ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Լեոպոլ Սեդար Սենգոր (1906-2001)
(Սենեգալ)
Մերկ կին. կին սևամաշկ
հագել ես գույնդ, որ կյանք է, ձևդ, որ գեղեցկություն է
Ես մեծացա քո ստվերում.մատներիդ քնքշությունը կապում էր աչքերս
Եվ ահա ամռան ու Հարավի սրտում,
Հայտնաբերում եմ քեզ, Երկիր Ավետյաց, շիկացած մի լեռան բարձունքից,
Ու գեղեցկությունդ, ինչպես արծվի հանկարծակի զարկ, շանթահարում է ինձ;
Մերկ կին, անըմբռնելի
Հասուն միրգ` պիրկ մարմնով, սև գինու մթին զմայլանք, բերան, որ բերանս դարձնում է քնարական
Սավաննա՝ ջինջ հորիզոններով, որ սարսռում է Արևելյան Քամու շոյանքներից
Քանդակված տամ-տամ, որը թնդում է հաղթողի մատների ներքո
Քո թավ կոնտրալտո ձայնը Սիրահար կնոջ հոգևոր երգն է
Հալած Յուղ, որ ոչ մի շնչից չի ալեկոծվում, ողորկ յուղ, ատլետի կոնքերով, Մալիի արքայազների կոնքերով
Գազել՝երկնային կապերով, գոհարները աստղեր են մաշկիդ գիշերվա վրա:
Մտքի խաղերի երանություն, ոսկու արտացոլումները կրծում են մաշկդ, որ երփներանգվում է
Վարսերիդ ստվերում լուսավառվում է տագնապս աչքերիդ արևներից:
Մերկ կին, կին սևամաշկ
Երգում եմ անցողիկ գեղեցկությունդ, ձևը, որն ամրագրում եմ Հավիտենության մեջ`
Նախքան խանդոտ ճակատագիրը քեզ կվերածի մոխրի՝ կյանքի արմատները սնելու համար:
Ռընե Դըպեստր (ծնվ.1926թ)
(Հայիթի)
Երբ պատանի էր,
ապրում էր մի քաղաքում,
որն ավանդազրույց էր` Կարիբյան ծովի ափին:
Եթե ուզեին, կարող էին
վերածվել ցանկացած բանի,
կարող էին լինել ծառ,
որը քայլում է ու ռոմ խմում,
արջառ, որը երգեհոն է նվագում
կիրարկի օրերին` եկեղեցում,
առյուծ, որը կոտոշավոր է դարձնում
քաղաքի բոլոր նոտարներին:
Իսկ նա, իր պատանության մի երեկո
դարձել էր ձիարշավի նժույգ,
վարգելով կտրում-անցնում էր Ժակմելը*
վրնջում էր ու հրավիրում մարդկանց
գալ ու իր հետ ցատկոտել փողոցում:
Բայց դուռ ու լուսամուտ փակված էին մնում:
Հանկարծ մի դեռատի աղջիկ դուրս ելավ
դ’Արմ փողոցի մի տնից.
դա քաղաքի գանձերից էր,
գիշերաշապիկով,
ու ժպտում էր պարմանի-երիվարին:
Երբ նա հասավ աղջկան
վերջինս հանեց իր շապիկնն
ու ցատկեց նրա մեջքին. նա սլացավ,
անվերջ վարգեց գիշերվա մեջ`
բազմաթիվ անգամներ պտույտ տալով Ժակմելի շուրջը:
նա զգում էր իր մեջքին Ադրիանային` լրիվ մերկ,
ինչպես գիշերվա երկինքն է զգում աստղերը
կամ ինչպես հողն է զգում խոտը` առավոտյան.
նա զգում էր պարման աղջկա համն ու հոտը:
Նա վարգեց, վարգեց ողջ գիշերը
իր մեջքին` աստղը Ժակմելի*,
քաղաքի հրճվանքն ու ողջ ցավը
իր մեջքին,
նրա վախերն ու ատելություններն` իր մեջքին,
նա վարգեց, վարգեց ողջ գիշեր
իր մեջքին` Ժակմելի համբույրներն ու
բոլոր երազանքները:
Վաղ առավոտյան նրանք գնացին ծով
ու մի լավ թարմացան,
այնուհետև գնացին գետը`
մարմիններն աղից մաքրելու համար:
Իսկ հետո նրան իջեցրեց իրենց տուն`
հրապարակի ապշահար ծառերի տակ:
Երբ նորից ստացավ տղայի կերպարանք`
կողերն իր արյունոտված էին,
սոսկալի ցավում էին ուսերը,
շատ էր ցավում մազածածկ մաշկը.
երկու շաբաթ մնաց անկողնում`
նայելով, թե ինչպես է հեռանում իր պատանեկությունը
իր կյանքի ամենագեղեցիկ աղջկա հետ միասին:
* Քաղաք Հայիթիիում
(անանուն)
Ո՞րն է գունամորթ մարդը, սև՞ը, թե՞ սպիտակը
Թանկագի՛ն Սպիտակ եղբայր,
Ե՛ս, երբ ծնվում եմ, սև եմ
Երբ արևից վառվում եմ, սև եմ
Երբ մրսում եմ, սև եմ,
Երբ սփրթնում եմ վախից, սև եմ
Ու երբ մեռնում եմ, սև եմ դարձյալ:
Մինչդեռ դո՛ւ, Սպիտակ եղբայր,
Երբ ծնվում ես, վարդագույն ես:
Երբ արևը վառում է քեզ, կարմիր ես:
Երբ մրսում ես, կապտույտ ես:
Երբ սփրթնում ես, դեղին ես:
Երբ հիվանդանում ես, կանաչ ես:
Իսկ երբ մեռնում ես, գորշ ես:
Ու դեռ ինձ ես անվանում
գունամորթ մարդ,
անամոթաբար:
Վերջին մեկնաբանություններ