ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ | Զոմբին

Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամի

Թարգմանությունը` Մերի Շարոյանի

Նրանք քայլում էին այն ճանապարհով, որն անցնում էր գերեզմանատան մոտով: Խավար կեսգիշեր էր: Անգամ մառախուղ էր բարձրացել: Իհարկե, չէին ցանկանում այս ուշ ժամին անցնել հենց այդ ճանապարհով: Բայց հանգամանքները ստիպեցին: Ամուր բռնած միմյանց ձեռքերը` նրանք արագորեն առաջ էին անցնում:

—Կարծես Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակում լինենք,— շշնջաց աղջիկը:

— Ահա, հիմա գերեզմանաքարը կշարժվի,- փռթկացրեց տղան:

Հենց այդ պահին ինչ-որ տարօրինակ ձայն լսվեց, կարծես մի ծանր բան շարժվեց: Նրանք կանգնեցին և իրար դեմքի նայեցին:

Տղան ծիծաղեց:

—Հիմարություն: Վախենալու բան չկա: Ճյուղ կոտրվեց: Երևի, քամուց:

Բայց այդ գիշեր քամի չկար:

Նե* կուլ տվեց թուքը և նայեց շուրջբոլորը: Վատ կանխազգացում ուներ:

Զոմբի կա:

Բայց ոչինչ չէր երևում: Վերակենդանացած դիակների ոչ մի հետք: Նրանք անցան առաջ:

Աղջկան թվաց, թե տղայի դեմքին գծագրվեց դաժան արտահայտությունը:

— Ինչո՞ւ ես այդքան անշնորհք քայլում,- հանկարծակի հարցրեց նա:

— Ե՞ս,—զարմացավ աղջիկը—Մի՞թե անշնորհք է:

— Ահավոր է:

— Իսկապե՞ս:

— Ոտքերդ կարծես անիվ լինեն:

Աղջիկը կծեց շրթունքը: Գուցե, նա ճիշտ է: Բայց դա չի նշանակում, որ դեմքին պետք է ծիծաղի:

Ոչինչ չասաց: Սիրում էր այդ տղային և նա էլ սիրում էր իրեն: Հաջորդ ամսին կամուսնանան: Ի՞նչ իմաստ ունի վիճելը նման փոքր բաների պատճառով:

Գուցե ոտքերը մի քիչ ծուռ են, հետո՞ ինչ:

— Կյանքումս առաջին անգամ եմ ծուռ ոտքերով կնոջ հետ հանդիպում:

— Հա՞,—տանջահար ժպիտով արտաբերեց նե:

Միգուցե, նա հարբա՞ծ է: Բայց այսօր ընդհանրապես չի խմել:

— Բացի դա, քո ականջի մեջ երեք խալ կա: Պատկերացնո՞ւմ ես:

— Ի՞նչ ես ասում: Եվ ո՞ր ականջիս մեջ:

—Աջ: Աջ ականջիդ մեջ երեք այլանդակ խալ կա:

— Դուրդ չե՞ն գալիս խալերը:

—Ատում եմ: Երկրի վրա էնպիսի մարդ չկա, ում դրանք դուր կգան:

Աղջիկն ավելի ուժեղ կծեց շրթունքը:

—Քո թևատակերից մեկ-մեկ հոտ է գալիս,— շարունակեց նա: – Դա ինձ արդեն վաղուց է նյարդայնացնում: Եթե ամռանը ծանոթանայիք, երևի չէինք էլ սկսի հանդիպել:

Նե հոգոց հանեց: Հետո հեռացրեց իր ձեռքը նրա ձեռքից:

— Քեզ չի՞ թվում, որ արդեն ավելորդություններ ես խոսում: Սա չափազանց է: Դու երբեք քեզ…

— Վերնաշապիկիդ օձիքն էլ կեղտոտ է: Ու դու սա հագել ես: Ինչո՞ւ ես էդքան փնթի:

Բարկությունից աղջիկը ոչինչ չէր կարողանում ասել:

— Չէ, դու լսիր: Քեզ ասելու լիքը բան ունեմ: Ծուռ ոտքերը, քրտնող թևատակերը, կետոտ օձիքը և ականջի խալերը ընդամենը մի մասն են: Ընդհանրապես, ինչո՞ւ ես քեզ չսազող ականջօղեր կրում: Անբարոյականի տեսք ունես: Բայց չէ, նույնիսկ դրանք ավելի համեստ ականջօղ են կրում: Մնում էր քթիդ փիրսինգ անես: Գիտես, կսազի կրկնակզակիդ: Հա, կրկնակզակի մասին: Մորդ մոտ ոնց որ խոզի կզակ լինի: Համ էլ խռխռում է խոզի պես: Մի քսան տարուց դու էլ էտպիսին կդառնաս: Երկուսդ էլ շատ եք զխտկվում: Ծպծպացնելով: Խոզերի նման: Հերդ ընդհանրապես ահավոր է: Նույնիսկ մարդավարի գրել չգիտի: Վերջերս ծնողներիս նամակ էր ուղարկել, մերոնք մեռան ծիծաղից: Երևի տարրական դպրոցն էլ չի ավարտել, չէ՞: Ինչ ահավոր ընտանիք եք…
Կեղտից եք դուրս եկել: Սաղիդ պետք է բենզինով վառել: Ճարպոտ եք, լավ կվառվեք:

—Եթե այդքան դուրդ չեմ գալիս, ինչո՞ւ ես ինձ ամուսնության առաջարկ արել:

Նա դրան ոչինչ չպատասխանեց:
Հետո գոռաց.

«Խոզ»

— Մի բան էլ, էն, ինչ- որ ունես ոտքերիդ արանքում, ահավոր է: Ես համակերպվել եմ և գործս խելոք անում եմ, բայց ոնց որ էժանագին ձգած ռեզին լինի: Էտպիսի բան ունենայի, կմեռնեի ամոթից: Ու կարևոր չի, ինչ մահով: Ուղղակի կսատկեի, քանի որ դրանով ապրելը խայտառակություն է:

Աղջիկը հուսահատված նայեց նրան:

— Ինչպես ես համարձակվում…

Այդ պահին տղանդ բռնեց գլուխը: Դեմքը ցավից ծամածռվեց և նա սկսեց եղունգներով քերել այտոսկրերի մաշկը:

—Ինչ ցավոտ է,- ասաց նա ,- Գլուխս պայթում է:

— Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց աղջիկը:

— Կարգի՞ն: Էլ չեմ դիմանում: Մաշկս պոկվում է, վառվում:

Նե դիպավ նրա դեմքին: Տաք էր, կարծես կրակով վառվելիս լիներ: Աղջիկը փորձեց տրորել այստոսկրերի, բայց մաշկը սկսեց թափվել: Երևաց կարմիր հարթ միսը: Նե հետ ցատկեց:

Նա կանգնեց, քմծիծաղ տվեց և սկսեց պոկել մաշկը: Աչքի խնձորակները կախ ընկան: Քիթը վերածվեց երկու մութ փոսի: Չքացան շրթունքերը, երևացին ատամները:

— Այսքան ժամանակ քեզ հետ էի, որ ուտեմ խոզի մսի նմանվող միսդ: Քեզ թվում է, քեզ հետ շփվել կարելի է ուրիշ բանի համա՞ր: Նույնիսկ դա՞ չես հասկանում: Դեբի՞լ ես, ինչ է: Դեբիլ, դեբիլ, հահահա…

Մսակտորը վազեց նրա հետևից: Աղջիկը վազում էր ամբողջ ուժով: Բայց փախչել մսակտորից չկարողացավ: Գերեզմանատան կողքին նա բռնեց նրա վերնաշապիկի օձիքը:

Նե ճչաց…

Նրան տղամարդ էր գրկել:

Կոկորդը չորացել էր:

Տղան ժպտալով նայում էր նրան:

— Ի՞նչ պատահեց: Վատ երա՞զ տեսար:

Նե բարձրացավ մահճակալից, զննեց շրջակայքը: Նրանք լճակի մոտ գտնվող հյուրանոցում էին: Աղջիկը թափահարեց գլուխը:

— Ես գոռո՞ւմ էի:

—Հա, – ծիծաղելով պատասխանեց նա,- Զարհուրելի ճիչ էր: Երևի բոլորը լսել են ու մտածել, որ էստեղ սպանություն է կատարվում:

— Կներես,- ասաց աղջիկը:

— Ոչինչ, վա՞տ երազ էր:

— Չես էլ պատկերացնում, թե ինչքան:

— Կպատմե՞ս:

—Չեմ ուզում,- հակառակեց աղջիկը:

— Բայց լավ կլինի, որ պատմես: Դողդ կանցնի:

—Հիմա չէ: Հետո կպատմեմ:

Որոշ ժամանակ նրանք լռում էին: Նե հենել էր գլուխը տղայի մերկ կրծքին: Հեռվում լսվում էր գորտերի կռկռոցը: Կրծքի տակից տղայի սիրտը զարկում էր դանդաղ և համաչափ:

— Լսիր, մի բան եմ ուզում քեզ հարցնել,-հիշելով` ասաց աղջիկը:

— Ինչի՞ մասին:

— Իմ ականջի մեջ խալեր կա՞ն:

—Խալե՞ր: Էն երեք զզվելի խալի մասի՞ն ես հարցնում:

Աղջիկը փակեց աչքերը:

Ամեն ինչ շարունակվում էր:

 

1 մեկնաբանություն

  1. Ամոթ չի չիմանալը, ամոթ է չսովորելը։Ո՞վ է այս հեղինակը։ Կարճ, երկու տողով և լավ կլինի, որ բոլոր հեղինակներն էլ ներկայացվեն։Հրաշալի գործ եք անում,կարծես հեքիաթ լինի։ Շնորհակալություն։

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի