Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը
Գործող անձինք
Պառավ Ֆարհադ
Փուչիկ վաճառող
Բեմը զբաոսայգի է։ Մի պառավ ծաղկազարդ չադրայով և սպիտակ գլխաշորով, տխուր-տրտում և սպասման մեջ նստել է նստարանին։
ՊԱՌԱՎ- (Բեմով անցնող աներևույթ տղամարդուց հարցնում է)։ Ներեցե՛ք պարոն, ժամը քանի՞սն է։ (Աներևույթ մարդը կանգնում և պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Ասացիք յո՞թը։ Անչափ շնորհակալ եմ։ Թող Աստված քեզ զարդարի ծերությամբ։ (Անտեսանելի մարդը դուրս է գալիս բեմից)։ Ի՞նչ ասացի՝ զարդարի ծերությա՞մբ։ Ծերանա, որ ի՞նչ լինի։ Մենակությունից կփտի։ Թող Աստված քեզ ջահել տանի, որ պատվով այս աշխարհից հեռանաս։ (Զգում է, որ անտեսանելի մարդը վերադարձել և նայում է իրեն)։ Ներեցեք, ինքս ինձ հետ էի խոսում։ (Ինքն իրեն)։ Ինչո՞ւ քանի դեռ երիտասարդ էիր չմեռար, որ այս օրը չընկնեիր։ (Անտեսանելի մարդը հեռացել է)։ Չգիտեմ բոլորը ինչո՞ւ են ուզում ծերանալ։ Կարծես մենք կերանք, ու նրանք ետ են մնացել։
Լռություն։
(Վեր է կենում, նայում է չորս բոլորը, հետո վերադառնում ու նստում է իր տեղը։ Անտեսանելի մի կին գալիս ու նստում է նրա դիմացը։ ժպիտներ են փոխանակում)։
ՊԱՌԱՎ-(Քիչ անց)։ Կարծես այսօր չի ուզում գալ։ Այնքան նայեցի ճանապարհին՝ աչքերս սպիտակեցին։
(Անտեսանելի կինը մխիթարում է)։
ՊԱՌԱՎ- Վերջապես կգա՞, իսկ ե՞րբ։ Մենք նման բախտ չունենք քույրիկ ջան… Երբեք չէի մտածում, որ մի օր պիտի նստեմ ու սպասեմ, առհասարակ մոռացել էի։
(Անտեսանելի կինը նրան ուղղորդում է)։
ՊԱՌԱՎ-Ասում ես, եթե չի գալիս ե՞ս գնամ նրա ետևից։ Կարծում ես այդ մասին չե՞մ մտածել։ Աստված վկա՝ որոշել եմ այդ բանը անել, բայց ինչպե՞ս, չգիտեմ, ախր գիտես, ես չգիտեմ, թե նա որտեղ է, ոչ մի նշան նրանից չունեմ։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ասում ես նա ո՞վ է, որին այդքան սիրում եմ, քանի՞ տարեկան է։ Ասացի, որ նրան ստույգ չեմ ճանաչում։ Նրա տարիքից էլ անտեղյակ եմ։
(նտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Անունը ի՞նչ է։ Պարզ չի՞ անունը՝ հոգեառ է, այսինքն՝ մահ։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Չէ՛, ջանս, բարեկամ չի, դու առհասարակ կարծես էս այգում չես գտնվում։ Մահը հո բարեկամական չի լինում…Մի՞թե դու չգիտես, թե ես ու՞մ եմ սպասում։
(Անտեսանելի կինը պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Ո՞չ, դե հենց սկզբից ասեիր։ Ջանի՛կս, ես այստեղ նստել եմ, որ մահը գա ու հոգիս առնի։
(Անտեսանելի կինը հեգնանքով հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ինչու նրան տանը չեմ սպասու՞մ։ Շատ պարզ է, որովհետև իմ տունը այնքան նեղ ու մութն է, որ մահը կսարսափի ներս մտնել։ Փողոցի ծայրն էլ, որ նստում եմ, չի լինում։ Բոլորը հարցնում են, ինչի՞ համար ես ամեն օր այստեղ նստում։ Ի՞նչ ասեմ, ասեմ էստեղ նստում եմ, որ մահը գա ու իմ հոգին ազատի։ Բացի այդ փողոցի կանայք շատ բամբասկոտ են. մարդու ետևից ինչեր ասես, որ չեն ասում. ասում են՝ պառավը գժվելա…Բայց էստեղ հանգիստ եմ, որովհետև էստեղ բոլորը անցորդներ են և ինձ հետ գործ չունեն։
(Անտեսանելի կինը զարմանում է)։
ՊԱՌԱՎ- Մի՛ զարմացիր, գիժ չեմ, միայն կյանքից եմ կշտացել… Դու ոնց որ էս կողմերից չես, էդպես չի՞։
(նտեսանելի կինը պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Ենթադրում էի, որովհետև այստեղ բոլորը ինձ ճանաչում են, բոլորն էլ գիտեն, թե ինչի համար եմ էստեղ գալիս, ոչ ոք էլ չի զարմանում… Ուրեմն նո՞ր եք եկել այս թաղը, ձեր անունն էլ չասացիք…
(Անտեսանելի կինը պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Ուրեմն, երկու- երեք շաբա՞թ է, որ եկել եք այս կողմերը։ Բարով եք եկել։ Հա, իսկապես անունդ էլ սիրուն անուն է՝ տիկին Թալաթ։ Իմ անունն էլ Օսմաթ է։ Ինձ կուզիկ Օսմաթ էլ են ասում, ինչու՝ չգիտեմ։ 0՜ֆ, մարդ չգիտի՝ ինչ անի էս մարդկանց ձեռքից…
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ինչու եմ ուզում մեռնե՞լ, որովհետև հիմա միայն մեռնելու համար եմ պիտանի։ Հայհայս գնացել ու վայվայս է մնացել, բացի այդ շատ մենակ եմ… երանի իմանայիր, մենակությունը շա՜տ-շա՜տ դժվար է… Հաջիին ասել էի, որ ինձնից առաջ չմեռնի. ես մենության համբերությունը չունեմ,բայց բարեպաշտը մեռավ ու ինձ մենակ թողեց…Կներեք։
(Պառավը նկատում է անտեսանելի էսմայիլին)։
ՊԱՌԱՎ- ( Զարմացած)։էսմայիլ, ի՞նչ է եղել, քոռանամ ես, ինչու՞ ես լալիս, երեխանե՞րն են ծեծել ձեռքները չորանա…
ՊԱՌԱՎ- Կինդ է մահացե՞լ, մի՛ լացիր մատաղ լինեմ քեզ…Ո՞նց մահացավ։
(էսմայիլը պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Մայրիկը նրան ավլե՞ց ու դե՞ն նետեց… ա՜խ անզգամ։ (Դիմում է անտեսանելի կնոջը)։ Խեղճը ցնորված է։ Ամբողջ ուրախությունը մի սարդ էր, որ իրենց նկուղի մի անկյունում ոստայն էր հյուսել…էսմայիլը նրան շատ էր սիրում, իբր ամուսնացել էր նրա հետ։ (Դիմելով էսմայիլին)։
ՊԱՌԱՎ- Ոչինչ, քեզ մատաղ, մի ուրիշ կին քեզ կառնեմ, մի ճարպիկ ու սրճագույն սարդ։
(էսմայիլը ընդառաջում է)։
ՊԱՌԱՎ- Սիրուն լինի՞, աչքիս վրա, սիրուն կլինի…կաշխատեմ։ Դե, էլ մի՛ արտասվիր, գնա. ես կհոգամ քո մասին։
(էսմայիլը դուրս է գալիս բեմից)։
ՊԱՌԱՎ- Ի՜նչ ժամանակներ են, մարդ զարմանում է։ էս մահն էլ բոլորի ետևից գնում է, բացի իմ… Կարծես մի սարդից էլ ավելի նվաստ եմ։ (Ուզում է լացել)։
(Անտեսանելի կինը նրան հորդորում ու խրատում է) ։
ՊԱՌԱՎ- Խրատն անօգուտ է։ Դու էլ իմ տեղը լինեիր՝ կհուսահատվեիր։ Առավոտյան, որ արթնանում եմ, չգիտեմ ինչի համար եմ արթնացել, գիշերն էլ չգիտեմ՝ ինչի համար եմ քնում…Սիրտս ինչո՞վ ուրախացնեմ։
(Անտեսանելի կինը նորից է հորդորում)։
ՊԱՌԱՎ- Ո՞նց ինքս ինձ զբաղեցնեմ, ինչո՞վ։ Ախր մինչև երբ բակի ծառի հետ զրուցեմ. էդ խեղճը հո լեզու չունի։ Եթե լեզու ունենար, էլի մի բան էր, և հետո ինձ թվում է՝ նա չորանում է, որովհետև թարմության ոչ մի նշան չի ցուցաբերում։ Նազին էլ նրա պես է, ինչ ասեմ-չասեմ միայն միաո, միաո է անում։ Ախր միաո, միաոն էլ եղավ խոսք… էլի իմ հաջու դարդը տանեմ, էլի, երբ ցերեկները խոսում եմ լուսանկարի հետ, գիշերները երազիս մեջ պատասխանում է։ Հենց էս մի քանի գիշեր առաջ էր՝ ասաց, որ դեռ սիրում է ինձ և հետո էլ ասաց, որ լավ ես պահպանվել, աշխատիր իզուր տեղը չտառապել, ափսոս է, գեղեցկությունդ կկորցնես։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Հարցնում եք երեխաներ ունե՞մ, թե՝ ոչ։ Ինչու չէ, ունեմ՝ մի տղա և մի աղջիկ ունեմ, բայց ինչ օգուտ, եթե մարդու ձեռքի ձեռնափայտը չլինեն, էլ ինչո՞վ են պիտանի…Տղայիս չեմ տեսնում, միայն տարին մեկ անգամ զանգահարում է, այն էլ, երբ նոր տարի է գալիս։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Որտե՞ղ է։ Արտասահման։ Գնացել է Թուրքիա, մի արտասահմանցի կին էլ առել ու նրա հետ անգլերեն է խոսում։ Անունն էլ, սպասիր ասեմ ինչ էր… ինչե՞ր…Ջու… Ջու… Մելյա… Լյա…։ Լեզուս չի պտտվում։ Ես նրան ասում եմ Ջամիլա։ էնպես է իրեն երևակայում… Տնաշենը կարծում է՝ երկնքից է ընկել։ էդ ցից-ցից մազերով էնպես է քայլում, կարծես մարդ արարած չլինի։ Ինձ փոխանակ մայրիկ ասի, ասում է մադր։ Գերմանիան որտե՞ղ է։
(Անտեսանելի կինը պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Քաղաք է Թուրքիայու՞մ, հա՛, էնտեղից է։ էնպես է խունջիկ-մունջիկ գալիս ու ձևեր թափում, որ էլ ասելու չի… Կներեք։
(Անտեսանելի տիկին Նարգեսն ու աղջիկը անցնում են բեմի միջով)։
ՊԱՌԱՎ- Բարև, տիկին Նարգես, ինչպե՞ս եք։ (Դիմելով նրա աղջկան)։ Դու՞ ոնց ես, աղջի՛կս։
(Տիկին Նարգեսը և աղջիկը պատասխանում և հարցնում են նրա որպիսությունը)։
ՊԱՌԱՎ- Փառք Աստծո, լավ եմ… Հա, տիկին Նարգես թող Աստված ոչ մեկին ցավ չպատճառի, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես սև հագել։
(Տիկին Նարգեսը պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Մոհամմե՞դը…էն, որ շատ խառն էր…Խեղճ տղա…Չեմ հավատում։ (Լալիս է)։ Ախր ինչու՞…
(Տիկին Նարգեսը պատասխանում է)։
ՊԱՌԱՎ- Մեքենան է խփե՞լ։ Վարորդը ինչ է կու՞յր էր, չէ՞ր ւոենում։
(Տիկին Նարգեսը բացատրում է)։
ՊԱՌԱՎ- Հարբած է եղե՞լ։ Չոռ ու ցավ իրեն, թող լավ օր չտեսնի։ Կներեք տիկին Նարգես. ես տեղյակ չէի…Թող ձեր վերջին տխրությունը լինի…(Տիկին Նարգեսը ցտեսություն է անում)։
ՊԱՌԱՎ- Աստված քեզ պահապան, գնաս բարով։ (Դիմելով անտեսանելի կնոջը)։ Ախ այս մահի ձեռքից, ում ետևից, որ պիտի գնա՝ չի գնում, գնում է նրա ետևից, ով չի ուզում մեռնել։ Մի քանի օր առաջ էլ, իբր գալիս էր իմ ետևից, բայց ոնց որ իմ ջգրու ճանապարհը շեղեց ու գնաց հարևանի մոտ։ Անունը Ռոյա էր, շա՜տ սիրուն էր՝ ոնց որ արև։ Հա, իմ փոխարեն էդ խեղճի հոգին առավ։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ոնց մեռա՞վ։ էլ ո՞նց պիտի մեռներ, մյուսների պես մեռավ, էլի։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ինչ ձևո՞վ, չգիտեմ, ասում են՝ հոսանքն է խփել։ Մահը շատ ճարպիկ է, հետք չի թողնում։ Երանի այդ աղջկան տեսած լինեիր, նման էր իմ աղջկան. նրա նման բարձրահասակ էր, սև-սև աչքեր ուներ։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Աղջիկս ինչ տեսք ունի՞։Համարյա ինձ է նման։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ի՞նչ ասեմ աղջկաս մասին,սիրտս արյուն է, քույրս։ Նա խռով է ինձ հետ, հեչ չի ուզում երեսս տեսնի։ Ասում է գեշ եմ։ Օրինակ՝ ասում է՝ աչքերդ նշաձև չեն, չգիտեմ, կամ հորի մեջ ընկած երկու մարող մոմի նման են։ Ամուսնու հարազատների ներկայությամբ ամաչում է ինձ մայրիկ ասի։ Եթե ասում էլ է, ասում է զզվանքով։ Օտարներին էլ ինձ ներկայացնում է որպես աղախին։ Հրեշը կարծես իմ կրծքի կաթը չի կերել։ Ինձ շան տեղ էլ չի դնում։ Ախր, դու ասա՝ իմ աչքերը ինչո՞վ են վատը։
(Անտեսանելի կինը նրան մխիթարում է)։
ՊԱՌԱՎ- Գիտեմ, որ գործից ընկել ու չեմ կարողանում աշխատել, մահանա է ման գալիս, թե չէ, Աստված ոչ արասցե, հո կու՞յր չեմ։ Եվ հետո հենց այս աչքերն էին,որ լուսահոգի հաջիին ինձ սիրահարեցրին։ Նա ասում էր՝ աչքերդ խումար են, քո նման կին շատ քիչ կա։ Իմ արևով եմ երդվում՝ հենց էս աչքերիս պատճառով էր, որ ինձ ուզողները մեր տան դուռը կրնկահան էին անում ու վերջապես էլ արեցին։ Խեղճ լուսահոգի հայրս էլ ստիպված եղավ մի նոր դուռ գնի։ Վերջապես, գլուխդ չցավեցնեմ, քույրս որ դու լինես ասեմ ,որ հայրս մեկը մյուսի ետևից մերժում էր ինձ ուզողներին, բայց չգիտեմ՝ ինչ եղավ, երբ հերթը հաջիին հասավ, լեզուն պապանձվեց ու չմերժեց։ Գուցե նրա համար, որ հաջին գեղեցիկ բոյ ու բուսաթ ուներ։ է՜հ, հիշատակը բարի, ոնց որ երեկ լիներ, երբ նշանդրեքի սեղան բացեցինք։ Երբեք չեմ մոռանա, որ երբ առաջին անգամ նշանադրողը ինձանից հարցրեց, որ արդյոք ցանկանում եմ նշանվել էսքանդար Վալադ Մոհամմեդ Ղամեսազի հետ, և նախքան քույրս՝ Մահմոնիրը, կասեր՝ հարսը գնացել է ծաղիկ քաղելու, ես ասացի՝ այո։
(Լսվում է երգ ու սազի և ուրախության ճիչերի ձայնը)։
ԵՐԳՈՂԻ ՁԱՅՆԸ-
Վարդը դուրս ելավ բաղնիքից,
Անբուլը դուրս ելավ բաղնիքից,
Նայիր սիրուն բոյ ու բուսաթին,
Ծաղիկը դուրս ելավ բաղնիքից։
Շնո՜րհ, շնո՜րհ, շնորհավո՜ր։
Փողոցը նեղ է՝ այո,
Հարսը սիրուն է՝ այո,
Ձեռք մի տվեք մազերին,
Մարգարտաշար է՝ այո։
(Ձայները մարում են)։
ՊԱՌԱՎ- Գլուխներդ ցավեցրի, կներեք։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Հաջին ինչարա՞ր էր։ Սերժանտ, էն էլ ոչ թե կոշտ ու կոպիտ էն սերժանտներից։ Շատ լավն էր, ես մինչև հիմա նրա նմանը չեմ տեսել։ Իսկապես լավն էր, և մենք լավ և ուրախ օրեր ենք ունեցել… Երանի, երբ նա մեռնում էր, ես էլ մեռնեի։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Հա, շատ էի սիրում, հիմա որ չկա չեմ ուզում մի պահ անգամ ողջ մնամ։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Մահից ինչու՞ պիտի վախենամ։ Մահը սարսափելի չի։ Հիմա շատ շատերը շրջանցել են մահվանը։ Աստված վկա՝ մահը ամեն ինչից լավն է։
(Անտեսանելի կինը կարծիք է հայտնում)։
ՊԱՌԱՎ- Ո՞վ է ասում մահ, այսինքն՝ որդերի մեջ թավալվել։ Ընդհանրապես այդպես չի։ Մահ նշանակում է՝ այս աշխարհից մի այլ աշխարհ գնալ։ Եթե մի փոքր տագնապ կա, դա էլ ճամփորդությունից է։ Ախր գիտես. ամեն մի ճամփորդություն իր յուրահատուկ տագնապն է ունենում… Կներեք։
(Պառավը ոտքի է կանգնում և պատասխանում է անտեսանելի պարոն Բախտիարի բարևին)։
ՊԱՌԱՎ- Աստծո բարին։
(Պարոն Բախտիարը հարցնում է նրա որպիսությունը)։
ՊԱՌԱՎ- Անչափ շնորհակալ եմ, ձեր հովանու տակ շնչում ենք։
(Պարոն Բախտիարն իր ուրախությունն է արտահայտում)։
ՊԱՌԱՎ- Դուք ողջ լինեք, մենք էլ ենք ուրախ։
(Պարոն Բախտիարն պատրաստվում է գնալ)։
ՊԱՌԱՎ- Մեր իրավունքն էլ ձեր ձեռքն է։
(Պարոն Բախտիարը դուրս է գալիս բեմից)։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ո՞նց ասեմ, թե նա ով է։ Մի թոշակառու… Կին էլ չունի… էստեղ, որ գալիս ու նստում եմ, նա էլ հայտնվում է։ ճիշտ որ ասեմ՝ նա ինձ այնքան էլ չի ուրախացնում։ Ախր շատ շոռ աչքա, մեկն էլ չկա, որ նրան ասի՝ ախր այ ծերուկ քո մի ոտքդ էստեղ է, մյուսը՝ էն աշխարհում. դու ինչ ես ասում։ Արհամարում ես, էլ նորից երեսից չի գնում։ Երեկ բանաստեղծությունների գիրք էր բերել ու բարձրաձայն կարդում էր, այն էլ սիրո բանաստեղծություններ, որ գոնե ես ձայնը լսեմ, բայց ես էլ ինձ խուլ ձևացրի…Իսկապես լավ էր կարդում, բայց ես ականջ չդրի, գիտե՞ս ինչու, որովհետև ինքը ինձ դուր չի գալիս և որոշել եմ, եթե մի անգամ էլ ինձ խանգարի. զանգեմ տղայիս, գա հերն անիծի։ Ախր, գիտես մի քիչ էլ ծերացել եմ… Մի խոսքով նա ինձ համար սիրո երգ է երգում, իսկ ես մահվան համար։ Շատ ծիծաղելի է, չէ՞։
(Անտեսանելի կինը հաստատում է)։
ՊԱՌԱՎ- Այո՞, ի՞նչ այո։ Մի բան էր ասացի, երբեք էլ այդպես չի։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ինչու իրար հետ չենք ամուսնանու՞մ։ Դե ասացի էլի՝ նա ինձ դուր չի գալիս, որովհետև քաղցկեղ ունի։
(Անտեսանելի կինը կատակում է նրա հետ)։
ՊԱՌԱՎ- Ի՞նչ, ասում ես ես այնքա՞ն էլ թոշնած ու հուսալքված չեմ։ Չէ, Աստված վկա, սիրտս մեռելա, միայն ուզում եմ ձևացնեմ, որ ողջ եմ։
(Անտեսանելի կինը հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ախր գիտես, կյանքը ինձ համար այլևս կորցրել է իր իմաստը։ (Անտեսանելի կինը ապսպրում է)։
ՊԱՌԱՎ- Ինձ համար դժվար է կյանքին իմաստ հաղորդել։ Սիրելը կարող է կյանքին իմաստ տալ, իսկ ես այլևս չեմ կարող մեկին կամ ինչ-որ բան սիրել, այսինքն՝ այնքան եմ մենակ մնացել, որ սիրելը մոռացել եմ։
(Անտեսանելի կինը ցանկանում է համոզել)։
ՊԱՌԱՎ- Ընդունում եմ՝ կյանքը քաղցր է, բայց քաղցրությունը այն ժամանակ է իմաստավորվում, երբ մարդ զգում է համը, ես այդ քաղցրությունը չեմ զգում։ Երանի իմանայիր սիրտս որքա՜ն է նեղված։
(Անտեսանելի կինը բացատրում է)։
ՊԱՌԱՎ- Գիտես ես առհասարակ չեմ սիրում անձրևը… Երբ անձրև է գալիս ես շատ եմ նեղվում, տանիքս ահավոր կաթկթում է։
(Անտեսանելի կինը ապսպրում է)։
ՊԱՌԱՎ- Չէ, այլևս ուշ է, այնքան է ավերվել, որ վերանորոգել հնարավոր չի։ Ինձ նման է կամ պիտի լրիվ ավերվի կամ էլ հենց այս վիճակով պիտի հետը յոլա գնալ։
(Անտեսանելի կինը բողոքում է)։
ՊԱՌԱՎ- Չեմ համառում, եթե հոգնել ես, կարող ես գնալ։
(Անտեսանելի կինը գնալու ընթացքում դարձյալ հորդորում է):
ՊԱՌԱՎ- Մտածեմ ձեր ասածների մասի՞ն, լավ, եթե կարողանամ։
(Անտեսանելի կինը հեռանում է)։
ՊԱՌԱՎ-Գնաս բարով, մինչ տեսություն։ (Անտեսանելի կինը հեռացել է)։Իմ խոսքերի մասին մտածիր, կյանքը կքաղցրանա քեզ համար։ (Անտեսանելի կնոջ տնազը անելով)։ Կարծում է ես երեխա եմ… Դու պիտի և անձրևը և ծաղիկը և, չգիտեմ, էլ ինչեր սիրես… Տիկինը իր համար մի շքեղ տան մեջ ձեռքը ամուսնու ձեռքին ապրում է, շուրջն էլ երեխաները թռչկոտում են. էլ ինչու կյանքը պիտի վատը լինի, բնական է, որ ծաղիկներ պիտի սիրի։ Դե իհարկե, երբ օրերը մարդու հոգու հետ համահունչ են, մարդ բանաստեղծ էլ կդառնա… Ես որքա՜ն հիմար եմ, որ նրա հետ նստել եմ խոսք ու զրույցի…(Լռություն)։ Վեր կենամ գնամ տուն. այսօր էլ էդ անխիղճը չեկավ։ Առհասարակ չես հասկանում էս մահվան հետ ինչ է եղել, ոնց որ մենք մարդ չենք։ Ի՞նչ է եղել։
(Մի խումբ անտեսանելի մարդիկ արագ անցնում են բեմով։ Պառավը ոտքի է կանգնում և նրանցից հարցնում է)։
ՊԱՌԱՎ- Ի՞նչ է եղել, Ու՞ր եք շտապում։ (Ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրան)։ Հե՜յ, քեզ հետ եմ։
(Անտեսանելի մի մարդ կանգնում ու բացատրում է)։
ՊԱՌԱՎ- Մաշ Ղասեմը կաթվածահար է եղել։ Հենց նա, ով այգու ծաղիկները ջրու՞մ էր։ էդպես հանգի՞ստ…
(Անտեսանելի մարդը հեռանում է)։
ՊԱՌԱՎ- (Աչքերը փայլատակում են)։Ոնց որ մահը էս շրջակայքում է։ Սիրտս վկայում էր, որ կգա…Հերթով էլ որ լիներ, արդեն հերթն իմն է։ (Նստում է նստարանին ու փակում է աչքերը)։ Հաստատ հաջին է ասել, որ գա իմ ետևից։ Աստված տա չվախենամ…
(Մի երիտասարդ վազքով բեմ է մտնում)։
ԵՐԻՏԱՍԱՐԴ- Մայրի՜կ։
ՊԱՌԱՎ- (Վախով, բայց հաստատակամ)։ Ջա՜նա։
ԵՐԻՏԱՍԱՐԴ- Հայտնի՞ է , թե որտեղ ես։ Գնացի տուն, տանը չէիր, հարևանները ասացին, որ այստեղ ես։
ՊԱՌԱՎ- Եթե իմանայի, որ տուն կգաս էստեղ չէի գա։ Գիտես՝ սպասելը շատ դժվար բան է, երբ մենակ ես, էստեղ սրա նրա հետ զրուցում ես և ժամանակը չես զգում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ- (Շշմած)։ Մայրիկ աչքերդ ինչու՞ ես փակել։
ՊԱՌԱՎ-(Հարգանքով)։ Ուզում եմ, որ երբ հոգիս առնում ես՝ ինձանից չամաչես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ- Ինչ ես խոսում, ես հո հոգեառը չեմ։
ՊԱՌԱՎ- Բա ո՞վ ես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ- Աչքերդ բա՛ց, որ իմանաս ով եմ։
ՊԱՌԱՎ- (Վախենալով բացում է աչքերը ու ապշում է)։ Ֆարհա՜դ… տղա՜ս…ճի՞շտ եմ տեսնում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ- (Ուրախությամբ)։ Մայրի՜կ։
(Բեմի աջ կողմից ներս է մտնում փուչիկ վաճառողը)։
ՓՈՒՉԻԿ ՎԱՃԱՌՈՂ- Փուչի՜կ…փուչի՜կ, փուչիկ տամ…
(Փուչիկ վաճառողը անտեսանելի հաճախորդներին փուչիկ է վաճառում։ Հիմա արդեն բեմը և սրահը լցվել է բազմաթիվ փուչիկներով)։
ՎԵՐՋ
Վերջին մեկնաբանություններ