Արմինե Պետոսյան | ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Կան գրքեր, որոնք կարդալու համար արդեն իսկ պետք է բավական կարդացած լինել: Այդիպիսին է նաև Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» ժողովածուն: Երբ քնած են ընթերցողը, հեղինակի ներսի ու դրսի «ես»-երը, մուսան, քննադատը, հրեշտակը, Աստծված և տիեզերքն ընդհանրապես, նրանց միայն լեթարգիական արթնության կոչը կարող է մղել զգոնության: Ինչպես հեղինակն է նշում Գրական ակումբին տված իր հարցազրույցում` «Դեռ ավելին, վերաբերելուց զատ, միգուցե նաև ավելի շատ, լեթարգիական արթնությունը հենց վերաբերվո´ւմ է, այսինքն` ընդգրկում է նրանցից յուրաքանչյուրին` միաժամանակ ի´նքը նույնպես գոյելով նրանցից ներս և նրանց շուրջը»:
Այս ցանկություն-պահանջն էլ Հարենցին մղել է ստեղծելու իր հինգերորդ բանաստեղծական ժողովածուն, որը նոր ու լիովին ինքնատիպ հեղինակային խոսք է: Գիտության ու արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող եզրաբառերը, արտահայտու-թյուններն ու մտքերը, բանաստեղծորեն արտահայտվելով, ոչ միայն ցուցանում են հեղինակի ինտելեկտուալ բարձր մակարդակը, այլև պահանջում նման ընթերցող: Սակայն պոետիզմը այնքան շատ է Հարենցի գործերում, որ անգամ լիովին խորքը չճանաչած կարդացողը իրեն հոգեհարազատ տրամադրություն կգտնի, կզգա տողերում հնչող երաժշտությունը, կապրի բառը, միտքը. ահա թե որտեղ է այս հեղինակի խոսքի ուժը: Բանաստեղծի խոսքը այնքան հախուռն է, բազմաբովանդակ ու բազմակերպ, որ ամեն մի բաժին, անգամ նույն բաժնի տարբեր բանաստեղծություններ ունեն բանաստեղծական տարբեր ոճեր ու ձևեր: Սա կնպաստի, որ յուրաքանչյուր ճաշակի ընթերցող այս ժողովածուում գտնի իրենը` իր քիմքին ու մտքին հաճելին:
Գրքի չորս բաժինները (ոչ թե շարքեր, այլ բաժիններ, որովհետև հեղինակն էլ նշում է, որ` «Ես, ընդհանրապես, շարքերով չեմ ստեղծագործում, այսպես կոչված` «շարքային բանաստեղծություններ» չեմ գրում»)` «Սի բեմոլ», «Սրտագրեր», «Արյան կանաչ», «Լույսի ջրվեժներից առաջ», ուղղակի պայմանականություններ չեն, այլ ամեն մեկը մի իմաստային ամբողջության արտահայտողն է:
«Սի բեմոլ»-ը բանաստեղծի ու բանաստեղծության ծնունդն է, մանկությունը, պատանեկությունը, և հենց այս բաժնի անվանումն էլ նույնքան քնքուշ ու սիրելի նոտաների հետ համեմատելը պատահական չէ, այլ պայմանավորված է միևնույն զգացումների առկայությամբ: Նշվեց բանաստեղծի ու բանաստեղծության, որովհետև նրանք միասին են ծնվել. «…որ ինն ամիս անց/ բակունցյան միրհավների երգի ներքո/ պիտի լույս տեսնի/ բանաստեղծը իրենց թոռան» («Լեթարգիական արթնություն», Երևան, Անտարես, 2012, էջ 4):
Եվ քանի որ պոետը նաև պոեզիան է, ուրեմն և` «կենսագրությունն է Աստծո զղջումների».
«Աստված իմ ափերին խնձորներ էր
փնտրում,
և տոնվո՜ւմ էր այդպես տարեդա´րձն իմ,
չէ՞ որ
կենսագրությունն եմ ես
Աստծո զղջումների…» (էջ 5):
Բանաստեղծը ինքը բանաստեղծությունն է, ու նա կարող է իրեն թույլ տալ՝ խոսելու բանաստեղծության անունից.
«Ու ծնվել եմ, ահա, Հավերժ դարասկզբին՝
Կենսաժպիտ տարվա
Ակնթարթներ ամսում՝
Առասպելերորդ օրվա՝ լույս Գաղտնիքի գիշերը,
Կարոտի ու Վերադարձի սիրուց,
առեղծվածի մարմնով…» (էջ 25):
Եթե ցանկանում ենք ծանոթանալ նրա հետ, ապա պիտի իմանանք, որ նրա «ազգանունը Սեր է, իսկ անունը՝ Համբույր»: Այս հասկացությունները այստեղ պատահաբար չեն ընտրված: Սերը, հեղինակի կարծիքով, «զգացմունքի բանաստեղծությունն է», կարելի է ենթադրել, որ համբույրն էլ սիրո առհավատչյան է, այստեղից էլ հեղինակի անուն-ազգանունը: Ահա և մեր առջև հառնում է բանաստեղծություն-բանաստեղծը, ում ոտնահետքը «երբեք չի ավարտվում, որովհետև չի գունավորվում բառով… Իսկ հիմա գլխավոր գույնը այն է, որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է» (էջ 24): Այս մտքի մի այլ ձևակերպում է «ամենասիրածս գույնը աշխարհում բանաստեղծությունն է» տողը, որի՝ «բանաստեղծության պատուհանի տակ/ ես յուրաքանչյուր/ դարավերջից մինչև դարասկիզբ/ սերենադներ եմ շռայլում հարբած…» (էջ 17): Այս բանաստեղծությունը այն սակավ բանաստեղծություններից է, որոնց մեջ բանաստեղծի ու բանաստեղծության ես-երը միաձուլված չեն, բայց պարզ է, որ նույն կոնտեքստում են: Եթե այս բանաստեղծության մեջ պոետն ու պոեզիան սիրահար զույգի դերում են, ապա մի այլ բանաստեղծության մեջ` հոր և որդու:
«Բանաստեղծությունն այս/ որ ինձ հայր է կոչում/ որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են, / իմ տխրության պահին/ ղողանջո՜ւմ է այնպես, / կարծես իմ ժպիտը/ իր կորցրած խաղալի´քն է…» (էջ 26):
Այս բաժնում հեղինակը անգամ սահմանում է Պոեզիան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «Մա’արու աչքից, վան Բեթհովենի լսողությունից, Դանթեի վախից, Կալլասի ձայնից և Չարենցի գի՜ժ ուղեղից եփած զվարթո՜ւն կոկտեյլ…» (էջ 28):
Ու նորից գիրկընդխառն են պոետն ու պոեզիան.
«Ես, որին երեկ պիտի ծնեին,
այնպես եղավ,
որ
վա´ղը ծնվեցի»: (էջ 31):
Կամ՝
«Բանաստեղծի մոր երկունքը
միշտ էլ
կիսատ է մնում…
Ու անընդհատ ավարտվում է
յուրաքանչյո՜ւր
հաջորդ
ստեղծագործությամբ
նրա…» (էջ 30):
Այս բաժնում չլինել չէին կարող նաև հենց հեղինակի ծննդյան («Ութսունմեկի օգոստոսին- հայրս թթի օղի էր թորում…» (էջ 4)), մանկության ու պատանեկության մութուլույս տարիները («Պատերազմ, 1992», «L’anniversaire de ma mère», «B flat» և մյուս բոլոր գործերում, քանզի անգամ ամենավերացական բանաստեղծությունը կրում է հեղինակի ապրած ժամանակի ու կյանքի կնիքը):
«Սրտագրեր» բաժինը ձոներից է բաղկացած, որոնք, սակայն, զուրկ են որևէ պաթետիզմից, և բանաստեղծի սրտի խոսքն են, գրերը` ուղղված մտերիմ մարդկանց, քաղաքներին, արվեստի և գրականության ներկայի ու անցյալի սիրելի ներկայացուցիչներին: Բայց նշենք, որ դրանք ոչ թե ուղղակի ձոներ են, այլ ամեն մեկին բնորոշող սրտագրեր, այսինքն` նրանց սրտի կարդիոգրամաները:
Այս բառախաղի միջոցով հեղինակը դարձրել է այս բաժնի խորագիրը երկակի ընկալելի, ու հմուտ բժշկի նման որոշել սիրելիների կարդիոգրամաները:
Հարազատ վայրերն են՝ «հանգիստ ու մումիայի պես հանդարտ» Կահիրեն. «Իսկ դու կի´ն ես, քաղա´ք,-/ բուրգե ստինքներով,/ հազարամյակների ողնաշարին թիկնած», և «Ղպտիական գիշեր»-ը, ուր հեղինակը ավելի սուր է զգում իր քրիստոնյա էությունը.
«…Թե ինչպե՞ս պիտի թաքցնեմ
արվեստն իմ քրիստոնյա`
մուսուլմանական խավարի ներքո
երեկոյան «Հայր մեր»-ը շնչող
աչքեր փնտրելիս» («Ղպտիական գիշեր», 38):
Անցյալի արվեստագետներից Հարենցի սրտին մոտ են լիբանանցի էմիգրանտ բանաստեղծ, արձակագիր Ջուբրան Խալիլ Ջուբրանը՝ «Ռոկոկո ոճի/ արաբական մի սիրտ… հսկա Նյու-Յորքի սրտի զարկերին/ մանրանկարում է/ խալեր լիբանանյան» («Ջուբրան Խալիլ Ջուբրան», 40), ճապոնացի վաղամեռիկ բանաստեղծ, գրաքննադատ Իսիկավա Թաքուբոքուն՝ «…և Աստված մոռանում է հանկարծ/ իր աղոթքի 27-րդ հիերոգլիֆը,/ որն ընկնում ու գալարվում է Հավերժության պորտին`/ իբրև ականջօղ…» («Իսիկավա Թաքուբոքու», 45), ֆրանսիացի ֆիգուրալ նկարիչ Մոդիլիանին` «Կուբիզմի էլիպսաձև շունչն ու ծխամորճի ծուխը/ համբուրվում են երկար,/ ինչպես զուգահեռականն ու միջօրեականը» («Մոդիլիանի», 48), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Անրի դը Թուլուզը-Լոտրեկին` «Այս տանն ապրել է/ նախավերջին դարի/ վերջին հանճար/ Անրի դը Թուլուզ-Լոտրեկը»,- փակցված է փարիզյան մի/ հասարակաց տան/ պատին…» («Ճակատագրի օրգիա», 51), ֆրանսաարաբ բանաստեղծուհի Մարամ ալ-Մասրիին` «…երբ լույսի թռչունները/ պոետի ճյուղերն են`/ կախված Լաթաքիայի գույներից…» («Պաղեստին», 52): Ներկա հայ գրական աշխարհը, որի մի մասնիկն է նաև Հարենցը, չէր կարող սրտագրերի թեմա չդառնալ: Ահա և արձակագիր, թատերագիր, դերասան Հովհ. Թեքգյոզյանին նվիրված «Bon anniversaire»-ը («Տարեդարձդ շնորհավոր»), որտեղ 33-ամյա հոբելյարի ու նույն տարիքում խաչված Քրիստոսի ընդհանուր համեմատականներով կառուցել է իր բանաստեղծական խոսքը. «Իսկ քո տարիքում/ արդեն սկսվել էր/ կարմիր մետաստազը/ մսե այն խաչի» («Bon anniversaire», 42):
«Զարթնե՞լ, թե՞ չզարթնել…» շեքսպիրյան Համլետի հայտնի հարցադրման այս տաբերակն ուղղված է բանաստեղծ Թոնդրակին. « -Զարթնե՞լ, թե՞ պոեզիա:/ -Ավելի շուտ` զարթնել… պոեզիայից,/ այսինքն` Թոնդրակ…» (էջ 44):
Արձակագիր Արամ Պաչյանին է նվիրված «Շախմատային նովել»-ը, որը և բնորոշում է Պաչյանի գրելաոճը. «Կապույտի վերջին դալտոնիկ ծաղրածուն/ անսեռ խորանարդներ է/ պոկում Մահվան գանգոսկրից՝/ հերթական աճպարարության համար» («Շախմատային նովել», 46):
21-րդ դարի գրաքննությունն էլ Հարենցի մոտ ներկայանում է Հասմիկ Հակոբյանի կերպարով.
«Գրականությանը նվիրաբերած իր տևողության
ամբողջ մի օրը
արտաշատցի Հակոբյան Հասմիկը
ծախսեց
ինձ Բաղրամյան պողոտայից Էրեբունի
հիվանդանոց հասցնելու վրա,
որպեսզի ռենտգենահարի
տաթևացու գլուխս…» («21-րդ դարի գրաքննություն», 47):
Նկատի ունենալով արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի ու Դոստոևսկու գործերի իմաստային ու գաղափարական ընդհանրությունները` Հարենցը այս հարցադրումով բնորոշում է Սարիբեկյանին, այսինքն` ուզում է ասել, որ “Հրաչյա Սարիբեկյան”` նշանակում է` «Իսկ դու կուզեի՞ր
Դոստոևսկու հետ մենա´կ լինել
դժոխքում…» («Հրաչյա Սարիբեկյան», 52):
Արդի օտարերկրացի գրողներից Հարենցի սրտի գիրը նաև թուրք գրող Օրհան Փամուկի համար է, ով շատ հայերից ավելի հայանվեր գործ արեց.
«Մարդիկ տեսա´ն այդ ամենը, ընկալեցին,
հիշեցին,
սակայն
չհավատացին…
Եվ այդ պատճառով էլ կարծեցին, թե՝
Օրհան Փամուկը… խելագարվե՜լ է…» («Նոբելյան բանախոսություն», 50):
Եթե «Սի բեմոլ» և «Սրտագրեր» բաժիններում զետեղված բանաստեղծությունները վերլիբռներ են և համաշեշտ ոտանավորներ, ապա «Արյան կանաչ» բաժինը ամբողջովին բաղկացած է հանգավորված վանկական բանաստեղծություններից:
Ես քայլում եմ` ինչպես ծաղիկներն են բուրում,
ունեմ քայլեր` բուսած սիրո արահետին,
ես ապրում եմ՝ ինչպես կարոտն է համբերում
վերադարձի ճամփից եկող ծաղկահոտին (էջ 56):
Այս բաժինը գույնի փիլիսոփայության հարենցյան մեկնաբանությունն է: Հենց շարքի վերնագիրը, որ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բավական մանրամասն ու բանաստեղծորեն բացվում է այս շարքի բոլոր բանաստեղծությունների մեջ ու հատկապես՝ այս մեկում.
Ես աշխարհի միակ կենդանի էակն եմ,
կանա´չ արյուն է լոկ երակներում որի,
իմ կանաչ այդ արյամբ ես ձեր համբերանքն եմ
և արթնացող երազն ամեն կեսգիշերի… (էջ 59):
Այդ կանաչ արյունը բնության ու կյանքի գաղտնիքները իր մեջ կրելով` նաև «մանկան զնգուն լացն է, սիրո կարապը, հավատը, մարգարտացող այգը և…» (էջ 59):
Այս բաժնի համար բնաբան կարող է հանդիսանալ «Իսկ դու կարո՞ղ ես թարգմանել գույնը» հարենցյան տողը, ինչը և փորձում է անել հեղինակը իր լիրիկական հերոսի միջոցով, որը, մեր կարծիքով, այստեղ էլ միաձուլված բանաստեղծ-բանաստեղծու-թյունն է. այս երկու հասկացությունները երբեմն մի համակարգի մեջ են.
«Ես մեռնում եմ …ինչպես ծաղիկներն են պոկում» (էջ 56),
«Ես իմ կանաչ արյամբ մանկան լացն եմ զնգուն…այգն է մարգարտանում` նման ծովախեցու…» (էջ 59):
«Խնձորաբույր` իբր ադամաթռչուն`
խարույկածիրն եմ ես հանդարտ շրջում,
մինչ բոցը դեպի թևերն իմ հևա…» (էջ 63):
«Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ`
հաջորդ վայրկյանին ծնվելով նորից,
միայն ծնվելի’ս ես ինքնուրույն եմ,
իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ…» (էջ 64):
«Կենսացավերից ես ունենում եմ հոգեկծկումներ
և ինտուիտիվ ճնշմամբ ելնում եմ ինքս իմ միջից,
ձայնս թռչում է հանկարծ հայացքիս վարդե առէջից,
հետքերս են ճչում` որպես ապակե թռչնի անուններ» (էջ 62):
Երբեմն` մեկը դիմում է մյուսին.
«Դու` իբրև կապույտի կանաչ անդրադարձում, / …գտնում եմ քեզ` հոգուս ողջ գույները հագած,/ …զի ճաքերիս միջով քո հոգին է անցնում…» (էջ 57):
«Կապույտը քո շատ է կարմիր,
երբ կարմիրն իմ շատ է սպիտակ, …
…կամ` պոետն է մահը կյանքի,
բայց ես նրա լուռ մուսան չե´մ:
Կապույտը քո շա’տ է կարմիր,
երբ կարմիրն իմ շա’տ է սպիտակ…» (էջ 58):
«Լույսի ջրվեժներից առաջ» բաժինը Հարենցի մտքերի, յուրատիպ խոհափիլիսոփայական հայացքների, կրոնների ու հատկապես քրիստոնեության մասին բանաստեղծական մտորումների ամբողջություն է: Դ. Վարուժանի այս տողերը՝ «Հաճելի է ինծի միշտ լարերս փոխել և վերանորոգվիլ արվեստիս մեջ» (Դանիել Վարուժան, 1984, էջ 531), կարող են բնորոշել նաև Հարենցին: Լակոնիկ վերլիբրների տեսքով կառուցված բանաստեղծական խոսքը բավական բարդ է ու բազմիմաստ:
«Լույսի ջրվեժներից առաջ…
Արյանս կանաչ գետի ջրերում
ձկները մկրտում են
նայադների կուրծքը…» (էջ 113):
Մկրտության, վերջին ընթրիքի, Մարիամ Աստվածածնի, Մագդաղինեի, մարգարե-ների, աստվածաշնչյան մի շարք պատկերացումների մասին այս բանաստեղծություններն ունեն ընկալման իրենց նոր իմաստները, ձևերը.
«Վաղվա օրը պետրոս է`
ձեռքին վարդեր,-
գայթակզիչ, ինչպես թարգմանություն» (էջ 113):
«Ետ տուր քարերս,
որ նետեցի քեզ վրա…» («Մագդաղինե», 112):
«Գիտեմ, կարթնանամ մի օր
խորհրդավոր ընթրիքից, …
…Կկարողանա՞ն, արդյոք, օրերս
կշռել
այնքա՜ն անտանելի թեթևությունը…» (էջ 104):
«Հա´յր իմ, որ երկնքում չես,
իջի´ր երկնքից…» («Օրորոցային հորս համար», 100-101):
«Քրիստինա Գալստյան» (92):
«Ի/ սկզբանե/ ոչ/ թե/ Բանն/ էր/ այլ/ խորհուրդը/ նրա/ որ/ ի/ սկզբանե/ Բանն/ էր/ լինելու» (էջ 88):
«Ո´վ տեր, ի քեզ դատիր,/ վասնզի անարատությունովս քայլեցի…» («Սաղմոս ճերմակ վարդի», 89):
«Ամենամեծ մեղքս երևի/ խաչելությանդ ծափ տալ չկարողանալն էր…» («Խոստովանություն», 87):
«Հիանալի ֆլորիստ էր ալքիմիկոս Գաբրիելը» (83):
«Կաթդ կտրվելու աստիճան/ գիշերները մրսի´ր, Մարիա´մ,-/…ամենուր վխտում են կայենները վաղվա» (էջ 114):
Այս բաժինն ընդգրկում է ոչ միայն քրիստոնեությանն ու Աստվածաշնչին վերաբերող բանաստեղծություններ, այլև բանաստեղծի խոհերը այլ կրոնների, նրանց հանճարեղ կրողների ու սուրբ գրքերի մասին: Արաբալեզու միակ Նոբելյան մրցանակակիր գրող Նաջիբ Մահֆուզի աչքերը «ամենակարող ու ամենասեր Տերը նախապես կհանի, որպեսզի Նոբելյան մրցանակը դրանք չուտի…» (էջ 82). այս մի քանի տողով բավական խորը ու դիպուկ իր խոսքն է ասում Հարենցը «Ղուրանի վերջին` անտիպ սուրան» բանաստեղծության մեջ:
Թանկաներն ու կիսալուսինը որպես արևելքի ու մուսուլմանության սիմվոլներ՝ հանդես են գալիս նաև այս տողերում.
«Կիսալուսնաձև խնձորներ էր հանում
արևն իր ճամպրուկից
ու շարում սեղանին,
ուր մոխրամանից համբառնում էին
կարմիր թանկաներ…» (էջ 78):
«Կիսալուսնաձև կորած աղոթքները/ ջրեցի» (էջ 71):
Հեղինակը նաև չի մոռանում բուդդայականությունը` ի դեմս լոտոսների ու Բուդդայի աչքի, որն համեմատում է Ֆինլեպսինի հետ՝ տրանսային վիճակի նկատառումով, որը բուդդիստի նիրվանայի հասնելու պահն է, ինքնավերացարկումը` տրանսցենդենտալ իրականության մեջ վերանալու: «Ինչպես ֆինլեպսինի սահուն կոճակ`
բանաստեղծի ձայնալարերն ի վար,-
Տիեզերքի կոնքերին
գլորվում է Բուդդայի կորած աչքը» (էջ 102):
«Մենք բոլորս լոտոսներ ենք`
աստվածներից բուսած…» (էջ 85):
Այս բաժինը ևս հագեցած է գույների ու երաժշտության փիլիսոփայությամբ:
«Որպես/ կանաչներից տողադարձվող կապույտ`/ թևը վիրավոր թռչնի երազը`/ Մատնահետքի ու կեսօրվա միջև/ դեղնակարմիր կետադրական նշան…» (էջ 99):
«Գույնի ստվերը օրվա սպիներն է / չափում…» (էջ 93):
«…ուսումնասիրում եմ գույնի դրախտը/ դարպասներին դժոխքի…» (էջ 90):
«Բանաստեղծությանս մեջ թռչուններ են կանաչ…» (էջ 90):
«…մաժոր դեղինն ի´նքն է/ լուծվում/ մինոր կարմիրի մեջ…» (էջ 84). համեմատվում են Նախանձի քրքիջն ու խոնարհ Ոգեժպիտը:
«Հրեշտակները / կանաչ կոնյակ են խմում`/ կարմիր հացով…» (էջ 75)
«Ես պտտվում եմ նրա (կյանքի) շուրջը/ նչպես գույնը` օտար վրձնի» (էջ 70)
Թավջութակի, թավջութակահարուհու, հղի կնոջ ու դեռ չծնված երեխայի մասին զուգահեռ համեմատականները, կարծում ենք, հեղինակի յուրատիպ պատկերահամակարգի ևս մեկ ապացույց են.
«Հղի կինը` թավջութակի առջև նստած…» («Բողբոջ», 74):
«Հրեշտակների ճակատագրի մեջ/ աճող թավջութակներ են/ պտղի երազները: / Արգանդային ջազ…» (էջ 86):
«Մակընթացության ու տեղատվության/ հայելիներում/ միշտ միևնույն դիրքով են/ նստում…/ թավջութակահարուհին` նվագելիս,/ և հղի կինը…» (էջ 97):
Այս բաժինն ունի մի առանձնահատուկ թեմա-գրելաոճ ևս` միտքը արտահայտել լեզվական քերականական միջոցներով.
«Աստուծո — ենթակայական հատկացուցիչ» («Բութի կետադրություն», 75)
«Ու կեսօրդ`/ սեփական շնչիդ գոլորշու մեջ/ քեզնից քեզ տրոհող,-/ ճաքերից կախված/ դերբայական կապո՜ւյտ դարձված,/ ուր երկու կողմից ստորակետ ներ են/ Ցավը ու Ծաղիկը…» (էջ 76):
«Վարսանդների համար չարտասանած/ խոսքիդ` տողադարձեր եմ լռում-/ դեպի հիշողությունը քո» (էջ 115):
Ընդհանրապես, եթե խոսելու լինենք այս ժողովածուի առանձնահատկություններից, ապա պետք է նշենք նաև նորաբանությունների մասին, այդ թվում` ոչ միայն բառաստեղծման առումով, այլև ձևաբանական և շարահյուսական նոր ձևերի համարձակ կիրառման:
Համաշխարհային պոեզիայի ու պոետների` Հարենցի իսկ նշած բանաստեղծներից զատ, մեզ թվում է, որ կան նաև Թոմաս Էլիոթի և Օսիպ Մանդելշտամի պոետիկ աշխարհների հետ ձևային, կառուցվածքային, բառերի և արտահայտությունների բազմիմաստային կիրառումների նմանություններ (այս թեման պահանջում է ավելի մեծածավալ ուսումնասիրություն, քան այս հոդվածն է): Սակայն, ինչպես Գր. Պըլտյանն է ասել. «Ո՛չ թէ գրող մը միայն, երկ մը, արտադրութիւններու խուրձ մը, այլ թեմայի մը առթիւ անոր շուրջ կազմակերպուող ազդումներու, հակազդումներու ցանցը, նոյն ատեն ժամանակաշրջանի հիմնական հարցերու քննութիւնը, նոր լուսաւորումով, եթէ կարելի է ատիկա» (էջ 19): («Հայկական ֆուտուրիզմ». http://old.hetq.am/am/culture/pltyan/):
Չնայած հեղինակի պնդմանը, որ ասելիքն է պարտադրել բանաստեղծության կառուցվածքը, գրելաոճը՝ մենք այստեղ տեսնում ենք բանաստեղծության ստեղծման ձևերի ու գրելաոճի որոնումներ: Հարենցը հաճախ շատ համարձակ ձևերի է դիմել, որոնք արդյոք արդարացված են, թե ոչ` ցույց կտա ժամանակը:
«Լեթարգիական արթնություն» ժողովածուն խորը վերլուծելու, ամբողջովին ներկայացնելու և բոլոր փակագծերը բացելու համար մեկ հոդվածը բավական չէ: Այս հոդվածի շրջանակներում փորձեցինք գոնե որոշ չափով քննարկել և ներկայացնել մի քանի հիմնարար դրույթներ, դասակարգել որոշ թեմաներ, ու ընթերցողի համար քիչ թե շատ բացել հարենցյան բարդ ու խորունկ աշխարհը:

Օգտագործված գրականության ցանկ
1. Էդ. Հարենց, «Լեթարգիական արթնություն», Երևան, Անտարես, 2012
2. Ս. Աղաբաբյան, Դասականներ և ժամանակակիցներ, Երևան, Սովետական գրող, 1986
3. Դանիել Վարուժան, նամակներից , 1984
4. Գր. Պըլտյան, «Հայկական ֆուտուրիզմ». http://old.hetq.am/am/culture/pltyan/
5. Հարցազրույց Էդ. Հարենցի հետ http://armgrak.info/node/771

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի