Մարո Խաչատրյան | «ԵԶԵՐՔ»-Ի ԱՆԵԶՐ ԵԶԵՐՔՆԵՐԸ…

Բանաստեղծուհի Սեդա Գրիգորյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան): Նախնական և երկրորդական ուսումը ստացել է Լույսի և Կենաց վարժարանում: 1989-ին Բեյրութում ավարտել է Համազգայինի Հայագիտական հիմնարկի գրական բաժնի քառամյա դասընթացը, իսկ 1993-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության բաժանմունքը:
1983-ից ընդհատումներով զբաղվում է ուսուցչությամբ Բեյրութի, ապա Մոնրեալի հայկական զանազան վարժարաններում` դասավանդելով հայոց լեզու և գրականություն: 1989-ից ընդգրկված է սփյուռքահայ մամուլի (Բեյրութի «Ազդակ» օրաթերթ (1989-2000), Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթ (2001-2002), Մոնրեալի «Հորիզոն» շաբաթաթերթ (2004-2008)) խմբագրական աշխատանքներում` իբրև աշխատակից և խմբագրական կազմի անդամ` միաժամանակ հանդես գալով գրական, հրապարակագրական և ստեղծագործական գրություններով: Նրա արձակ և չափածո գործերը լույս են տեսել ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի գրական պարբերականներում:
Սեդա Գրիգորյանը ներկայումս ապրում է Բեյրութում և վարում է «Բագին» գրական հանդեսի փոխխմբագրի պաշտոնը` միաժամանակ հայոց լեզու ավանդելով Ազգային «Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան վարժարան»-ում` օտարալեզու չափահասների համար նախատեսված ծրագրի շրջանակում: Նա ցարդ հրատարակել է իր բանաստեղծական երախայրիքը` «Եզերք» խորագրով (Երևան, 2006): Հրատարակության է պատրաստում պատմվածքների և արձակ գործերի առաջին հավաքածուն:

Ուրիշ «ես»երու
Շրջածիրին մէջ
Արեւը իմ մէջ…

«Թերեւս միայն մէկ թեմա՝ էրոթիզմը, եւ կարելի է բանալ մնացեալ ծալքերն ալ… Գիրքս կամ անտեսուեցաւ եւ կամ ալ դատափետուեցաւ հիմնական ա’յս թեմային կապուած…Իսկ էրոթիզմը իմ էջերուս հիմնական կարմիր թելն է. կը կարծեմ, որ ՀԱՄ կու տայ խօսքին, նաեւ գեղարուեստական բարձրորակ զգացողութիւն՝ հանդէպ մարդուն, կեանքին եւ իրերուն…Հեռու փողոցային գռեհկութենէ… Ընթերցողը կրնայ էրոթիզմը պատուհան ընել եւ հոնկէ մտնել իմ աշխարհս… անկաշկանդ, խելամիտ, բանաստեղծօրէ’ն… »,-այսպես է գրում Սեդա Գրիգորյանը:
Բանաստեղծուհին և իր Հոգին` Եզերք-տարածություն
Շատ «կերպարներ», ասել է, թե` շատ Եզերքներ ունի ԵԶԵՐՔ-ը. գրքի էջերում «ապրում են» Բանաստեղծուհին, Աշխարհն ու Հայրենիքը` մի բուռ Եզերք Աշխարհի մէջ, Մարդը` անկատար էակ, դիմակի գերի տակավին, Մենություն-Կին-Սեր անբաժան եռանկյունին, իսկ եռանկյունուց դուրս` Կինը` ուժեղ ու թույլ, սպասող ու որոնող, իրականության գրկում սեղմված-խեղճացած, սակայն Աշխարհի ու Կյանքի Սեր-արբեցումով օրեօր զորացող («Կեա’նքը կը սիրեմ թէկուզ եւ բերէ մահուան տրտմութի~ւն…»)…Եվ այս ամենի վրա իշխում է խորունկ Հոգին` ամենատես ու ամենազոր, չհալվող ու չսառչող անհուն Եզերք` մշտապես իր նախնական անեղծությամբ…Բանաստեղծուհին խորհուրդ է տալիս «էրոթիզմի» պատուհանից մտնել իր ԵԶԵՐՔ-ը, սակայն… հարկավոր է ՀՈԳՈՒ և ՍԻՐՈ դռնե’րն էլ բախել: ՍԵՐ բառը Սեդա Գրիգորյանը գրքի գրեթե բոլոր էջերում գրում է մեծատառերով, իսկ նրա Հոգու աշխարհում արևներ կան հազարավոր, կրակներ կան առանց բոցերի, վերքեր կան առանց երգերի, տաք արցունքներ, երազներ, այնտեղ մանկություն կա չավարտված, չամոքված Մենություն ու Սեր…Իսկ ի՞նչ է «էրոթիզմը», եթե ոչ մարդկային Մարմնի, Հոգու և Սիրո ազնիվ շաղախ, որը Բանաստեղծին Գեղեցիկի մաքուր ճանապարհով առաջնորդում է մեծ Արուեստի աշխարհը, ուր չկան աղտ ու գռեհկություն, ուր կրքերը որքան թովիչ են ու բանաստեղծական, նույնքան էլ մարդկային են, պարզ ու հասկանալի…
Դժվար է, շա՜տ դժվար է սեփական հոգու ծալքերը բացել ուրիշների առաջ, Հոգին ափերի մեջ առած` մատուցել ուրիշներին: Այս դժվարությունը հաղթահարելու համար հարկավոր է լինել… Բանաստեղծ, մերկ հոգով Բանաստեղծ (վարուժանյան դիպուկ բնորոշումն է` «մերկ ըլլաս …. բանաստեղծի մ’հոգւոյն պէս…»: Գրքում մենք կկարդանք Բանաստեղծի «բաղադրությունը»`
Հակասութիւններ
Բեւեռներ անհաշտ
Զիս են արարեր

Իսկ հետո Բանաստեղծուհին պիտի խոստովանի, որ իր զորությունը իր խորությունն է, տկարությունը բարձրությունն է իր, ինքնությունը գալիս է Աստվածային վերից, մարդկայնությունը հողից է գալիս…Եվ դարձյալ Նորին Մեծություն ՍԵՐ-ը` «Իմ Կշիռքս Քու Սէրդ է»: Եթէ Սերը չլիներ, ի՜նչ կշիռք պիտի ունենար Բանաստեղծը…
Գույն ունեն Սեդա Գրիգորյանի բանաստեղծությունները. խաղա՜ղ, ակնահաճո, հոգեպարար գոյներ են. «մանիշակագոյն» ծաղիկները, կապույտ անուրջները, երազկոտ կանաչ հոգին, անպարագրելի վարդագույն կարոտն իրենց գունային հրաշքը կաթիլ-կաթիլ լցնում են տողերի մեջ, գույնի շղարշով պարուրում տառը, բառը…Բանաստեղծուհին այս ամենի շնորհիվ անգա’մ կարողանում է Գարուն հագցնել Աշնանը.
Աշունը սենեակս բերի
Ու ոսկրացած ճիւղերն անոր
Արիւնիս ջերմին թաթխեցի
Տերեւներուն
Չոր ու ոսին
Գո՜յն փչեցի
Լո՜յս ցօղեցի
Եւ աշունը սենեակիս
Առաստաղէն կախեցի…
Աշունը ԳԱՐՈՒՆ հագաւ…


Մենություն-Կին-Սեր Եզերքը
Փակէ վարագոյրդ Տէ՜ր
Մինակութիւնս չեմ ուզեր կիսել…

Որքան էլ փակվեն վարագույրները, վերմակի տակից գլուխն է ցցում Մենությունը… Եվ երբ Կինը նայում է Մութի խոր աչքերին, Լռությունը դառնում է ավելի անողոք.
Կարօտդ այս գիշեր
Կը բանտէ հոգիս
Շղթաներով յուշերուդ
Ու մենութիւնը
-Մորմոքով մ’այլուր-
Կը բերէ բոյրը
Քու մասնիկներուդ…

Բայց…Հրա՜շք…Կիսվում է հանկարծ Մենությունը, և ծնվում են բանաստեղծական փոքրիկ սքանչելիքները: Շա՜տ քիչ բան է պետք Կնոջը Մենության թախիծը հոգուց վտարելու համար. կա’ Սիրո Ոգին, կա’ և Ձայնը («Ձայնդ…Միակ բնակիչը կրակէ յուշերուս…»). որոնվում է Իրական Սեր, իսկ Սերն այնտեղ է, ուր ոչ ոք չի կարող թափանցել…Շատ փնտրելուց հոգնած Կինը վերջապես դադար կառնի` «Ես քեզ գտայ իմ հոգիիս մէջ…», իսկ մինչ այդ…Մերկ գեղեցկուհին ձեռքերը մեկնել է առաջ, սակայն չի կարողանում գրկել իր Սերը, որովհետև …մենակ է սենյակում.
Կը մերկանա՜մ
Արիւնիդ ջերմութիւնը անրջելէն…
Պարապին մէջ
Ձեռքերս քեզ քանդակել կը տենչան
Բայց միջոցը կը փշրուի մատներուս ծայրին…

Կնոջ անիմանալի, առեղծվածային, աշխարհի ու մարդկության չափ հին թեման Սեդա Գրիգորյանի ԵԶԵՐՔ-ում գուցե նոր մեկնաբանություն չունի, գուցե չեն փոխվել նաև Կնոջ կերպարի ներկայացման ձևն ու բովանդակությունը (գրականության մեջ Կնոջ կերպարը չի հնանում կամ մշտապես նորոգվում է թերևս), սակայն նախադեպը չունենալու չափ ինքնատիպ է, հոգեհարազատ. ապրումի’ց են ծնվել նրա բառերը: Կնոջ «ես»-ի գաղտնիքներից օղակ առ օղակ հյուսվում է Սիրո հրաշքը.
Գրեմ
Կրակներս քեզի պատմեմ….
Կարդայ
Լուռ զրուցէ հետս անվերջ…
Գաղտնիքի պէս քաղցր մնանք…

Ահավասիկ հիշողություններով ապրող երիտասարդ Կինը. ներկա է դարձել անցյալը, քանզի այն իր գրկում պահած գողտրի՜կ Սեր ունի.
Գողտրիկ սէր մը անցեալի կ’ոգեւորուի վերստին
Կը քաղցրանայ անգամ մ’ալ քաղցրացումո~վ անմեկին….
Կը թափառի մարմնիս մէջ այրող կարօտ մ’ահալի
Որ անցեալէն ջերմացած կու գայ ներկա~ս պարուրել…

Ո՞ւմ է պետք Կինը, եթե Սեր չկա: «Որքա՜ն գեղեցիկ ենք երբ գիտենք սիրել, երբ գիտենք այրիլ Սիրոյ բովի մէջ». այսպես է մտածում ԵԶԵՐՔ-ի Կինը և որքա՜ն է տենչում Սիրո գրկում լինել, արարել ու արարվել.
Ըլլար այնպէ՜ս
Որ արեգակին տեղ
Ես մարմրէի
Ու զերթ առաւօտ
Գի՜րկդ բացուէի…
….Արարեմ քեզ ինձմէ ներս
Արարուիմ ես գրկիդ մէջ…

Հորիզոնները պիտի Սեր երկրպագեն…Նոր արևներ պիտի ծնվեն, և երկինքը երկիրը պիտի համբուրի, միայն թե գա նա` Սիրո Քուրմը… Սպասում է Կինը: «Սպասման հիվանդն է»…ո’չ, սպասման աղոթո’ղն է ԵԶԵՐՔ-ի Կինը` «սպասումս աղօթք մըն է».
Երբ դու կու գաս…..Երազներս կը հագնին մարմին
Ու տենչանքներս-ոգեղէն տեսի՜լք-
Թախիծս կ’օրրեն քաղցր մրմունջով…

Ժամանակ առ ժամանակ էլ պիտի զարմանա և զարմանալով պիտի հաստատի’ քուչակյան այն խոր համոզումով, թե իր սի’րտն է Սիրո ապաստարանը.
Ո՞վ այս դիւրաբեկ հոգիս
Սիրոյ սուրհանդակ կարգեց…

Սիրո Եզերքում Կինը Մայր է, Քույր է և Սեր, իսկ Տղամարդը` Ընկեր, Եղբայր և Հայր…Սիրո Եզերքը ձգվում է մաղվող անձրևի կաթիլների, անցորդների լուռ հայացքների, երիտասարդ զույգի համբույրի միջով մինչև…ժամանակի ավարտը.
Վերջապէս ես գտայ քեզ
Մարմրող յոյսերուս հետ
Ձէթիս վերջին կաթիլին մէջ…
…Սիրոյդ մէջ գոյանալ կ’ուզեմ այսօր
Անդադա’ր
Առանց կանգ առնելու
Մինչեւ արեւ
Մինչեւ լուսին
Մինչեւ աւարտը ժամանակին…

Սիրո քաղցրությունը և դառնությունը ճաշակած, «էրոթիզմի» գաղտնի հմայքներով ապրող հասուն Կինը երբեմն դառնում է փոքրիկ աղջնակ, երբ մնում է իր հուշերի հետ, աղջնակ, որի մանկությունը դեռևս չի ավարտվել, և կարծես հեքիաթից է նա հայտնվել Սիրո և Մենության անծանոթ ու խորհրդավոր Եզերքում.
Իմ անծանօթ բայց միշտ ծանօթ իմ Սէր իմ ընկեր
Իմ հաճոյք ու կեանք
Իմ երազներուս Արամազդ-Իշխան…
Հեքիաթի աղջիկն եղայ դարերով
Փնտռեցի քեզ անկիւններէս…

Իսկ ինչո՞ւ են միմյանցից անբաժան արցունքներն ու Սերը`«Արցունքներէս ինծի մնաց ՍԷՐը միայն…»: Կնոջ արցունքները քա’ր են ծակում անգամ… Հետո պիտի մտահոգվի Կինը. չի ուզում կորցնել իրեն` «Ինքնութիւնս ո՞ւր է…»: Ինքն էլ պատասխանում է`«Կախուեցաւ ծառի ճիւղէն…»…Եվ Արշալույսից անհույս վաղը հույսով լցնելու սեր ու ջերմություն է խնդրում, խնդրում է ցույց տալ ճամփան` գերբնական ուժին հասնելու: Այնուհետև պիտի շրջի գլուխը` դաժան տխրությամբ ասելու նրան, ով հետևում է իրեն`«Մի’ հետեւիր քայլերուս անոնք չունի՜ն ճամբաներ»…
Այսպե’ս, առանց տրոհության նշանների…
Աշխարհ-Հայրենիք-Սեր Եզերքը
Սակայն ինչո՞ւ, ինչո՞ւ Բանաստեղծին հետապնդում է տարագիր նախնիների ճակատագիրը. ճամփաներ չունեցող քայլերը նրան տանո՜ւմ են «Պէյրութէն Երեւան, Օքլանտ, Լոս Անճելըս, Թորոնթօ, Մոնթրէալ…»…Եվ որպեսզի շատ չպարտվի ճակատագրից, և ճամփաներն ու սեփական քայլերը հեգնանքով չնայեն իրեն, «օտարութեան կօշիկներ» է հագնում: Ոտքերը միշտ նույնն են մնում. այդ կոշիկները, որ թափառումների շրջագիծ են ընդամենը, կհանի մի օր…
…Բանաստեղծուհու երկրորդ կեսը չկա, կորսվել է անսպասելիորեն, և հանկարծ մի թիվ անագորույն` «երկու եւ չորսի կոճկուած նկար»` 24, ամբողջացնում է նրան` դառնալով երկրորդ կես…Ահավասիկ Հա’յ Բանաստեղծի «բաղադրությունը». նրան ա’յլ Եզերքներ են կանչում.
Միթէ կայ ԵԶԵՐՔ
Որ պատրանքներն իմ արութեամբ օծէ
Ապա ընդերքէն իր բազմախորհուրդ
Երկարէ ինծի
Թագն ԱՐՄԷՆական…

Հայրենիքը մի բուռ աշխարհ է աշխարհի մեջ: «Դուն ԴԱՏ չունիս բայց ՍՓԻՒՌՔ ես հողմացրիւ…». սա բանաստեղծուհու Հայրենիքն է, իսկ հայրենի արժեքներից յուրաքանչյուրը մի-մի Անեծք է, որ կրում է նա…Հրաշքի պես: Միայն հա’յ բանաստեղծուհին կարող էր գրել սիրած տղամարդուն. «Սփիւռքացած էութեանս քեզ Հայրենիք ունենալն է…»: Սերը Հայրենիք է, և Սեր է Հայրենիքը…
Սակայն ոչ միայն Հայրենիքում, այլև «ամէնո՜ւր կայ տագնապ…»…Հետո դարձյալ հարցե՜ր, հարցե՜ր.
Ո՞վ այս պզտիկ գլխուս մէջ
Մտածումի ծով լարեց
Ո՞վ այս ճղճիմ մորթիս տակ
Հաւատքի սիւներ շարեց…

Խաղաղությո’ւն է պահանջվում ոչ միայն Հոգու և Հայրենիքի, այլև Աշխարհի’ Հավատը պահպանելու համար.
-Պատերազմը վերջացա՜ւ-
Գինով մը կը քրքջայ…

Անգույն ու անսեր երեկը արյուն էր, այո’, սակայն այսօրը տօն է բերել. այսօրն ուրի՜շ է…«Քուկդ ըլլալու ցանկութի~ւն…»… Խաղաղություն է, ուրեմն սիրել է հարկավոր: Անբաժան են միմյանցից Աշխարհը, Հայրենիքը, Սերը: Եվ Խաղաղությունը…
Բանաստեղծ-Մարդ- Սեր Եզերքը
Հոգի ունիմ ես
Որ մեծ է ինձմէ…

Սեդա Գրիգորյանի բանաստեղծություններից շատերը կարելի է դնել մեր գրականության հումանիստական գործերի շարքում: Եվ, առհասարակ, նրա գեղարվեստը քննելիս առանձնապես հարկավոր չէ ջանք գործադրել` տեսնելու ստեղծագործության Ակունքը` այն վարարուն գետը, որից սկիզբ է առնում ԵԶԵՐՔ-ը. Սեդա Գրիգորյանի բանաստեղծությունները հարազատ ու անխարդախ շարունակությունն են հայոց միջնադարից մեզ պարզված անաղարտ բանաստեղծության` կերտված Նարեկացու, Քուչակ Նահապետի, Սայաթ-Նովայի գրչով… Մեծարենցյան Հյուղի նման մի տնակ ունի նա և ուզում է երգո՜վ բանալ տնակի դուռը…Իսկ երբ գիշերվա երկնքից մի աստղ ընկնի, ցավով պետք է մտածի.
Գուցէ ընկեցիկ մըն էր
Որուն համար այս գիշեր
Մոմս երկա՜ր արտասուեց…

Նարեկացիական շնչով կերտված տողերում տեսնում ենք Մարդուն. և ո՞վ է նա` այդ առեղծուածը`«փրթած պորտրէն տիեզերքին…»: Նա ծարավ է համբույրի, բայց վայրագություն է` Սեր տրորող, սերմ է արարման, նոր ծիլերի ծնուցիչ տարր, բայց և գեղեցկություն բռնաբարող, ամբողջություն է, բայց և պակասորդություն, հակասությունների անմեկնելի համադրություն է, աստղերի մեջ թափառող երազ, բայց և սրտերի մեջ վիհեր բացող փորիչ մեքենա, քրտինք է ու ռումբ… Ինքնատիպության արարիչ, սակայն շքեղության մեջ դեռ… անասուն…Սարսափելի է. մարդկային դիմակներն ամեն քայլափոխի ընկնում են Բանաստեղծի ոտքերի տակ. մարդկային հասարակությունն այնքա՜ն է «առաջադիմել», կաղապարներն այնպէ՜ս են փշրվել, որ նույնիսկ հարկավոր չեն սևակյան հորդորները`«հանեցե՜ք ձեր դիմակները». մարդկային հյուծվող դեմքերն այլևս անկարող են դիմակները պահել. դրանք ընկնո՜ւմ են… Ծանոթներն անծանոթ են դառնում (այստեղ էլ, ահա հառնում է հանկարծ Սայաթ-Նովայի վեհ ու տրտում կերպարանքը` դոստիրըս դուշմա՜ն ին դառի…): Դժվա՜ր է միմյանց հոշոտելու պատրաստ բազմության մեջ մնալ համր և անշշունջ…Այս ամէնից յետոյ էլ մարդու կարօտն ունի Բանաստեղծուհին` «Ամէն մարդ Սէր է իմ հոգիիս մէջ…»: Եվ որպեսզի Մարդը մաքո’ւր ապրի Աշխարհում, նա մաքրում է …Աշխարհը…
Աւելովս ծեծեցի ես
Որ մաքրուի աշխարհին
Աղտն ու կեղտը
Փոշին անսիրտ
Աւելածու եղայ այսօր…
Հինը բանտեմ արցունքիս մէջ
Նորը գգուեմ ժպիտիս մէջ
Մարդը փրկեմ
Փրկե’մ
Փրկե՜մ…

Անձնազոհ է բոլոր ժամանակների բոլոր ճշմարիտ Բանաստեղծների նման.
Ու հրկիզուիմ
Դեռ չգրուած ու անծանօթ գալիքներուն
Իբրեւ երակ-կրակ անմար
Իբրեւ սերմ ու սերմնաբջիջ
Իբրեւ ընծայ տիեզերքին այս անոգի
Ընծայ սիրոյ
Ընծայ կեանքի
ԸՆԾԱՅ
Դեռ չպեղուած նոր հաւատքի…


Հավերժական որոնումներ տիեզերքում
Անեզր Եզերքների որոնումը համայն Տիեզերքում շարունակվում է. «տառապելով, իյնալ-ելլելով, արիւնելով ու քամուելով», միայն տրվելո’վ, ո’չ ստանալով, բարկության, փոքրոգության, նախանձի ու ոխի սահմանները շրջանցելով` ապրում է Բանաստեղծուհին, որ «կոչումի ակը գտնի՜, որ հաւատքի լոյսը բռնի՜, որ քաղցրանայ սիրոյ նման…»:
Ահա Սեդա Գրիգորյանի ԵԶԵՐՔ-ը` այն լուսաշող երանելի ափ-հանգրվանը, որն այնպե~ս մարմնեղեն կա մեր երազներում, և որն այնպե~ս անձկորեն որոնում են մարդկային Հոգիներն իրենց ծննդյան իսկ պահից: Եվ թեպետ Բանաստեղծուհու ԵԶԵՐՔ-ը մարմնավոր դեգերումների աշխարհագրական քարտեզն է սոսկ, նա թափառո’ւմ է …սեփական Հոգու հետ` իր Հոգու նմանների հետևից…Խորին հավատով նա փնտրում է Եզերք-հանգրվան տանող ԼՈՒՅՍ-ի փարոսը.
Ու կը քալեմ դեռ
Հաւատքով անմեռ
Կոյսի հեզութեամբ
Լոյսը կը փնտռեմ քայլերուս ներքեւ
Արեւի բոցին ձեռքս կ’երկարեմ
Ճամբաս կ’որոնեմ
Վերէն թէ վարէն
Որ ուղղահայեաց մնայ հասակս
Երկնուղէշ ու ձիգ ….



Seda111.jpg

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի