Թարգմանեց Դւին Գալստեանը
Անձրևում է: Տիկին Զրօն կանգնած պատուհանի առջև՝ հայեացքն ուղղում է ժամացոյցին. դեռ ժամանակ կայ: Միայնակ է ապրում: Թէյը խմում է առանց շաքարի: Գիշերները ուշ է քնում: Սենեակում քայլում է այնքան, մինչև մաղւող անձրևը կտրւում է: Տնից դուրս է գալիս: Իջնում է փողոց: Անցնում է մոխրագոյն տների մօտով: Օդափոխիչները երբեմն նրան զգացնել են տալիս խոհանոցային հոտեր, կինը երեսը թեքում է դէպի քամին. երեկոյեան զովից հաճոյք է զգում: Փողոցի ծայրում թեքւում է աջ: Շէնքերի ճակատները լուսաւորւած են աղօտ կապոյտով: Բազրիքների ետևում խոտի ցօղունները ալիքւում են՝ ներդաշնակ զեփիւռի շոյանքի հետ: Կինը քայլերը դանդաղեցնում է: Կանգ է առնում մի սպիտակ դռան առաջ: Ծեփագործ կամարները աղօթատուն են յիշեցնում, սակայն շէնքի ճակատին գրւած է՝ «Ժամանակի հիւանդանոց»:
Ներս մտնելով՝ անցնում է բակի միջով: Մուտք է գործում շէնքից ներս: Սեղմում է ձախ կողմի առաջին դռան բռնակը: Մտնում է սենեակ: Նստում է աթոռի վրայ: Անուշադիր նայում է շուրջը: Սպասելիս՝ նախկին ամուսնու մասին է մտածում ու՝ հակաբեղմնաւորման դեղահատերի: Դիմացի դուռը բացւում է: Դռան մօտ յայտնւում է մի սպիտակազգեստ մարդ և ասում է. «յաջորդը»:
Մի փոքրիկ աղջնակ տեղից ցատկելով ներս է վազում: Նրա տիկնիկը մնում է աթոռի վրայ: Աղջկայ կիսադէմը ծանօթ է: Տիկինը կողքին նստած կնոջից հարցնում է. «Այս երեխան ոչ ոքի չունի՞»:
Կինը չի պատասխանում: Մատով ցոյց է տալիս վեր: Կրծքին թղթի մի կտորի վրայ գրւած է՝ «Տիկին Զրօն 30 տարեկան հասակում»: Տիկինը ապշած նայում է նրա դէմքին՝ իր և կնոջ դիմագծերը նոյնն են:
Հայեացքը ման է ածում սենեակում: Բոլորի կրծքերին ինչ-որ պիտակ կայ՝ «Տիկին Զրօն 20 տարեկան հասակում», «Տիկին Զրօն 40 տարեկան հասակում»… Գնում է զուգարան ու հայելու մէջ նայում է իրեն՝ ինքը դէմքով նման է նրանց բոլորին: Վերադառնում է ու նստում իր տեղը: Տարեց մի կին կնճռապատ դէմքով ու կիտած յօնքերով ճաղերով գործում է: Երիտասարդ մի կին գլանիկ է ծխում՝ անհանգիստ է և անընդհատ ոտքը գցում է միւս ոտքին:
Սպիտակազգեստ մարդը յայտնւում է դռան շեմին. ձայնը բարձրացնում է՝ «յաջորդը»: Դեռատի մի աղջիկ տեղից թռչում ու ճարպկօրէն դէպի դուռն է վազում: Իւրաքանչիւր քայլի հետ նրա մազերի խիտ հիւսւածքը ճօճւում է: Ցանցապատ օդանցքի ետևում մոծակների վզվզոց է: Դիմացի դռան արանքից ալկոհոլի հոտ է փչում: Տիկին Զրօն յօրանջում է, մտածում է, թէ ինչու՞ իր ազատ ժամերը անց են կենում հիւանդանոցում:
Սպիտակազգեստ մարդը դարձեալ յայտնւում է դռան շեմին ու նորից կրկնում է. «յաջորդը», մի բառ՝, որ ասես սև պարանի պէս կախւած է կոկորդից:
Երիտասարդ կինը տեղից վեր է կենում: Քայլելիս՝ փէշը փոթ է ընկնում. սրունքները համաչափ շարժւում են առաջ: Իրանը սլացիկ է, մարմինը՝ վայելչակազմ: Դուռը փակւում է նրա ետևից: Նրա յուշատետրը մնացել է աթոռի վրայ և էջերը թերթւում են մեղմ քամուց: Միջահասակ մի կին գլուխը քորում է եղունգներով. պառաւ կինը զայրացած՝ նայում է նրան: Պառաւի դէմքը տիկին Զրօն տանել չի կարողանում: Սպիտակազգեստ մարդը անընդհատ գալիս ու գնում է՝ կրկնելով նոյն բառը: Հետզհետէ սենեակը դատարկւում է: Միայն պառաւն է մնում իր կիսատ մնացած ճաղերով բրդէ գործի հետ՝ հայեացքը յառած առաստաղին: Նա ուռած ոտքերը հանում է կօշիկների միջից. շրթերը դժգոյն են ու չորացած, աչքերը՝ նօսրացած արտևանունքներից. ցանցառ մազերի արանքից երևում է գանգը: Սպիտակազգեստ մարդը բղաւում է. «յաջորդը»:
Պառաւ կինը դժւարութեամբ բարձրանում է տեղից: Հագած հաստ գուլպաների մէջ՝ ոտքերի կոճերն ու ծնկները դիպչում են իրար: Ձեռքը դնում է մէջքին՝ փոքրիկ մանկան նման լնգալով քայլում: Ճաղերով բրդէ գործն ու թելի կծիկը գլորւում են գետնի վրայ:
Լոյսերը վառւում են: Քիչ անց, դուռը լայն բացւում է, սպիտակազգեստ մարդն ու իր գործակիցը շարժուն մի մահճակալ են հրում դէպի միջանցք: Սաւանի տակ՝ նիհար դիակը ամէն ցնցումի հետ թեքւում է աջ ու ձախ: Մարմինը, դէմքն ու մազերը փաթաթւած են քաթանի մէջ: Միայն աջ ձեռքը կախւած է մահճակալից ու ծռմռւած թաթի մէջ դեռ երևում են բրդէ թելի գոյնզգոյն կտորներ:
Դիակը դուրս են տանում: Մի ծերունի գալիս է ու սենեակի յատակը փայլեցնում: Վերցնում է ծխուկը, ճաղերը, բրդէ գործն ու կծիկը, տիկնիկն ու տետրը. լոյսը անջատւում է: Տիկին Զրօն դուրս է գալիս այն դռնից, որից ներս էր մտել: Վերադարձի ճամբին շէնքերի ճակատները լուսաւորւած են:
1 հղում
[…] Աղբյուրը՝ Գրական կամուրջ […]