Ռուսերենից թարգմանությունը՝ Սամվել Մարտիրոսյանի
Սաշա Սերգեևնա Զայցևա
Գրել սկսել է տասներկու տարեկանից:
2012թ.-ին, Ս. Պետերբուրգում և Նովոսիբիրսկում, լույս է ընծայել «Վայրի ուրախություններ» և «Գոյաշխարհ» բանաստեղծությունների ժողովածուները:
2013 թ.-ին, Իսրայելում, շահել է «Դավթի քնարը» գրական փառատոնի արծաթե մրցանակը:
Մի զարմանաք, եթե Սաշա Զայցևայի այս կամ այն բանաստեղծությունը, պատահաբար փակցված տեսնեք որևէ կանգառում, կամ, ինչու՞ չէ, հենց ձեր իսկ շենքի շքամուտքում:
Դա բանաստեղծուհու սիրելի նախընտրանքներից մեկն է ընդամենը:
***
Դա շատ տարօրինակ էր,
Ցավոտ էր շատ:
Արեգակը ցածրիկ էր, աչք էր ծակում,
Ստվերներ էր գծում երկար:
Եվ խոտը կանաչ էր,
Եվ սառույցը հեռանում էր ծովի մեջ:
Եվ հարություն էր առնում այն,
Ինչը՝
Բառերով երբեք չէիր ասի:
Եվ պարզ էր միանգամայն,
Որ այս աշխարհում արժի՛ ապրել,
Եվ նույնիսկ զառիթափին,
Զվարճ ու փափլիկ մի ճշմարտություն էր ծլարձակում այդ առիթով:
Մենք անգամ հասկանում էինք,
Թե՝ ինչի՞ համար է հարկավոր ապրել,
Բայց դեռ փոքր էինք շատ,
Ու չգիտեինք,
Խոսքեր չէինք գտնում հարմար:
Մենք ընդամենը կանգնել էինք նավամատույցին,
Մենք ընդամենն արտասվում էինք,
Ու շշնջում,
— «Ինչ գեղեցիկ է, աստված իմ»,-
Եվ արեգակը պտտվում էր հմայված,
Արտասուքի գույնզգույն օղակներով,
Իսկ մենք,
Դժվարանում էինք բացատրել,
Թե ինչու էինք արտասվում:
Եվ այն, ինչ տանջում էր մեզ,
Եվ այն, ինչ ծնվում էր մեր մեջ,
Բոլորովին տարբեր էր եղածից,
Կապույտ էր ու հեքիաթային թևերով:
Իսկ թե ինչ պատահեց հետո,
Մեր բացակայության այն կողմում,
Լավ է, թող սրբություն մնա,
Լավ է, թող լինի անհասկանալի,
Լավ է, թող չունենա բացատրություն:
Վերջին մեկնաբանություններ