Մարմնովս հանկարծ ցավեցնող սարսուռ անցավ… Մտածում էի` միգուցե ճի՞շտ էիր, երբ ասում էիր, թե շատ եմ մտածում, բայց տեքստը ամբողջացնելու, առավել ևս սկսելու համար ուղղակի անհրաժեշտ է մտածել: Սենյակի լույսերը մարեցին և գրչի հարվածներից թուղթը հանգիստ շունչ քաշեց: Այդպես էլ մտածում էի, որ չեմ կարողանա սկսել շարադրել մտքերս: Վերջերս թաղամասի լույսերը սկսել են կեսգիշերին շուտ-շուտ անջատել: Պատճառները հետաքրքիր են, քանզի ուզում եմ վայելել այն: Առավոտյան աչքերս բացելիս մտքով հաշվարկում եմ, թե երբ է գալու պարոն կեսգիշերը, որպեսզի ես, մեկ գավաթ սառը սուրճը ձեռքիս, սկսեմ նկարել մտքերից հյուսված, թախծով ողողված, խենթ անուրջներից իմ մտքերը: Միակ երևույթը, կամ էլ ակնթարթները, որոնք ստիպում են դեռ բացել աչքերս և մտքով տեղափոխվել դեպի կեսգիշեր: Երազ տեսա: Հետաքրքիրն այն էր, որ երազում քո գրկում էի, կրկին վայելում էի քո շունչը այտիս, հպումները մատներիդ մարմնիս վրա և հարյուրավորներին ասվող քո միևնույն խոսքերն ականջիս: Երազն անավարտ էր, չուներ սկիզբ, չուներ վերջ, բաÛց միայն անուրջների աշխարհում, մի վայր, որտեղ մտնում են անսահման երազողները և դուրս են գալիս, երբ բախվում են գետնին կպած հասարակության ծանր օրենքներին: Օրենքները հրաշալի են հաջողակների համար: Կ³պրեմ կտեսնեմ, հաջողակ գտնվեցի այս կյանքում, թե…
Աչքերս բացեցի և նորից վրաս քսմսվելով պառկեց Գրիգի երաժշտության և աֆրիկյան մոտիվների միախառնությամբ ստեղծված ֆիլմի տպավորիչ պիեսը: Ցավեց սիրտս, կծկվեց… Դաժան է և գիտե՞ս ինչու, քանզի գիտեմ, ախտորոշել եմ ինքս ինձ, անգամ գիտեմ քո` հիվանդությանս դեմ դեղատոմս… Իսկ ինչու՞ եմ անիմաստ քրքրում ինձ և առանց այն էլ ցաված կյանքս: Հիշում եմ, երբ նստած էինք միասին և ես ցրտից սրթսրթացող շրթունքներով ասացի, որ գիտեմ, թե ինչու եմ այսքան սիրում տանջանքը, ասացի, որ ենթագիտակցորեն կանչում եմ այդ զգացողությունը և խցկում կյանքիս մեջ: Անգամ գիտեմ, թե ինչու եմ դեռ կառչում մեր փուչ և չկայացած հարաբերություններից… գիտե՛մ: Իմ մեջ պակասում է սերը դեպ ինձ… Չծիծաղե՛ս: Ես պարզապես մոռացել եմ այն հայացքս, որն ուղղված էր դեպ երկինք և չէր վախենում, այլ ցնծում էր, երգեր էր հորինում և սուլում դրանք տուն տանող ճանապարհին: Ես ուզում եմ գտնել այդ էակին, բազմաթիվ կերպարներից, որոնք ապրում են իմ մեջ, ես ուզում եմ վերգտնել հենց նրան: Ես սիրում եմ իմ մեջ ապրող բոլոր խենթերին, խելացիներին, կոկետուհիներին, երեխաներին, հաջողակ-անհաջողակներին, տառապողներին, բայց… Բայց ուզում եմ վերհիշել հենց երազկոտ և որ ամենակարևորն է իր երազին արցունքոտ աչքերով նայող կերպարին: Ասվում էր, որ ինչ արել եմ անցյալում, արդեն վաղուց մրոտված էջեր են, դրանց ոչ մի ռետին չի ջնջի: Դրանք թերթեր են արդեն գրված գրքի, որոնց պատռելով կկորցնի իր իմաստը տառապանքով գրված գիրքը, բայց ես ուզում եմ ճղել օդը և ժամանակը` գտնելով դեպ ինձ տանող կամուրջը:
Փոքր աշխարհ — մեծ մարդիկ, մեծ մարդիկ — փոքր աշխարհ… Մարդիկ, աստվածներ… Քամին ճոճում էր նրա մարմինն այնքա՜ն թեթև, որ թվում էր այ-այ կթռչի… Չթռավ: Նրա արմունկները խրված էին հողի մեջ և այն գծագրում էր կոշտ պատկերներ նրա մաշկի վրա: Ամպերը` հետզհետե մգացող, բայց երբեք միևնույն վայրը երկրորդ անգամ չայցելող, անհետաքրքիր էին, քանզի չէին հիշելու նրանք ինձ, չէին հիշելու իմ հայացքն ուղղված դեպ նրանք, պարզապես անցնելու էին: Իսկ ե՞ս, գոռում է հոգիս, այդ ու՞ր գնացիք: Փակում եմ աչքերս և փորձում հնարքներ գործադրել տարբեր-տարբեր: Մերթ անունդ եմ տալիս, մերթ զայրանում ինքս ինձ վրա, հետո կրկին ու կրկին անունդ տալիս: Ների՛ր ինձ, որ ինքս ինձ այսքան չեմ սիրում, ների՛ր ինձ: Ինչու՞ դու չեղար իմ սկիզբ և վերջ չունեցող ձգողականության ուժը: Ո՞վ էիր դու: Կիսատ հարցեր, կիսատ դրամա, որն այնքան լավ էիր դու խաղում, կիսատ արարվածներ, կիսատ նախադասություններ և ավաղ կիսատ դերասաններ… Կիսատ խոստումներ, կիսատ քայլեր և կիսատ հրաժեշտներ, որոնք լոկ նրա համար էին, որպեսզի դրանցից հետո ես նետվեի դեպ քեզ, ինչպես ցայգաթիթեռն է նետվում դեպի լույսը նորից այրվելու համար: Հրաժեշտներ… Սա ամբողջացնում է իմ մեջ դատարկությունը, լրացնում ոչնչությունը, թևեր տալիս սև խոռոչներին, արմատներ է ձգում ատելությանն իմ սրտում: Հրաժեշտներ, որոնցից հետո ես նետվում եմ դեպ քեզ, ինչպես Սոմալիի բնակիչը մի կտոր ցամաք հացի վրա, ոչ թե համտեսելու, վայելելու, այլ բզկտելու և ամեն պատառը կուլ տալով ավելի ու ավելի զգալու սեփական ոչնչության գաղափարը, կամ էլ չզգալու այլևս… Օ՜, ինչքա՜ն եմ ես նախանձում բթին, որ բութ է և տկարին, որ տկար է, կամ էլ խենթին, որ խենթ է, քանզի մտածողը չունի զուտ մեկ բևեռ, նա ապրում է և՛ տկարություն, և՛ խենթություն, ամեն ինչ, բայց վերջում դատապարտում ինքն իրեն մտքերի դառը լեղիի մեջ լողալու համար: Ես եմ լույսը, այն ինչ քեզանից էի պահանջում լույս, քամել լույս լույսից և ստանալ ոչինչ, այնինչ լույսն իմ մեջ է: Ների՛ր ինձ, որ այսքան ինձ չեմ սիրում:
1 մեկնաբանություն
Սիրելի Լիդա,շատ գեղեցիկ է գրված: