Նաիրա Համբարձումյան | ՃԱԿԱՏԱԳԻՐ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀԱՅԻՆՆ Է

Արևի հետ

Արևի հետ

Վերջերս լույս է տեսել իրանահայ արձակագիր Կոլյա Տեր-Հովհաննիսյանի երկերի ժողովածուն, որի մեջ հրատարակվել է իր «Ինեսսա» խորագրով վիպակը: Այս գրախոսականը տվյալ վիպակի մասին է:

«Ինեսսա» վիպակը Կոլյա Տեր Հովհաննիսյանի առաջին ծավալուն ստեղծագործությունն է, որը տպագրվել է 2008 թվականին, Երևանում՝ բանաստեղծ, թարգմանչ Էդուարդ Հախվերդյանի խմբագրությամբ:
Անհիշելի ժամանակներից հային վիճակված է դեգերել օտար ափերում, ամենատարբեր պատճառներով բախտ որոնել օտարության մեջ: Բացառություն չէ նաև ներկայիս սերունդը: Ոմանց հրապուրում է դրսի պերճ կյանքն ու ազատ բարքերը, ոմանց սնափառությունն է տանում առավել լայն հնարավորություններով երկրներում ապրելու, մյուսներին ձգում է հանապազօրյա հացի վաստակը:
Հայ գրողներից շատերն են անդրադարձել տարագրության թեմային, ինչը վիպակում արծարծել է Կոլյա Տեր Հովհաննիսյանը: Նա ամենայն նրբանկատությամբ ու հմտությամբ է նկարագրել սփյուռքահայ մարդու կենսակերպը, ապրումները, կարոտն ու սերը՝ ազգի, հայրենիքի և հայրենի հողի նկատմամբ: «Հողը, ահա թե ես ինչ կասեմ, հողն է կարևոր, ով ապրում է իր հողում, նա է տվյալ ազգության բուն ներկայացուցիչը: Որքան էլ օտար քամիներ փչեն, որքան էլ ուզեն նրան տապալել, բան դուրս չի գա, հողը կպահի, հողը ուժեղ է…» (14): Այստեղ է ահա, որ նույնանում են երկիր-քաղաքացի հասկացությունները, հայրենիք-անհատ փոխհարաբերությունները:
Ճակատգրի մատուցած անակնկալներից հայ մարդը երբեմն ստիպված է լինում մեծ զոհողությունների գնով պահպանել իր ֆիզիկական գոյությունը, որը առաջին հետթին դառնում է նաև տեսակի, ինքնության պահպանման խնդիր: Հարզադրման այսպիսի փորձ հեղինակը կատարում է վիպակի հերոսի՝ իրանահայ Ժորայի միջոցով. «Առաջին հերթին ինքնությունը: Ինքդ էլ չգիտես, թե ո՞վ ես: Վերցնենք հենց ինձ, չգիտեմ առաջին անգամ ով է ինձ ասել, որ հայ եմ… Իսկ իրո՞ք հայ եմ… Տաք ու պաղ ջրի նման է, ուզես, չուզես վերցնում ես ու տալիս ապրածդ տեղի ու քո, ո՞նց ասեմ, ջերմության աստիճանը, գույնը…» (14): Կոլյա Տեր Հովհաննիսյանը չի խոսում պատճառների մասին, շեշտը պատճառի վրա չի դնում: Նա պատկերում է կատարված փաստի հետևանքները՝ սկիզբը (պատճառը) տեսնելով վերջի միջոցով (հետևանքի), որոնց միջոցով էլ դրվագ առ դրվագ հյուսում է վիպակի սյուժեն: Իր անմիջական խառնվածքներով ու մարդկային հատկանիշներով Ժորան հակադրություն է այն աշխարհի, որի անսեր ու սառը իրականությունից փախչում է անընդհատ: Նրա համար խորթ են օտարի բարոյական ըմբռնումները: Ժորան դժգոհ է իր ապրած օտար վայրից, որտեղ մարդիկ անտարբեր են իրար նկատմամբ, ապրում են այլ չափանիշներով, յուրաքանչյուրն իր համար: «Ծաղիկը արմատից հանիր ու տնկիր օտար հողում, չի դիմանա, կթառամի» (17): Ժորայի այս հղումը գոյապահպանման մաքառումների միջով անցած անհատի ընդվզումն է նաև, որի զավակները աստիճանաբար հեռանում են ազգային արմատներից, կորցնում լեզուն, մոռանում սովորությունները: Որքան էլ ցավալի է, բայց այս ընթացքը անշրջելի է, անկասելի: Կոլյա Տեր Հովհաննիսյանը զգում է վտանգի մեծությունը և ընթերցողի ուշադրությունը հրավիրում բուն երևույթին:
Ուծացման, ձուլվող հայության ճակատագրի մեջ արմատավորվող նահանջի տրամադրությունները իրենց ցավագին արձագանքը գտել էին դեռևս սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկի՝ Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպում, «Հարալեզուներուն դավաճանությունը», «Բաց տոմար», «Կրակը կողքիս» ժողովածուներում: Տարագիր հայ գրողների զգալի մասը, կործանված հայրենիքի հիշողությունը պահելու, օտար ափերում սփռված հայության բեկորների մեջ հոգևոր հայրենիք ստեղծելու նպատակով ոգեկոչում էին անցյալը, որով և ձևավորվում էր կարոտի գրականությունը: Գրողների մի խումբ էլ անօգուտ և սխալ էր համարում անցյալի հիշատակություններով տարվելը և գտնում էր, որ ափյուռքահայ գրողի խնդիրը պետք է լինի կյանքի բարդ հորձանուտում հայտնված գաղթահայերի մաքառումների արտացոլումը: Այս մտայնության սկիզբը դրեց Շահան Շահնուրը:
Կոլյա Տեր Հովհաննիսյանի «Ինեսսա» վիպակում արծարծվում են այս երկու խնդիրները միաժամանակ՝ թե՛ կարոտի թեման, թե՛ նահանջի:
Ստեղծագործության առանցքում բացի Ժորայից իր գլխավոր դերակատարումն ունի նաև Ինեսսան՝ հայաստանաբնակ բժշկուհին, որի մասնակցությամբ էլ զարգանում են սյուժեի բոլոր գործողությունները: Երիտասարդ աղջիկը ապրում է արդար աշխատանքով, քրոջ և ծնողների հետ: Նրա ցանկությունը արտասահմանում ուսման մեջ կատարելագործվելն է, որը սակայն, կապված է ֆինանսական ծախսերի հետ, իսկ ատամնաբույժի սովորական կյանքով ապրող մարդը չէր կարող իրեն նման շռայլություններ թույլ տալ: Այցելուներից շատերն էին հանդգնել նրան առաջարկություն անել, նույնիսկ պատեհ առիթներ էին եղել արտասահման մեկնելու, սակայն Ինեսսան անդրդվելի էր մերժման մեջ: Տարօրինակ էակ է կին արարածը: Ինչո՞ւ էր մերժում: Չէ՞ որ ցանկություն ուներ արտերկիր մեկնելու: Չի կարելի ասել, որ պատճառը զուտ հայկական մտածելակերպն է: Բայց չէ՞ որ Ինեսսան իրերին այլ կերպ է նայում, ազատ է շարժուձևի, նույնիսկ մտածելու ու հագնվելու մեջ: Ամուսնանալ սփյուռքահայի հետ՝ կնշանակի մեկընդմիշտ հեռանալ հայրենիքից, ընկերներից, ծնողներից, իսկ նա սիրում է իր քաղաքը, իր աշխատանքը:
Ժորայի հետ հանդիպումը պատահական էր: Ատամնաբուժարանի հասցեն տվել էր Սյուզին, անսովոր մի հանգամանք հայաստաբնակներիս համար. Ժորան և Սյուզին երկար տարիներ բաժանված էին, բայց պահպանում էին կապը միմիայնց միջև: Մյուս անսովոր հանգամանքն էլ այն է, որ թե՛ Սյուզին, և թե՛ երեխաները Ժորային համոզում էին կրկին ամուսնանալ: Այստեղ, իհարկե, իրենց դերը կատարում էին եվրոպական ազատ մտածելակերպը, բարքերը: Կոլյա Տեր Հովհաննիսյանը վարպետօրեն է նկարագրում թե՛ սփյուռքահայի, թե՛ հայաստանցու և թե՛ եվրոպացու կենցաղն ու հոգեբանությունը (Ինեսսայի տան նկարագրությունը, Ժորայի եղբոր տան նկարագրությունը, Փեռի և նրա եղբոր՝ Բյորնի կազմակերպած երեկոյի նկարագրությունը և այլն:)
Վիպակում առաջնային խնդիր է նաև մարդկային տարբեր հարաբերությունների ու վերաբերմունքների հայտնագործումը, մարդկային փոխհարաբերությունների արժեքավորումը, և Ժորայի կերպարի ամբողջացման միջոցով հեղինակի հիմնական ասելիքի բացահայտումը:
Ուշարժան է նաև Ժորա-Սյուզի-Ինեսսա եռանցումը, որի շառավիղում Սյուզիի միջոցով բացահայտում ենք «ժորայախոսության» գաղտնիքը. «Ժորայի համար երկխոսություն գոյություն չունի, կա միայն ժորայախոսություն» (186):
Թե՛ Ժորան, թե՛ Ինեսսան, թե՛ Սյուզին, թե՛ Էմման ու էրիկը, և թե՛ մյուս հերոսները, բոլորն էլ իրենց կամքին հակառակ գտնվում են օտարության մեջ: Ծնվելով կամ ապրելով օտար երկրում, օտար քաղաքում դառնում ես օտար և նահանջում ես սեփական իքնությունից: Ազգապահպանության գաղափարի հիմնական օղակը ընտանիքն է, և ավանդական հայ ընտանիքի վերացումից էլ սկսվում է ազգայինի կորուստը: Սա է «ժորայախոսության» միջոցով հեղինակի գաղափարական կողմը, որը նաև վիպակի հիմնական գաղափարն է: Ուշագրավ է նաև սիրո և նահանջի գաղափարների փոխկապակցվածությունը (Էմմա-Փեռ, Էրիկ-Ադելաիդա, Ինեսսա-Բյորն) հարաբերությունները:
Ժորան հաճախ է մեղադրում երեխաներին, որ նրանք հեռացել են ազգային արմատներից: Իսկ միթե՞ ինքը չէր հեռացել, միթե՞ աչքաթող չէր արել սեփական ընտանիքը, կապվել շվեդուհու հետ, տրվել բիզնեսին: Այսքանից հետո պահանջում էր, որ երեխաները հայեցի ապրեն: Սակայն ինչքան էլ խնդրես, համոզես, պահանջես կամ ստիպես, միևնույն է, ոչինչ չի ստացվի. մեծ աշխարհը կլանում է անհատին: Ակամայից դառնում ես օտար քո երկրին ու քո մշակույթին՝ քեզ համարելով այն երկրի քաղաքացի, որտեղ ապրում ես: Ինեսսան նույնպես նահանջում է, ինչպես Սյուզին, ինչպես Ալիսը և այլն:
Վիպակում միայն Ժորան է, որ չի նահանջում, նա պարտված է ավելի շուտ, ոչ թե նահանջած: Նրան մտահոգում է ձուլման ճանապարհով քայլող հայի՝ վաղը արդեն չլինելու խնդիրը, որը մեծ ողբերգություն է նրա համար, ազգի համար: Նրա համար խորթ են օտարի բարոյական ըմբռնումները, նա դժգոհ է երկրից, որտեղ մարդիկ անտարբեր են իրար նկատմամբ, ապրում են այլ չափանիշներով, յուրաքանչյուրն իր համար:
Ժորայի կերպարում է խտացած հեղինակի հիմնական ասելիքը: Նրան հետաքրքրում է ոչ միայն հայության ներկան, այլ ավելի շուտ ապագան: Այսօրվա նահանջողները ձուլում են, սպանում են վաղվա սերունդը, և ուծացումը վաղվա ճանապարհին այլևս չի թողնելու հային, որը հայերեն կխոսի. Սա է մեծագույն ողբերգությունը: Այսպիսով «Ինեսսա» վիպակը ծնվել է հնչեցնելու սփյուռքահայության ձուլման ահազանգը:
Վիպակում առաջնային է նաև մարդկային ջերմ սրտի հայտնագործումը, մարդկային փոխհարաբերությունների արժեքավորումը, Ժորայի կերպարի մարդկային ինքնօրինակ հայտնաբերումը: Վիպակը հեղինակի՝ կյանքի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի արդյունքն է. մարդկային յուրօրինակ հոգեբանության, և ճակատագրի գեղարվեստական արտացոլումն է տալիս Կոլյա Տեր Հովհաննիսյանը: Ճակատագիր, որ միայն հայինն է…

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի