Ժամանակակից հայ գրականության մեջ շատ են խամրող ու հառնող աստղերը, և այս աստղաբույլում, որը նոր որակ ու ձև ձեռք բերեց խորհրդային կարգերի փլուզումից հետո, իր յուրահատկությամբ առանձնանում է Կոլյա Տեր Հովհաննիսյանի արձակը: Տեր Հովհաննիսյանը գրականություն բերեց ոչ միայն ժամանակակից սփյուռքահայի նոր կերպարը, նրա և հայաստանաբնակի վարքագծի, էության նմանությունն ու տարբերությունը, այլև ներկայացրեց կոնկրետ մարդ էակին՝ իր հոգեբանութան բարդություններով, ելևէջումներով ու խորությամբ:
«Այս անգամ էլ կաշիս փրկեցի» հայտնի արտահայտությունը Տեր Հովհաննիսյանի «Բախտ» պատմվածքում նոր իմաստ ու բովանդակություն է ստացել՝ ներկայացնելով պատմության հերոսներից մեկի՝ Նասերի հոգու խռովքն ու ուշացած զղջումը:
Կաշին հեշտությամբ փրկելը հատուկ է հարուստների շփացած զավակներին, և այս հանգամանքը նշվում է պատմվածքում՝ որպես հասարակության մեջ տիրող երևույթ: Բայց Նասերը չի օգտվում իր այդ առավելությունից, որպեսզի ջրից չոր դուրս գա, այլ … իր փոխարեն «գյուլլի բերան» է ուղարկում ընկերոջը՝ Էյնոլլահին՝ իր վատ արարքի միակ վկային, որը կտտանքներից հետո անգամ չէր մատնել ընկերոջը:
Գեղագրության ուսուցչի փոխարեն պարապելու էր եկել դպրոցի տեսուչը, բայց երես առած Նասերին այդ հանգամանքն էլ չէր կանգնեցրել. նա ռեզինե թելն արձակել էր դեպի գրատախտակ, ու հակառակի պես այն դիպչել էր տեսչի ծոծրակին: Երբ փորձել էին գտնել ու պատժել մեղավորին, առաջին հերթին կասկածել էին միշտ չարաճճիությամբ աչքի ընկած Էյնոլլահին ու փորձել ճիպոտի միջոցով նրան հասցնել խոստովանության, բայց բոլոր ջանքերն իզուր էին անցել. հավատարիմ Էյնոլլահը՝ այդ աղքատի որդին, չէր ծախել հարուստ ընկերոջը, որը հանգիստ կերպով կարող էր անպատիժ մնալ ցանկացած արարքի դեպքում: Իսկ ահա Նասերը ընկերոջը չափում է իր արշինով, ու գործը առաջկտուր գցելու համար՝ տեսչին տալիս իբրև մեղավորի անունը, մարդու, որը մինչև վերջ էլ չի կասկածում Նասերի ընկերական զգացումների վրա. «Տեսա Էյնոլլահի հորը, որը տղայի ձեռքը բռնած’ խեղճ ու գլխահակ կանգնել էր տեսչի առջև … Էյնոլլահը, ասես բնազդով, ետ շրջվեց ու նկատելով ինձ: ժպտաց…Աչքս ընկավ նրա շալվարի մեծ կարկատանին ու մաշված տրեխներին: Արդյոք նա կռահո՞ւմ էր, որ ես էի իրեն այդ վիճակին հասցնողը… հազիվ թե»” (Կ. Տեր Հովհաննիսյան “Պղպջակ”, “Բախտ” Երևան, “Լուսակն” հրատ., 2009թ., էջ 10):
Ճիշտ է, Նասերը եսասեր է գտնվում, անհոգի վերաբերմունք է ցույց տալիս Էյնոլլահի նկատմամբ (Էյնոլլահի ուսումն այդ դիպվածի համար կիսատ է մնում, նույնիսկ հետագայում, երբ վերջինս Նասերին դիմում է օգնելու խնդրանքով, նա «մի կերպ օձիքն է ազատում»), բայց երբ իմանում է, որ մի ժամանակվա ընկերը, որն ընկել էր վատ շրջապատ, թմրամոլ էր դարձել, սպանվել է, խիղճը զարթնում է. «Նրա այդ ընկերական բարի ժպիտը, շալվարի կարկատանը և մաշված տրեխների տեսքը հետապնդել է ինձ ողջ կյանքիս ընթացքում, կեղեքել հոգիս. և հիմա, երբ նա չկա, հառնում է ամեն վայրկյան ավելի ցայտուն» : Ու Նասերը հանգում է տխուր եզրակացության. «Ե՛ս կործանեցի այդ լավ տղային…»:
Այս մի պարբերության մեջ հեղինակը այնպիսի հոգեբանական տեսարան է ներկայացրել, այնպես ազդեցիկ ու տպավորիչ ներկայացրել իրողությունը, որ ընթերցողի մոտ առաջանում է հուզում, ցավ ու անվերականգնելին վերականգնելու անկարողության զգացում: Այսպես կարող են նկարագրել ոչ բոլոր գրողները, ու դա Կ. Տեր Հովհաննիսյանի գրչի առավելություններից մեկն է՝ ազդել ընթերցողի մտքի ու զգացմունքների վրա:
Պատմվածքն այս տեսարանով չի վերջանում: Պատերազմի տարիներին՝ հրթիռակոծության ժամանակ, Նասերի բախտը էլի է բերում. նա փրկվում է ապակու բեկորի մահացու հարվածից, որը խրվել էր նրա դեմքից մի քանի սանտիմետր այն կողմ. «Այս անգամ էլ կաշիս փրկեցի»: Այս արտահայտությունը խորհրդանշական է, արտահայտում է պատմվածքի իմաստը: Բախտը, ճակատագիրը, ասում են, մարդուն տրվում են ի վերուստ: Ահա այդ Նախախնամության կամքով էլ այլ կերպ է դասավորվում Նասերի կյանքը, բոլորովին այլ ձևով՝ Էյնոլլահինը:
Վարպետորեն նկարագրված էջեր՝ մարդկային կյանքի ողբերգական պատմություն, խեղված ճակատագիր, հաջողակ մարդ, հարուստ և աղքատ, պատերազմ և հետևանքներ. ահա “Բախտ” պատմվածքն իր առանձնահատուկ գրավչությամբ և իմաստային խորությամբ:
Վերջին մեկնաբանություններ