Վարդգես Օվյան | ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵՐԵՆԱԴ

Դեկտեմբերն արդեն կիսվել է: Չորրորդ օրն է՝ ձյուն է մաղում: Սկզբում անմիջապես հալչում էր, բայց երրորդ օրից ավելի ցրտեց, և ողջ քաղաքը ծածկվեց ճերմակափրփուր ձյան սավանի տակ:
Վաճառողուհի աղջիկը վաղուց համոզվել է, որ խանութում հաճախորդների ավելի մեծ հոսք է նկատվում հատկապես կեսօրին և աշխատանքային օրվա վերջում: Նա նայեց պատից կախված ժամացույցներին, որ ցույց էին տալիս տասներկուսն անց կես:
Խանութ մտան վերջին կես ժամվա առաջին այցելուները՝ դպրոցական երկու աղջնակ, որ երևի սովորելիս կլինեին չորրորդ կամ հինգերորդ դասարանում: Նրանք սկզբում պլշած աչքերով նայում էին խայտաբղետ ու բազմագույն ապրանքներին, հետո կիսաշշուկ սկսեցին քննարկել, թե դրանցից որոնք են իրենց դուր եկել:
Վաճառողուհի աղջիկն արդեն սովորել էր զանազանել ապրանք գնելու եկած և պարզապես պարապությունից կամ հետաքրքրությունից խանութում հայտնված հաճախորդներին: Փոքրիկների լուրջ-լուրջ տեսքից աղջիկը կռահեց, որ նրանք պատկանում են այցելուների առաջին խմբին՝ եկել են ինչ-որ բան գնելու:
— Այն ոսկեգույն նախշերով ծաղկամանն ի՞նչ արժե,- հարցրեց աղջիկներից մեկը՝ սովորականից խոշոր ու սև աչքերով:
— 1450 դրամ,- պատասխանեց վաճառողուհին:
— Իսկ այն մյո՞ւսը, դրանից ձախ գտնվող ծաղկամանը,- հարցրեց կապույտ գլխարկի տակից կախված կիսաշեկ զույգ ծամերով մյուս աղջնակը:
— Այս մե՞կը: Արժե 1250 դրամ:
Փոքրիկները շշնջալով կրկին սկսեցին ծանրումեծ քննարկել, թե դրանցից որը գնեն:
Խանութի դուռը բացվեց, և գրեթե միաժամանակ ներս մտան երկու հաճախորդ՝ երեսունն անց մի երիտասարդ և մի կին: Վաճառողուհին իսկույն կռահեց, որ վերջինս հետաքրքրասերներից է, իսկ մյուսը՝ երիտասարդը, և՛ գնորդի տպավորություն էր թողնում, և՛ հետաքրքրասերի: Համենայն դեպս, աչքի տակով հետաքրքրությամբ նայեց փսփսացող փոքրիկներին ու քթի տակ ժպտաց: Հաճախորդ կինը վաճառողուհուն լավ ծանոթ դեմքի արտահայտությամբ, որ բառերի վերածած, նշանակում էր՝ «այստեղ ինձ և իմ ճաշակին արժանի ապրանք չկա», դուրս եկավ խանութից:
— Իսկ այն 1450 դրամանոց ծաղկամանից մի քիչ էժանը չկա՞,- կրկին հարցրեց սևորակ աչքերով դպրոցականը:
Երկու աղջնակներն այդ պահին այնպես էին նայում վաճառողուհուն, կարծես վերջինիս պատասխանից մի շատ կարևոր ու մեծ բան է կախված:
— Իսկ դուք որքա՞ն փող ունեք,- հարցրեց վաճառողուհին:
— 1300 դրամ…
— Ծաղկամանն ո՞ւմ համար եք գնում:
— Ուզում ենք նվիրել մեր ուսուցչուհուն,- գրեթե միասին ասացին նրանք:
Երիտասարդն ակնհայտ հետաքրքրությամբ հետևում էր վաճառողուհու և փոքրիկների զրույցին: Վաճառողուհի աղջիկը դա նկատեց և, ժպտալով, նայեց երիտասարդին:
— Այս 1250 դրամանոցն էլ վատը չէ,- ասաց նա,- սա էլ լավ նվեր կլինի:
— Չէ, մենք կուզենայինք այն մյուսից գնել…
— Արդեն ես էլ չգիտեմ, թե ինչ անեմ,- վաճառողուհի աղջիկը, ժպտալով, կրկին նայեց երիտասարդին:- Երեխաներ շատ են գալիս այստեղ: Ինձ մոտ փոքրիկ, գեղեցիկ խաղալիքներ կային: Մի մասը հենց այնպես տվել եմ նրանց…
Աղջնակները, որ այդ ընթացքում շշուկով շարունակում էին լրջորեն քննարկել գնել-չգնելու հարցը, մի ուրիշ խանութ մտնելու կամ թերևս մեկից հարյուր հիսուն դրամ հաջողացնելու մտադրությամբ պատրաստվեցին դուրս գալ:
— Սպասե՛ք, երեխաներ,- երիտասարդը ձեռքը տարավ դեպի գրպանը,- գնեք ձեր հավանած նվերը, պակասը ես կտամ:
— Չէ, չէ, շնորհակալություն,- փոքրիկներն ավելի արագ շարժվեցին դեպի դուռը:
— Ոչ, ի՞նչ եք ասում, ես ինքս,- ասաց վաճառողուհի աղջիկը:
Երեխաներն արդեն բացել էին խանութի դուռը և շտապում էին դուրս գալ:
— Սպասեք, հետ դարձեք, մի՛ գնացեք,- բացված դռնից փոքրիկների հետևից կանչեց երիտասարդը:
— Երեխաներ, եկե՛ք, էժանացրել եմ… Խնդրում եմ ասեք, որ էժանացրել եմ, թող գան…
— Էժանացրել է, եկե՛ք,- փոքրիկների հետևից ձայնեց երիտասարդը:
Փոքրիկները կանգ առան, փսփսալով մի պահ քննարկեցին իրադրությունը և վերադարձան խանութ:
Մինչ երեխաներն ու վաճառողուհին ծաղկամանի վերջնական ճակատագիրն էին վճռում, երիտասարդը սկսեց զննել ապրանքները: Երկու հաճախորդ էլ մտան, ինչ-որ բան հարցրին և շողարձակ աչքերով փոքրիկների հետևից դուրս եկան խանութից:
— Աշխարհում ամենադժվար բանը երևի աղջկա համար նվեր գնելն է,- շուրջբոլոր շարված ապրանքներին նայելով, երիտասարդը ժպտաց:- Եթե կարելի է, ցույց տվեք ահա այն ոսկեգույն շրջանակով բնանկարը:
Վաճառողուհին բնանկարը մեկնեց նրան:
— Գեղեցիկ է, բայց… Իսկ մեր բնության, մեր լեռների նման բնապատկերներ չկա՞ն։
— Այդպիսի մեկը կար, բայց արդեն վաճառվել է… Ձեր կնոջ համա՞ր եք ուզում նվեր գնել…
— Չէ,- երիտասարդը փոքր-ինչ շփոթվեց,- չէ, պարզապես աղջկա համար…
Նա կրկին սկսեց զննել ապրանքները:
— Ինձ թվում է, թե այն զարդատուփն ավելի լավն է,- վերջապես նա կարծես գտավ այն, ինչ ուզում էր որպես նվեր գնել:
Աղջիկը տուփը խնամքով փաթաթեց ու մեկնեց երիտասարդին: Վերջինս փողը հաշվեց և տվեց նրան:
— Մի՛ գնացեք, սպասեք մանրը վերադարձնեմ,- ասաց աղջիկը:
— Այն փոքրիկների մի քանի դրամն էլ եմ թողել,- դռների մոտ, շրջվելով, ասաց նա:
— Ո՛չ, ո՛չ, սպասեք,- աղջիկը շտապ բացեց դրամարկղը,- ո՛չ, խնդրում եմ վերցնեք…
— Չէ,- երիտասարդը ժպտաց,- բան չկա: Դուք պարտավոր չեք գնորդների փոխարեն վճարել…
— Կանգնե՛ք, խնդրում եմ,- աղջիկը, փողը ձեռքին, շտապեց դուրս գալ վաճառասեղանի հետևից:
— Ո՛չ, շնորհակալություն,- երիտասարդը, ժպտալով, փակեց խանութի դուռը:
Աղջիկը մոտեցավ դռներին, բայց նա արդեն շատ էր հեռացել: «Լավ չստացվեց,- մտածեց աղջիկը,- ես չպիտի թողնեի, որ ինքը վճարեր»:
* * *
Մի շաբաթ հետո, երբ մինչև Նոր տարի մնացել էր հինգ օր, գնորդներին սպասարկելիս, վաճառողուհի աղջիկը խանութում նկատեց այն նույն երիտասարդին: Աղջկա հայացքը որսալով, վերջինս գլխով բարևեց:
Խանութն աստիճանաբար դատարկվեց: Մնաց երիտասարդը:
— Պիտի օգնեք ինձ դարձյալ նվեր գնել աղջկա համար,- ժպտալով, ասաց նա:
Աղջիկն ուզում էր ակնարկել այն 150 դրամը և ետ վերադարձնել, բայց վերջին պահին որոշեց այդ հարցը լուծել գնումը կատարելուց հետո:
— Ուզում եմ մի լավ նվեր գնել,- ասաց երիտասարդը,- մի բան ընտրեք, ձեր ճաշակով…
— Ե՞ս,- շրջվելով, աղջիկը կարծես առաջին անգամ նայեց իրեն շրջապատած ապրանքներին:- Բայց սրանք բազմազան են… Դուք թանկն եք ուզո՞ւմ, թե՞…
— Իմ կարծիքով, նվերը լինում է լավ կամ անճաշակ: Օրինակ, ձեր նշանածը… Ձեր ամուսինը ձեզ ի՞նչ է նվիրում…
— Ես ամուսնացած չեմ,- աղջկա դեմքը շառագունեց:
— Ներեցեք,- ասաց երիտասարդը,- ինձ միշտ թվում է, թե մարդկանց դեմքից ես կարողանում եմ ճիշտ որոշել նրանց ամուսնացած կամ չամուսնացած լինելը, կամ, ասենք, տարիքը: Կուզե՞ք, գուշակեմ ձեր տարիքը:
— Հա,- աղջիկը ժպտաց:
— Երևի… Երևի 21 տարեկան եք:
— Դարձյալ սխալվեցիք,- աղջիկը ծիծաղեց,- 26 տարեկան եմ…
— Ահա թե ինչ: Իսկ ես վերջին պահին սպասում էի, թե կասեք, որ 19 տարեկան եք, և ես կհայտնվեի կրկնակի հիմար դրության մեջ: Այսպես թե այնպես, ես դարձյալ սխալվեցի: Եթե հաշվենք, որ անցյալ անգամ էլ դուք էիք սխալվել իմ կնոջ հարցում… Ես ամուսնացած չեմ… Հաշիվը կդառնա 2:1՝ հօգուտ ձեզ…
Աղջիկը կրկին շիկնեց: Խանութում այլ գնորդ չկար, և նա մտածեց, թե առաջին անգամ ինքը չի ուզում, որ այլ հաճախորդներ գան:
— Լավ, ի՞նչ կցանկանայիք, որ ձեզ նվիրեին, ասենք, ձեր ծննդյան օրը:
Աղջիկը կրկին նայեց երեք կողմից իրեն շրջապատած խայտաբղետ ու շքեղ անշունչ առարկաներին:
— Ահա այս սկահակը… Իմ կարծիքով սա ավելի լավն է, քան կրկնակի թանկ այն երկուսը: Կարծում եմ՝ նրան անպայման դուր կգա:
— Իսկ որքա՞ն արժե:
— 2500… չէ, 2350 դրամ,- աղջկա շփոթությունից երիտասարդը հասկացավ, թե ինչն ինչոց է:
— Ձեր խորամանկությունը չանցավ: 2500 դրամ և՝ վե՛րջ: Հակառակ դեպքում, ես ուրիշ խանութ եմ գնալու… Իսկ ցելոֆանե տոպրակ ունե՞ք:
— Հա, երեք տեսակի կա: Սրանցից ո՞րն եք ուզում:
— Չգիտեմ, դուք ընտրեք, ձեր ճաշակով…
— Այս մեկն, իմ կարծիքով, ավելի գեղեցիկ է,- ճակատի անհնազանդ մազափունջը ձեռքով դեպ վեր տանելով, աղջիկը ժպտաց:
Երիտասարդը փողը հաշվեց և տվեց աղջկան:
— Բայց, գիտե՞ք ինչ,- հանկարծ ինչ-որ բան հիշելով, ասաց նա,- ավելի լավ է դա մնա ձեզ մոտ, ժամը հինգից հետո, աշխատանքից վերադառնալիս՝ կվերցնեմ:
Հետո նա ծոցատետրից մի թուղթ պոկեց, ինչ-որ բան գրեց, դրեց ցելոֆանե տոպրակի մեջ, ասելով՝ հասցեատիրոջ անունն եմ գրել, որպեսզի ձեր բացակայության ժամանակ թյուրիմացություն չպատահի:
— Ոչինչ, թող մնա ինձ մոտ, այստեղ միայն ես եմ վաճառողուհի աշխատում,- պատասխանեց աղջիկը:
Այդ օրը երիտասարդը չեկավ: Երևի մոռացել է կամ աշխատավայրում շատ գործեր ունի,- տուն վերադառնալիս, մտածեց աղջիկը: Երիտասարդը չեկավ նաև երկրորդ օրը, երրորդ օրը և մյուս օրը:
Այսօր դեկտեմբերի 31-ն է, թերևս սա Ամանորի նվեր է, և նա անպայման կգա,- մտածեց աղջիկը:- Իսկ եթե այսօր էլ հանկարծ չգա՞… Աստված իմ, ախր նա ինչ-որ թղթի վրա կարծեմ հասցե է թողել…
Վաճառասեղանի տակից, ներքևի մեծ դարակից աղջիկը հանեց ցելոֆանե տոպրակը: Մի պահ մտածեց, որ թերևս ինքն իրավունք չունի բացելու այն: Հետո ձեռքը կամաց մտցրեց տոպրակի մեջ և հանեց ծոցատետրից պոկած քառակուսի մի թուղթ: Ամեն ինչ այնքան անսպասելի էր, որ օդը հանկարծ սկսեց չհերիքել աղջկան… «Նվիրում եմ Ձեզ: Շնորհավոր Նոր տարի»,- գրված էր այնտեղ:
* * *
Աղջկա կյանքում դա ամենաերջանիկ Ամանորն էր: Կյանքում առաջին անգամ ամբողջ օրը նա մտածում էր մեկի մասին, որը հեքիաթների ու երազների աշխարհից չէ: Միաժամանակ, նրան թվում էր, թե, այնուամենայնիվ, նա իր երազների այն աշխարհից է, որի մասին մտածել է շատ վաղուց, որի մասին մտածել է տարիներ շարունակ, և շարունակ իր մեջ է եղել նույնիսկ այն պահերին, երբ ինքը Նրա մասին չէր մտածում:
Աղջիկը մտածեց, որ Նրա դեմքը ինչ-որ շատ ծանոթ է իրեն: Թերևս երբեմն տեսել է նրան, բայց դեռևս չէր հասկացել, որ Նա է: Հետո մտածեց, որ կարող է երբեք Նրան չի տեսել, պարզապես ինքն է իր երազներում նրան պատկերացրել այնպիսին, ինչպիսին կա:
Մի քանի օր հետո աղջիկը կրկին վաճառասեղանի հետևում էր: Այսօր թերևս չի գա, բայց վաղը կամ մյուս օրը անպայման կգա,- եզրակացրեց նա, սակայն նրան սպասում էր թե՛ այդ օրը, թե՛ հաջորդ և թե՛ մյուս օրերին:
Երիտասարդը չեկավ նաև մի շաբաթ հետո և մի ամիս հետո: Անցավ երեք ամիս, վեց ամիս անցավ, և այդ բոլոր օրերի բոլոր ժամերին աղջիկը սպասում էր նրան:
* * *
Անցավ մի տարի: Հետո երկու ամիս էլ անցավ: Այդ օրը աղջկա ծննդյան օրն էր:
Երիտասարդի մասին նա փորձում էր այլևս չմտածել, բայց, այնուամենայնիվ, հաճախ էր հիշում նրան: Երբեմն թվում էր, թե Նա պարզապես խաբել է իրեն, հենց այնպես, կատակ է արել: Այդ դաժան կատակի համար նա փորձում էր ատել Նրան: Բայց մեկին ատելու կամ սիրելու համար պետք է ճանաչել: Աղջիկը մտածում էր, թե գուցե լավ չի ճանաչել նրան, որ հանդիպած այդ մի քանի րոպեների մեջ ինքը միայն երևացող լավ կողմն է նկատել, որ թերևս ինքը նրան իսկապես երբեք չի տեսել, որ իրեն թվացել է միայն, թե ծանոթ է Նրա դեմքը, որ ինքն ուղղակի սխալմամբ համադրել է իր մեջ, իր երազներում մարմնավորած Նրան և կյանքում առաջին անգամ հանդիպած Նրան: Երբեմն ուզում էր պատուհանից դուրս շպրտել նրա նվիրած սկահակը, և նման պահերին աղջկա առջև շարունակ ծառանում էր միևնույն հարցը. ինչո՞ւ է նա այդպես արել…
Իր ծննդյան այդ օրը աղջիկը ոչ շատ ուրախ էր, ոչ շատ տխուր: Նա թերևս այնպիսին էր, ինչպիսին կար մինչև Այն օրը: Բայց նաև նա այնպիսին չէր, ինչպիսին կար մինչև Այն օրը: Նրա մեջ ինչ-որ բան էր կատարվել…
Երբ բոլոր հյուրերը՝ բարեկամներն ու ընկերուհիները, գնացին, մոր և կրտսեր քրոջ հետ նա նվերներն էր նայում, որ շարունակ իրեն հիշեցնում էին մի այլ նվեր՝ Նրա նվիրածը: Նվերներից մեկը փաթաթած էր թեթևակի դեղնած, մի տարի առաջ լույս տեսած քաղաքային շաբաթաթերթի մեջ: Քույրը բացեց թերթը, որի մեջ շքեղակազմ մի գիրք էր՝ խմբագրությունում աշխատող իրենց մի բարեկամի նվերը:
Աղջկա մարմնով ասես էլեկտրական հոսանք անցավ. թերթի ծալված էջերից մեկում Նրա նկարն էր… Մինչ մայրն ու քույրը շարունակում էին քննարկել նվերները, աղջիկը, գունատված, վերցրեց թերթն ու անաղմուկ անցավ ննջասենյակ: «Հունվարի 3-ին կյանքի 34-րդ տարում ողբերգաբար ընդհատվեց շնորհալի դաշնակահար…»:
Թերթը սահեց աղջկա ձեռքից: Մի ակնթարթում աշխարհում ամեն ինչ դարձավ անիմաստ ու անհեթեթ, իր շուրջ ամեն բան սկզբում սկսեց լողալ գորշասև ինչ-որ մշուշում, հետո ողջ աշխարհը ծածկվեց խավարում: Աղջիկն ընկավ մահճակալին և գլուխը պինդ թաղեց բարձի մեջ…
…Դրսում փափուկ ձյուն է մաղում: Փողոցով մի տղամարդ էր անցնում 4-5 ամյա իր աղջնակի հետ:
— Հայրիկ, այսօր լավ օր է, չէ՞,- հարցրեց փոքրիկը:
— Հա, լավ օր է,- մտքերի մեջ խորասուզված, հենց այնպես հաստատեց հայրը, հետո, սթափվելով, հարցրեց,- բայց դու այդ ինչո՞ւ ես ասում, որ լավ օր է…
— Մայրիկն ասել է, որ երբ մի բան են գտնում, ուրեմն այդ օրը լավ օր է: Իսկ այսօր մենք 100 դրամ ենք գտել…
— Ահա թե ինչ,- հայրը ծիծաղեց:- Բայց, միաժամանակ, այսօր ինչ-որ մեկի համար երևի լավ օր չէ, որովհետև նա 100 դրամ է կորցրել: Աշխարհում միշտ ինչ-որ մեկը մի բան է գտնում, իսկ ինչ-որ մեկը մի բան է կորցնում…
— Տատիկն ինչո՞ւ է ասում, թե Արտակի սերունդը մանկություն է կորցրել… Հայրիկ, լսո՞ւմ ես, մեկը լաց է լինում… Ահա այն պատուհանից լացի ձայն է գալիս…
— Ոչ մի լացի ձայն էլ չկա։
— Լա՛վ լսիր, մեկը լալիս է…
— Հա, արդեն լսեցի…
— Բայց նա ինչո՞ւ է լալիս… Հայրիկ, մենք նրա փողն ենք գտել, եկ տանենք տանք իրեն…
Տղամարդը մի պահ կանգ առավ, նայեց երկրորդ հարկի ուղղությամբ ու կամաց ասաց.
— Գնանք, աղջիկս… Այդ փողը նա չի կորցրել… Նա ուրիշ բան է կորցրել:
— Ի՞նչ է կորցրել:
— Չգիտեմ,- հետո ինքն իրեն շարունակեց,- բայց, կարծում եմ, նա շատ ավելի մեծ բան է կորցրել…

3 comments

    • Yeranuhi Ghandilyan on 27 Հոկտեմբերի, 2008 at 4:40 ե.
    • Reply

    Takhcot e,bayc geghecik…

    • ELLa on 13 Հոկտեմբերի, 2009 at 11:28 ա.
    • Reply

    Shat gexecik patmvacq er, shat shnorhakal em vor hnaravorutyun tvecic kardal, kyanq@ uni ir lav ev vat koxmer@, ev voch mek chi karox imanal te inch anaknkal e patrastel na mez hamar. amen patmvacq el ir meg uni ir real koxmer@, indz shat dur ekav, uxaki shat txur vergaban uner ev es nuynisk artasveci……….

    • Anonymous on 9 Օգոստոսի, 2011 at 7:21 ե.
    • Reply

    Shat hetaqrqir er. kcankanayi poqrik film nkarel ays syujeov, verj@ shat anspaseli er chnayac vor txurer…

Թողնել պատասխան

Your email address will not be published.