Վարուժան Այվազյան | ՎԵՐՋԱՊԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ճանճի ամիսը» վեպի առիթով

Որովհետև կենդանի օրգանիզմ է՝ ունի ավիշներ և ժամանակի մեջ սնուցվում է։ Եթե ավիշը կարող է ծանոթ թվալ, դեռ չի նշանակում, որ գործն ինքն է. ուրեմն ճանաչելու համար պետք չէ ավիշով կողմնորոշվել,- թեև դա գայթակղիչ է։ Այդպիսի գրականությունը հենց ավիշային կարգի ինչ-ինչ նմանություններ ունենալով՝ ինքն այնքան ինքնօրինակ է, որ կարող է ավիշով ընդամենը խաբել,-բայց իր արտահայտությունն ու տեսքը միայնակի ի՛ր օրենսդրությամբ է չափելի. երբևէ եղած կամ ծնվելիք մեկ այլը նույն ոլորտում ու կրկին միայնակ է։ Ընթացիկ չափանիշներով դիտված նրա շատ ու խոտելի թերությունները չնմանվելու օրենքով են թերություն, երբեմն՝ պարսավելի,– սակայն խնդիրը հենց օրենքներն են, որոնք միշտ էլ հավակնում են բացատրել-բացահայտել գործը, և անպայման գործից առաջ են ընկնում. բայց այդ օրենքներից հեղինակի ազատագրվածությունը չէ, որ ուզում եմ մատնացուցել՝ այդպիսի ազատությունը սահմանների համադրությամբ է երևում, այլ նախ հենց ազատության անազատությունն եմ նշելու, որը չար ու բարու կարգի կատեգորիաների միջև առանձնապես նկատելի չէ։ Գիտակցելիության շղթան (որ միայն երբեմն տրամաբանականը չէ) անդունդի նման ձգում է՝ նրա եզրերով համարյա անհնար է քայլել, մանավանդ որ փոքր-ինչ հեռանալը ենթադրում է անհասկանալիություն, մշուշ ու ռեբուս, լավագույն դեպքում՝ թույլ պոեզիա։ Այնինչ այդ հայտնիությունը ինքն իրենով ու «դասականորեն» ներփակ համակարգ է, հիմնականում՝ պահպանողական, որևէ «խոտորում» ընդունելու համար երկար ժամանակ է պետք, և նա այդ «խոտորումը» անպայման նախ թողնելու է իրենից դուրս՝ անհասկանալի,– նրան՝ այդ այլ բանին, ի՛ր սեփական արտահայտելիությունն է կրելու։ Ինչպես որ ճիչը կամ աղաղակն է ոչնչացնում լեզվի զգոնությունը, բայց՝ ինքը մնալով իր իսկ ահեղ արտահայտելիությունը։ Զաբհուրելիորեն պատմական մտածելակարգը անցյալի ու եղածի օրենքներն է դեմ անում՝ գործին ստիպելով լինել այնպեսին, ինչպիսին որևէ ընդունվածն է։ Այնինչ պահը, երբ նույն այդ գիտակցելիությանն ես տրվում, քեզ երևակում-ափ է հանում այլ մի տեղում, ուր երևակված դու անպայման դա չես, և մի հարազատորեն ահեղ ստվեր իր օտարությունից հալածում է քեզ,- ազատությունն այլևս հանգրվան չէ, թեև հանգրվանի նմանվում է։
Այդ օրենքների մի դեմքը լեզվական (ձևաբովանդակային) նշաններն են՝ ոչ միայն գրի լեզուն, այլև նրա կոդային արժեքի կերպարներն ու միջոցները, որ նորանում են դանդաղ, անառիկ մի դժվարությամբ,- և դրանք օգտագործելու նպատակասլացությունը ոչ թե սոսկ հիշատակումը, ակնարկը կամ հղումն է, այլ որոշակի մի խումբը որոշակի կառույցով տեսնելը, ոչ թե քարն ինքնին, այլ քարը ճարտարապետական շինվածքի մեջ, որտեղ նա այլևս քար չէ։ ճարտարապետական կառույցի պայմանականությունն ու անհրաժեշտությունը միայն իր գոյությամբ է «օրինական», կառույցի օրգանիզմում նա անպայման պահանջում է իր մակդիրը՝ ինչպիսի՛ քար, և երևում է ոչ թե հենց քարը, այլ՝ ինչպիսի-ն,–այսինքն՝ և՛ գիտակցելիության օրենքում է, և՛ ինքնօրինակ ազատության մեջ, բայց հատկապես՝ անազատ, որովհետև նույնիսկ էության բույրը մատնելով՝ դեռևս մի¬ջանցք է. իրենով ինչ-որ տեղ ես գնում, և առայժմ հասնելիքիդ այս կողմում ես։ Որևէ և նաև այս գործի կառույցի մեջ առաջնորդվում ես առաջին անգամ թերևս շփոթվելով, երկ¬րորդ անգամ՝ կառույցի քո ընկալումը կողմնորոշիչ ունենալով, երրորդ անգամ՝ լաբիրինթոսի գայթակղությանդ տրվելով, որովհետև այնտեղ, ուր հասնելու էիր, Այնտեղը չէ՝ այդ– տեղից նոր մի իրական Այնտեղ է երևում… Թերևս միշտ ես հասնելիքիդ այս կողմում։
Ինձ էլ է անհայտ, թե ինչ եմ տեսնելու-ապրելու-ունենալու՝ վառ ու դաժան մի հմայքով գիտեմ, որ նա կա. այդ հմայքը հե՞տք է, ասելիքի նախնական պլանավորվածությու՚ն, թե՞ հենց այն ու այնպես, ինչը և ինչպիսին որ կա իր
ակամա պատնեշների ետևում։ Բայց նրա լինելության օրենքը արդեն իսկ մատնել է իրեն հասնելու գոնե ի՛մ ճանապարհը, որը, սակայն, միաժամանակ ու ավարտունորեն ահա դառնում է նրա մարմնավորումը (այս վերջինին առայժմ նաև կասկածում եմ)։ Այսինքն՝ այն, ինչ երազելի էր, ստացված այդ որոշ կենդանությամբ մարմինն է, բայց ոչ թե երազի (կամ՝ հմայքի) այլ այս իրականության հոլովույթում։ Մի ժամանակ նրա տիպարը ծես-առասպելն էր, հիմնականում՝ կենսագրության կամ իրադարձության այս կամ այն նպատակի անհրաժեշտությամբ իմաստավորումը, բացառիկ դեպքերում՝ Կյանքի Գաղտնիքի որոնում-ամփոփումը, այսօր, կարծում եմ՝ Կյանքի Ունեցվածքը. արտահայտելիությունը այնքան կյանքի, ինչքանը անցյալից, այսօրից, հնարավորից հասանելի է ու առբերելի։ Խոսքն, ահա, ամեն ժամանակում իր այդ տիպարների համեմատ է կառուցվել։ Հղկելով, իրեն ոչ անհրաժեշտից մաքրելով ու վարձ առ վարձ իր սլացքր խտացնելով՝ խոսքի այսօրվա տեսակը իրեն է ուզում հաստատել, և նրա տիպարը Մարդն է՝ կյանքի ունեցվածքի իր արտահայտելի չափով, կառույցի ի՛ր բազմոլորտությամբ, կարիքի ի՛ր համարձակությամբ, նա ի՛ր եղելությունն ու անմահության երազանքն է մարմնավորում՝ գոնե մենությունը կիսելու պատրանքով։ Մարդկային ու կենդանական ամենաահեղ՝ ավարտի՛ զարհուրանքն այս¬տեղ է, մնացյալները սոսկ փոանգի վախեր են. սա մարդու, առհասարակ Տիեզերքի սնանկության սարսափն է՝ շատ ավելին, քան կործանումը։ Մենությունը շրջանակող արժեքները մտքի ու հիշողության ոլորտում արդեն այնքան են ինքնակա ու ստեղծողին համարժեք, որ առ Աստված իմաստը խրախուսող միակ վստահելի ուղին են։ Հուսահատությունը, ահա, մտքի ու հավատի արանքում է. ես արդեն այնքան եմ հուսահատ, որ հավատում եմ ինձ տանող հմայքի դաժան ու սպառիչ «տիրոջը», որի բխումներն արթնացնում են իմ մեջ լռած մի ներդաշնակություն, ինչը միտքս համաբանում է արժեքների ու մարդու-բնության ի՛ր հասանելի ճանաչողությանը։ Նրանք միասին են ստեղծում այն ոլորտը, ուր հենց ծնվում-ապրում է մարմնավորված գործը, անանուն ու կենդանի՝ նա իմաստ է դեպի ինքը տանող բոլոր առանձին ճանապարհների դիմաց. ճարտարապետություն, որ ի՛ր լույս ու ստվերի բեկբեկումներն ունի…, բայց նրա օրենքները միայն իրենով են ճշմարիտ։ Կյանքն իրականում բոլոր իմաստների անիմաստությունն է. իմաստները միայն որոշ դեպքերում են մխիթարիչ,- ահա այս երկակիությունն արտաբերող նախադասություններն իրենց միկրոկառույ֊ ցով այդ Կարգը նշանարկում են։
Անկողմնակալ տարեգրի իմ պահվածքը նրա համար քիչ է. նրա ու իմ միացյալ ներդաշնակությանը որևէ տեղից սկսված ու որևէ տեղ գնացող կյանքի «հորիզոնական» պատմություն չի ենթադրւսմ,- այն թեկուզև լեզվում ինքնին կա ու լինում է, ժամանակի ինքնակա ու բեկբեկուն-դարձդարձիկ բաբախն ունի, որը ոչ թե որևէ տեղ է տանում, այլ ապրեցնում է «նույն տեղում»,֊- խորացնելով ու ընդարձակելով իր տարածությունը, մասնակիցը դարձնելով տարբեր ոլորտների, ինչպես որ, ասենք, տիեզերքում նույնիսկ աստղից աստղ տեղափոխվելիս էլ նույն տեղում ես կրկին ու շարունակ։ Նրա տարածություն-գետինը ժամանակն է, և՝ հակառակը,- թեև որոշ արձագանք-դեպքեր լեզվի թիկունքում պատմական ժամանակ են ենթադրում, երբեմն բանահյուսական ռիթմ է բաբախում, բայց մեկն հուշելով նկատում է. «…մի բան ասելու համար՝ մեկ այլ բանի մասին են խոսում»։ Ա՛յդ հայացքով են արտաքուստ անշարժ իրը, ինքնին բույսը, անգամ անմիջապես բացակա մարդը անվերջ շարժման մեջ այնպես, ինչպես նույնիսկ մեռյալի մարմինն է ի՛ր ոլորտի շարժման մեջ, և սուտ խոսել չէ այն, որ, ասենք, նույն խոսքը տարբեր իրավիճակներում, տարբեր տրամադրություններում համարյա նույն բառերով, բայց ամեն անգամ տարբեր բան է ասում,- այսինքն՝ նույն միջոցը՝ «մարմինը», կառույցով է ի վիճակի տարբեր աստիճանի թափանցողության, որը այլևայլ նրբերանգներով հասցնում է հմայքի համարյա տեսանելի ու թեկուզև հայելային արտաբերումին։
Հոգևորությունը կյանքով կամ ա՛յս իրականությամբ չի գահընկեց արվել, և լուծումը պատճառների մեջ չպիտի որոնել. ինչ գրվել է՝ գրվել է, դրա համար էլ չի կարող մշտապես ճշմարիտ լինել։ Եթե Գաղտնիքի, Երազի, Անհանգստության, առհասարակ առօրյայից անդին դեգերող Հոգու շշունջները թարգմանվում են իրերի լեզվի և կորսվում ոչ թե նրանց բնական, այլ նրանց վերագրված օրենքների մեջ, ապա դա բնավ չի նշանակում, որ իրերի հեշտակեցությունը կյանքի ու լեզվի պարզունակության պահանջն է։ Այնինչ ասածս շշունջները նույնիսկ վախենում ենք լսել,- թեև այս գործն ուզում է հենց դրանք լսեցնել տալ։ Նման հրաժարումն, ահա, որ կարող է սոսկ իր պատահական ժամանակն ապրել ու անցնել, չպիտի այսօրը սնանկացնի միջոցների իր «արդարացուցիչ օրինականությամբ»։ Եթե խավար ծառի անակնկալ պատկերը կարող է մեկ վայրկյանում ցրել մեր ողջ իմացականությունն ու սարսափահար անել, ուրեմն այդ պահին առավել ճշմարիտը ոչ թե բանականությունն է, այլ՝ սարսափը, իսկ հաջորդ պահին, երբ մտածելով լռեցնում ես սարսափը՝ բանականությունը, այնինչ երրորդ պահին՝ ներդաշնությանդ այն արթնացումը, երբ գիտես, որ քո մեջ է զարթնել ինչ-որ բան, որի անունը չգիտես և ուզում ես գտնել, որպեսզի նա միշտ լինի քեզ հետ, որովհետև առանց դրա այլևս չես կարող ապրել։ Նա, ուրեմն, այնպես կա, որ ինչպես ծառը, այնպես էլ դու՝ գոնե այդ պահին նրա լինելու պայմանն ու միջոցն եք՝ երկուսիդ հավասար գոյությամբ, և Նա միայն երկուսիդ մեջ է լռեցրել Իրեն՝ Գաղտնի՞քը, Մա՞հը, Կյա՞նքը, չգիտեմ,- միակ հավաստիությունը ուրիշ մեկի նմանօրինակ դեպքն է կամ՝ Գրականությունը… Այդտեղ արթնացող փիլիսոփայություններն ու իմաստները դեռևս ավարտը չեն, նրանք ևս միջոց են, և երբ թվում են հանդուրժելի, այս անգամ էլ ծաղկի հմայքն է ցրում մի կերպ հավաքված տրամաբանությունը, միակ իմաստությունը թողնելով այն, որ թերևս տարակուսելի է Մարդու ճշմարտությունը կամ՝ միագիծ,- Ճշմարտությունը ծառի, խավարի, սարսափի, ծաղկի ու սքանչացումի համաժամանակյա դիտակով տեսանելին է, և դրանց միջոցով Գտածդ էլ արդեն կարող ես պատմել միայն ա՛յդ ճարտարապետությամբ։
Մարդու, բույսի, հանքի կենդանությունը աչքի համար նույն տեսակում չէ, բայց այդ անանուն իմացության մեջ նույնն է. առանձին-առանձին՝ մեկը մյուսի համար այլաբանություն է, իսկ մարդու և լեզվի դիրքից՝ նրանք բոլորն են իր այլաբանությունը և բացատրում-բացահայտում են մարդուն՝ վաղուց կորցրած բույսի ու հանքի իրե՛նց ինքնությունը և իրե՛նց ժամանակը (եթե, ասենք, մարդը կարող է մի շարժումով ոչնչացնել ծառ ու ծաղիկ, ապա այդ նույնը անում են նաև նրանք, բայց՝ ոչ նույն ժամանակում…)։ Այնինչ նրանք իրենց ոլորտներից չգիտեմ մոգությամբ թե նպատակամիտությամբ մեր մեջ դեռևս իրենց արձագանքն են պահում, և մեզ «որսալիս» գոնե նաև նրա՛նց համրությունն ենք որսում։ Սակայն խոսքը նրանց կենդանությունը մեր օրինաչափությամբ է վերցնում՝ նրանց կրկին թողնելով իրենց հավիտենական համրության մեջ, իսկ նրանց հնարավոր անլռությունը մնում է լավագույն դեպքում քնարական շեղում՝ այն, ինչ դուրս է միագիծ սյուժեից կամ պատմությունից։
Թերևս այս երերուն դեգերումներս հենց դրան են բերում՝ իրականում ի՞նչ ենք պատմում, մի՞թե որևէ թեկուզև նշանավոր կամ արտառոց և կամ հետաքրքիր պատմություն, որը լի է իմաստներով կամ լուսավոր լուծումներով (մի ժամանակ ասում էին՝ գրականությունը պետք է ելք ցույց տա, լուծումներ գտնի…)։ Հետաքրքիր պատմության գայթակղությունը ավելի ճշմարիտ է, քան պատմությունը. ուրեմն՝ անպայման ավելի մեծ թե խորունկ մի բան, որը «որսվում» է տվյալ պատմաթյամբ։ Մոտավորապես տանելի այս ընդհանրական օրենքը պատմություն կառուցելու՞ օրենքն է լինելու, թե՞ այդ խորունկ թե մեծ մի բանի գոյության կերպը, որից դուրս նա չկա. թվում է՝ տարբերակումը էական չէ և դեռ ինչ-որ բան էլ խառնված է, բայց առաջին դեպքում գործը ստորադասվում է (եթե կարելի է այսպես ասել) օրենքին, իսկ երկրորդ դեպքում՝ ինքնորոշվում, դրա համար էլ առաջին դեպքի գործերը ընթացիկ, մերձկենցադային գործեր են, երկրորդ դեպքինը՝ բացառիկ,- դասագրքի նման՝ արտաքուստ պահանջկոտ են, բայց միշտ բան են ասում և մի անգամ կարդալով չեն սպառվում… Ինչպես որ սեռականն է արտաքուստ հա¬ճույքի, իշխելու կամ անբարոյականության լեզուն,- սատանայական ազատության, որին դեռևս կասկածում ենք, և իրականամ ծնելու և մահանալու կարողությունն է, հետո նոր լեզուն գոյության անընդհատականության կամ՝՝ «դուռը», որտեղից դեռևս ինչ-որ բան է երևում…
Այս լեզուն է, որ կյանքը թեմատիկ խնդիրների չի բաժանում և ինքն է լուրջ գրականության չափանիշ։ Մշակույթի ու Խոսքի՝ Լեզվի՛ անվերջորեն հարստացող վաստակը արդեն չի կարող թույլ տալ, որ մնա նախկին չափանիշների ոստայնում. լեզուն ինքը անդադար Անվանելով՝ մշակույթում ինքնին ասելիք է գոյության վերացարկումը, այլևս ձերբազատված ոճական, բառապաշարային, իր զարգացման տարբեր շրջանների հարստությունները օգտագործելու նպատակներից ու արժանիքներից,- և այստեղ Անվանում է ոչ թե բառով կամ դարձվածքով, այլ անգամ նույն բառերի տարբեր կապակցություններով բացազատելով անվանելիի խոռոչը։ Այսինքն՝ ոչ թե անվանելիությունն է նրա գեղարվեստական հատկանիշը, այլ գոնե անանունությունը շրջանակել-գծագրելը,- նա իր հենց այդ գործառույթում է մնում աստվածային պարգև։ Ինչպես Պյութիայի խոսքը, ուր յուրաքանչյուր բառ ճշգրիտ է այնքան, որքան և անորոշ, այն կյանքի մեջ տեսնելու գործը ընթերցումինն է։ Այդպես է, որ գործի Ասելիքը ի վերջո լեզուն ինքն է՝ այն միակ հյուսվածքը կամ ոլորտը, ուր ու ինչով համոզիչ ու կենդանի Կյանքն է կամ Կյանքի ստվերը. պատրանքը եղելության-լինելության և կյանքի առավել իրական հավաստիքը։
Այն, ինչին մոտենալու-հասնելու-առբերելու ես գնում, «մտահղացում» պահից իր ահեղ ներդաշնակությունն արդեն մատնել է. նա կա միայն այդ ներդաշնակության դեպքում,- լարված ինքն իրենով՝ նա իր հոլովույթի մեջ թողնում է այնքանր, որքանը միայն ինքն է և ինքնության այդ օրենքից բացի այլ մի օրենքի չի ենթարկվում։ Իր առանձնահատուկ ոլորտում՝ նա ներդաշնակություն ստեղծում է իրենում առկա ենթաոլորտների միջև ու միջոցով, որտեղ ամենաքիչը մարդու, բույսի, հանքի կենդանությունները կան նույնքան անհրաժեշտ, որքան երկրագնդի բաղադրության մեջ, կամ էլ հենց մարդու, ում թեկուզև ուզում ենք ճանաչել։ Ինչ-որ բան արդեն գիտենք մեր անդամ-օրգանների ներքին կապակցություններից ու նույն դրանց արտաքին՝ բուսական, հանքային և այլ ոլորտների հետ փոխհարաբերություններից. երբևէ այսօրինակ իմացությունը ծիսական էր, այլ մի ժամանակ՝ կրոնական, այսօր՝ փոքրիշատե բանական (որն առայժմ միակ քիչ թե շատ ներդաշնակն է)։ Այդ կեցություն–իմացությունը ոչ միայն գրականության կենսականության ակունքն է, այլև մարդու մեջ բաբախող այն ըմբռնելի հոգևորությունը, որ երբեմն շփոթվում է նույնիսկ Աստծո հետ։ Ուրեմն՝ գրականությունը նաև գիտական ուսումնասիրություն է… Ահա մի պատահական ու նույնիսկ տափակ նախադասություն. «Եթե դրսում անձրև է, ուրեմն կրակի վրա եռացող կաթը չի թափվի»։ Հեռավոր խորքում՝ քիմիա, մի քիչ էլ ֆիզիկա է, նյութերի կապակցությամբ՝ նրանց լեզուն է, միաժամանակ՝ ժողովրդական իմաստություն, կարող է լինել այլաբանություն, առանձին, ահա, նույնիսկ գաղտնիք է՝ թերևս անհասկանալի։ Բայց տրամաբանական կդառնա, գաղտնիք ու քիմիա չի լինի որոշակի իրավիճակում որոշակի ասողի ու հնարավոր կամ առկա լսողի միջև (դեպքում), արտառոցությունր նույնիսկ չի էլ նկատվի և, ըստ իրավիճակի, կարող է տրամադրության, վերաբերմունքի բեռ ևս ունենալ։ Բայց բոլոր դեպքերում ասում է մի բան, որը ֆիզիկայից, պատկերից կամ տրամաբանությունից անդին է՝ թեկուզև տարրերի փոխազդեցության բնա¬կան օրենքը, կյանքի մի օրենք, որն ընկալելու համար նույնիսկ քերականությունն ինքը պիտի փոխվի այդքանով… Ուրեմն՝ նա լեզու է ինքնին՝ որպես բառակապակցություն, և Լեզու կառույցում ու կառույցով, որից դուրս կարող է անհեթեթություն թվալ, այսինքն՝ կառույցը հոգևոր, կենդանի, իմաստավոր երևույթ է, մի կետ-ոստայն, ուր լինել են ձգտում գործի բոլոր անձինք, զգացումները, մտքերն ու առարկաները։ Այդպիսով էլ՝ թերևս ամենակարևոր միջոցը տեքստը զտելու և էությունը տեսնելու, արտահայտելու առումով։ Իսկ նրա օրենքը թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդաշնակությունն է, ձգողականության ի՛ր աստիճանով։ Գործում ապրողներին նախ նա ինքն է միավորել, որովհետև մի բանը նրանց առջև իրենով է բացվում։ Դեմառդեմ կանգնածի այդ հայացքն է վերակառուցում մասամբ անցյալը, անմիջապես՝ ներկան, երկարակեցության հույսով՝ ապագան, և դրանց միջոցով մեկ էության-ճշմարտության ձգտելու ժամանակ է նրա հառնումը։ Մարդու, բնության ու շարժման «իմացությամբ»՝ գիտություն, որը ոչ սովորեցնում է, ոչ էլ խորհուրդ տալիս, այլ կա այնպես, ինչպես, ասենք, հարաբերականության տեսությունը և՛ ճանաչվելուց առաջ՝ պատառ-պատառ ու անանուն, և՛ գիտակցվելուց հետո՝ ասես կյանքից առանձնացված, սակայն՝ նրա արյան պես ներկա,- բայց, ահա, անհրաժե՞շտ է, թե՝ ոչ. չգիտեմ՝ ուզում եմ, որ անհրաժեշտ լինի։ Դրա համար էլ իմ աչքին կարող են ցցուն երևալ ինչ-ինչ աններդաշնակություններ, օրինակ՝ կա որոշ հարցերի շտապողականություն, կիսատության տպավորություն, տարբեր էական հանգույցներ լուծողի միայնության պարտություն, գիտականության պակաս։ Բայց գրի ավանդույթի առումով գլխավոր մի խնդիր լուծվել է՝ հյուսվածքի կմախքը, վերահյուսվել է տիպական հենքը, որ հայտնվել է «Վերքում» ու «Երկիր Նաիրիում»,- այդ պատճառով էլ Րաֆֆու, Մուրացանի, Զորյանի, Դեմիրճյանի վեպերր իր համար ավիշ են, բայց արյունակից չեն։ Այնինչ նա ինքը դեռևս մռայլ մի լռություն է, որից դարան է ակնկալվում։ Իր առանձնակի ներդաշնակությամբ ձերբազատված է պատմության ու ընթացիկ իրապաշտության հովանավորությունից. երբեմն՝ մի բռնկում, որին կարող ես հանդիպել ու մոռանալ քո իսկ թափառումներում։ Նա կարող է միայն ներքին աչքին երևալ, որը ոչ թե իմաստություն է որոնում, այլ դեգերում է կյանքի հենց այդ կամ այդպիսի բռնկումին հանդիպելու համար, և ոչ թե հավանում կամ չես հավանում, այլ ունենում կամ հրաժարվում ես։

«Գրական թերթ», Երևան

Թողնել պատասխան

Your email address will not be published.