Խ Ե Ն Թ Ա Ղ Ջ Ի Կ
Ես նրան կանչեցի՝ խենթ աղջիկ,
Նա խենթ էր ու գերող խենթի պես.
Մայրմուտի հովերում մի պարիկ
Թխաչվի, սեվահոն, մթագես…
Խենթ աղջիկ, խենթ աղջիկ ու ցնորք,
Մի կարկաչ, մի քրքիջ, մի շշունջ.
Շող լուսին, պեծ ասուպ, մի վառ ցոլք,
Սիրատարփ մի հեքիաթ ու անուրջ…
Ես նրան կանչեցի՝ խենթ աղջիկ,
Խենթ աղջիկ, խենթ աղջիկ ու ցնորք.
Մայրմուտի հովերում մի պարիկ,
Շող լուսին, պեծ ասուպ, մի վառ ցոլք…
Նա խենթ էր ու գերող խենթի պես.
Մի կարկաչ, մի քրքիջ, մի շշունջ.
Թխաչվի, սեվահոն, մթագես,
Սիրատարփ մի հեքիաթ ու անուրջ…
Թ Ա Խ Ծ Ո Տ Մ Ե Ղ Ե Դ Ի
Նա մի աղջիկ էր հեզանազ ու նուրբ,
Որպես գարնային շարմաղ մի թիթեռ,
Որ վառ պատրանքի երանգներով լուրթ
Իջավ իմ հոգուն ու խայտում է դեռ։
Ես մութ աչքերով ու խեվ մի տղա…
Նա սիրո հուրը ուզեց նվիրել…
Պատրանքի տենչով սիրտս երեխա
Թախծով է երկնում, որպես մի գիշեր…
Բայց ուր էլ լինեմ, երբ արեվմարի
Թալուկ շողերը խամրեն միջոցում,
Այն լավ ու քնքուշ աղջկան բարի
Լուռ կգուրգուրամ հոգուս ամրոցում…
…Նա մի աղջիկ էր հեզանազ ու նուրբ…
Ես մութ աչքերվ մի հիմար տղա…
Նա երազի պես անցավ անհագուրդ…
Սիրտս է հեվում տենչով երեկվա…
ԻՆՉ ԵՄ ՍԻՐՈՒՄ
Օրերում ես գինին եմ սիրում,
Համբույրը հեզանազ աղջկա,
Ու կանաչ աղջիկն եմ ես սիրում,
Որի սեվ աչքերում մեղք չկա։
Որի սեվ աչքերում մեղք չկա,
Եվ անեզր ու ծավի է հոգին,
Շուրթերին համբույրի հետք չկա
Ու ի՛մն է ջինջ սերը առաջին։
Սիրում եմ, որ սիրով իմ մաքուր
Առաջին հեղ նրան ե՛ս գրկեմ,
Իմ կանաչ աղջկան զերթ համույր,
Ու շուրթին համբույրի մեղք դնեմ։
Սիրում եմ, որ դժգույն ու դալուկ՝
Իմ կեծքին՝ հոգնաբեկ նա հեվա,
Արցունքով, կեղծ ու սուտ ու տամուկ,
Համբույրիս մեղմ ցավից հեկեկա…
Համբույրիս իբր ցավից հեկեկա
Ու բաղձի նա նորից ու նորից,
Որ կոպիտ շուրթերով իմ տղա՝
Շուրթերը իր քամեմ ես նորից…
Օ~, գինին… ես գինին եմ սիրում
Եվ համբույրն աղջկա իմ բարի,
Ու կանաչ աղջիկն եմ ես սիրում
Որ իր սեվ աչքերում մեղք չունի։
ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉ
Հրապույրիդ ու համբույրիդ ես ծարավ
Մի խենթ տղա կաթոգին,
Քո կարոտը պատեց հոգուն իմ անբավ,
Քեզ եմ կանչում անձկագին…
Տես, իմ սիրտը բաբախում է մեղավոր,
Ու հիվանդ եմ ես հիմիկ,
Ու՞ր ես, չքնաղ կանաչ աղջիկ սիրավոր,
Արի, արի՜ իմ պարիկ։
Արի, արի իմ ըղձանուշ շառայլոտ,
Թե չէ՝ սիրտս կարյունի,
Գուրգուրանքի ու գգվանքի ես կարոտ
Ու գինով եմ համբույրի…
Երբ գիշերը իջնում է լուռ ու մթին,
Բյուր հույզերով լուսաշաղ,
Հոգիս ծնրած աղոթում է քո ճամփին,
Կանաչ աղջիկ իմ շարմաղ…
Ու ստվերներն ծույլ, դողդոջուն եվ անոսր
Երբ պատում են իմ ուղին,
Իմ աչքերից ես թափում եմ հորդ արտոսր,
Սիրտս եմ ձոնում աստղային…
Նոր Ջուղա
1 մեկնաբանություն
Hrashali e…
Armenuhi Dilanyan