«

»

Մայ 07 2019

Տպել Գրառում

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՍԱ ՄԱՀՆ ԷՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Վրեժին

Երեխա ժամանակ մեր թաղում քիչ էին մահանում, մեծ մասամբ՝ տարիքն առած մարդիկ: Այդ օրերին թաղի խոսակցության գլխավոր առանցքը հանգուցյալն էր: Եթե hանգուցյալը ծեր էր, «օղորմի» տալու հետ զավեշտական դեպքեր էին հիշում անցյալից ու թաքուն ժպտում: Դագաղը տանում էին փակ, երկձի դիակառքով ու հետո ձեռքերի վրա մինչև գերեզմանի եզրը: Դագաղ տեսնելիս սահմոկում էինք, հանում գլխարկներս, իմ ընկերներից ոմանք արագ-արագ խաչակնքում էին: Մեծացանք, մեզ թույլ տվեցին մուտք գործել գերեզմանոց: Հետո, իրար հերթ չտալով, մտնում էինք դագաղի տակ ու ուսը դեմ տալիս. երկարահասակների ուսերի մաշկը, դրանց թվում՝ իմը, հարվում էր, կարմրում:

Մի անգամ մեր թաղի երիտասարդներից մեկը մահացավ մեքենայի արկածով: Թաղում սուգ էր: Բոլորը հուզված էին, բոլորի աչքերից արցունք էր թափվում: Դագաղն այս անգամ բաց էր. մեծաթիվ հուղարկավորների մարմինների արանքից առաջին անգամ էի տեսնում անշունչ դիակ: Ոտքերումս թուլություն զգացի, կորցրել էի շարժվելու ու խոսելու ունակությունս, մինչև ընկերներս ինձ հրեցին մի կողմ ու տեղս բռնեցին: Ողջ օրը և քնելիս դիակն էր աչքիս առաջ, սպիտակ դեմքը, փակ աչքերն ու կրծքին՝ խաչաձև ձեռքերը: Հետագային էլ դիակ ասելիս այդ պատկերն էր ցցվում աչքիս առաջ՝ սպիտակ դեմք, փակ աչքեր, խաչված ձեռքեր:

Բայց այդպես էլ չէի կարողանում կապ գտնել դիակի ու մահվան մեջ: Դիակը դիակ էր, մահը չլինելու գաղափարը՝ հեռավոր, անիրական երևույթ: Փողոցում քայլելիս ինձ թվում էր, թե ուր որ է կհանդիպեմ ու կբարևեմ մեռած երիտասարդին, մինչև անգամ ծերունի հանգուցյալներին: Մանկության տարիներին որբ ընկերոջս ասել էին, թե մեռած մայրը մեկնել է հեռավոր ճամփորդության, ստել էին, բայց նա աներկբա հավատում էր, որ մայրը մի օր կգա, ես էլ՝ իր հետ. թերևս այդ սուտն էր իմ՝ մահվան մասին միամիտ կամ մահը շրջանցող գիտակցության գլխավոր պատճառը: Ոչ ոք չէր ասում, որ մեռնելուց հետո մարդը չկա, ոչնչանում է, ասում էին՝ մարդը գնաց, գնաց ըստ հայեցողության՝ երկինք, դրախտ, դժոխք, լույսերի մեջ… Փաստորեն մարդը մեռնելուց հետո… գնում էր, գնում էր հեռու, ինչ-որ վայր…

Տարիներ անց զորակոչվեցինք ու ծառայության վերջին ամիսներին ընկերոջս հետ հայտնվեցինք երկրի արևմտյան սահմանագոտում ծավալվող պատերազմի անվտանգ հեռավորության բնագծում լոգիստիկական առաքելությամբ:

Մեզ չէին դիմում անունով. պարզապես կոչում էին «էրմանի»: Ինչպիսի ուրախություն էինք զգում, երբ ուտեստ կամ վառելիք մատակարարող մեքենաներից մեկի վարորդը հայ էր դուրս գալիս: Գրկախառնվում էինք ու դժվարությամբ բաժանվում:

Հազվադեպ էր պատահում, որ կողմերը դիմեին ռազմական գործողությունների. սպասման ու ձանձրույթի երկարաձիգ օրեր էին գետնափոր կացարաններում և խրամատներում, որոնք լցված էին առնետներով, կարիճներով, օձերով… Եղել էր այնպես, որ կարճատև արձակուրդներին, մոտակա շրջանային փոքրիկ քաղաքն այցելելիս, մեզ զգում էինք դրախտում, մեզ մարդ էինք զգում:

Մի օր, ինձ համար առաջին ու վերջին անգամ, թշնամին դիմեց լայնածավալ հարձակման: Ստիպողաբար մեր գումարտակն էլ ներգրավվեց կռվի մեջ: Հասանք առաջին գիծ, ու միանգամից շուրջս դղրդաց պայթյուններից, համազարկերի ճարճատոցից, վիրավորների աղաղակներից ու «Ալլահ-օ-աքբար» (Ալլահը մեծ է) բացականչություններից: Երկու կողմից էլ անխնա կիրառվում էին հրետանու բոլոր տեսակները, աջուձախ պայթում էին ականներ, երկինք ու գետին խառնվել էին իրար: Դա մի պահ է, երբ կտրվում ես իրականությունից, մոռանում ես ամեն բան, ինքդ քեզ, չես նկատում անգամ կողքիդ ընկած վիրավոր զինվորին, լցվում ես միայն կրակելու, անդադար կրակելու մոլուցքով, ասես դրանով ապահովում ես քո անվտանգությունն ու, հետևաբար, լինելիությունդ:

Այդ պահին իսպառ մոռանում ես մարդ լինելդ:

Սկզբում նրանց հաջողվեց գրավել մեզանից դեպի հյուսիս գտնվող մեր դիրքերից մի քանիսը, բայց դա երկար չտևեց. օգնության հասան ռազմական նոր ստորաբաժանումներ: Վերջապես դուրս գալով խրամատներից՝ անցանք գրոհի: Մեկ-մեկ երևում էին քողարկիչ, կտորային, բաց խակի համազգեստով թշնամու զինվորները, որոնց մեջ իմ ուշադրությունը գրավեց մի համարձակ հատուկջոկատային, որ կռվում էր ողջ ավյունով, չէր բավականանում միայն կրակելով, անդադար փոխում էր դիրքը, նռնակ նետում ու ժամանակին ճարպկորեն խուսանավում: Տարօրինակ էր՝ նրա հանդեպ ատելության հետ մեկտեղ… լցվեցի հիացմունքով. միայն նրան էի հետևում ու, անկանոն կրակելու փոխարեն, նրան առա նշանառության տակ: Ու կրակեցի: Մի քանի անգամ վրիպեցի, բայց իմ վերջին կրակոցից հետո նա անհետացավ: Թշնամին ասես սպասում էր նրա ընկնելուն. սկսվեց խուճապահար նահանջը: Մենք անմարդկային աղաղակներով, գոռում-գոչումով սկսեցինք հետապնդել ու ամրանալ նոր դիրքերում:

Երբ կրակը դադարեց, մերոնք սկսեցին հավաքել ռազմական ավարը՝ հրանոթներ, ականանետներ, թշնամու ընկած զինվորների զենքերը, փամփուշտներն ու նաև ժամացույցները, մատանիները…

Քայլերս ակամա ինձ տարան դեպի իմ զոհի՝ հատուկջոկատայինի կողմը: Ընկել էր՝ մեկ ոտքը ծալված մարմնի տակ, ձեռքում ամուր սեղմած ավտոմատ հրացանը: Կուրծքը ողողված էր ալ կարմիր արյունով: Ինչ-որ հարազատ մի նշույլ կար նրա չսափրված, մազակալած դեմքին: Աչքերը բաց էին ու նայում էին ինձ: Ուշադրությունս գրավեց վզի ոսկե շղթան: Ձեռքս երկչոտ երկարեցրի, պոկեցի այն ու օձից խայթվածի պես ընկրկեցի: Շղթայից ոսկե խաչ էր կախված… Դողացող ձեռքով արագ ստուգեցի պարանոցից կախված ինքնության մետաղանիշին դաջված անուն-ազգանունն ու կարողացա արաբերեն կարդալ միայն անունը՝ Զարեհ: Դժվար ազգանունը վերջանում էր «եան»-ով, բայց դա այլևս ինձ չէր հետաքրքրում… Պարզ էր, որ ճակատագրի բերումով խոցել էի ազգակցիս… ինձ հարազատ, սիրելի, մտերիմ, թշնամի երկրի ազգակցիս…

Ոչինչ չէի զգում, դատարկվել էի, լրիվ անջատվել: Աչքերս հառել էի նրա բաց աչքերին ու մնացել քարացած: Հետո սարսուռ զգացի ու սկսեցի դողալ ողջ մարմնով. ծնկներս ծալվում էին… Չոքեցի կողքին, թեքվեցի, համբուրեցի ճակատն ու մրմնջացի.

– Զարե՛հ, Զարե՛հ, վե՛ր կաց, վե՛ր կաց, գնանք…

Առաջին անգամ էր, որ այսքան մոտ էի մի դիակի… Ո՛չ, սա դիակ չէր, դեմքը սպիտակ չէր, աչքերը փակ չէին, ձեռքերը խաչված չէին…

Նա նայում էր ինձ բաց աչքերով:

Բռնեցի ուսն ու ցնցեցի: Չէի կարողանում հաշտվել այս քիչ առաջ շարժուն, երիտասարդ, եռանդուն մարդու անշարժության ու… անտարբերության հետ, որի պատճառը հավանաբար իմ կրակոցն էր:

Մի քանի անգամ ևս ցնցեցի ապարդյուն, ինձանից անկախ սկսեցի հեկեկալ ու ափով փակեցի կոպերը… Հետո խաչը դրեցի գրպանս, որպես մի անփոխարինելի մասունք, որը չէի ցանկանա, որ դառնա ամեն շուն ու գելի բաժին, ու գլխահակ հեռացա՝ լցված ափսոսանքի, զղջման ու խղճի խայթի սուր ցավով, որն ընդմիշտ սոսնձվեց սրտիս…

Ես տեսա մահը, շոշափեցի մահը, սա մահն էր, սա էր մահը, նա ոչ մի տեղ այլևս չէր գնալու, նա մատնվել էր հավերժ անշարժության…

 

Մայիս, 2019

Բըրբանք-ԼԱ

Share Button

2 կարծիք

  1. Mayis Seapan

    Սիրելի Կոլյա
    Հաճախ կարթում ենք Գրական Կամուրջի հոտվածները։ Քո վերջի գրվածքը Թավրիզի մեր հուշերը նորոգեց։ Բայց շատ զարմանալի է որ նվիրել ես Վրեժին։ Արդյոք սա մեր ընկեր Վրեժն է։ իսկ ինչ առիթով։

    Հոյսով եմ որ լավ եք։ Աշնանը պիտի գնանք Հայաստան։ Հուսով կըհանդիպենք։

    Բարեվնէրով Մայիս և Ջեմմա

    1. Mayis Seapan

      Սիրելի Կոլյա, արդյոք ստացար իմ նամակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>