Սկահակի տեսքն ապշեցուցիչ էր: Թանգարանի պահեստի փայտե դարակին դրված էր բազմաթիվ ինչ-որ միացություններով, վատ թափանցիկությամբ անձև մի սրվակ: Եվ թե ինչո՞ւ էր պրոֆեսորն այդ սրվակն սկահակ անվանում, ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ: Նա խոսում էր այն մասին, որ դա, հավանաբար, մեծագույն հայտնագործություն է հնագիտության բնագավառում, որովհետև Հայաստանից բացի ոչ մի տեղ աշխարհում այդպիսի հնությամբ ապակյա առարկաներ չեն գտնվել: Ապակու բաղադրությունը նույնպես ասում էր այն մասին, որ սկահակը բերված էր ոչ թե ինչ-որ տեղից, այլ հին ժամանակների վարպետը փչելով պատրաստլ էր Սևանի ափերից վերցված ավազից: Տե˜ր Աստված, մի՞թե այդ ժամանակ տեխնոլոգիաներն այդքան անկատար են եղել: Սակայն հենց սկահակի անկերպարանության, անհամաչափության մեջ էի ես հստակ միտք տեսնում, մարդկային բանականության հանճարեղ փայլատակում:
Ես ավելի ուշադիր զննեցի սկահակը` աշխատելով տեսնել, թե ինչն է, որ ապակու մեջ չի լուծվել: Ինչ-որ բան էր առկայծում և շողշողում` մեկ ինչպես արծաթ, մեկ` ինչպես ոսկի: Տեսանելի էին փոքրիկ գալարաձև խեցիների սպիտակավուն բեկորներ և էլի ինչ-որ սև ներամփոփումներ: Պրոֆեսորն ասաց, որ սկահակը մոտ 5000 տարեկան է: Հետո նա սկսեց խոսել քրիստոնեության մասին: Այն մասին, որ մարդկային հոգին ապականությունից մաքրելու համար մարդիկ մի ամբողջ կրոն են ստեղծել, կառուցվել են հսկայական շենք-եկեղեցիներ, հնարել ծիսակատարություններ: Իսկ վաղնջական ժամանակների վարպետը հարցը լուծել է հանճարեղ պարզ եղանակով: Սակայն արդյո՞ք նա մարդ է եղել մեր հասկացողությամբ: Գուցե եղել է հին ժամանակների մարգարե կամ փրկի՞չ: Չէ՞ որ հիմա էլ անհասկանալի է, թե ինչպես է սկահակը ներգործում մարդկային հոգու վրա: Նրա ազդեցության մեխանիզմը բացարձակապես անհասկանալի է: Թե ինչու է գեղեցիկ ձայներ հանում, էլի կարելի է ինչ-որ գիտական մեթոդներով բացատրել…, բայց թե ինչու են յուրաքանչյուր մարդու համար դրանք տարբեր, անկրկնելի, միայն մեկի վրա ազդող: Ընդհանրապես հնարավո՞ր է մարդկային ձեռքով այդպիսի բան ստեղծել: Ինչո՞ւ ժամանակը չի ջարդել կոպիտ բեկորները, նորից դարձրել ավազ, ինչից այն պատրաստված է եղել: Եվ ինչո՞ւ է այն գտնվել միայն հիմա… Պատասխան չկար, սակայն սկահակն ապրում էր իր կյանքով, գայթակղում և ձգում: Ես չէի կարողանում կտրել հայացքս` կարծես նրա մեջ էր հոգուս փրչկությունը և մաքրագործումը: Պրոֆեսորն զգուշորեն վերցրեց սկահակը, մի քիչ մտածելուց հետո մեկնեց ինձ: Ապակե սկահակը տեղ-տեղ խորդուբորդ էր, տեղ-տեղ անհավասար` ինչպես լճի մակերևույթը, որի ափերից նրա համար վերցրել էին ոսկեգույն ավազը: Գիտնականի խորհրդով ես փչեցի սկահակի մեջ… թեթև, հազիվհազ: Եվ սկահակն արձագանքեց… Արձագանքեց ամենագեղեցիկ երաժշտությամբ, ինչպիսին ես երբևիցե լսել եմ: Հասարակ էր, բայց երևակայությունը խոցող: Անսպասելի գեղեցիկ էր: Այն միանգամից չլռեց. ցնցելեվ մինչև հոգուս խորքը: Հիշողությանս մեջ կենդանացան մանկական ամենաթաքուն դառն զգացմունքները, որոնք ես չէի էլ հիշում: Մեղեդին ներում էր, ինչպես մայրն է վերջիվերջո ներում քեզ… Ես տեսնում էի իմ հայրական տունը, ողջ և առողջ ծնողներիս` ուրախ ու կենսախինդ: Սլացան դպրոցական տարիները, հոգուս մեջ սրընթաց անցան պատանեկան անբաժանելի սիրո սարսափելի տառապանքների մասին հիշողությունները: Անցավ իմ ամբողջ կյանքը` իր բոլոր սխալներով, որ հիմա լցվում էր զղջանքով, հետևաբար` անխուսափելի թողությամբ: Եվ քիչ էր մնում լացեի, ինչպես փոքրիկ տղա, այնքա˜ն որ գեղեցիկ էին մեղեդիները: Չգիտես ինչու, աշխատում էի ընդմիշտ հիշել այդ երաժշտությունը` հավերժ, ողջ կյանքում, որպեսզի մահվան հետ գոտեմարտելիս, հոգեվարքի պահին նորից լսեմ: Բայց այն լռեց սկահակի ներսում, և ես այլևս չկարողացա հիշել: Կրկին նրա մեջ փչելու ուժ չէր մնացել: Այդպիսի բան հնարավոր չէր դարձյալ լսել և վերապրել: Դա կնշանակեր դավաճանել հենց երաժշտության հիշողությանը… Եվ դրա անհրաժեշտությունն էլ չկար, չէ՞ որ արդեն ամեն ինչ ներվել էր…
Մրտ 22 2011
Վերջին մեկնաբանություններ