Գաբրիելե Դ’ Աննունցիո | ԼԱՍՏԱՎԱՐԸ

Gabriele D’Annunzio

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Դոննա Լաուրա Ալբոնիկոն պարտեզում էր, տաղավարի տակ, պաստպարվում էր կեսօրվա տապից:
Ամառանոցը լռում էր, լրիվ սպիտակ, փակ շերտավարագույրներով, թաղված ցիտրուսային բույսերի մեջ: Արևը անսահման ջերմություն ու փայլ էր արձակում: Հունիսի կեսերն էին. խաղաղավետ օդի մեջ ծաղկած նարնջենիների ու կիտրոնների բուրմունքը խառնվում էր վարդերի հոտին: Պարտեզում ամենուր վարդեր էին աճում` մի անսանձահարելի կենսական ուժով: Որոշ պահերի, բուրմունքով ներծծված օդը անուշ ու զգլխիչ համ էր ստանում, ինչպես ընտիր գինունը: Շատրվանները, որ չէին երևում կանաչ բուսականության հետևում, շնկշնկում էին: Ժամանակ առ ժամանակ, ցայտաղբյուրների պսպղացող կատարները երևում էին սաղարթների արանքից, հետո անհետանում, նորից էին հայտնվում, զանազան խաղիկներով, ու մի քանի ցածր ցայտաղբյուրներ ծաղիկների ու խոտերի մեջ խոխոջում էին ու վշվշում, ասես դրանց մեջ ինչ-որ գազաններ էին վազվզում, արածում կամ բներ փորում: Թռչունները, որ տեսանելի չէին, երգում էին:
Դոննա Լաուրան, տաղավարի տակ նստած, մտածում էր:
Նա արդեն տարեց կին էր: Դեմքը նուրբ էր ու ազնվազարմ. քիթը երկար էր, մի քիչ արծվային, ճակատը՝ շատ լայն, բերանը կատարյալ էր, դեռևս թարմ ու բարեկազմ: Ալեխառն մազերը հավաքված էին քունքերին ու գլխի չորս բոլորը՝ թագի նման: Երիտասարդ ժամանակ նա պիտի շատ գեղեցիկ ու գրավիչ եղած լիներ:
Երկու օր առաջ էր եկել այս մեկուսի տունը ամուսնու ու փոքրաթիվ ծառաների հետ: Հրաժարվել էր մնալ Պյեմոնտի շքեղ ամառանոցում, որն իրենց ամառային սովորական կացարան էր. հրաժարվել էր ծով գնալուց, ու եկել այս անձուկ, գրեթե ամայի գյուղը:
-Խնդրո՛ւմ եմ, գնա՛նք Պենտի,-ասել էր ամուսնուն:
Վաթսունամյա բարոնը սկզբում մի քիչ զարմացել էր իր կնոջ այդ տարօրինակ ցանկության պատճառով:
Ինչո՞ւ Պենտի: Ի՞նչ էր անելու այդ Պենտիում:
-Խնդրո՛ւմ եմ, գնա՛նք: Փոփոխության համար,- պնդել էր Դոննա Լաուրան:
Բարոնը, ինչպես միշտ, ի վերջո համաձայնել էր:
-Է՛հ, գնա՛նք:
Երիտասարդ ժամանակ Դոննա Լաուրայի կյանքը հախուռն էր եղել: Տասնութ տարեկանում ամուսնացել էր բարոն Ալբոնիկոյի հետ՝ հաշվենկատ ամուսնությամբ: Բարոնը կռվում էր Նապոլեոն Առաջինի բանակում, մեծ խիզախությամբ. նա տանը չէր լինում գրեթե միշտ , քանզի մշտապես հետևում էր ֆրանսիական կայսեր արծիվների թռիչքին: Այդ երկար բացակայություններից մեկի ժամանակ, մարքիզ դի Ֆոնտանելլան, երիտասարդ մի պարոն, ով կին ու երեխաներ ուներ, սիրահարվեց Դոննա Լաուրային. ու քանի որ գեղեցիկ ու կրքոտ երիտասարդ էր, ի վերջո կոտրեց կնոջ դիմադրությունը:
Երկու սիրահարների համար դա եղավ ամենաքնքուշ երջանկության մի ժամանակաշրջան: Ապրում էին լիակատար ինքնամոռացության մեջ:
Բայց ահա, մի օր, Դոննա Լաուրան զգաց, որ հղի է. լաց եղավ, հուսահատվեց, ընկավ սարսափելի անձկության մեջ՝ չիմանալով ինչ ելք գտնել, ինչպես փրկվել: Իր սիրեկանի խորհրդով մեկնեց Ֆրանսիա. թաքնվեց Պրովանսի փոքրիկ գյուղերից մեկում, այն աչքից հեռու վայրերից մեկում, որը լի է կանաչ բուսականությամբ, և որի բնակիչները խոսում են տրուբադուրների լեզվով:
Ապրում էր գյուղի տներից մեկում, որը շրջապատված էր մի մեծ բանջարանոցով: Ծառերը ծաղկում էին. գարուն էր: Սարսափների ու սև մելամաղձության միջև, անսահման քնքշության պահեր էր ապրել: Երկար ժամեր անցկացնում էր ստվերի տակ նստած, մի տեսակ անգիտակցականության մեջ, մինչ ժամանակ առ ժամանակ, մայրության աղոտ զգացումը նրան խորին սարսուռ էր պատճառում: Ծաղիկները նրա շուրջ արբեցնող բուրմունք էի արձակում. թեթևակի սրտխառնոցներ էին բարձրանում կոկորդը՝ իր բոլոր անդամների մեջ տարածելով մի անսահման խոնջություն: Ի՜նչ անմոռանալի օրեր էին:
Ու երբ հանդիսավոր պահը մոտեցավ, ժամանեց իր սիրեկանը: Խեղճ կինը տառապում էր: Նա նրանից չէր հեռանում, գունատ դեմքով, քչախոս, հաճախ համբուրելով նրա ձեռքերը: Ծննդաբերեց գիշերը: Գոռում էր երկունքի ցավերի մեջ. ջղաձգորեն ձեռքը գցում էր մահճակալի ճաղերին. իրեն թվում էր, թե մեռնելու էր: Մանչուկի առաջին ճիչերը նրա հոգին տակն ու վրա արեցին: Մեջքի վրա պառկած, գլուխը հետ գցած բարձերի վրա, լրիվ սպիտակ, այլևս ձայնը կտրած, էլ ուժ չունենալով կոպերը բացելու, տարածում էր իր անարյուն ձեռքերը, թուլորեն, աղոտ, փոքրիկ շարժումներով, ինչպես երբեմն մահամերձներն են անում՝ձեռքերը լույսին պարզելով:
Հաջորդ օրը նա պահեց մանչուկին իր ձեռքերի մեջ, նույն մահճակալի վրա, նույն ծածկոցի տակ: Երեխան թուլակազմ էր, փափուկ ու մի քիչ կարմրավուն, որ թրթռում էր ծնունդ առած կյանքի անդադար բաբախյունից, և որի մեջ մարդկային ձևերը որոշակիություն չէին ստացել տակավին: Աչքերը դեռ փակ էին, մի քիչ ուռած. բերանից թույլ տնքոց , համարյա անորոշ մլավոց էր ելնում:
Մայրը, հիացիկ, չէր կշտանում նրան նայելուց, նրան ձեռք տալուց, իր դեմքի վրա նրա շնչառությունը լսելուց: Պատուհանից մի շիկավուն լույս էր թափանցոում, ու երևում էին պրովանսական հողերը, բոլորը հունձքով ծածկված: Օրը մի տեսակ սրբազնությամբ էր լցված: Հացահատիկին նվիրված երգերն էին լսվում անդորրագին օդի մեջ:
Հետո երեխային վերցրին նրանցից, գաղտնիորեն, ու հայտնի չէր, ուր տարան: Այլևս նրան չտեսավ: Վերադարձավ իր տունն ու ապրեց ամուսնու հետ, ինչպես ապրում էին բոլոր կանայք, ու ոչ մի դեպք այլևս չխռովեց նրա կյանքը: Ուրիշ զավակ չունեցավ:
Բայց հիշողությունը, պաշտամունքը այն երեխայի, որին էլ չէր տեսնում, որ չգիտեր որտեղ էր գտնվում, մշտապես խռովում էին իր հոգին: Միայն այդ մտածմունքն ուներ. հիշում էր այն օրերի բոլոր, ամենափոքր իսկ մանրամասները.պարզորոշ տեսնում էր պրովանսական գյուղը, մի քանի ծառերի ուրվագծերը, որ տան առջևում էին. ինչ-որ բլրի ուրվապատկեր, որ փակում էր հորիզոնը, մահճակալի ծածկոցի գույնն ու նկարները, բիծը սենյակի կամարի վրա, մի փոքրիկ զարդանախշված ափսե, որի վրա բերում էին բաժակը, ամեն, ամեն բան տեսնում էր պարզորոշ, բոլոր մանրամասներով: Ամեն անգամ այդ հեռավոր բաների ուրվականը հառնում էր նրա հիշողության մեջ, խառնիխուռն, ինչպես երազում: Երբեն նա դրանից գրեթե շշմում էր: Նրա առջև, ճշգրիտ ու կենդանի պտտվում էին ինչ-որ մարդկանց դեմքեր, որոնք տեսել էր այնտեղ, նրանց մի անկարևոր շարժուձևը, ինչ-որ վարմունքը, ինչ-որ հայացքը: Նրա ականջներում իր մանչուկի ճղճղոցն էր, նրա թույլ մատիկների հպումը, վարդագույն, փափուկ, այն մատիկների, որ գուցե նրա մարմնի միակ անդամներն էին, որ արդեն կատարելապես կազմավորված էին, ասես մեծահասակ մարդու ձեռքի մանրաքանդակ, գրեթե աննկատելի երակներով, բարակ վերքերով ծածկված հատվածներով, թափանցիկ, քնքուշ, թեթևակի մանիշակագույնով դրոշմված եղունգներով: Օ՜, այդ ձեռքերը: Ի՜նչ տարօրինակ սարսուռով էր մայրը մտածում դրանց անգիտակից շոյանքի մասին: Ինչպե՜ս էր զգում դրանց եզակի հոտը, որն հիշեցնում է առաջին բմբուլով ծածկված աղավնիներինը:
Ու այդպես, Դոննա Լաուրան, պարփակված իր այդ ներքին աշխարհում, անցկացրեց տարիներ, բազմաթիվ տարիներ, մինչև ծերություն: Երբեն իր նախկին սիրեկանին հարցնում էր տեղեկություններ իր որդուց: Կուզենար տեսնել նրան, իմանալ նրա մասին:
-Գոնե ասացեք որտեղ է: Խնդրո՛ւմ եմ:
Մարքիզը, վախենալով անզգույշ քայլերից, հրաժարվում էր ասել: «Նա չպետք է նրան տեսներ: Նա ի վիճակի չէր լինի իրեն զսպել: Որդին կկռահեր ամեն ինչ.նա այդ գաղտնիքը կարող էր օգտագործել իր նպատակների համար.գուցե ամեն ինչ ջրի երես հաներ…ո՛չ, ո՛չ, նա չպետք է նրան տեսներ»:
Դոննա Լաուրան այդ շրջահայաց մարդու փաստարկների դեմ մոլորված էր մնում: Նա չէր կարողանում պատկերացնել, որ իր զավակը մեծացել էր, արդեն մեծահասակ մարդ էր դարձել, գուցե արդեն տարիքն առած տղամարդ էր: Արդեն մոտ քառասուն տարի էր անցել նրա ծննդյան օրվանից.բայց իր մտքերում նա միայն իր մանչուկին էր տեսնում, վարդագույն, դեռևս փակ աչքերով:
Մարքիզ դի Ֆոնտանելլան մահացավ:
Երբ Դոննա Լաուրան իմացավ ծերունու հիվանդության մասին, մի այնպիսի ցավագին անձկությամբ լցվեց, որ մի իրիկուն, այլևս չկարողանալով դիմադրել տառապանքին, միայնակ դուրս ելավ տնից, ուղղվեց դեպի հիվանդի տունը, քանզի մի սևեռուն միտք էր նրան առաջ մղում, իր որդու մասին միտքը: Նախքան ծերունու մեռնելը, ուզում էր իմանալ գաղտնիքը:
Քայլեց պատերի երկայնքով, լրիվ ծպտված, ասես չէր ուզում որ իրեն տեսնեին: Փողոցները լի էին մարդկանցով. արևամուտի վերջին շողերից տները վարդագույն էին դարձել. տների միջև հանկարծ ինչ-որ մի պարտեզ էր հայտնվում, լրիվ մանիշակագուն՝ ծաղկած յասամաններից: Ծիծեռնակների թռիչքը, սրընթաց ու շրջանաձև, միահյուսվում էին լուսավոր երկնքում: Վազելով անցնում էին երեխաների խմբեր, գոչյուններով ու կանչերով: Երբեմն անցնում էր ինչ-որ հղի կին, իր ամուսնու թևն ընկած.ու նրա փքված փորի ստվերն ընկնում էր պատի վրա:
Թվում էր Դոննա Լաուրային ճնշում էր իրերի ու մարդկանց այդ հրճվագին կենսառատությունը:Նա արագացնում էր քայլերը, փախչում: Ցուցափեղկերի, բաց կրպակների, սրճարանների ճոխությունը նրա աչքերին սուր ցավ էին պատճառում: Քիչ առ քիչ նրա գլուխը բթանում էր, հոգին մի տեսակ երկյուղ էր պատում.- Այս ի՞նչ էր անում: Ո՞ւր էր գնում: -Գիտակցության այդ անկանոն հոսքի մեջ, նրան թվում էր, թե գրեթե հանցանք էր գործում, թե բոլորն իրեն էին նայում, զննում, կռահում իր միտքը:
Հիմա քաղաքը բոսորագույն էր արևի վերջին ճառագայթներից: Այս ու այնտեղ, նկուղների մեջ, լսվում էին գինուն ձոնված խմբերգերը:
Նա հասավ դռան մոտ, բայց ուժ չունեցավ ներս մտնելու: Մի քսան քայլ առաջ գնաց, հետո վերադարձավ: Ի վերջո հատեց շեմը, բարձրացավ աստիճաններով. ուժասպառ կանգ առավ նախասրահում:
Տանը տիրում էր այն լուռ իրարանցումը, որով ընտանիքի անդամները շրջապատում են մեռնողի մահճակալը: Սպասավորները քայլում էին ոտքերի թաթերի վրա՝ ինչ-որ բան տանելով ձեռքերի մեջ: Միջանցքում լսվում էին ցածրաձայն երկխոսություններ: Մի ճաղատ պարոն, լրիվ սև հագնված, անցավ հյուրասենյակով, գլուխ տվեց Դոննա Լաուրային ու դուրս ելավ տնից:
Մի սպասավորի Դոննա Լաուրան արդեն վստահ ձայնով հարցրեց.
-Մարքիզուհին ո՞ւր է:
Սպասավորը ձեռքի հարգալից շարժումով նրան ցույց տվեց մեկ ուրիշ սենյակ: Ու վազեց հայտնելու այցելության մասին:
Մարքիզուհին հայտնվեց: Ավելի շուտ գեր կին էր, մոխրագույն մազերով: Աչքերը լի էին արցունքներով: Թևերը բացեց՝ ընկերուհուն գրկելու համար, առանց խոսելու, շնչահեղձ լինելով հեկեկոցից:
Քիչ անց, Դոննա Լաուրան հարցրեց՝ աչքերը գետնից չկտրելով.
-Կարո՞ղ եմ տեսնել;
Այդ խոսքերն արտաբերելիս սեղմեց ծնոտները՝ ձայնի դողդոջը չմատնելու համար:
Մարքիզուհին ասաց.
-Արի՛:
Երկու տիկնայք մտան այն սենյակը, ուր հիվանդն էր պառկած: Լույսն այնտեղ մեղմ էր.ինչ-որ դեղորայքի հոտ էր տարածվել օդի մեջ.սենյակում առարկաները մեծ ու տարօրինակ ստվերներ էին գցում: Մարքիզ դի Ֆոնտանելլան, մահճակալի վրա մեկնված, գունատ, լրիվ կնճռապատ դեմքով, ժպտաց՝ Դոննա Լաուրային տեսնելով: Կամացուկ ասաց,
-Շնորհակալությո՛ւն, բարոնուհի:
Ու մեկնեց նրան իր ձեռքը, որը խոնավ էր ու գաղջ:
Թվաց, թե նրա գիտակցությունը միանգամից տեղը եկավ, կամային մի ճիգով: Խոսեց տարբեր բաների մասին, զգուշորեն օգտագործելով բառերը, ինչպես որ անում էր առողջ ժամանակ:
Բայց Դոննա Լաուրան, ստվերի մեջ, սևեռուն նրան էր նայում, մի այնպիսի աղաչական, կրակոտ հայացքով, որ մարքիզը, կռահելով, դարձավ իր կնոջը.
-Ջովա՛ննա, խնդրում եմ, թուրմ պատրաստիր, ինչպես այս առավոտ:
Այդժամ Դոննա Լաուրան, մի աննկարագրելի շարժումով, կռացավ ծերունու վրա, բռնեց նրա ձեռքերն ու աչքերով նրանից դուրս քաշեց այս բառերը.
-Պենտիում է…Լուկա Մարինո…կին ունի…տուն…Մի՛ այցելիր նրան, մի՛ այցելիր,-շշնջաց ծերուկը դժվարությամբ, բռնված հանկարծակի մի սարսափով, որից նրա բբերը լայնացան: -Պենտիում…Լուկա Մարինո…Քեզ չբացահայտե՛ս ոչ մի դեպքում:
Մարքիզուհին արդեն գալիս էր, թուրմը ձեռքին;
Դոննա Լաուրան նստեց.հավաքեց իրեն:Հիվանդը խմեց. կումերը իջնում էին նրա կոկորդով, ղլղլալով, կանոնավոր, հատ-հատ:
Հետո լռություն տիրեց: Ու հիվանդը, թվաց, քնի մեջ ընկավ. դեմքը ավելի փոս ընկավ. ստվերներն ավելի խոր, գրեթե սև, պատեցին նրա աչքերի չորս բոլորը, այտերը, ռունգերը, կոկորդը:
Դոննա Լաուրան հրաժեշտ տվեց ընկերուհուն, շունչը պահելով, անաղմուկ:

II

Այս բոլոր բաները վերհիշում էր տիկինը տաղավարի տակ, խաղաղավետ պարտեզի մեջ:Հիմա ի՞նչն էր ուրեմն, նրան հետ պահում իր որդուն տեսնելուց:Կուզենար ինքն իր վրա բռնանալ. նա չէր հայտնի իր ով լինելը, ո՜չ: Իրեն բավական կլիներ նրան տեսնել, իր որդուն, ում ինքը ընդամենը մեկ օր էր պահել իր ձեռքերի մեջ, այնքա՜ն տարիներ առաջ, շա՜տ տարիներ: Մեծացե՞լ էր: Գեղեցի՞կ էր: Ինչպիսի՞ն էր: Ու մինչ հարցեր էր տալիս այսպես ինքն իրեն, իր մտքի մեջ չէր կարողանում պատկերացնել նրան: Իր մեջ դարձյալ իր մանչուկի պատկերն էր, որի դեմ չքանում էին մյուս բոլոր պատկերները, ձևերի հստակ պարզությամբ այն վանում էր երևակայական ցանկացած մեկ այլ պատկեր, որը փորձ էր անում հայտնվել իր երևակայության մեջ: Ինքնամոռաց տրվում էր անորոշ զգացմունքին: Իրականության զգացումն այդ պահին խույս էր տալիս նրանից:
-Ես պիտի տեսնե՛մ նրան: Պիտի նրան տեսնե՛մ,-կրկնում էր ինքն իրեն, արբենալով:
Շուրջը լռություն էր տիրում: Քամուց եղեգները խոնարհվում էին, իսկ երբ քամին դադարում էր, շարունակում էին ծանրորեն տարուբերվել: Ցայտաղբյուրները շնկշնկում էին ու շողշողում կանաչների մեջ՝ երկարավուն սուսերների պես:
Դոննա Լաուրան մի պահ ականջ դրեց: Լռության միջից հառնում էր ինչ-որ մեծ ու անսպառ մի բան, որ նրա հոգում ներարկում էր մի առեղծվածային երկյուղ: Նա տատանվեց: Հետո գնաց ճեմափողոցով, սկզբում արագ քայլերով. հասավ ճաղին, որը պատված էր բույսերով ու ծաղիկներով.կանգ առավ՝ հետ նայելու համար. բացեց դուռը: Կեսօրվա արևի տակ իր առջև ամայի գյուղն էր տարածվում: Պենտիի տնակները հեռվում սպիտակին էին տալիս երկնքի կապույտի մեջ, զանգակատնով, գմբեթով, երկու կամ երեք սոճիներով: Գետը ոլորվում էր դաշտավայրի մեջ, ծուռ ու մուռ, շողշողուն, անցնելով տների մոտով:
Դոննա Լաուրան մտածեց. «Նա այնտե՛ղ է»: Ու նրա մայրական բոլոր լարերը թրթռացին: Փութկոտորեն շարունակեց քայլել՝նայելով իր դիմաց, արևից կկոծելով աչքերը, ուշադրություն չդարձնելով շոգին:Ճանապարի մի հատվածում սկսվեցին ծառերը. բարալիկ բարդիներ էին, որոնց միջից լսվում էր ծղրիդների երգը:Երկու ոտաբոբիկ կանայք, ամեն մեկը մի կողով դրած գլխին, գալիս էին ընդառաջ:
-Լուկա Մարինոյի տունը գիտե՞ք, -հարցրեց տիկինը՝ բռնված այդ անունը բարձրաձայն ու անկաշկանդ արտասանելու մի անդիմադրելի ցանկությամբ:
Կանայք նայեցին նրան, զարմացած, կանգ առնելով: Նրանցից մեկը պարզամտորեն ասաց.
-Մենք Պենտիից չե՛նք:
Դոննա Լաուրան, դժգոհ, շարունակեց ճանապարհը, արդեն զգալով մի քիչ հոգնածություն տարեց կնոջ իր խեղճ անդամների մեջ: Մի թեթև գլխապտույտ էր զգում:
Ավելի ու ավելի էր մոտենում Պենտիին: Բազմաթիվ արևածաղիկների միջև երևացին առաջին հյուղակները: Սարսափելի գեր մի կին նստած էր մի նստարանի: Իր խոշոր մարմնի վրա ուներ մանկական գլուխ, մեղմ աչքեր, սպիտակ ատամներ, խաղաղագույն ժպիտ ՝դեմքին:
-Օ, տիկի՛ն, ո՞ւր եք գնում,- հարցրեց կինը, հետաքրքրասիրության անմեղ ձայներանգով:
Դոննա Լաուրան մոտեցավ: Նրա դեմքը վառվում էր ու շունչը կտրվում: Ուժերը լքում էին իրեն:
-Աստվա՛ծ իմ, օ՜ Աստվա՛ծ իմ,- տնքում էր՝ ափերով սեղմելով քունքերը:- Օ՜, Աստվա՛ծ իմ:
-Տիկի՛ն, հանգստացե՛ք,- ասաց հյուրընկալ կինը՝ նրան ներս հրավիրելով:
Տունը ցածր էր ու մութ. և ուներ այն յուրահատուկ հոտը, որ ունեն բոլոր այն վայրերը, որտեղ շատ մարդիկ ապրում են իրար վրա լցված: Երկու-երեք մերկ մանուկներ, որ ուռած փորեր ունեին, ու թվում էր, ուռուցվորությամբ էին տառապում, քարշ էին գալիս հատակին, փսփսալով, կռվշտելով, բնազդորեն բերաններ տանելով ամեն բան, որ ընկնում էր իրենց ձեռքը:
Մինչ Դոննա Լաուրան նստած՝փորձում էր վերագտնել իր ուժերը, կինը ծուլորեն խոսում էր՝ ձեռքերում պահելով մի մանչուկի, ամբողջովին պատված սևավուն կճեպ տված մաշկով, որոնց միջից նայում էին երկու մեծ աչքեր, ջինջ ու կապուտակ, ասես երկու հրաշք ծաղիկներ:
Դոննա Լաուրան հարցրեց.
-Լուկա Մարինոյի տունը ո՞րն է:
Տանտիրուհին ձեռքով ցույց տվեց մի կարմրավուն տնակ, գյուղի ծայրին, գետափի մոտ, շջջապատված բարձր բարդիներով:
-Ա՜յ այն մեկը, ինչու՞:
Ծեր տիկինը առաջացավ՝ նայելու:
Նրա աչքերը ցավում էին՝կուրանալով արևի լույսից, իսկ կոպերը բացվում ու փակվում էին արագորեն: Նա մի քանի րոպե մնաց այդ դիրքում, դժվարությամբ շնչելով, առանց պատասխանելու, համարյա շնչահեղձ լինելով մայրական զգացմունքների վերազարթոնքից: Ուրեմն դա՞ էր իր որդու տունը: Հանկարծ նրա աչքին երևաց, ասես լույսի շողարձակման մեջ, այն սենյակը հեռավոր պրովանսական գյուղում, մարդիկ, իրերը, աթոռները, ու մնաց լուռ, շփոթված, մի տեսակ համրացածության մեջ, սակայն հստակ ու ակնհայտ: Նա ընկավ աթոռի վրա, ու համրացավ, ապշահար, մի տեսակ ֆիզիկակակն բթացածոթյան մեջ, որ երևի արևի ազդեցության հետևանքն էր: Ականջներում շարունակական դժժոց էր:
Տանտիրուհին ասաց.
-Ուզում եք անցնել գետի մյուս ա՞փը:
Դոննա Լաուրան մի թեթև շարժում արեց, կախարդված իր աչքերի ցանցաթաղանթի կարմիր օղակների հողմապտույտից:
-Լուկա Մարինոն մարդկանց ու անասուններ է տեղափոխում գետի մի ափից մյուսը: Մի նավակ ունի ու լաստ, -շարունակեց տանտիրուհին: -Եթե ոչ, պետք է գնալ մինչև Պեցցի ու գտնել ծանծաղուտը: Արդեն երեսուն տարի է այդ գործն է անում:
Դոննա Լաուրան այժմ լսում էր ճիգ գործադրելով, մտքերը ժողովելու համար, որ խառնիխուռն վիճակում էին: Բայց իր որդու մասին այդ նորությունը լսելով, մոլորվել էր.համարյա չէր հասկանում:
-Լուկան այս գյուղից չէ,-շարունակեց գեր կինը՝տրվելով իր բնածին շատախոսությանը: Մարինոների ընտանիքն է նրան պահել, մեծացրել, քանի որ զավակ չունեին: Ու մի պարոն, ո՛չ այս կողմերից, նրան կին ճարեց: Հիմա լավ է ապրում. աշխատում է, բայց մի քիչ սիրում է խմել:
Կինը դա ասում էր, ու նաև ուրիշ բաներ էլ, զարմանալի պարզամտությամբ, առանց չարամտության, Լուկայի անհայտ ծագման մասին;
-Մնաք բարո՛վ, մնաք բարո՛վ,-ասաց Դոննա Լաուրան՝ վեր կենալով, կեղծ անտարբերությամբ: -Շնորհակալությո՛ւն Ձեզ, բարի՛ կին:
Երեխաներից մեկին մի մետաղադրամ տվեց ու դուրս եկավ դեպի լույսը:
-Այն արահետո՛վ ,-նրա հետևից գոռաց տանտիրուհին՝ ձեռքով ցույց տալով:
Դոննա Լաուրան գնաց նրա ցույց տված արահետով: Մի մեծ լռություն էր տիրում շուրջը, ու լռության մեջ ծղրիդները բարձր երգում էին: Մի քանի ծռմռված ու հանգուցավոր ձիթենիներ էին աճում չորացած հողի վրա: Գետը, ձախ կողմում, շողշողում էր:
-Էհե՜յ, Լա Մարտի՜նա՜,-կանչեց մի ձայն հեռվում, գետի կողմից:
Մարդկային այդ ձայնից ծեր կնոջ երակները դողացին: Նա նայեց:
Գետի վրա մի նավակ էր լողում, հազիվ տեսանելի՝ լուսավոր գոլորշու մեջ ու մի ուրիշ նավակ էլ, բայց առագաստով, սպիտակին էր տալիս մեծ հեռավորության վրա: Առաջին նավակի մեջ երևում էին կենդանիներ. երևի ձիեր էին:
-էհե՜յ, Լա Մարտինաաա՜, նորից կանչեց ձայնը:
Երկու նավակները մոտենում էին իրար: Դա ծանծաղուտի տեղն էր, ուր նավավարները վտանգի էին ենթարկվում, երբ բեռը շատ ծանր էր լինում:
Դոննա Լաուրան, մի ձիթենու տակ կանգնած, հենված բնին, հայացքով հետևում էր, թե ինչ էր տեղի ունենում: Նրա սիրտը բաբախում էր այնքան ուժգնոեն, որ իրեն թվում էր, թե այդ զարկերն արձագանքվում էին շրջակա ամբողջ գյուղում: Թիակների ճողփյունը, ծղրիդների երգը, ջրի շողարձակումը, բոլոր այդ բաները խռովում էին նրա հոգին, թափանցում էին նրա մտքերի մեջ խելագար խառնակությամբ:
Ուղեղի մեջ արյան դանդաղ կուտակումից, արևի ազդեցությամբ, աչքին ինչ-որ կարմրավուն տեսիլք էր երևում, որ գլխապտույտի սկիզբն էր:
Երկու նավակները, միանալով գետի ոլորանում, այլևս չերևացին:
Այդժամ Դոննա Լաուրան շարունակեց քայլել, խոտի պես մի քիչ երերալով: Նրան տների մի խումբ հանդիպեց, որ մի ընդանուր բակ ունեին: Վեց, թե յոթ մուրացկաններ մի անկյունում իրար գլխի էին հավաքվել. նրանց կարմիր մարմինները, կեղտոտ՝ մաշկային հիվանդություններից, երևում էին քրջերի տակ. նրանց տձև դեմքերին իջել էր գազանային ծանր քունը: Մեկը քնած էր փորի վրա, դեմքը թաքցրած կլոր ծալած թևերի մեջ: Ինչ-որ մեկն էլ քնած էր մեջքի վրա, թեևերը բացած, խաչված Քրիստոսի դիրքով: Ճանճերի մի ամպ դզզում էր մարդկային այդ թշվառ կմախքների վերևում, ինչպես գոմաղբի: Կիսաբաց դռներից լսվում էր դազգահների աղմուկ:
Դոննա Լաուրան անցավ փոքրիկ հրապարակով: Նրա քայլերի ձայնը քարերի վրա, արթնացրեց մի մուրացկանի, որը ելավ արմունկներին, ու պարզելով դեռևս փակ աչքերը, մեքենայորեն շշնջաց.
-Ողորմացե՜ք, ի սե՜ր Աստծո՜:
Այդ ձայնի հետ բոլոր մուրացիկները արթնացան, ու բոլորն էլ առաջ եկան:
-Ողորմացե՜ք, ի սեր Աստծո՜:
-Ողորմացե՜ք, ի սե՜ր Աստծո:
Այդ քրջոտ ոհմակը սկսեց հետապնդել անցնող կնոջը՝ ողորմություն խնդրելով, ձեռքերը պարզելով: Նրանցից մեը խեղանդամ էր ու քայլում էր պստիկ ցատկեր անելով, ինչպես վիրավոր կապիկ: Մեկ ուրիշը քարշ էր գալիս նստուկի վրա՝ինքն իրեն հրելով երկու ձեռքերով, քանզի նրա մարմնի ողջ ներքևի մասը անկենդան էր: Մյուսի թևն էր կտրած, նման մի մեծ արմատի:
-Ողորմացե՜ք, ի սեր Աստծո՜:
Նրանց մի մասի ձայները խռպոտ ու խռխռան էին, մյուսներինը՝ սուր ու կանացի, ինչպես ամորձատվածներինը: Անդադար կրկնում էին նույն խոսքերը, նույն հնչերանգով, շարունակաբար:
-Ողորմացե՜ք, ի սեր Աստծո՜:
Դոննա Լաուրան, ում հետապնդում էր այդ հրեշավոր մարդկանց խումբը, մի բնազդային ցանկություն էր զգում փախչելու, գլուխն ազատելու: Մի կույր երկյուղ էր նրան հետ պահում: Գուցե գոռար, եթե կոկորդում ձայն ունենար: Մուրացիկները կպել էին նրանից, դիպնում էին նրա թևերին իրենց պարզած ձեռքերով: Ողորմություն էին ուզում, բոլորը:
Ծեր կինը փնտրեց իր գրպանների մեջ, մի քանի մանրադրամ վերցրեց ու շպրտեց ետ: Քաղցած բազմությունը կանգ առավ, ագահորեն վրա պրծավ մանրադրամների վրա, միմյանց հետ կռվշտելով, ընկնելով գետնի վրա, իրար աքացի տալով ու տրորելով: Սոսկալի հայհոյանքներ էին տեղում;
Երեքը մնացին ձեռնունայն, ու չարացած, շարունակեցին հետապնդել տիկնոջը:
-Մեզ չհասա՜վ: Մեզ չհասա՜վ:
Դոննա Լաուրան, հուսահատված այդ հետապնդումից, ուրիշ մետաղադրամներ նետեց, առանց շրջվելու: Պայքար սկսվեց խեղանդամի ու մի ուռուցվորի միջև: Երկուսին էր բաժին հասավ: Բայց մի խելապակաս ընկնավորի, որին բոլորը ճնշում էին ու ձեռ առնում, ոչինչ չհասավ.ու նա սկսեց լաց լինել՝ լիզելով սեփական արցունքները, որ կաթում էին քթից, մի ծիծաղելի մղկտոցով.
-Ահու՜, ահու՜, ահու՜:

III

Դոննա Լաուրան վերջապես հասավ բարդիներով եզերված տանը: Իրեն ջարդված էր զգում.աչքերը մթնում էին, քունքերը ուժեղ տրոփում, լեզուն չորացել էր, ծնկները ծալվում էին:
Նրա առջև մի բաց ճաղ հայտնվեց: Ներս մտավ:
Շրջանաձև բակը եզերում էին բարձրաբերձ բարդիներ: Չորս բոլորը խոտ էր աճում, ու երկու կով խաղաղ արածում էին այնտեղ՝ պոչով հարվածելով իրենց չաղլիկ կողերին. իսկ նրանց ոտքերի արանքում կախվել էին կաթից ուռած պտուկները, հյութեղ մրգերի պես կարմիր: Այս ու այն կողմ, գյուղատնտեսական բազմաթիվ գործիքներ էին ընկած գետնին: Ծղրիդները երգում էին ծառերի մեջ: Երեք-չորս շան լակոտներ գզվռտվում էին՝հաչելով կովերի վրա կամ ընկելով հավերի հետևից:
-Օ տիկի՛ն, ու՞մ եք փնտրում,-հարցրեց մի ծերունի՝ դուրս գալով տնից: -Ուզում եք գե՞տն անցնել:
Ծերուկը, որ ճաղատ էր, սափրված դեմքով, ողջ մարմինը առաջ էր պարզել՝ կորացած ոտքերի վրա: Նրա անդամները ձևախեղված էին ծանր աշխատանքներից, երկար ժամանակ վարելուց ու քաղհան անելուց ձախ ուսը դուր էր ընկել ու ծռել մեջքը, իսկ դակելուց, որը մարդուն երկու կես է անում, և հողը մշակելու դանդաղ ու համբերատարություն պահանջող աշխատանքների պատճառով ծնկները հեռացել էին իրարից: Ասելով վերջին բառերը՝ցույց էր տալիս գետը:
-Այո՛, այո՛,-պատասխանեց Դոննա Լաուրան՝չիմանալով ինչ անել, մոլորված:
-Այդ դեպքում, եկե՛ք: Ահա՛, Լուկան վերդառնում է,-ավելացրեց ծերուկը՝ դառնալով դեպի գետը, ուր ձողերի հրումով առաջանում էր ոչխարներով բեռնված մի լաստ:
Ծերուկը ուղևորուհուն ուղեկցեց մի ոռոգված բանջարանոցի միջով, մի տաղավարի տակ, ուր ուրիշ ուղևորներ ևս սպասում էին: Առջևից քայլելով, մարդը գովաբանում էր կանաչ բուսականությունը ու գուշակություններ անում որպես իսկական հողագործ, ով ծերացել է հողի հետ աշխատելիս:
Մի պահ հետ շրջվելով, քանի որ տիկինը լռություն էր պահպանում, ասես ոչինչ չէր լսում, տեսավ , որ նրա թարթիչները արցունքոտված են:
-Ինչո՞ւ եք լաց լինում, տիկին,-հարցրեց նրան այն նույն անվրդովությամբ, ինչպես քիչ առաջ խոսում էր բանջարաբույսերի մասին: -Վա՞տ եք զգում:
-Ո՛չ, ո՛չ..ոչի՛նչ…շշնջաց Դոննա Լաուրան, ու իրեն թվում էր, թե հիմա կմեռնի:
Ծերուկն այլևս բան չասաց: Նա այնքան էր կարծրացել կյանքի դառություններից, որ ուրիշի ցավերը նրան չէին կարող այլևս հուզել: Ամեն օր նա տեսնում էր գետն անցնող հազար ու մի տեսակ մարդկանց:
-Նստեցե՛ք,-ասաց, երբ հասել էին տաղավարին:
Այնտեղ գյուղի երեք երիտասարդներ, որ բեռներ ունեին իրենց հետ, սպասում էին լաստի ժամանելուն: Երեքն էլ ծխում էին մեծ ծխամորճներ, խոր բավականությամբ, ասես զգալու համար դրա ողջ հաճույքը, որպես իսկական գյուղացիներ, որոնք հազվադեպ են հաճույքներ վայելում: Ժամանակ առ ժամանակ, ասում էին այն երկար անիմաստ բաները, որ հողագործը կրկնում է անդադար, և որոնք բավարարություն են տալիս նրա ուշահաս ու սահմանափակ մտքին:
Մի քիչ զարմացած նայեցին Դոննա Լաուրային: Հետո նորից ընկան իրենց անխռովության մեջ:
Նրանցից մեկը, հանգիստ ասաց.
-Լաստը եկա՛վ:
Մեկ ուրիշն ավելացրեց.
-Բիդենայի ոչխարներն է տանում:
Երրորդը, թե.
-Մի տասնհինգ հատ կլինեն:
Ու վեր ելան միասին՝ ծխամորճերը գրպանները դնելով;
Դոննա Լաուրան ընկել էր մի անհաղորդ շշմածության մեջ: Արցունքի կաթիլները կանգ էին առել նրա թարթիչներին: Նա կորցրել էր իրականության զգացողությունը: Այս ո՞ւր էր եկել: Ի՞նչ էր անում այստեղ:
Լաստը թեթևակիորեն խփվեց ափին: Գառները, մեկը մյուսին սեղմված, ջրից վախեցած, մայում էին: Հովիվը, լաստավարն ու նրա որդին գառներին իջեցնում էին ափ: Հազիվ ցամաք ոտք դնելով, գառները սկսում էին վազվզել. հետո կանգ էին առնում, հավաքվում էին իրար գլխի ու դարձյալ սկսում էին մայել: Երկու-երեք գառնուկ, երկար ու ծռմռված ոտքերով, ցատկոտում էին՝ փնտրելով մոր պտուկները;
Իր գործն ավարտելուց հետո, Լուկա Մարինոն կանգնեցրեց լաստը: Հետո մեծ քայլերով դանդաղ ափ իջավ ու գնաց դեպի բանջարանոց: Նա մոտ քառասուն տարեկան տղամարդ էր, բարձրահասակ, նիհար, կարմրած դեմքով, ճաղատացող քունքերով: Անհասկանալի գույնի բեղեր ուներ, իսկ երեսի մազերը անհավասարաչափ աճել էին ծնոտին ու այտերին. աչքերը մի քիչ շիլ էին, առանց բանականության որևէ փայլի, արյունամած, ինչպես հարբեցողներինը: Բաց վերնաշապիկի տակից երևում էր մազոտ կրցքավանդակը, յուղոտ մի բերետ էր ծածկում գլուխը;
-Օ՜ֆ,- հոգոց հանեց՝ դեմքը տաղավարին շրջելով, կանգնելով ոտքերի վրա ու մատներով սրբելով քրտինքից փայլող ճակատը:
Անցավ ուղևորների առջևով՝ առանց նրանց նայելու: Նրա բոլոր շորժուձևերն անտաշ էին ու կոպիտ: Հսկա ձեռքերը, որոնց արտաքին մասը պատված էր ուռած երակներով, և որոնք սովոր էին թիակներին, թվում էր, նեղություն էին պատճառուն իրեն: Դրանք նա կախ էր գցել կողերի երկայնքով, որ քայլելիս տարուբերվում էին:
-Օ՜ֆ, ի՜նչ ծարա՜վ եմ…
Դոննա Լաուրան ասես քարացել էր, առանց կարողանալու մի բառ արտաբերել, ուշքի գալ, մի բան անել:
Սա՛ էր իր որդին: Սա՛ էր իր որդին:
Մի հղի կին, որ արդեն սկսում էր պառավել, հյուծված ծանր աշխատանքից ու ծննդաբերություններից, եկավ իր ծարավ ամուսնուն մի գավաթ գինի տալու: Տղամարդը մի կումով դատարկեց գավաթը: Հետո ձեռքով սրբեց շուրթերը՝ լեզուն չպպացնելով.
-Գնացի՛նք:
Իր առաջնեկ որդու հետ, որ տասնհինգ տարեկան մի խոշորամարմին պատանի էր, նա պատրաստեց լաստը մեկնելու համար. լաստակողի ու ափի միջև նա դրեց երկու սեղաններ՝ ուղևորների անցումը հեշտացնելու համար;
-Ինչո՞ւ չեք բարձրանում, տիկի՛ն,-ասաց առջևում կանգնած մի ծերունի՝տեսնելով, որ Դոննա Լաուրան տեղից չէր շարժվում ու չէր խոսում;
Դոննա Լաուրան մեքենայորեն առաջ շարժվեց ու հետևեց ծեր մարդուն, որը նրան օգնեց բարձրանալ: Ինչո՞ւ էր նստում այդ լաստը: Ինչո՞ւ էր անցում գետի մյուս ափը: Չմտածեց, չկշռադատեց իր արարքը: Նրա միտքը այդպես խռովված, այժմ անհաղորդ էր, սևեռված մի կետի վրա: Սա՛ էր իր որդին: Ու քիչ առ քիչ, նա իր մեջ զգում էր ինչ-որ բան, որը մարում էր, ցնդում հետզհետե. զգում էր, որ իր ուղեղում մի մեծ դատարկություն էր գոյանում: Այլևս ոչինչ չէր հասկանում: Տեսնում էր, լսում, ասես երազի մեջ:
Երբ Լուկայի որդին եկավ նրանից վերցնելու վճարը, նախքան լաստի հեռանալը ափից, նա չհասկացավ: Պատանին իր ափի մեջ շրխկացնում էր մանրադրամերը, որ ստացել էր ուղևորներից ու կրկնում էր իր բառերը ավելի բարձր ձայնով, կարծելով, թե ծեր կինը խուլ է:
Դոննա Լաուրան, երբ տեսավ, որ մյուս երկու մարդիկ ձեռքները գրպանները տարան վճարելու համար, ինքն էլ նույնը արեց, ուշքի գալով: Բայց տվեց ավելի շատ, քան պետք էր:
Տղան ուզեց հասկացնել, որ ինքը չէր կարող մանրը վերադարձնել, քանի որ չուներ: Նա չհասկացավ: Տղան վերցրեց ողջ գումարը, դեմքը խորամանկորեն ծամածռելով: Ներկաները ժպտացին, այն նենգ ժպիտով, որ ունեն գյուղական մարդիկ, երբ մեկի մոտ ինչ-որ սխալմունք են նկատում:
Մեկն ասաց. -Գնացի՞նք:
Լուկան, որ մինչ այդ խարիսխը վեր հանելով էր զբաղված, հրեց լաստը, որը հանդարտ առաջացավ գլգլացող ջրի վրա: Ափը թվում էր փախչում է՝ իր եղեգներով ու բարդիներով, ու ծռվում մանգաղի պես: Արևից ողջ գետը ասես եռում էր, քիչ թեքվելով դեպի արևմուտք, ու նրա մակերևույթից բարձրանում էին մանիշակագույն գոլորշիներ: Այդժամ երևաց ափին կանգնած մարդկանց մի խումբ, որոնք ձեռքի շարժումներ էին անում.դրանք այն նույն մուրացիկներն էին, այդ թվում և, խելապակասը:Ժամանակ առ ժամանակ, քամու հետ հասնում էին նաև խոսակցությունների բառեր ու ծիծաղ՝ նման սրնգի ելևէջումների:
Թիավարնեը, կրծքերը բաց, ամբողջ թափով թիավարում էին, որպեսզի հաղթահարեին գետի հոսանքը: Դոննա Լաուրան տեսնում էր Լուկայի մեջքի կողերը, ու քրտինքը առատ չռում էր դրանց վրայով:Նա աչքերը, որ լայնացած էին ու պաղած,
չէր հեռացնում դրանցից: Ուղևորներից մեկը, նստարանի տակից վերցնելով իր ուղեբեռը, ասաց.
-Հասա՛նք:
Լուկան նետեց խարիսխը:Լաստը նորից իջավ հոսանքն ի վար՝թոկի ողջ երկարությամբ. ի վերջո կանգ առավ՝ ցնցվելով: Ուղևորներն մի ցատկով իջան ափ և օգնեցին ծեր կնոջն իջնելու, անշտապ: Ու գնացին իրեն ճանապարհով:
Գյուղի այդ կողմում խաղողի այգիներ էին: Ողկույզները, մեծ ու փոքր, շարան-շարան կանաչին էին տալիս: Դաշտի մեջ, այս ու այնտեղ ծառեր էին հայտնվում, կլորավուն ուրվագծերով:
Դոննա Լաուրան մենակ մնաց, մոլորված, այդ ափին, ուր ստվեր չկար, այլևս չգիտակցելով իր գոյությունը, բացի երակների ուժգին, շարունակական զարկերից՝ ականջներում խուլ աղմուկի պատճառով: Հողը նրա ոտքերի տակ փախչում էր, ու թվում էր, թե ամեն մի քայլ անելիս խրվում էր ցեխի մեջ: Շուրջ բոլորը ամեն ինչ պտտվում էր ու չքանում, ամեն ինչ, նաև իր գոյությունը, որ իրեն աղոտ, հեռավոր, մոռացված, ընդմիշտ կորսված էր թվում: Միտքը պարուրվում էր խելագարությամբ: Հանկարծ տեսավ մարդկանց, տներ, մի ուրիշ գյուղ, մի ուրիշ երկինք: Բախվեց մի ծառի, ընկավ մի քարի վրա.վեր ելավ:Իր խեղճ, ուժասպառ մարմինը ճոճվում էր սարսափելի ու միաժամանակ ծիծաղելի երերումներով. բայց ոչ մի բան չորս կողմը չէր փայլում այնպես, ինչպես իր սպիտակ մազերը՝ այրող արևի տակ:
Այժմ մուրացիկները մյուս ափից գրգռում էին իրենց խելապակաս ընկերոջը՝ զվարճանալու համար, որպեսզի նա լողալով անցներ գետն ու հասներ տիկնոջը ողորմություն խնդրելու: Հանկարծ նրան հրեցին-գցեցին ջուրը, վրայից քրջերը ճղելուց հետո: Ու տկարամիտը լողաց ինչպես մի շուն, ու նրա վրա քարերի տարափ տեղաց՝ որպեսզի չկարողանար հետ վերադառնալ: Այդ այլանդակ մարդիկ սուլում էին ու գոռգոռում՝ հաճույք զգալով իրենց դաժանությունից: Նրանք, քանզի հոսանքը քշում տանում էր խելապակասին, կաղալով վազում էին ափի երկայնքով ու կատաղիորեն բղավում.
-Սուզվի՛ր, սուզվի՛ր:
Խելապակասը հուսահատ ճիգերի գնով ափ հասավ: Ու այդպես, մերկ, քանզի բանականության հետ նրա մեջ մեռած էր նաև ամոթի զգացումը, սկսեց քայլել դեպի կինը, մարմինը մի կողմի վրա ծռած, ինչպես սովոր էր անել, ամեն անգամ ձեռքը պարզելով;
Դոննա Լաուրան վեր ելավ ու տեսավ, ու մի սոսկանքի շարժումով, սուր բղավոց արձակելով՝ սկսեց վազել դեպի գետը: Գիտե՞ր ինչ էր անում: Ուզում էր մեռնե՞լ: Ի՞նչ էր մտածում նա այդ պահին:
Հասնելով գետափ, իրեն ջուրը նետեց: Ջուրը բղկբղկաց ու փակվեց նրա վրա մեկընդմիշտ. ու շատ օղակներ գոյացան նրա ընկնելու տեղում՝տարածելով փոքրիկ շողացող ալիքներ:
Մուրացիկները մյուս ափից գոռում էին լաստը թիավարողներին, որ հեռանում էր.
— Լուկա՜ա՜ա՜ա: Հե՜յ, Լո՜ւկա Մարինո՜ո՜ո՜:
Ու վազեցին դեպի բարդիներով տունը՝ բոթը հայտնելու;
Այդժամ, դեպքի մասին իմանալով, Լուկան լաստը հրեց այն տեղը, որն իրեն ցույց էին տալիս, ու կանչեց Լա Մարտինային, որն անվրդով գալիս էր իր լաստով՝ հանձնված հոսանքին;
Լուկան ասաց.
-Այստեղ մի կին խեղդվեց:
Հարկ չհամարեց պատմել դեպքն ու խոսել խեղդվողի մասին, քանզի շատ խոսել չէր սիրում :
Երկու լաստավարները իրար միացրին իրենց լաստերն ու անշտապ թիավարեցին:
Լա Մարտինան ասաց.
-Chiachiu-ի գինին փորձած կա՞ս: Վստահեցնում եմ, որ….
Ու մի շարժում արեց, որը ցույց էր տալիս խմիչքի ընտիր լինելը:
-Հլա չեմ փորձել:
Լա Մարտինան ասաց.
-Կանե՞ս մի կում:
Լուկան պատասխանեց.
-Անպայման:
Լա Մարտինա.
-Հետո, Յաննանջելոն մեզ է սպասում:
Լուկա.
-Լա՛վ:
Հասան վայրը: Խելապակասը, որն ավելի լավ կարող էր ցույց տալ տեղը, փախել էր, ու խաղողի տնկիների մեջ ընկել ընկնավորության նոպայի մեջ: Մյուս ափից հետաքրքրասերները սկսում էին խմբվել:
Լուկան ընկերոջն ասաց.
-Լաստդ կանգնեցրո՛ւ և ցատկի՛ր իմի մեջ: Դու կթիավարե՛ս, իսկ ես կորոնեմ:
Լա Մարտինան ենթարկվեց: Նա թիավարում էր աջ ու ահյակ, մի քսան մետր շրջագծով, իսկ Լուկան մի երկար ձողով խուզարկում էր գետի հատակը: Ամեն անգամ Լուկան ինչ որ դիմադրություն զգալով, շշնջում էր.
-Ահա՛:
Բայց անընդհատ սխալվում էր: Ի վերջո, շատ որոնումներից հետո, ասաց.
-Այս անգամ, հաստատ նա՛ է:
Ու կռանալով ու ոտքերը կորացնելով ուժ տալու համար, դանդաղորեն դիակը վեր հանեց ձողի ծայրով: Թևերի մկանները դողում էին:
Լա Մարտինան, թիակը թողնելով, հարցրեց.
-Օգնե՞մ քեզ:
Լուկան պատասխանեց.
-Չէ՛ հա:

Թողնել պատասխան

Your email address will not be published.