ձևեր փորձել: Որոշ ժամանակ հետո կգտնես աշխատելու քո ձևը՝ այն որ ամենալվն է քեզ համար:

Արտատպված «ԳՐԵԹԵՐԹ»-ի (ՀԳՄ գրական երիտասարդական թերթ) թիվ 3(6) 6 հունիս 2007 թ. Համարից:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի