ՎՈԼՏԵՐ (Ֆրանսուա-Մարի Արուե, 1694-1778)

Սկարմենտադոյի ճանապարհորդությունները
(գրված իր կողմից)

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ես ծնվել եմ Կանդիա քաղաքում, 1600թ: Հայրս Կանդիայի քաղաքապետն էր. հիշում եմ, որ մի միջակ բանաստեղծ, անվանյալYro, որը բնավ էլ միջակ սրիկա չէր, իր անհաջող ոտանավորների մեջ իմ գովքն էր անում ու ինձ ներկայացնում Մինոսից ուղղակիորեն սերող մեկը. բայց երբ հայրս կորցրեց իր պաշտոնը, այդ պոետը ուրիշ տողեր գրեց իմ մասին, ու ես արդեն, նրա ասելով, Պասիփայեյի ու նրա սիրեկանի հետնորդն էի: Զազրելի տիպ էր այդ Yro-ն և ամենաեղկելի տականքը մեր կղզում:
Երբ տասնհինգս լրացավ, հայրս ինձ ուղարկեց Հռոմ ուսում ստանալու: Ես մեկնեցի՝ հուսալով, որ պիտի սովորեմ աշխարհիս բոլոր ճշմարտությունները, քանզի մինչ այդ, ինձ սովորեցնում էին լրիվ հակառակը, ինչպես ընդունված է այս աշխարհում, Չինաստանից մինչև Ալպեր: Մոնսինյոր Պրոֆոնդոն, ում մոտ սովորում էի, եզակի անձնավորություն էր ու ամենափչացած գիտնականներից մեկը, որ երբևէ եղել է աշխարհում: Նա ուզեց ինձ սովորեցնել Արիստոտելի կատեգորիաները և պատրաստվում էր ինձ մտցնել իր սիրեցյալների կատեգորիայի մեջ. ես ճողոպրեցի նրա կեղտոտ ճանկերից: Տեսա աղանդավորների խաժամուժ, լսեցի չար ոգիների դեմ նզովքներ, ականատես եղա կողոպուտների: Լուրեր էին պտտվում, որ սինյորա Օլիմպիան, որ մեծ զգուշության տեր կին էր, այնպիսի բաներ էր վաճառում, որ ամենևին չէր կարելի վաճառել: Քաղցրիկ բարքերի տեր մի կին էլ, սինյորա Ֆատելո անունով, սիրահարվել էր ինձ: Նրան սիրահետելու մեջ մրցակցում էին պատվարժան հայր Պուանյարդինին և ոչ պակաս պատվարժան հայր Ակոնիտին, որ կրոնական մի եղբայրության երիտասարդ միաբաններ էին: Սինյորա Ֆատելոն նրանց հաշտեցրեց՝ իր մարմնի բարեմասնություններն ինձ շնորհելով. բայց միաժամանակ, քիչ էր մնում ինձ բանադրեին ու թունավորեին, ու ես շուտափույթ հեռացա Հռոմից՝ հիացած Սուրբ Պետրոս տաճարի ճարտարապետությամբ:
Ճանապարհորդեցի Ֆրանսիայում. Լյուդովիկոս Բարեպաշտի օրոք էր: Առաջին բանը, որ հարցրին ինձ այն էր, թե չէ՞ի ուզենա ճաշակել մի փոքր կտոր մարշալ դ՚Անկրից, ում միսը ժողովուրդը խորովել էր և շատ մատչելի գնով առաջարկում էր ցանկացողներին:
Այդ պետությունը անընդհատ քաղաքացիական պատերազմների մեջ էր, մեկ խորհրդարանում տեղ գրավելու, մեկ էլ կրոնական վեճերի պատճառով: Ավելի քան վաթսուն տարի, այդ հրդեհը երբեմն մեղմ, երբեմն էլ բորբոքված, ամայացնում էր այդ գողտրիկ երկիրը: «Ավա՜ղ, ասացի ես,- և սակայն, այս ժողովուրդը զվարճասեր է իր բնույթով.տեսնես, ինչո՞ւ է այսքան չարացել. նա կատակներ է անում և Բարդուղիմեոս Գիշեր: Երանի՜ այն ժամանակ, երբ կկարողանա միայն կատակներ անել»:
Ես անցա Անգլիա. այնտեղ էլ նույն կռիվներն էին ու նույն մոլեգնությունը: Սուրբ կաթոլիկները հանուն Եկեղեցու բարօրության որոշել էին վառոդով հօդս ցնդեցնել արքայական ընտանիքին ու ողջ պառլամենտը և Անգլիան ազատել այդ հերետիկոսներից: Ինձ ցույց տվեցին այն հրապարակը, ուր երջանկահիշատակ թագուհի Մարիան՝ Հենրի 8-րդի դուստրը, այրել էր տվել իր հպատակներից հինգ հարյուր հոգու: Իռլանդացի մի քահանա ինձ վստահեցնում էր, որ թագուհին շատ աստվածահաճո արարք էր կատարել. նախ, նրանց, ում այրել էին, անգլիացիներ էին, երկրորդ, նրանք չէին ընդունում սուրբ ջուրը ու չէին հավատում Սուրբ Պատրիկի անձավին: Այդ քահանան զարմանում էր մանավանդ այն բանի համար, որ թագուհի Մարիան մինչև հիմա սրբերի շարքը չէր դասվել, բայց հույս էր տածում, որ շուտով այդ բացը կլրացվեր, երբ կարդինալ-եղբորորդին մի քիչ ազատ ժամանակ ունենար:
Ես գնացի Հոլանդիա՝ հույս ունենալով առավել խաղաղասիրություն գտնել սառնարյուն ժողովուրդների մոտ: Հաագա հասա հենց այն պահին, երբ մի պատվարժան ծերունու գլուխն էին կտրում: Դա վարչապետ Բեռնվելդտի ճաղատ գլուխն էր, մի մարդ, ով Հանրապետության ամենաարժանավոր այրերից էր: Խղճահարությամբ լցված հարցրեցի, թե որն է նրա հանցանքը, չլինի՞ հայրենիքին է դավաճանել: «Նա ավելի վատ բան է արել,- պատասխանեց սևազգեստ մի քարոզիչ.այս մարդն հավատում է, թե կարելի է փրկվել ինչպես բարի գործերի, այնպես էլ հավատքի միջոցով: Դուք հո լավ եք հասկանում, որ եթե նման մտքերը տարածում գտնեն, հանրապետությունը կկործանվի, ու պետք են խիստ օրենքներ նման խայտառակության դեմն առնելու համար»: Հոլանդացի մի խորիմաստ քաղաքագետ էլ հառաչեց ու ասաց.«Ավա՜ղ, պարոն, լավ ժամանակները հարատև չեն, լոկ պատահականության բերումով է այս ժողովուրդն այսքան նախանձախնդիր դարձել. իր էությամբ նա հակված է հանդուրժողականության. օրերից մի օր այդ հանդուրժողականությունը կտիրի այս երկրում, և սոսկալի է դա պատկերացնելն անգամ»: Իսկ ես, սպասելով խաղաղասիրության ու հանդուրժողականության ժամանակների գալուն, արագորեն թողեցի այդ երկիրը, ուր դաժանությունը չէր նվազել ոչ մի համաձայնությամբ ու բարձրացա Իսպանիա մեկնող նավը:
Արքունիքը Սևիլիայում էր: Գալիոնները ժամանել էին. ամենուր անհոգության ու հրճվանքի մթնոլորտ էր տիրում տարվա ամենագեղեցիկ եղանակին: Նարնջենիների ու կիտրոնիների մի ծառուղու վերջում ես նկատեցի մի հսկա ասպարեզ, որ թանկարժեք կտորով ծածկված աստիճաններ ուներ: Թագավորը, թագուհին, ինֆանտն ու ինֆանտուհիները նստած էին մի հոյակապ հովանու տակ: Այդ օգոստափառ ընտանիքի առջևում կար մեկ ուրիշ գահ ևս, բայց ավելի բարձրադիր: Ես ասացի ճանապարհի ընկերներիցս մեկին. «Եթե միայն այդ գահը Աստծու համար չէ, չեմ հասկանում, թե ում համար է նախատեսված»: Իմ այդ անզգույշ խոսքերը լսեց մի լրջադեմ իսպանացի ու դրանք թանկ արժեցան ինձ: Կարծում էի, թե տեսնելու էի ինչ-որ ձիարշավ կամ ցլամարտ, երբ մեծ հավատաքննիչը հայտնվեց գահի վրա և օրհնեց թագավորին ու ժողովրդին:
Այնուհետև եկավ վանականների մի բազմություն, որ զույգերով անցավ մեր առջևով, սպիտակ, սև, գորշ, կոշիկներով, ոտաբոբիկ, մորուքավոր, անմորուս, սրածայր կնգուղով և առանց կնգուղի.նրանց հետևից գալիս էր դահիճը.հետո, ալգուազիլների ու գրանդների միջև տեսանք մոտ քառասուն մարդու, ում գլուխներին պարկեր էին անցրել, իսկ մեջքերին սատանաներ ու կրակներ պատկերել: Դրանք հրեաներ էին, ովքեր չէին հրաժարվել Մովսեսի կրոնից, քրիստոնյաներ, ովքեր չէին երկրպագել Atocha-ի Աստվածամորը, կամ էլ, չէին ցանկացել ձեռք քաշել իրենց կանխիկ դրամից՝ ի նպաստ եղբայր-հիերոնիմիտների: Աստվածավախորեն գեղեցիկ աղոթքներ երգեցին, որից հետո մարմանդ կրակի վրա այրեցին բոլոր մեղավորներին, որից արքայական ընտանիքը միանգամայն գոհ մնաց:
Երեկոյան, երբ պատրաստվում էի քնել, ինձ մոտ եկան Հավատաքննության երկու գործակալներ: Նրանք քնքշորեն համբուրեցին ինձ, ու առանց ինձ մի բառ ասելու, տարան մի ցուրտ զնդան, ուր մի խսիրե մահճակալ կար ու մի գեղեցիկ խաչելություն: Ես այնտեղ մնացի վեց ամիս, որից հետո պատվելի հավատաքննիչ հայրը մարդ ուղարկեց, որ ինձ կանչեն իր հետ խոսելու. առժամանակ նա ինձ սեղմեց իր գրկում հայրական գորովանքով, ասաց, որ անկեղծորեն ցավում էր, երբ իմացել էր, որ այդքան վատ սենյակ էր ինձ հատկացվել.բայց, որ այստեղի բոլոր սենյակները զբաղեցված էին, և որ մյուս անգամ, հույս ուներ, թե ավելի հարմարավետ սենյակ կունենայի: Այնուհետև ամենայն անկեղծությամբ հարցրեց ինձ, թե գիտեի՞ արդյոք, թե ինչու էի այդտեղ գտնվում: Ես պատվարժան հորը ասացի, թե հավանաբար իմ մեղքերի պատճառով: «Այո՛, սիրելի զավակս, բայց ի՞նչ մեղքերի.ասացե՛ք անկեղծորեն»: Որքան էլ գլուխ կոտրեցի, չկարողացա կռահել:
Ի վերջո հիշեցի իմ անզգույշ խոսքերը: Ես ենթարկվեցի կարգապահական տույժի՝ մուծելով երեսուն հազար ռեալ տուգանք: Ինձ տարան ծնրադրելու մեծ հավատաքննիչի առաջ. նա քաղաքավարի մարդ էր ու ինձ հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունեի իր փոքրիկ տոնակատարության մասին: Ես պատասխանեցի, որ դրանից ավելի փառահեղ բան չէի տեսել ու գնացի շտապեցնելու ճանապարհի ընկերներիս, որպեսզի շուտափույթ թողնեինք այդ երկիրը, ինչքան էլ գեղեցիկ լիներ այն: Ընկերներս ժամանակ էին ունեցել տեղեկանալու բոլոր այն մեծագործությունների մասին, որ իսպանացիներն արել էին հանուն կրոնի: Կարդացել էին Chiapas-ի հայտնի եպիսկոպոսի հուշերը, ուր ասվում էր, որ սրի էին մատնել կամ խարույկ հանել, և կամ խեղդամահ արել Ամերիկայի տաս միլիոն բնիկների՝ նրանց դարձի բերելու համար:
Ճանապարհորդելու մարմաջը անընդհատ հետապնդում էր ինձ: Ես մտադրվել էի եվրոպական շրջագայությունս ավարտել Թուրքիայում, ու մենք ճանապարհ ընկանք: Ես իմ առջև նպատակ դրեցի, որ էլ երբեք կարծիք չէի հայտնելու որևէ տոնակատարության մասին: «Այդ թուրքերը, -ասացի ընկերներիս,-անհավատներ են ու մկրտված չեն, և հետևաբար, ավելի դաժան պիտի լինեն, քան պատվարժան հավատաքննիչ հայրերը: Լո՛ւռ մնանք, երբ լինենք մահմեդականների միջև»:
Երբ հասա Թուրքիա խիստ զարմացա՝ տեսնելով, որ այնտեղ ավելի շատ քրիստոնեական եկեղեցիներ կային, քան իմ հայրենի Կանդիայում: Մինչև անգամ վանականների հոծ բազմություններ տեսա, ում թողնում էին ազատորեն երկրպագել կույս Մարիամին և հայհոյել Մուհամեդին, ոմանք հունարենով, մյուսները լատիներենով, ոմանք էլ հայերենով: «Էս ի՜նչ լավ մարդիկ են թուրքերը», բացականչեցի ես: Կոնստանդինապոլսում հույն ու լատին քրիստոնյաները միմյանց երդվյալ թշնամիներ էին: Այդ ստրուկները գզվռտվում էին շների նման, որ իրար կծում են փողոցում և որոնց իրենց տերերը բաժանում են փայտի հարվածներով: Այդ ժամանակ մեծ վեզիրը հովանավորում էր հույներին: Հույն պատրիարքը ինձ մեղադրեց, որ ընթրել էի լատին պատրիարքի տանը, ու Բարձր Դիվանի կողմից ես դատապարտվեցի հարյուր հարվածի կրունկներիս, որը փոխարինելի էր հինգ հարյուր ցեխինով: Հաջորդ օրը մեծ վեզիրին խեղդեցին.դրա մյուս օրը, նրա հաջորդը, ով լատիններին էր համակրում, և ում խեղդեցին միայն մեկ ամիս անց, ինձ նույն տուգանքին ենթարկեց, քանզի այս անգամ էլ համարձակվել էի ընթրել հույն պատրիարքի տանը: Ես երդվեցի, որ այլևս երբեք հունական կամ լատինական եկեղեցի ոտք չեմ դնի: Կապնվեցի մի շատ գեղեցիկ չերքեզուհու հետ, ով ամենակրքոտ էակն էր սիրային խաղերի ժամանակ և ամենաաստվածավախը՝ մզկիթում: Մի գիշեր, սիրային իր քաղցր զեղումների պահին, ինձ համբուրելով բացականչեց. «Ալլա՜հ, Իլլա՜հ, Ալլա՜հ». դրանք թուրքերի ամենասուրբ խոսքերն են. ես էլ կարծեցի, թե խենեշ բացականչություններ է անում, ու ինքս էլ իմ հերթին, քաղցր ձայնով բացականչեցի. «Ալլա՜հ, Իլլա՜հ, Ալլա՜հ»: «Օ՜, փա՜ռք ամենազոր Աստծուն, դուք թո՛ւրք եք», ասաց նա: Ես ասացի, որ օրհնում էի Բարձրյալին ինձ կարողություն տալու համար ու շատ երջանիկ զգացի ինձ: Առավոտյան իմամը եկավ ինձ թլպատելու. բայց քանի որ ես կատաղիորեն դիմադրում էի, այդ թաղի ղադին, ով շատ ուղղամիտ մարդ էր, ասաց, որ ինձ պետք է հանել ցցի:
Ես փրկեցի եզրաթլիպս ու հետույքս հազար ցեխինով ու գլխապատառ փախա Պարսկաստան՝ երդվելով, որ այսուհետ, Թուրքիայում էլ երբեք չեմ գնա հունական կամ լատինական պատարագի, իսկ սեռական ակտի ժամանակ էլ երբեք չեմ գոռա. «Ալլա՜հ, Իլլա՜հ, Ալլա՜հ»:
Երբ հասա Սպահան, ինձ հարցրին. «Դու համակրում ես սև՞ ոչխարին, թե՞ սպիտակ»: Ես պատասխանեցի. «Ինձ համար միևնուն է, լավ ոչխար լինի»: Պետք է ասել, որ այդ ժամանակ Սպիտակ ոչխարի ու Սև ոչխարի կուսակցությունները իրար դեմ էին հանել պարսիկներին: Սրանք էլ կարծեցին, թե երկու կուսակցություններին էլ ձեռ եմ առնում. այնպես որ, արդեն քաղաքի դարպասների մոտ ընկնում էի մի նոր գլխացավանքի մեջ. դարձյալ գերադասեցի բավական մեծ տուգանք վճարել, միայն թե օձիքս ազատեի ոչխարներից:
Ես մինչև Չինաստան հասա մի թարգմանչի հետ, ով ինձ հավաստիացնում էր, թե դա այն երկիրն է, ուր ապրում են ազատ ու անհոգ: Թաթարները զավթել էին Չինաստանը՝ ամեն ինչ հրի ու սրի մատնելուց հետո: Պատվարժան ճիզվիտները մի կողմից, պատվարժան դոմինիկյաններն էլ՝ մյուս, ասում էին, որ իրենք այնտեղ հոգիներ էին փրկում հանուն Աստծու, չնայած ոչ ոք դրա մասին տեղյակ չէր: Նրանցից ավելի նախանձախնդիր հավատափոխիչներ հազիվ թե լինեին, քանզի անդադար հալածում էին իրար, իրար մասին հատորներով զրպարտություններ էին ուղարկում Հռոմ, միմյանց անվանում անհավատներ ու պարտազանցներ՝ ինչ է թե մեկ հոգու իրենց կողմը գրավեին: Հատկապես սարսափելի էր կռիվը նրանց միջև բարևելու հարցում: Ճիզվիտներն ուզում էին, որ չինացիներն իրենց հայրերին ու մայրերին չինական ձևով բարևեին, իսկ դոմինիկայնները՝ հռոմեական: Ճիզվիտներն ինձ դոմինիկյանի տեղ դրեցին ու տարան թաթար տիրակալի մոտ որպես պապական լրտեսի: Գերագույն խորհուրդը հանձնարարեց մի մանդարինի, սա էլ՝ մի սերժանտի, վերջինս էլ՝ տեղի չորս ոստիկանական գործակալների, որ ինձ ձերբակալեին ու կապկպեին: Հարյուր քառասուն ծնրադրումներից հետո, ինձ տարան թաթար տիրակալի մոտ: Նա ինձ հարցերց, թե իսկապե՞ս ես պապական լրտես եմ, և իսկապե՞ս Հռոմի պապն ուզում է անձամբ Չինաստան գալ ու նրան գահընկեց անել: Ես նրան ասացի, թե պապը յոթանասուն տարեկան մի քահանա է, որ նա թաթար տիրակալից ապրում է չորս հազար լյո հեռավորության վրա, որ նա միայն երկու հազար զինվորներ ունի, որ նրան պահպանում են՝ ձեռքերին հովանոցներ պահած, թե պապը ոչ ոքի գահընկեց չի ուզում անել, և որ թաթար տիրակալը կարող է հանգիստ քնել: Դրանից հետո ինձ ուղարկեցին Macao, ուր բարձրացա Եվրոպա մեկնող մի նավ:
Golconde-ի ափերի մոտ մեր նավը պետք էր վերանորոգել: Ազատ ժամանակ ունեի ու գնացի տեսնելու մեծն Աուրենգ-Զեբի արքունիքը, որի հրաշքների մասին լուրերը տարածված էին ողջ աշխարհում. Աուրենգ-Զեբը Դելիում էր: Ես ներկա եղա այն փառահեղ հանդիսությանը, երբ նա ստացավ երկնային մի ընծա՝ուղարկված Մեքքայի շերիֆի կողմից: Դա մի ավել էր, որով ավլել էին սուրբ տունը՝ Քաաբան, Բեյթ Ալլահը. մահմեդականների պատկերացմամբ, այն մաքրում էր հոգու բոլոր մեղքերը: Չէր թվում, թե Աուրենգ-Զեբը դրա կարիքն ունենար, քանզի ողջ Հինդուստանում նա համարվում էր ամենաաստվածավախ մարդը: Ճիշտ է, նա սրախողխող էր արել իր եղբայրներից մեկին ու թունավորել էր իր հորը, քսան ռաջաների ու նույնքան էլ էմիրների էր մեռցրել կտտանքների մեջ, բայց դա նշանակություն չուներ, քանզի բոլորը միայն նրա աստվածավախությունից էին խոսում: Նրան համեմատում էին Մարոկկոյի սրբազնագույն տիրակալ Մյուլեյ Իսմայելի հետ, ով ամեն ուրբաթ, աղոթքից հետո, մարդկանց գլուխներ էր թռցնում:
Ես ծպտուն չէի հանում.իմ ուղևորություններն ինձ խրատել էին, ու գիտեի, որ ես չեմ, որ պիտի որոշեմ, թե այդ երկու օգոստափառ ինքնալկալները լավն էին, թե վատը: Սակայն մի երիտասարդ ֆրանսիացի, ում հետ բնակվում էի նույն սենյակում, չկարողացավ (պիտի խոստովանել) հարգանք տածել Հնդկաստանի ու Մարոկկոյի ինքնակալների հանդեպ: Նրա խելքին փչեց միամտորեն ասել, թե Եվրոպայում էլ շատ աստվածավախ տիրակալներ կան, ովքեր կառավարում են իրենց պետությունները, և անգամ, Եկեղեցի են գնում, բայց իրենց հորն ու մորը չեն սպանում և իրենց հպատակների գլուխները չեն կտրում: Մեր թարգմանիչն էլ երիտասարդի այս սրբապիղծ խոսքերը բառ առ բառ թարգմանեց ներկաներին: Տառապանքս փորձ ուներ, ու ես թամբել տվեցի ուղտերս.ֆրանսիացին ու ես մեկնեցինք: Հետո իմացա, որ նույն գիշերը, Աուրենգ-Զեբի զինվորականները եկել էին մեզ բռնելու, բայց միայն թարգմանչին էին գտել: Նրան հրապարակավ մահապատժի ենթարկեցին, իսկ բոլոր պալատականները գտան, առանց տիրակալին քծնելու, որ դա շատ արդարացի վճիռ էր:
Ինձ մնում էր տեսնել միայն Աֆրիկան՝ մեր մոլորակի բոլոր քաղցրությունները ճաշակելու համար:Եվ իսկապես, տեսա այն: Եվրոպա վերադառնալիս մեր նավը գրավեցին նեգր ծովահենները: Մեր նավապետը սկսեց զայրույթով բողոքել.նրանց հարցրեց, թե ինչո՞ւ են բռնադատում ազգերի իրավունքները: Նեգր նավապետը նրան պատասխանեց. «Դուք երկարավուն քիթ ունեք, իսկ մենք՝տափակ, ձեր մազերը հարթ են, իսկ մերը՝գանգուր, ձեր մաշկը սպիտակ է, մեր՝սև. հետևաբար, բնության սուրբ օրենքներով, մենք իրար միշտ թշնամի պիտի լինենք: Դուք մեզ գնում եք Գվինեայի ստրուկների տոնավաճառներում որպես անասունների, որպեսզի մեզ լծեք ծանր և նույնքան էլ ծիծաղելի աշխատանքի: Մտրակի հարվածների տակ մեզ ստիպում եք փորել հողը՝ինչ-որ դեղին մետաղ հանելու համար, որն ինքնին ոչ մի բանի պետք չէ, ու եգիպտական մի գլուխ սոխի արժողություն էլ չունի.ուստի, երբ մեր ձեռքն եք ընկնում, մենք ձեզ աշխատեցնում ենք մեր դաշտերում, կամ էլ, կտրում ենք ձեր քիթն ու ականջները»:
Նման իմաստուն խոսքերի դեմ ի՞նչ կարելի էր առարկել:
Ու գնացի մշակելու մի պառավ նեգրուհու դաշտը՝քիթս ու ականջներս չկորցնելու համար: Սակայն, մեկ տարի հետո փրկանքով ազատվեցի:
Ես տեսել էի ամենայն գեղեցիկը, լավն ու հիանալին, որ կա այս աշխարհում:Որոշեցի այլևս ոչ ոքի հետ չառնչվել, բացի իմ պենատներից. ամուսնացա, եղա կոտոշավոր ամուսին ու տեսա, որ դա է այս կյանքի երանելագույն վիճակը:

“Romans et contes”
Editions RADOUGA , Moskkva 1985

Թողնել պատասխան

Your email address will not be published.