Արմինե Պետրոսյան | ՔԵՌԻ ՄԱՍԻՍԸ ԿԱՄ ՉՍՏԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

 

Արմինե Պետրոսյան

Արմինե Պետրոսյան

-Նարի՛ն, վաղը մեր գերմանացի բարեկամները գալու են մեր տուն:

-Լո՞ւրջ, Դա՛վ: Հաստա՞տ ես իմացել: Ո՞վ ասաց:

-Պապան ասաց:

Նարինեի սիրտը գոհունակ ճմլվեց, ժպիտը ճառագեց դեմքին: Ամեն անգամ, երբ դասարանցիները պատմում էին ամռանը Ռուսաստանից կամ Ամերիկայից իրենց հյուր եկած հարազատների մասին, ինքը տխրում էր, որ իր կյանքում նման թարմ հոսանքներ չկան: Նարինեն բնույթով հետաքրքրասեր, օդից գիտելիքներ կլանող աղջիկ էր, ամեն մի նորը, որ կապված էր արտասահմանյան երկրների, ժողովրդի, նոր հարաբերությունների հետ, նրան գրավում էր:

Եվ ահա վերջապես ինքն էլ բախտ կունենա որոշ ժամանակ շփվելու այլ մշակույթն իրենց հետ բերած բարեկամների հետ, որոնց հինգ տարեկան հասակում էր տեսել ու շատ աղոտ էր հիշում:

Մի ժամ հետո հարևանի տանն էր:

-Անուշի՛կ, վաղը ես երևի չկարողանամ խաղալու դուրս գալ, վաղը մեր գերմանացի բարեկամները մեր տուն են գալու:

-Գերմանացի՞ բարեկամ,- զարմացավ Անուշիկի տատիկը,- բայց դուք ի՞նչ գերմանացի բարեկամ ունեք:

-Պապայի քեռու տղան է՝ իր ընտանիքով: Իրենք ինը տարի է՝ Գերմանիայում են ապրում:

-Ա՜, պարզ է, Մասիսենց նկատի ունես: Բայց դա չեղավ գերմանացի բարեկամ: Իրենք էլի հայ են, ուղղակի Գերմանիայում են ապրում,- ժպտալով ավելացրեց Անուշիկի տատիկը:

Նարինեն մեղավոր ժպտում էր, բայց ներսում ջղայնացած էր հարևանուհու վրա. մի՞ թե տեղին էր իր առաջին պարծենկոտ լուրը այդպես ընդունելը:

 

—-

Առավոտյան վաղ արթնացան, նախաճաշեցին, կարգի բերեցին սենյակներն ու սպասում էին հյուրերի ժամանելուն. նրանք ամեն րոպե էլ կարող էին գալ:

Մասիսենք արդեն շատ հրավերներ ունեին ու խոստացել էին օրվա ընթացքում մի քանիսին այցելել:

Նարինեն ու Դավիթը առավոտից խոսում էին բարեկամների, նրանց երեխաների (որ իրենց տարեկիցն էին) ու  նվերների մասին, որ իրենց կբերեին:

-Դա՛վ, ինձ թվում է՝ իրենք գոռոզ կլինեն, գուցե չուզեն շատ շփվել: Չգիտե՞ս հարուստներին:

-Բայց իրենք շա՞տ հարուստ են:

-Բա ո՜նց, ախր Գերմանիայում են ապրում, չէ՞: Դու չե՞ս լսել, որ մամայենք պատմում էին՝ ամեն ամիս քեռի Մասիսը ահագին փող է ուղարկում քույրերին ու եղբայրներին:

-Հա՜, հիշում եմ: Ախր, այդ խեղճ քույրերն ու եղբայրներն էլ այնքան տարբեր հիվանդություններ ու գումարային խնդիրներ ունեն, որ ինչքան ուղարկում է, էլի պրծում չկա:

-Հա՜, բա,-ծանրակշիռ տոնով ավելացրեց Նարինեն:

Նրանք դեռ երկար խոսում էին, բայց սկզբնական ոգևորությունը մարում էր, որովհետև հյուրերը չէին շտապում ժամանել:

—-

Կեսօրն անցել էր, քեռի Մասիսենք դեռ չէին եկել: Նարինեն այլևս անկարող էր տանը մնալ: Անուշիկենց տուն չէր գնա, բայց տան հետևի հարևանուհու՝ Օլգայի հետ մի քիչ կարելի էր զրուցել նրա համալսարանական կյանքից, մի քանի նոր բան կիմանար այդ համալսարան կոչվածի մասին, մինչև չորս տարուց ինքն էլ դառնար դիմորդ:

Երկար զրույցից հետո Նարինեն նոր մտածմունքներով տուն մտավ. դեռ չէր կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Մի քանի բաժիններ կային, որ հավասարապես ձգում էին:

Դուռը ծածկեց: Ուզում էր հյուրասենյակ մտնել, երբ տեսավ, որ միջանցքում տարօրինակ տեսքի երկու զույգ կոշիկներ կան. սանդալների նման, անշուք ոտնամաններ էին:

“Հնարավոր չէ՝ սրանք քեռի Մասիսենցը լինեն”,-միանգամից անցավ Նարինեի մտքով:

Ըստ Նարինեի՝ նրանք բարձրորակ կաշուց ինչ-որ նորաձև, հետաքրքրիր դիզայնով կոշիկներ պիտի կրեին, իսկ տեսածը բոլորովին չէր համապատասխանում նրա՝ քեռի Մասիսենց մասին պատկերացումներին: Բացի այդ էլ երկու զույգ էին, իսկ Մասիսենք հինգ հոգի էին:

Հյուրասենյակի դուռը բացվեց: Այնտեղից դուրս եկան մի տղամարդ ու մի կին՝ անշուք շորերով, գունատ դեմքով և նիհար կազմվածքով: Հետևից դուրս եկան Նարինեի ծնողները:

-Սա էլ մեր Նարինեն,-ժպտալով ասաց մայրիկը՝ ծանոթացնելով արդեն հեռացող հյուրերի հետ,- Նա՛ր ջան, քեռի Մասիսենք են:

Նարինեն հազիվ կարողացավ թաքցնել տհաճ զարմանքն ու մի կերպ ժպտալով բարևեց:

-Ինչո՞ւ Արթուրենցը չեք բերել,-հարցրեց Նարինեն:

-Վայ, սիրո՛ւնս, իրենք գնացել էին հարևանի երեխաների հետ խաղալու, հավես չարեցին այցելությունների դուրս գալ, մենք էլ չպնդեցինք,-ասաց քեռակին Ժանետան:

-Դուք եկեք մեզ այցելության, կհանդիպեք, կծանոթանաք,-ավելացրեց քեռին:

Նարինեն գլխով էր անում:

Փոխադարձ ժպիտներից ու մի քանի բառ փոխանակելուց հետո հյուրերը գնացին:

-Մա՛մ, իսկ հետները ի՞նչ էին բերել,-քաշվելով հարցրեց Նարինեն:

-Մի տուփ շոկոլադ, աղջի՛կս:

-Գերմանակա՞ն:

-Չէ՛, հայկական, “Գրանդ Քենդի է”:

Դրսում քամի էր սկսվել: Նարինեն պատուհանի կողքին կանգնել ու նայում էր բակով մեկ քշվող տոպրակներին, թղթերին, հատուկենտ տերևներին ու փոշուն: Իր անմիտ սպասումները միացել էին ընդհանուր զանգվածին ու սուրում էին փողոցներով:

——

Նարինեն առաջին կուրսի ուսանող էր:  Ամռանը պարապ չմնալու համար օտար լեզուներ էր սովորում: Միանգամից չորս լեզու էր սկսել՝ գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն և չինարեն:

Սկզբում բավական հետարքրքիր էր սովորելու ընթացքը, բայց քանի խորանում էր, այնքան ավելի բարդ ու ժամանակատար էր դառնում:

Օրերը ձանձրալի էին անցնում. Նարինեն նայում էր հանգստի գնացող ծանոթներին, ընկերներին ու տխրում, որ իրենք այս անգամ էլ ծովափ կամ որևէ այլ հետաքրքիր վայր չեն գնալու:

Այդ օրերին էր, որ իմացավ՝ քեռի Մասիսենք կրկին Հայասատանում էին: Նրանք մեքենաներով էին եկել Գերմանիայից ու մինչ Հայաստան հասնելը մի քանի սահմաններ էին անցել, “նոր երկրներ տեսել, նոր մարդկանց հետ շփվել”:

Բարեկամներն ասացին, որ իրենց հետ բերել են նաև մեծ տղայի՝ Արթուրի ընկերուհուն, ով ճանապարհին հաճախ էր փոխարինել հոգնող վարորդներին:

“Մեքենա վարել գիտի, երանի իրեն”,- մտածում էր Նարինեն՝ պտտվելով սենյակում: Իսկ ինքը ամեն օր այդ չորս պատերի մեջ է, հազվադեպ՝ բարեկամների տներում:

“Ինձ համար աշխարհը վերջանում է՝ չսկսված”,-տխրում էր աղջիկը:

Այս անգամ ինքն էլ որոշեց գնալ քեռի Մասիսենց տուն՝ բարի գալուստ մաղթելու:

Հագել էր իր նորաոճ զգեստներից մեկը, մազերը հատուկ հարդարել, խնամքով շպարվել, որ լավագույնս ներկայանա Եվրոպայից եկած բարեկամներին:

Հանդիպումը բավական ջերմ էր: Թե՛ տղաները և գերմանուհի ընկերուհին, թե՛ աղջիկը շատ սիրալիր ու անբռնազբոս էին: Անպաճույճ թե՛ խոսքում, թե՛ հագուկապում եվրոպացի դարձած հայերը զարմացնում էին Նարինեին, ով դեռ շարունակում էր նրանց մեջ եթե ոչ հարստություն, ապա նուրբ ոճավորումներ փնտրել, սովորելու ինչ-որ բաներ:

Երիտասարդները քիչ էին խոսում իրենց առօրյայից, ավելի շատ սիրում էին ընդհանուր զվարճանքներ գտնել ու դրանցով զբաղվել:

Քեռակին Ժանետան հասակակից կանանց հետ խոսում էր իր աշխատանքի, տնային գործերի, տարբեր խնդիրների մասին:

Միայն քեռի Մասիսն էր, որ սեղանի շուրջ նստել ու հավաքվածներին պատմում էր եվրոպաներում տեսած նորի ու հետաքրքիրի մասին:

Նարինեն աննկատ լքեց տարեկիցներին ու միացավ սեղանի շուրջ հավաքվածներին:

-Այնտեղ շատ ուրիշ են կարգերը,-պատմում էր քեռին, — ես որ այդքան տարի այնտեղ եմ ապրում, չեմ կարողանում հաշտվել շատ բաների հետ: Ուսուցչուհին աշակերտներին սովորեցնում է, որ եթե ծնողները նրանց վիրավորեն կամ արգելքներ դնեն, կարող են դիմել ոստիկանության: Հա՜, հա՛, եղել է, որ աղջիկս ինձ սպառնացել է ոստիկանությամբ, երբ ուզել եմ արգելել երեկոյան խնջույքի գնալ: Բա՜, դուք ինչերի՞ց եք տեղյակ:

Լսողները գլուխներն էին օրորում ու քննադատում եվրոպական այլասերող կարգերը, որ Հայաստան են թափանցում մեծ արագությամբ:

-Մի անգամ էլ  ավագ ուսուցիչն ասել էր, որ եթե ձեր ծնողները անհրաժեշտ գումար ունեն, բայց ձեզ համակարգիչ չեն գնում, ապա դուք կարող եք բողոք ներկայացնել անպատասխանատու ծնողի դեմ: Հազիվ երեք ամիս գումար էի հավաքել՝ ուղարկեի Վարդի վիրահատության համար, աղջիկս կանգնել է, թե ես գիտեմ՝ դու համակարգչի գումար ունես, ինձ անձնական համակարգիչ գնիր: Ոնց համոզում եմ, չի լինում, սպառնում է: Ստիպված իր խոսքն արեցի: Դրանից հետո էլի հավաքեցի մի քանի ամիս, մինչև կարողացա ուղարկել: Վարդա՛ն ջան, կնեղվես, թե տղայիդ բանակ տարան, փող չուղարկեցի՝ ազատեի, բայց ինչ անեմ, մեր վիճակն էլ վիճակ չէ:

Քեռի Մասիսը պատմում էր ու պատմում. Նարինեն հոնքերը կեռացրած լսում էր: Անսովոր բաներ էր ասում քեռին, աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ նույնը հնարավոր էր իր հետ լիներ, բայց գիտեր՝ ինքն էլ կուզեր, որ այդպես ապրեր:

-Ժողովո՛ւրդ, հենց ես ու Ժանետան ասում ենք՝ քաղաքից դուրս ենք գնալու, չենք գիշերի տանը, տղերքս ընկերուհիներին տուն են բերում. քանի անգամ վաղ ենք տուն եկել ու…

Տղամարդիկ սկսեցին ծիծաղել, ամեն մեկն իր հավելումներն ուներ, իր ջահելությունն էր հիշում: Նարինեն արագ հեռացավ տղամարդկանց մոտից: Սենյակից դուրս գալիս հանդիպեց Մասիսի եղբոր կնոջը՝ Սոնային:

Մի քանի խոսք փոխանակելուց հետո Սոնան ասաց.

-Ես արդեն գնում եմ, որ սենյակները օդափոխեմ: Այսօր մեր տանն են գիշերելու: Դե, գիտես՝ մեր տունը անտառին մոտ է: Առավոտ շուտ որսի են գնալու տղաներով:

-Վայ, ինչ հետաքրքրիր է: Ափսոս, որ աղջիկներին էլ չեն տանելու:

-Ա՜հ, մենք հավես ունենք, որ գնանք: Որսը տղամարդու գործ է: Նարինե՛, գիտես, չէ՞, այդ Ֆրիդերիկան Արթուրի ընկերուհին է:

-Հա՛, գիտեմ, բայց ես Արթուրին հարցրի, թե երբ են նշանվելու, ասաց` միտք չունի նշանվելու, ուղղակի ընկերություն են անում:

-Ուղղակի ընկերություն, հա՞: Է՜, ինչի՞ց ես տեղյակ:  Ասել են, որ իրենց անկողինները մեկ են. մի մահճակալ տրամադրեմ երկուսին:

Նարինեն շփոթվեց մի պահ, բայց մի պոզավոր հետաքրքրության մասնիկ շուռումուռ էր տալիս մտքերը, խուտուտ անում երևակայության ծալքերը. իր հասակակիցները, Եվրոպա, ազատություն, այլ բարքեր՝ գրավի՞չ, պարզ չէ, հետաքրքրիր, նոր…

Գիշերը չէր կարողանում քնել, համեմատում էր, վերլուծում: Չհասկացավ՝ ինչպես երևակայած տեսարանները երազում ավելի գունավոր ու խառը շարունակություններ ստացան:

Մի քանի շաբաթից քեռի Մասիսենք հետ դարձան Գերմանիա:

—-

Նարինեն արդեն ավարտական կուրսում էր, երբ լուր եկավ, որ քեռի Մասիսենց ընտանիքոմ նոր համալրում է եղել՝ տղա է ծնվել: Անունն էլ դրել են Արարատ: Այդքան տարի անց նորից երեխա ունենալու գաղափարը զարմացրեց շատերին, բայց ասում էին, որ պետությունը մեծ գումարներ է հատկացնում իրենց քաղաքացիներին, չափահաս դառնալուց հետո լայն հնարավորություններ ստեղծում առաջ գնալու, որն էլ երևի եղել էր նոր բալիկի ծննդյան պատճառներից մեկը: Սկսվեց շնորհավորանքների հեղեղը, բայց և այդ օրերին էլ իմացան, որ միջնեկ տղան՝ Շառլը, բանտում է հայտնվել:

Ասում էին, թե կանգնել է փողոցում, հայկական դրոշը թափահարելով՝ գոռացել. “Կեցցե՛ Արմենիան, կորչեն շովինիստ գերմանները”: Անցորդներից արձագանքողներ են եղել, ծեծկռտուք է սկսվել. արդյունքում՝ մեկ տարի ազատազրկում:

Բոլորը խոսում էին Շառլի հայրենասիրությունից, բայց Նարինեն այլ կարծիքի էր:

“Շառլը ներփակ տղա էր, երևի իր ըմբոստությունն է փորձել այդ կերպով արտահայտել: Մոտը եսի դրսևորումների շրջան է եղել”,- մտածում էր նա: Սակայն ինչքան էլ լավը պատկերացներ գերմանական բանտը, ցավում էր տղայի համար:

Հիշեց՝ ինչպես էր Շառլը հավաքների ժամանակ իրեն մեծահասակներից հեռու պահում, բայց երբ Նարինեի մայրն իրեն վատ զգալով՝ հեռացավ սեղանի մոտից, հենց Շառլը ձմերուկի մի մեծ կտոր խնամքով կտրատելուց հետո անձայն մոտեցրեց նրան, դրեց դիմացն ու գլուխը կախ՝ հեռացավ:

“Չէ՛, ես այդպես էլ Շառլին չկարողացա բացահայտել: Չնայած՝ մյուսներին էլ քիչ ճանաչեցի. Արտաքին շերտը թաքցնում էր ներսում եղածը”,-մտածում էր Նարինեն:

Քեռի Մասիսը՝ հոր քեռու տղան, միջահասակ էր, նիհար, դուս ցցված այտոսկրերով, հայկական քթով, գունատ դեմքով, մանկական ժպիտ ուներ: Նարինեն հիշում ու ժպտում էր: Երբ վերջին անգամ Հայաստանում էին, այդ օրերին Նարինեի մայրը հիվանդացել էր: Քանի օր էր՝ ցավերը չէին դադարում, պառկած էր անկողնում: Մի երեկոյան դուռը թակեցին: Դավիթը բացեց. եկողը քեռի Մասիսն էր՝ ձեռքին հողոտ տոպրակ: Պարզվեց, որ լսել էր Մանուշի հիվանդության մասին, հարևանի հողամասից քաղել ինչ-որ բույսի արմատ, որից պատրաստած հեղուկը բուժում էր որովայնային ցավերը:

Մի ժամ շարունակ իր ձեռքով արմատներն աղաց, ջուր և սպիրտ ավելացրեց, հետո էլ պատվիրեց, որ օրը երեք անգամ Մանուշը քսի ցավող մասերին:  Մի բաժակ սուրճ խմեց ու գնաց:

Հետագայում էլ, երբ արդեն Գերմանիայում էր, հաճախ էր հրավերներ անում, ասում, որ ինքը պատրաստ է վիզա ուղարկել, եթե  Նարինեենք տոմսեր կարողանան գնել,  իսկ երբ հասնեն Մյունխեն, նրանց իրենց մոտ կհյուրընկալեն:

Տոմսերի փողն այդպես էլ չէր կուտակվում, բայց Նարինեին այդ միտքը միշտ հաճելիորեն շոյում էր:

 

—-

Քեռի Մասիսը՝ իր հարազատների բարերարը, սկսել էր ավելի ու ավելի քիչ գումարներ ուղարկել: Ասում էին՝ ուզում է հայկական ռեստորան բացել, փող է հավաքում:

“Էհ, քանի՜ տարի պահանջվեց, մինչև քաղաքացիություն ստացա, հետո աշխատանք փնտրող գործազուրկների համար պետությունից գոյություն պաշտպանելու համար գումար էի ստանում, դրանից էլ մի մասը պահում էի, որ Հայաստան ուղարկեմ: Այս վերջին երեք տարին է, որ հազիվ նորմալ աշխատանք գտա: Հա՛, համալսարանն ավարտել, եկել եմ այստեղ վարորդ եմ աշխատում, բայց գոնե այնքան գումար եմ ստանում, որ կարող եմ ապահով ապրել: Տեսնեմ, մի որոշ ժամանակ էլ աշխատեմ, իմ գործը բացեմ”,- վերջին հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Նարինեի հորն ասում էր քեռի Մասիսը:

Վերջին ամիսներին անգամ եղբորը չէր կարողացել գումարով օգնել: Նախկին լավ եղբայրը բոլորի աչքին դարձել էր անհոգի եվրոպացի:

“Հա՛, բայց  պիտի մի օր էլ սկսեր մտածել իր ընտանիքի ֆինանսական վիճակը ավելի բարելավելու մասին,- մտածում էր Նարինեն,- ինքն ո՞ւմն է պարտական, որ այնտեղ քրտինք թափի, այստեղ բարեկամները ոտքը դնեն ոտքին՝ գումարներ պահանջեն: Քեռակին Ժանետան էլ հաճախ էր դժգոհում քեռի Մասիսի ավելորդ բարեսրտությունից,- հետո ժպտալով ավելացրեց,- որը մեզ համար այդպես էլ գումարի տեսք չստացավ”:

—-

Եվ ահա մի օր…

Մարտն էր, մի քանի օր իրար հետևից ուժեղ անձրևներ էին տեղում Մյունխենում: Բեռնատար ավտոմեքենաները անցնում էին մայրուղով: Գետինը սահուն էր դարձել: Մեքենաներն ընթացքը դանդաղեցրել էին, որ ապահով առաջ ընթանան:

Վարորդներից մեկը  ականջակալները միացրել էր հեռախոսին ու զրույցով տարված՝ բարձր ծիծաղում էր:

-Գործերս շատ լավ են գնում, Կա՛ռլ, էհ,  մի շաբաթից հաջողություն կասեմ վարորդությանը ու կլծվեմ ռեստորան բացելու գործին: …Հա՛, հա՛, ճիշտ ես ասում…հա՛, ես էլ արդեն որոշ բաներ կարգավորել եմ…երեկոյան կհանդիպենք…լսի՛ր…

Սևը… հսկա գորշ զանգվածը… ահավոր սլացքով իր վրա էր գալիս… բախում…ցնցում…մի քանի անկապ նախադասություն…

 

—-

Նարինեն լոգարանում էր, տան հեռախոսը զնգում էր ու զնգում, իսկ տնեցիները դրսում էին: Մինչ Նարինեն հագնվեց, դուրս եկավ, զանգն անջատվեց, բայց մի վայրկյան հետո նորից սկսվեց:

“Այս ինչ անհամբերներ են: Աշխարհի վերջի մասի՞ն են հայտնում ”,- իրեն-իրեն փնթփնթում էր  զանգի պատճառած անհանգստությունից զայրացած Նարինեն:

Միացրեց խոսափողը:

-Այո, լսում եմ:

-Նարինե ջան, դո՞ւ ես:

Քեռակին  Սոնան էր: Ձայնը տխուր էր:

-Հա՛, ի՞նչ է եղել:

-Մասիսը,-ձայնը դողում էր,-ավտովթարից զոհվել է տեղում:

-Ի՜նչ:

-Ինչ լսեցիր, աղջի՛կս:

Նարինեն մի քանի վայրկյան սառած կանգնել էր: Ուղեղը չէր ընդունում լսածը: Հետո փուլ եկավ բազմոցին:

“Լավ, բայց ինչի՞ համար: Երեխաները, նպատակները…Ոչ մի օրիչափության չի ենթարկվում մարդկային կյանքը: Օտար հողում…Տեսնես ինչ են եղել վերջին բառերը, ո՞ւմն է կանչել, իսկ գուցե չի էլ հասցրել զգալ…”

Գուցեներն ու ինչուները դեռ երկար տանջում էին երիտասարդ աղջկա միտքն ու հոգին, սակայն մի բան պարզ էր՝ իրենց “գերմանացի” բարեկամն այլևս չկար:

Նրա կորստի հետ միաժամանակ կտրվեցին Եվրոպայի հետ կապող ուղիները:

Դրսում քամի էր սկսվել: Նարինեն պատուհանի կողքին կանգնել, նայում էր բակով մեկ քշվող տոպրակներին, թղթերին, հատուկենտ տերևներին, փոշուն ու… չստացած պատասխաններին:

  

Թողնել պատասխան

Your email address will not be published.