«Լինում է, չի լինում, մի սիրունիկ արքայադուստր է լինում։ Բայց արքայադուստրը կախարդված է լինում, այն էլ այնպիսի մի կախարդանքով, որը կանհետանար միմիայն սիրո առաջին համբույրով։ Գեղեցկուհին փակված է կրակաշունչ աժդահակի հսկողության տակ գտնվող ամրոցում։ Բազում քաջ ասպետներ աշխատել են նրան ազատել իր բանտից, սակայն չեն հաջողել։ Աժդահակի փակի տակ՝ ամենաբարձր աշտարակի ամենավերին սենյակում, նա սպասում է իր իսկական սիրույն և նրա առաջին համբույրին…»:
Այստեղ Շրեքը որոշում է, որ բոլոր հեքիաթներն իրար նման են, անպետք և թերևս ավելի շատ հարմար են հետույք մաքրելու համար. հենց այդպես էլ անում է և դուրս է գալիս զուգարանից։ Նա վստահ է, որ այլևս ոչ մի ասպետ իր կյանքը չի վտանգելու արքայադստեր փրկության համար։ Ինչպես տեսնում եք, արդեն առաջին րոպեներից, այս մուլտ-ֆիլմը մեզ է ներկայացնում այսօրվա մարդու վերաբերմունքը հեքիաթների և հեքիաթային մտածողության նկատմամբ՝ մի անգամ ևս շեշտելով, որ այսօրվա կյանքում ասպետներ չկան։
Դուրս գալով զուգարանից նա հիանում է առօրյա կյանքի «ծանոթ» գեղեցկությամբ, որտեղ լոգանք ես ընդունում, ատամներդ խոզանակում, քո սեփական տունն ու հարմարություններն ես ունենում և թյուրիմացաբար կարծում ես թե կյանքը ամբողջությամբ հենց դա է։
Առաջին պատկերները մեծ կարևորություն ունեն այս մուլտ- ֆիլմի ընդհանուր փիլիսոփայությունը ըմբռնելու առումով։ Շրեքը մարդակեր հսկա է, հեքիաթային մի արարած։ Նա ապրում է իր ճահճում։ Մի գիշեր մարդիկ հարձակվում են նրա վրա, որպեսզի նրան ձերբակալեն։ Պարզ է, նա հեշտությամբ վախեցնում և հեռացնում է նրանց, սակայն նրա դեմքի արտահայտությունից կարելի է հասկանալ, որ նա չի ընկալում մարդկանց կողմից նման վերաբերմունքի պատճառը, քանի որ ինքը ոչ մի վատություն չի արել նրանց։ Մարդկանց փախուստից հետո նա գետնի վրա ընկած թղթի մի կտոր է գտնում, որի վրա գրված է, թե՝ նա, ով լորդ Ֆարքուադին կհանձնի հեքիաթային արարածներից մեկնումեկին, կպարգևադրվի։ Այստեղ նշմարելի է նաև այսօրվա աշխարհի իշխանությունների վերաբերմունքը հեքիաթային մտածողության նկատմամբ։
Հաջորդ կադրում, մենք տեսնում ենք մարդկանց, որոնք վաճառում են հեքիաթային արարածներին. յոթ գաճաճները շղթայված են, հայր ժեպետոն Պինոկիոյին բերել է վաճառելու, երեք խոզուկներն ու բազմաթիվ ծանոթ հեքիաթային փերսոնաժներ ծախվում են չնչին փողի դիմաց։ Այս առևտրից հետո, թագավորի հրամանով դրանք բոլորը արտաքսվում են Շրեքի ճահիճը։ Այստեղ է Ֆիլմի շրջադարձը։ Շրեքը, որ մինչայդ զբաղված էր իր անձնական կյանքով, իր մենակյացությունը գտնում է վտանգված։ Ուստի, որոշում է հանդիպել թագավորին և նրանից հետ պահանջել իր ճահիճը։
Միաժամանակ լորդ Ֆարքուադը ամենագետ հայելուց տեղեկանում է, որ ինքը միայն կրակաշունչ աժդահակի հսկողության տակ գտնւող արքայադստեր՝ Ֆիոնայի հետ ամուսնանալու դեպքում կարող է տիրանալ թագավորական գահին։ Բայց ինքը լորդը, իր մարմնական թերությունների ու իր վախկոտության պատճառով, խախտում է հեքիաթների նորմաները և որոշում՝ իր փոխարեն, ասպետներից որևէ մեկին ուղարկել Ֆիոնային փրկելու։ Ընտրյալ ասպետը պարտավոր է Ֆիոնային ազատելուց հետո, նրան հասցնել լորդի ապարանքը, որը, ի դեպ, շատ է նմանում այսօրվա մեծ քաղաքների աշտարակներին։
Ասպետների մրցույթի պահին Շրեքը պատահաբար մտնելով լորդի ապարանքը՝ ջախջախում է բոլորին: Լորդը առաջարկում է որպես Ֆիոնային փրկելու փոխհատուցում՝ նրան հանձնել իր ճահճի սեփականությունը։ Շրեքը համաձայնում է։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ներկա կյանքում մեր անհատականությունը պահպանելու նպատակով, հաճախ ստիպված ենք կատարել այնպիսի բաներ, որոնք նախապես համարում էինք հեքիաթային և հետույք մաքրելու արժանի։
Այսպիսով Շրեքը, իր իշուկի հետ միասին, ճամփա են ընկնում Ֆիոնային փրկելու համար։ Նրանց հաջողվում է կարճ մարտից հետո ազատել Ֆիոնային, սական այստեղ ևս երևան են գալիս մեր ժամանակներին հատուկ վարքագծեր։ Նախ նրանք չեն սպանում կրակաշունչ աժդահակին, որովհետև իշուկի հաճոյախոսություններից հետո, աժդահակը սիրահարվում է նրան։ Երկրորդ կարևոր հարցը Ֆիոնային փրկելու Շրեքի որդեգրած ձևն է։ Նա հին ասպետների սովորությամբ չի համբուրում արքայադստերը, որպեսզի նա քնից արթնանա, այլ ձեռքից բռնելով ու իր հետևից քարշ տալով, նրան դուրս է բերում խցից։ Երկու պատճառ կարելի է նկատի ունենալ նման վարքագծի համար. առաջինը՝ այսօրվա աշխարհում կանանց հետ վերաբերվելու ձևերն արդեն այնքան էլ նրբակիրթ չեն, որքան անցեալում էին և երկրորդ՝ այսօրվա «ասպետները» իրենք չեն գնում արքայադստերը փրկելու, այլ իրենց թուլամորթության հետևանքով՝ ուրիշին են ուղարկում այդ գործը կատարելու, ծառայության դիմաց նրան խոստանալով փող կամ իշխանություն։
Վերադարձի ճանապարհին պատահում է ամենաբնականն ու ամենամարդկայինը. Շրեքն ու Ֆիոնան սիրահարվում են իրար, թեև երկուսն էլ խուսափում են իրենց զգացումները արտահայտելուց։ Ֆիլմի այս հանգրվանում բացահայտվում է մի ցնցող իրականություն։ Գեղեցիկ ու նուրբ արքայադուստրը կախարդական հմայություն ունի իր վրա. նա գիշերները դառնում է մարդակեր հսկա, իսկ արևածագի հետ վերափոխվում է գեղեցիկ արքադստեր։ Ըստ կախարդանքի, միայն սիրո առաջին համբույրը կարող է նրան փրկել այս տառապալից վիճակից։ Երբ Ֆիոնան պատրաստվում է այս ցավալի իրականությունը պատմել Շրեքին, լորդ Ֆարքուադը հայտնվում է իր շքախմբով և Շրեքին հանձնելով ճահճի սեփականությունը՝ իր հետ տանում է Ֆիոնային։
Ֆիոնան համոզված լինելով, որ Ֆարքուադն է իր իսկական սերը, որոշում է նախքան արևի մայրամուտը ամուսնանալ նրա հետ և ճաշակել սիրո առաջին համբույրը, որով պիտի նաև փրկվեր հմայությունից։ Բայց վերջին պահին, Շրեքը զգալով Ֆիոնայի հանդեպ ունեցած իր սերը, իշուկի և աժդահակի օգնությամբ հասնում է Ֆարքուադի ապարանք և ինքն է համբուրում Ֆիոնային։
Ո՜վ հրաշք, այստեղ պատահում է ամենաանսպասելին։ Ֆիոնան Շրեքի համբույրով իր վրայից ձգում է հմայությունը և դառնում է մարդակեր հսկա։ Բոլոր հեքիաթներին հակառակ, որտեղ հերոսուհին գեղեցկանում է, այստեղ Ֆիոնան կորցնում է իր գեղեցկությունը. սակայն այս բոլորը ենթատեքստի մեջ դասավորված է այնքան բնական ու ներդաշնակ ձևով, որ անգամ դիտողը համաձայնում է, թե Ֆիոնան հենց այդպիսին էլ պիտի դառնար։
Որևէ ժամանակաշրջանում ստեղծված յուրաքանչիւր հեքիաթ ընդգրկում է այդ շրջանին բնորոշ բարոյական բոլոր հատկանիշները։ Ասենք Ղ. Աղայանի հեքիաթները ընթերցելով՝ հնարավոր է հասկանալ, թե ինչպէս է մտածել այնօրվա հայ մարդը եւ ինչպիսի բարոյական համակարգի մեջ է ապրել։ «Շրեքը» մեր օրերի աշխարհի հեքիաթն է և հետևաբար՝ նրա բարոյական հայելին՝ իր բոլոր վատ ու լավ կողմերով։
Համոզված եմ դեռ բազմաթիվ այլ նուրբ կետեր կարելի է գտնել DreamWorks ընկերության 2001 թվի այս արտադրության մեջ։ Համենայն դեպս, կարելի է նաև եզրակացնել, որ դեռ կարիք ունենք հեքիաթներին ու հեքիաթային աշխարհին և չենք կարող «վաճառել» դրանք։ Դրա վառ ապացույցը այն մեծ հաջողությունն էր, որ ձեռք բերեց «Շրեք» հսկան։
1 մեկնաբանություն
Մեծ հաճոյքով կարդացի գրւածքդ Դւին ջան,
կարելի է ասել թէ այսօրւայ դրութիւնը եւ տիրապետող կեղծ, անորոշ , սուտ եւ …զգացել ես քո մաշկի վրայ եւ շոշափել գրչով. ոչ բոլոր մարդիկ են կարողանում այդ աչքով նայել կեանքին:
Ոչինչ անիմաստ եւ անպատճառ չի լինում այս կեանքում,նոյնիսկ…