Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԷՋԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ՕՐԱԳՐԻՑ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Սանդրա          

Զինվորական ջիփը դուրս գալով խճուղուց, ոստոստելով ու ցնցվելով մտավ դեպի գյուղերը տանող խորդուբորդ ճամփան:

Ձմեռը կիսվել էր: Սերժանտը հմայված դիտում էր մեծ գետից բաժանվող վտակներով ոռոգված հարուստ բնության ձմեռային հրաշագեղ տեսարանները: Աջ ու ձախ գետնատարած խաղողի այգիներ էին, թութունի ու ցորենի կիսաձյունածածկ արտեր՝ իրարից բաժանված տերևազուրկ բարդիների ու ուռիների խիտ շարքերով:

Իր բախտը չբերեց. չորս ամիս զորանոցում նախապատրաստական կուրսեր անցնելուց հետո պիտի մեկնեին տվյալ տարածաշրջանի գյուղերը՝ գրագետ դարձնելու գյուղացիների զավակներին ու կրթվել ցանկացող գյուղացիներին: Գյուղերն ընտրեցին վիճակահանությամբ: Իր հինգ հայ ընկերներին բաժին ընկան հայաբնակ գյուղերը: Առանց ուսուցչի հայաբնակ գյուղ չմնաց: Շտաբը որոշեց, որ ինքը կբնակվի հայերի մոտ ու կդասավանդի մոտակա թրքաբնակ՝ ավելի բազմամարդ գյուղում:

-Դու այստեղ ես աշխատելու,- ասաց սպան, երբ հասան թրքաբնակ գյուղը:

Գյուղը մաքուր տեսք չուներ, սերժանտի նոր փայլեցրած սապոգները մինչև ճտքերը ցեխոտվեցին: Այստեղ ու այնտեղ թրիք ու աղբի մնացորդներ էին: Ստվերոտ պատերի տակ երևում էին  գորշագույն ձյունի պատառիկներ: Երկու գայլաշուն գռմռալով խեթում էին օտարականներին: Աչք խփելուն պես, ամեն տարիքի ու սեռի սև, կեղտակոլոլ երեխաների ու պարապ հետաքրքասերների մի խումբ հավաքվեց նորեկների շուրջ:

Սերժանտին գյուղի վարչության նախագահին ներկայացնելիս, սպան ասաց՝ «էրմանի դի»[1]: Նախագահի  դեմքով մի ստվեր անցավ, բայց երբ պարզվեց, որ «սեփահին»[2] բնակվելու է հայաբնակ հատվածում, ասաց՝ «Խոշ գալդին»[3]: Սպան կարգադրություններ արեց ու պատվիրեց ամեն կերպ օգնել սերժանտին ու պահել «գյուլի»[4] պես: Կարճ տևեց պաշտոնական այցը: Սպան մերժեց նախագահի «մեկ բաժակ թեյ» խմելու հրավերը. եղան գյուղական դպրոցում ու շարժվեցին դեպի հայաբնակ գյուղը: Ջիփը, անցնելով կորամեջք կամուրջի վրայով, կանգ առավ գյուղի մեյդանում, ուր մի խումբ գյուղացիներ պպզած ու կանգնած զրուցում էին:

-Բարև ձեզ,- ժպտալով ասաց սերժանտը մեքենայից իջնելիս:

Նրանք հետաքրքրված նայեցին զինվորական համազգեստով սերժանտին: Շեկ, կապույտ աչքերով ու կարմրագույն այտերով մի դեռահաս աղջիկ դադարեց տան առաջամասն ավլելուց ու զարմացած նայեց սերժանտին: Երկու մանկահասակ երեխաներ, խաղը թողած, մոտեցան մեքենային ու նրանք էլ բերանները բաց նայեցին «Բարև ձեզ» ասողին:

-Աստծու բարին,- ասաց մի տարեց գյուղացի բարձրանալով տեղից,- օղուլ, հա՞յ ես:

Սերժանտը գլխով արեց:

-Բարով տեսանք:

Մյուսներն էլ ոտքի կանգնեցին:

-Ո՞վ է գյուղի քյաթխուդան,- հարցրեց ուղեկցորդ սպան թրքերեն:

-Ա՛յ տղա, Կարե՛ն, վազի՛ր, Ավագին կանչիր,- ասաց տարեց գյուղացին երեխաներից մեկին:

-Տղա ջան, ո՞ր քաղաքից ես,- հարցրեց տարեց գյուղացին:

Սերժանտն ասաց քաղաքի անունը:

-Անունդ ի՞նչ ա,- մեջ մտավ մի երիտասարդ գյուղացի համակրելի դեմքով:

-Նիկոլայ:

-Նիկոլա՜յ. ռուս ցարի անուն ա, իմ անունն էլ Անուշավան ա:

-Սեփահին քրիստոնյա է, կապրի ձեր գյուղում,- ասաց սպան, երբ կեպի դրած, անթրաշ երեսով բարձրահասակ ու մի քիչ կռացած տարեց տանուտերը ներկայացավ:

-Մեր դպրոցում պարսիկ ուսուցիչներ կան,- ասաց նա, զսպելով հազը, ապա բաճկոնի գրպանից հանեց թութունի քսակն ու եզրերը երկու կողմից ճկույթի ու մատնեմատի արանքում պահելով՝ հենց  քսակի մեջ սկսեց թութուն փաթաթել:

-Այդ մասին տեղյակ ենք,-ասաց սպան,- ասելու կարիք չկա, սեփահին կդասավանդի գետի այն կողմում, կապրի ձեզ մոտ, դուք նրան մի սենյակ տրամադրեք:

Սերժանտին թվաց, թե դա դուր չեկավ տանուտերին: Շուրջը հավաքված գյուղացիները լուռ էին:

— Դա պարտադի՞ր է,-հարցրեց տանուտերն ու լեզվի օգնությամբ թքով կպցրեց սպիտակ թուղթը:

-Շահի հրամանն է, Կրթության բանակը կոչված է ձեզ լուսավորելու: Էն կողմում,- ձեռքով ցույց տվեց թրքաբնակ մասը,- քրիստոնյա չի ապրում, դուք այստեղ սենյակ հատկացրեք իրեն,- առարկություն չվերցնող տոնով կրկնեց սպան,- ձեզ էլ օգտակար կլինի,-ավելացրեց և առանց սպասելու տանուտերի պատասխանին, վարորդին ակնարկեց, որ ցած իջեցնի տղայի զինվորական ուսապարկը, մեծ պայուսակն ու ծալովի մահճակալն՝ իր պարագաներով:

-Սեփահիին կպահեք աչքի լույսի պես,- հրամանի պես ասաց սպան,  սեղմեց սերժանտի ձեռքը, նստեց մեքենան ու նախքան դուռը փակելը, սերժանտին դիմեց այնպես, որ բոլորը լսեն.

-Ինձ կզեկուցես տեղավորվելուդ մասին:

-Լսում եմ,- պատվի առավ սերժանտը:

-Զոռով քցում են,-քթի տակ մրթմրթաց տանուտերն ու ծխախոտը դնելով սևացած շուրթերի արանքը՝ վառեց լուցկով:

-Անուշավա՛ն,-ասաց նա երիտասարդ գյուղացուն,- տղայի վեշերը բեր:

Ինքը հազալով առաջ ընկավ:

-Ես ինքս,-ասաց սերժանտը, արագ շարժումով ուսերին առավ ուսապարկը, վերցրեց ծանր պայուսակը, ծալովի մահճակալն ու առույգ քայլերով հետևեց տանուտերին:

-Հայու զավակ ա, — նրանց հետևից ասաց մի ուրիշ գյուղացի,- հո փողոցում չե՞նք թողնելու:

-Քեզ հարցնող չկա,- ասաց տանուտերը առանց շրջվելու:

Անուշավանը սերժանտի ձեռքից վերցրեց պայուսակը, դրեց ուսին ու քայլեց  նրա կողքով:

-Մի նեղվի,-ասաց շշուկով,-ինքը բարի սիրտ ունի, գյուղի հոգսերը շատ են:

-Ես էլ ավելացա,- ասաց սերժանտը:

Դեռահաս աղջիկը վերջացրեց ավլելը, մի անգամ ևս նայեց սերժանտին ու ուսով հրելով գետնից մեկ աստիճանաչափ բարձր դուռը, ներս մտավ: Աստիճանի փոխարեն դռան առաջ դրված էր մի սպիտակ սալաքար:

Սերժանտն աչքի տակով նայեց աղջկա կողմը:

Գետնի վրա կառուցված, սպիտակեցրած պատերով սենյակը դուր եկավ սերժանտին: Արևի շողերը ներս էին թափանցում դռան կողքի առանց փեղկերի, կեղտոտ ապակիներով չորսաչքանի փոքրիկ լուսամուտից: Սենյակը խոնավ էր: Պատին ամրացված էր պղնձե թասը, տակին՝ լվացարանը: Դուռը բացվում էր դեպի փողոց, ինչը ավելի ուշ սերժանտին մի քանի անգամ բարդությունների դեմ կանգնեցրեց. առատ ձյան դեպքում, ներսից հրելիս ձյունը կուտակվելով դռան հետևում, խանգարում էր լրիվ բացվելուն: Մի քանի անգամ չհաջողվեց նույնիսկ կիսաբաց անել. ստիպված ներսից բախեց, եկան մաքրեցին ձյունը, բացեցին: Ուշացավ աշխատանքից:

-Փեչը վառես, խոնավությունը կանցնի,- ասաց Անուշավանն ու զբաղվեց սենյակի անկյունում դրված, խողովակը պատուհանի մի աչքից դուրս հանած նավթի վառարանով: Հատակին երկու տակ խսիր էր փռված: Սենյակից մի դռնակ էր բացվում դեպի կից՝ ավելի ընդարձակ թոնրատունը, որի հատակը նույնպես պատված էր խսիրով: Թոնրի բերանը ծածկված էր փայտե կլոր կափարիչով: Մի անկյունում զետեղված էին նավթով լի երկու գալոններ, անպետք իրեր ու թութունի դատարկ արկղեր: Թոնրատան երդիկը և երդկակոճին հենված փայտե ելարանը գրավեցին սերժանտի ուշադրությունը: Անուշավանն ասաց, որ պետք եղած պարագային, հնարավոր է տանիքներով քայլել գյուղի մի ծայրից մյուսը: Սերժանտը բարձրացավ ելարանով, գլուխը դուրս հանեց: Տանիքներին խոտի փոքրացած դեզեր էին, բակերից վեր էին խոյացել երկնասլաց բարդիներ, մեկի կատարին արագիլի թափուր բույն էր, վերևում՝ անամպ, կապուտակ  երկինք: Լսվում էր շան հաչոց: Դռնակը փական չուներ, գլխավոր դուռը փակվում էր միայն ներսից: Ասացին, որ գյուղում բացառվում է գողությունը:

Գոհ մնաց, ավելիին չէր սպասում. զորանոցում պատմել էին գյուղերում տիրող կենցաղային դժվարությունների մասին: Սենյակում ամիսներ առաջ քաղաքից եկած մի հայ գյուղատնտես էր ապրել ու մի օր անհայտացել: Նրան տեսնող էր եղել քրդական մի գյուղում: Գյուղատնտեսից մնացել էր մի փայտե սեղան, երկու աթոռ, մեկն՝ առանց մեջքի, ու գրապահարան հիշեցնող փայտե մի հարմարանք: Սեղանի ու աթոռի գոյությունը ուրախացրեց սերժանտին. Ավագենց տանը ճաշը կերան նստած գորգապատ հատակին: Հատակին նստած ուտելու փորձ չուներ, նեղվում էր և մտածում, որ դժվար է լինելու առանց աթոռի ու սեղանի յոլա գնալ: Դեռ ուտելը մի կողմ, դժվար էր լինելու աշակերտների տետրերի ստուգումն ու զորանոցում սկսած օրագիրը շարունակելը: Ավագի երիտասարդ կինը կարճ գուլպաներով քայլում էր հատակին փռված մեծ քառանկյունի սփռոցի վրա ու շարում սպասքը, հացը, կերակուրները, ընդ որում, ամեն անգամ կռանալիս ցցում էր իր բավականին մեծ հետույքը: Ճաշկերույթի ընթացքում ծանոթացավ սփռոցի շուրջը նստած մի քանի գյուղացիների հետ, որոնք բոլորն էլ, թութունը փաթաթելով թղթի մեջ, ծխում էին: Եվ այնքան դանդաղ ու հանգամանորեն, որ ասես մի հանդիսավոր ծես էին կատարում…

Անամպ գիշերներին երդիկից երևում էին աստղերը. մեկ-մեկ բարձրանում էր կտուր, երկար նայում էր երկինքին ու ծառերի սև ուրվագծերին: Անձրևային կամ ձյունոտ օրերին թոնրատան մեջ երդիկի բացվածքից թափվող ջուրը դուրս էր հոսում ջրատար բաց փողրակով:

Օրերը նման չէին մեկը մյուսին: Աշխատանքին զուգահեռ, տարրական հարմարություններ ստեղծեց սենյակում: Գրապահարանին շարեց իր հետ բերած ընթերցանության գրքերը: Անուշավանը և գյուղացի կանայք անարգել ելումուտ էին անում ու օգնում սենյակը կարգի բերելուն ու մաքրությանը: Նավթը մեծ քանակությամբ պետության կողմից էր անվճար տրամադրվում սեփահիներին, սենյակը տաք էր ու հաճելի: Աշխատանքից վերադառնալիս՝ երբեմն սեղանի վրա գտնում էր դոշաբով, սերուցքով, հորած պանրով, չորացրած մրգերով, թարմ ձվերով ու գյուղական այլ ուտելիքներով լի կավե ամաններ, ապակե մեծ ու փոքր բանկաներ, երբեմն՝ փոքրիկ կժով տնական գինի: Ամանները դատարկվում էին, հետ գնում ու նորից լցված վերադառնում: Ամանները անուն ունեին՝ «Ծաղկավոր գլխաշոր», «Ցցված հետույք», «Հոտավետ տատիկ», «Ասորի հարս»  և այլն: Սերժանտը ամանների միջոցով գիտեր, թե ով է բերել ուտելիքը: Միանման ամանները համերով էին տարբերվում. Ցցված հետույքը  կծու էր, Ծաղկավոր գլխաշորը՝ աղի և այլն: Ինքն էլ իր հերթին նավթից բաժին էր հանում ավելի չքավոր գյուղացիներին: Գալիս էին, տանում և օրհնում: Այստեղ չէին լսվում  «շնորհակալություն», «չարժի», «ներողություն» և նման բառեր:

Մի օր, կրոնական տոնի բերումով դպրոցը փակ էր. չգիտեր, իզուր գնաց ու վերադարձավ ժամանակից շուտ: Երբ ներս մտավ, սենյակում տեսավ գյուղի կանանցից մեկին՝ գրապահարանում շարված հայերեն գրքերը տնտղելիս: Գյուղական հավաքների ընթացքում, իր հայացքը մի քանի անգամ բախվել էր այդ խունջիկ-մունջիկ, միջահասակ կնոջ հայացքին, գնահատել էր նրա դեմքի գրավչությունը, բայց շատ չէր խորացել: Երկուսն էլ շփոթվեցին:

Սեղանին դրված էր գոմեշի մածնով մի կճուճ ու թարմ լավաշներ: Դա կճուճի առաջին այցն էր, և մկրտվեց «Սիրուն կնիկ» անունով…

Կինը ձեռքի գիրքը դրեց իր տեղն ու ուզեց հեռանալ:

-Կարդալ գիտե՞ս,- հետաքրքվեց սերժանտը:

-Հա, մի քիչ դժվար… Կարդում եմ, էլի: Գիրք շատ եմ սիրում,-ասաց կինը և անցնելով սերժանտի կողքից, քայլեց դեպի դուռը:

-Անունդ ի՞նչ ա,- հարցրեց՝ կնոջ գնալը կանխելու ու խոսեցնելու միտումով:

-Սանդրա:

-Ուզում ես, գիրքը վերցրու, տար:

-Չէ…

-Հե՞ր, մարդդ կբարկանա՞…- կատակեց:

-Մարդ չունեմ,- շրջվելով ասաց կինն ու անթարթ նայեց սերժանտի աչքերին: Սերժանտը նրան տեսել էր մի մանկահասակ տղայի ձեռքը բռնած: Հետագային Անուշավանից իմացավ, որ Սանդրան այրի է. մի քանի տարի առաջ, հարուստ ամուսինը սպանվել էր քրդերի հետ ինչ-որ կասկածելի գործարք կնքելու ժամանակ:

-Ո՞ր գիրքը կուզես,- հարցրեց՝ հայացքը փախցնելով ու խուսափելով ավելորդ հարցեր տալուց:

Սանդրան ձեռքով ցույց տվեց իրար կողքի շարված «Արկածային գրադարանի» հատորները: Սերժանտը որոշ բացատրություններ տվեց հատորների մասին: Նա լսում էր ուշադրությամբ ու երբեմն հարցեր տալիս: Նախընտրեց «Խաչագողի հիշատակարանը», վերցրեց և ուրախ հեռացավ:

Սերժանտի զարմանքին խառնվեց գոհունակության ու բավարարվածության մի ախորժելի զգացում:

Սանդրայի այցը պատճառ դարձավ, որ սկսի լուրջ մտածել գյուղացիների բարությունը մի կերպ հատուցելու ուղղությամբ: Խոսեց Ավագի հետ: Որոշվեց, որ պարսկերեն դասերից հետո, ինքը հայոց լեզվի ու պատմության դասեր տա: Պարսիկ ուսուցիչները չհամաձայնվեցին: Ստիպված նամակով դիմեցին նահանգի Կրթական հիմնարկությանն ու մեծ էր ուրախությունը, երբ պահանջված իրավունքը տրվեց մի քանի օրից: Շրջանի հոգևոր առաջնորդի ջանքերով քաղաքի հարուստները դասարգրքեր ուղարկեցին գյուղ: Դասարանը երկսեռ էր, առանց տարիքային խտրության: Աշակերտները բաժանված էին երկու խմբի՝ անգրագետների ու գրաճանաչների: Անգրագետների խմբում երեխաներն ու տարիքավորներն էին, գրաճանաչների խումբը բաղկացած էր պատանիներից ու ավելի երիտասարդ գյուղացիներից: Գնալով ավելանում էր աշակերտների թիվը: Կապույտ աչքերով, շեկ  աղջիկն էլ սկսեց հաճախել գրաճանաչների խմբում:  Սերժանտը սպասում էր Սանդրային, բայց նա չէր գալիս, թեև իր տանը չեղած ժամանակ շարունակվում էր ուտելիքներ բերել:

Մի երեկո, իր տաքուկ սենյակում պարապելիս, տանիքին ոտնաձայներ լսեց ու լարվեց. քայլերը կանգ առան թոնրատան կտուրին: Սովորաբար քայլերը գալիս ու հեռանում էին: Բացեց թոնրատան դռնակն ու մթության մեջ նայեց սենյակի լուսավորությամբ սպիտակին տվող ելարանին: Մեկը իջնում էր դրա վրայով: Վախ զգաց. այդ ժամին ո՞վ պիտի լիներ: Ուզեց վերցնել զինվորական դաշույնը, բայց նկատեց, որ մոտեցողը կին է:

Սանդրան էր…

-Գիրքը բերեցի,- ասաց շնչասպառ ու առանց բարևելու, արագ մտնելով սենյակ՝ գիրքը դրեց սեղանին: Ձեռքերի թեթև դողը մատնում էր նրա ներքին խռովքը: Սերժանտը դռնակի մոտ մնացել էր քարացած: Հետո սթափվեց, փակեց դռնակն ու  առաջարկեց նստել:

-Չէ՛, գնամ,-ասաց Սանդրան, բայց չգնաց: Վերարկուի տակից հանեց կանաչ լոլիկի թթվով լի մի բանկա ու դրեց սեղանին:

-Ինքս եմ պատրաստել,-ասաց ժպտալով:

-Շնորհակալ եմ, նստի՛ր:

Սանդրան հանեց վերարկուն ու գլխի շալը, գցեց անկողնու վրա ու ձիգ նստեց առանց հենակի աթոռին: Բրդե, սպիտակ գույնի, փակ բլուզ ու մինչև կանացի կարճ սապոգներին հասնող գյուղական երկար, լայն փեշ էր հագին: Չէր շպարվել: Երկար մազերը քորոցներով հավաքել էր գլխին:

-Գիրքը հավանեցի՞ր:

-Հա, շա՜տ,- ասաց ու ժպտաց:

Ժպտալիս՝ գեղեցկանում էր: Դեմքը և ձեռքերը գյուղի մյուս կանանց ու աղջիկների նման արևից խանձված չէին: Չէր աշխատում, դասվում էր հարուստ գյուղացիների շարքին: Մարմնեղ էր, բայց ոչ գեր՝ օժտված կանացիությամբ, ինչից զուրկ էին գյուղացի կանանցից շատերը գյուղական ծանր աշխատանքների ու կենցաղային դժվարությունների հետևանքով: Պատկանում էր այն կանանց տեսակին, ում ասես պետք են միայն ուժեղ տղամարդիկ:

Լռեցին: Սերժանտը փախցրեց հայացքը. չգիտեր ինչ խոսեր կամ ինչով զբաղեցներ հյուրին: Ինչո՞ւ էր եկել: Ի՞նչ կարիք կար այս ուշ ժամին գիրքը բերել: Չէ՞ որ հնարավոր էր դա անել առավոտյան:

-Տղայիդ ո՞ւմ մոտ ես թողել:

-Մորս ու քրոջ, արդեն քնել ա:

-Իսկ նրանք գիտե՞ն, որ եկել ես ինձ մոտ:

Սանդրան գլուխը թեքեց ու նայեց շեղ: «էս էլ հա՞րց ա, որ տալիս ես»,- ասում էր նրա հայացքը:

Գլուխը թեքելիս՝ երևաց նրա երկար պարանոցի ճերմակությունը:

-Բա հե՞ր կտուրով եկար:

-Շներից վախում եմ:

-Ո՞ր շներից, երկոտանի՞,-կատակեց սերժանտը:

-Դե՛, շներից, էլի,-Սանդրան ծիծաղեց ու ավելի գեղեցկացավ:

Նորից լռեցին:

-Էստեղ շատերը շեկ են,- ասաց մի բան ասելու համար,- դու էլ շեկ ես:

-Հա, պապերիս մեջ ասորիներ կան, տղես էլ ինձ ա քաշել, հերը թուխ էր:

Էլի լռեցին:

Կինը կարծես զարմացած էր տղայի լռության վրա, երևի ակնկալում  էր, որ նա կհետաքրքրվի, հարցեր կտա իր ամուսնու մասին:

-Քրդերը սպանեցին:

-Ո՞ւմ:

-Դե՛, մարդուս, էլի:

-Սպանեցի՞ն, հեր սպանեցին:

-Երկար պատմություն է, երեք տարի ա անցել, մենակ եմ:

Սերժանտը լուռ էր: Միտքը գործում էր տարերայնորեն: «Եթե դիպչես գյուղացու նամուսին, կացինով վիզդ կկտրեն»,- ավարտական երեկույթին, իր վերջին խոսքի մեջ դիմելով սերժանտներին՝ ասել էր գլխավոր հրամանատարը: Այս խոսքը խարանի պես դաջվել էր իր գիտակցության պաստառի վրա և ինքը հիմա դա մտաբերեց, երբ Սանդրան խոսեց ամուսնու մասին: Վախ զգաց, ժպիտը սառեց շուրթերին, բարձրացավ աթոռից: Վարչական դասերի մեջ սովորել էր, որ անկոչ հյուրին ճանապարհելու միջոցներից մեկը տեղից բարձրանալն ու դեպի դուռը քայլելն է:

Սանդրան մնաց նստած ու նայեց սպասողական:

-Սանդրա՛… Գնա՛ տուն,- ասաց սերժանտը:

Կինը հանկարծակիի եկավ, ցնցվեց, նայեց վիրավորված. պարզ զգացվում էր, որ չի հասկանում սերժանտի կտրուկ կերպարանափոխության դրդապատճառը:

-Սիրա՞ծ ունես,-հարցրեց բավականին երկար դադարից հետո ու բացեց բլուզի ամենավերին կոճակը,- ասես մի բան սեղմում էր կոկորդը:

Սերժանտը շշմեց կտրուկ դրված հարցից. սրանից ավելի թափանցի՞կ…

Սիրած ուներ, դա լավ պատրվակ էր, կարող էր ասել «ունեմ» ու հոգին ազատեր, բայց ասաց.

-Չէ՛, չունեմ:

-Խաբում ես,- ասաց Սանդրան և գլուխը կախ գցեց…- չես ուզում:

-Մի ուրիշ անգամ,- ասաց գլխիկոր,- հիմա գնա:

Սանդրան բարձրացավ տեղից: Տարօրինակ էր աչքերի հրափայլ արտահայտությունը. սերժանտը փախցրեց հայացքը, մահճակալի վրայից վերցրեց վերարկուն ու պահեց՝  հագնելու համար պատրաստ վիճակում: Կինը ջղային շարժումով վերարկուն ճանկեց նրա ձեռքից, գցեց թևին, վերցրեց շալն ու առանց մի խոսք ասելու՝ անհայտացավ թոնրատան մթության մեջ…

Անցան օրեր: Կանաչ լոլիկի թթուի բանկան դադարկվեց ու դրվեց  մյուս ամանների կողքին, բայց հետ չգնաց, մնաց: Սերժանտը երկար մտածեց ու այն դրեց «Արկածային գրադարանի» գրքերի արանքում՝ շարժելով Անուշավանի զարմանքը: Բանկան հիմա իսկական անուն ուներ: «Սանդրա»: Այդ անունը քսվել էր թոնրատան ելարանին, սենյակի պատերին, առանց հենակ աթոռին, գրքերին… Աշխատանքից վերադառնալիս, երբեմն ճամփան շեղում էր ու անցնում Սանդրայենց տան առջևով: Նա չկար: Անուշավանն ասել էր, որ հարստացած գյուղացիները վաճառում են ամեն բան, լքում են գյուղն ու հաստատվում քաղաքում: «Չլինի՞ նա էլ գնացել է»… Սակայն մի օր տեսավ նրան դեմառդեմ, տնից դուրս գալու պահին: Նայեց ու մեղավոր ժպտաց: Սանդրան չէր նայում, բայց հազիվ էր զսպում վարդագույն շուրթերին գծագրված ժպիտը: Կրճատվում էր նրանց բաժանող տարածությունը: Իրար կողքով անցնելիս՝ կինը բարձրացրեց գեղեցիկ թարթիչները, նայեց իբրև թե խռովկան հայացքով, անխոս ժպտաց ու հեռացավ: Սերժանտն ուզեց ուղեկցել, բայց զսպեց իրեն, գյուղում ընդունված չէր օտար կնոջ հետ քայլելը:

Սիրտը լցվել էր բերկրանքով:

Հաջորդ օրը, դասերից հետո երբ երեկոյան անհամբեր բացեց սենյակի դուռն ու ներս մտավ, անմիջապես նայեց գրապահարանի կողմը: Սիրտը սկսեց ուժեղ թփրտալ. դատարկ «Սանդրան» չկար, լիքն էլ չկար, չկար նաև «Անգլուխ ձիավորը»: Նա սկսեց պատրաստվել. կարգի բերեց սենյակը, որովհետև գիտեր, որ լիքը բանկան այցի կգա գիշերը, թոնրատան ելարանով…

 

Մերի

-Անունդ ի՞նչ ա,- հարցրեց սերժանտը:

-Մերի:

-Գրել, կարդալ գիտե՞ս:

-Հա:

Շեկ, պոչ արած գզգզված, գանգուր մազերով, կապույտ աչքերով, կարմրագույն այտերով դեռահաս աղջիկը եկել էր արձանագրվելու գրաճանաչների խմբակում:

Սերժանտը խնդրեց, որ նա գրի իր անձնական տվյալները գրատախտակին: Աղջկա կարմրագույն այտերը ավելի կարմրեցին, բայց նա համարձակ վերցրեց կավիճն ու գրեց անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը: Ազգանունը գրել էր փոքրատառով: Աղջիկը սերժանտի հայացքից զգաց, որ մի բան այն չէ, նայեց գրատախտակին, մի պահ վարանեց, բայց անմիջապես ձեռքի ափով մաքրելով փոքրատառը՝ ճշտեց սխալը:

-Ապրես,- ասաց և նրան հանձնեց հայոց պատմության դասագրքի մի օրինակ:

Աղջիկն ուրախ ժպտաց: Նա նոր էր թևակոխել տասնյոթ տարին:

Սերժանտը ցուցակի մեջ անցկացրեց տվյալները և ուզում էր էլի հարցեր տալ, բայց միտքը փոխեց.

-Հաջորդը,-ասաց նա:

Ներս մտավ թուխ, սև աչքունքով, արծվաքիթ մի պատանի:

Սերժանտը նկատեց, որ Մերին դուրս գալուց՝ նայեց տղային ու ժպտաց: Տղան մի բան քչփչաց աղջկա ականջին ու ծիծաղեցին:

-Անունդ:

-Արսեն:

-Ազգանունդ, հայրանունդ, ծննդյան թիվը…

Տղան տասնութի մեջ էր: Ասաց, որ գրել-կարդալ գիտի: Կմկմալով մի հատված կարդաց գրքից:

Սերժանտը նրան ևս գրանցեց գրաճանաչների ցուցակում ութ համարի տակ:

Դասերն անցնում էին հետաքրքիր: Նրան զարմացնում էր գյուղացի պատանիների սովորելու անհագ ցանկությունն ու աշխատասիրությունը:

…Իրենք քաղաքի միակ հայոց դպրոցում կրոնի անվան տակ հայերեն դասերը վերածել էին ժամանցի: Ոչ ոք կարգին չէր սովորում, որովհետև հայերեն դասերի նիշերը նկատի չէին առնվում ընդհանուր միջինը հաշվելիս: Նախապատվությունը տրվում էր միայն պարսկերեն դասերին: Հարգի էին նաև արաբերենն ու անգլերենը: Ինքը խորացավ հայոց լեզվի մեջ ընթերցանության ու ինքնաշխատության շնորհիվ, դպրոցի տվածը չնչին էր: Մայրն էլ օգնեց:

Դժվար չէր կռահել, որ Մերին ու Արսենը սիրում են իրար: Դասի ժամանակ, նրանք երբեմն նայում էին մեկը մյուսին ու ժպտում: Սերժանտը դա չտեսնելու էր տալիս՝ սրտի խորքում հրճվելով նրանց անաղարտ սիրո զեղումներից:

Տյառնընդառաջի տոնին գյուղացիները պատրաստվում էին ուխտի գնալ իրենց գյուղից ոչ շատ հեռու գտնվող մի այլ հայաբնակ գյուղի մատուռը, ուր և առհասարակ տեղի էին ունենում մկրտության ու հարսանեկան արարողությունները: Քահանան գալիս էր քաղաքից:

Այդ օրը, սերժանտը թրքաբնակ գյուղում դպրոցը արձակելուց հետո, ինքն էլ կարճ անցումով ուղղակի միացավ գյուղացիներին: Եղանակը բարեխառն էր, բայց նա վերցրել էր զինվորական վերարկուն, ասել էին, որ գիշերելու են մատուռում:

Հինավուրց քարաշեն մատուռը կառուցված էր բլրի լանջին: Տեղ հասան քրտնած, փնչալով… Ոմանք մտան ներս մոմ վառելու և աղոթելու: Սպասեցին քահանային, որն այնպես էլ չեկավ: Հետո բոլորը հավաքվեցին մատուռի առջև, բավականին ընդարձակ, քիչ զառիվայր տարածքում ու շրջանաձև նստեցին գյուղից բերած փռվածքների վրա: Կենտրոնում խարույկներ վառեցին, տղաներն ու աղջիկները իրար ձեռք բռնած կամ մենակ սկսեցին ցատկել  խարույկի վրայից: Կանայք բացեցին բոխչաներն ու բարիքները շարեցին մատուռի առջև, սեղան հիշեցնող մի սալի ու այստեղ-այնտեղ փռած սփռոցների վրա: Խմիչքն առատ էր: Մատաղացու գառ մորթեցին. շուտով տարածվեց խորովածի անուշ բույրը:

Հանկարծ հնչեց Մեսրոպի զուռնան ու դրան միացավ Արծրունի դհոլը: Տեղ բացեցին պարողների համար, որոնք չուշացան: Պարում էին անկախ տարիքից ու սեռից: Այս շրջանում տարածված էին ասորական գյոնդերը: Սերժանտը, նստած մի գերեզմանաքարի վրա, հիացած նայում էր «շեյխանի» պարողներին, որոնք մատները ամուր հանգուցած իրար, բազուկները ծալած մեկը կրծքին, մեկը՝ մեջքին, երկու քայլ աջ, երկու քայլ ձախ շարժվում էին առաջ, հետո հանկարծ կտրուկ թեքվում, դեմքով բացվում դեպի հրապարակ, ապա կիպ մոտենալով՝ ալիք տալիս, կուտակվում ու հետ նահանջելով, դարձյալ բազուկները ծալելով թեքվում էին՝ վերադառնալով առաջին դիրքին՝ երկու քայլ աջ, երկու քայլ ձախ… Գյոնդը պտույտ էր գործում խարույկի շուրջ: Սերժանտը դհոլի ձայնին ներդաշնակ ոտքով դոփում էր գետինը. ծանոթ էր պարային քայլերին, ու թեև իր մեջ պարելու ցանկություն առաջացավ, բայց գերադասեց չշարժվել տեղից: Մի անծանոթ թախիծ էր իջել հոգուն, իրեն անչափ մենակ ու օտար էր զգում. դժվար էր անցնել այն մեծ անջրպետը, որն առկա էր իր և գյուղացիների մեջ: Ցածրի ու բարձրի խնդիրը չէր, որոշ պարագաներում գյուղացիներն ավելի անկաշկանդ ու ազատամիտ էին իրենցից: Ուղղակի տարբեր էին: Տարբեր էին նկարագրով, մտածողությամբ, սկզբունքներով, սովորություններով, խոսելաձևով, ամեն ինչով:

Կամաց-կամաց տարեցները հոգնեցին, թողեցին հրապարակը: Պարեղանակները կրակոտ դարձան: Մերին ու Արսենը, քով-քովի, պարում էին թեթև, վերացած:

Մթնում էր: Այստեղ ու այնտեղ մի քանի նավթի լապտերներ վառվեցին: Լիալուսնի հսկա սկավառակի կորագիծը երևաց լեռների հետևից ու սկսեց ամբողջանալ իր ողջ հմայքով. արծաթափայլ լույսը տարածվեց ու քսվեց բնության ու մարդկանց գլուխներին: Ցրտեց: Սերժանտը բարձրացավ տեղից ու քայլեց դեպի մատուռ. վերարկուն թողել էր այնտեղ: Մատուռում մարդ չկար: Կիսամութում գտավ վերարկուն, գցեց ուսերին ու դուրս եկավ: Խարույկը թեժացրել էին. թրթռացող դեղնավուն լույսը խաղում էր պարողների քրտնամխած, կարմրած դեմքերին:

Մերին ու Արսենը պարողների մեջ չէին: «Երևի հոգնել են»,-անցավ սերժանտի մտքով ու սկսեց աչքերով նրանց որոնել շրջանաձև նստած գյուղացիների մեջ: Մեկի հետ խոսելու, կիսվելու ցանկություն ուներ. ինքը հազիվ երկու-երեք տարով էր մեծ նրանցից, թեև, արտաքուստ, տարիքային տարբերությունը թվում էր ավելի շատ: Մերին ու Արսենը չկային: «էս ո՞ւր են կորել»,-մտածեց: Անհավանական էր, որ բլրից իջած լինեին ներքև: Սերժանտը տեսնում էր շրջապատը ափի մեջ, միայն մատուռի հակառակ կողմն էր ծածկված տեսողությունից: Ակամա քայլեց այդ ուղղությամբ: Մատուռից ավելի վեր մարագի նմանվող մի շինություն նկատեց ու որպեսզի ձայն չլսվի, մացառները շրջանցելով՝ սկսեց դանդաղ բարձրանալ: Շինության դուռը կիսաբաց էր: Լարեց լսողությունը, հեռվից լսվող դհոլի ձայնը խլացնում էր՝ ներսից եկող ընդհատ շնչառության ու տնքոցի ձայները: Զգուշորեն մոտեցավ կոտրված ապակիներով լուսամուտին ու նայեց ներս: Մթության մեջ, աչքն ընկավ հյուսնի դազգահ հիշեցնող սեղանի վրա դեպի ցած կախված մերկ, մինչև ծունկը նախշահյուս գուլպա հագած, կանացի ճերմակ ազդրին: Լուսնի լույսը ասես ավելի էր ընդգծում ճերմակությունը: Մնաց քարացած, առաջին անգամն էր հայտնվում թաքուն լրտեսողի դերում. ժամանակը ասես կանգ էր առել: Մի պահ ուզեց հազալ, կամ այլ կերպ, անուղղակիորեն մատնել իր ներկայությունը, բայց կարկամեց: «Մեղք են, թող վայելեն սերը»,- ասաց մտքում, դեմքը շրջեց ու քայլերն անձայն փոխելով միացավ ամբոխին…

 

«Ժուլետ»

Զատկական տոներին, երկու օր արձակուրդ տվեցին քրիստոնյա սեփահիներին: Գյուղում բոլորը տոնական նախապատրաստության մեջ էին: Սերժանտը որոշեց գնալ քաղաք ու միանալ ընկերներին: Բայց Անուշավանը, որ նոր էր վերադարձել ինչ-որ ուղևորությունից, առավոտյան եկավ ու խնդրեց, որ միասին գնան հարևան` ասորաբնակ գյուղը՝ իր «Ժուլետին» տեսության:

-Տո՛, Ժուլետ չէ, է՜, Ժուլիետ ա,- ճշտեց սերժանտը:

-Մենք Ժուլետ ենք ասում,- ասաց Անուշավանը:

«Մե՞նք»…

-Ես գամ, ի՞նչ անեմ, ուզում եմ քաղաք գնամ:

-Դե՛, իմանում ես, էլի, դու որ հետս լինես Ժուլետը ուրիշ աչքով կնայի:

-Ո՞ւր էիր մինչև հիմա:

-Գործով:

-Ի՞նչ գործ:

-Դե՛, գործ, էլի…

Սերժանտը լսել էր, որ Անուշավանը սահմանամերձ քրդաբնակ գյուղի իր քուրդ ծանոթների «ձեռքն» է, հարևան երկրից մաքսանենգված ապրանքներ է «յուրացնում» քաղաքում: Նա լավ ատաղձագործ էր, բայց չէր աշխատում: Ամռանն էլ չէր մասնակցում գյուղական աշխատանքներին: Իր «գործը» շատ ժամանակ չէր խլում, ամիսը մեկ անգամ գյուղից բացակայում էր ամենաշատը տաս օրով ու հետո պարապ թրև գալիս: Լավ էր վաստակում, թեև ձերբակալվելու վտանգը միշտ կախված էր գլխին: Անուշավանը յուրօրինակ, փիլիսոփայական մոտեցում ուներ աշխատանքի, մարդկային տառապանքի ու դժվար վաստակի մասին: «Սաղ կյանքը էշի նման գործելը» համարում էր մարդկային ամենամեծ հիմարությունը: Անկեղծ էր, բայց միշտ խուսափում էր խոսել իր «գործի» մասին:

«Նա էլ ինձ չի վստահում»,- մտածեց դառնությամբ:

Սերժանտը վաղուց զգացել էր, որ թե՛թրքաբնակ, թե՛ հայաբնակ գյուղերում մեծ անվստահություն ու հակակրանք կա պետական չինովնիկների, հատկապես զինվորականների նկատմամբ: Բավական էր հանել համազգեստը, մարդիկ դառնում էին ավելի բարեհամբույր: Միայն Անուշավանը չէր, որ չէր վստահում իրեն: Մի արևոտ, տաք օր հարևան գյուղից վերադառնալիս՝ սաստիկ ծարավ զգաց: Գյուղ հասնելով բացեց ճանապարհի առաջին՝ Սեդրակենց դուռն ու ներս մտավ: Առանց լուր տալու կամ դուռը թակելու նման «ներխուժումը» ընդունված էր գյուղում: Տան մեջ տարածվել էր թթված չամիչի և սպիրտի սուր հոտ: Թոնրատան բաց դռնից երևում էր օղի թորելու կավե օջախը, տակառներ, լցված ու դատարկ շշեր: Սերժանտը զգաց, որ բոլորն իրար անցան: «Օղի՞ եք քաշում, հա՞»,- հումորով հարցրեց տեսուչի նման: Գիտեր, որ տնական օղի քաշելը արգելված է առողջապահական նպատակով. հայտնաբերելիս բռնագրավում ու տուգանում էին: «Հա, տեսնում ես, էլի, օղի ենք քաշում»,- ասաց Սեդրակի եղբայր Արծրունը: Սերժանտն ասաց, որ ծարավ է ու ջուր խնդրեց: Նրան առաջնորդեցին թոնրատուն, ուր մեծ եռուզեռ էր տիրում: Այնտեղ էին Սարիբեկը, Պողոսը և Մեսրոպը, յուրաքանչյուրը լծված մի գործի: Սեդրակը քծնող ժպիտով դիմավորեց սերժանտին ու բազմանշանակ նայելով կնոջ կողմը՝ ասաց, որ ջուր բերի: Կինը գնաց, բաժակ բերեց սենյակից ու պատի տակ դրված բավականին մեծ կժի գլուխը թեքելով՝ լիուլի լցրեց: Սերժանտը վերցրեց բաժակն ու քաշեց գլխին: Չհասկացավ, թե ինչ կատարվեց, աչքերից կայծեր թռան, բաժակը թափով նետեց մի կողմ: Լսվեց ապակու փշրվելու ձայն ու օղու շիթերը պատի վրայից սահեցին ցած: «էս ի՞նչ էր»,- հազիվ կարողացավ արտաբերել. բերանն ու կոկորդը այրվում էին: Գյուղացիների հռհռոցը տարածվել էր թոնրատանը: «Էս անելու բա՞ն էր»,- ասաց զայրացած, երբ մի քիչ հանդարտվեց: «Դե, ուզեցինք քեզ էլ հյուրասիրել,-ասաց Արծրունը,- դու էլ էս օղիից խմեցիր»…Սեդրակը, կինը և մյուսները դեռ ծիծաղում էին: Նրանք այս ձևով իրեն մասնակից դարձրին կատարվող անօրինությանը, որպեսզի ինքն այլևս չհամարձակվի մատնել նրանց: «Ի՞նչ է, դուք կարծում եք, որ ես հայ տեղովս ձեզ կմատնե՞մ թուրքին»,- ասաց դառնացած ու դուրս եկավ…

-Ի՞նչ գործ,-կրկնեց՝ ձայնը բարձրացնելով,- վերջապես կասե՞ս, շորերիս մի նայիր, ես հո ոստիկան չե՞մ:

-Մի՛ նեղացի, Նիկալայ ջան, մենակ դու չես, երդում եմ տվե, օքմինը լուր չունի…

Հակառակ իր սև գործերին, Անուշավանը դրական նկարագրով ու մարդկային լավ արժանիքներով օժտված մեկն էր, գյուղում սիրված բոլորի կողմից: Հրաշալի ձայն ուներ, երգում էր հայկական ժողովրդական ու քրդական ազգային երգեր, հպարտությամբ էր նշում, որ Հովհաննես Բադալյանը իրենց շրջանից է: Օգնող էր, բոլորին հասնող: Իրեն վերաբերվում էր հարազատ եղբոր պես: Ինքն էլ առաջին օրվանից կապվեց նրա հետ, բայց մաքսանենգներին դասելով մարդկային վատ տեսակի խավին, դժվարանում էր մարսել Անուշավանի լավ նկարագրի ու իր ընտրած զբաղմունքի միջև՝ առկա հակասությունը:

-Լավ, կգամ,-ասաց ոչ այնքան սրտանց:

Պայմանավորվեցին մեկ ժամից ճամփա ընկնել: Գարնանային հրաշալի գոլ եղանակ էր: Սերժանտը հագավ իր քաղաքացիական միակ մուգ կապույտ կոստյումը: Տակից հագել էր սպիտակ շապիկ ու քաղաքից նոր գնած կարմիր ջեմպրը: Հանդիպեցին մեյդանում: Անուշավանը նույնպես հագնվել էր տոնական՝ սև կոստյում, սպիտակ շապիկ: Ձեռքին մի զամբյուղ կար՝ լցված մոր պատրաստած գաթաներով, զատկական՝ սոխի կճեպով ներկված ձվերով ու այլ բարիքներով, որոնք ծածկված էին սրբիչով:

Ասորաբնակ գյուղը մոտիկ էր, ուղիղ գծով իրենց գյուղից հազիվ կես կիլոմետր հեռավորությամբ: Սակայն երկու գյուղերի արանքով հոսում էր բավականին լայնահուն մի գետակ: Ձմռան եղանակին ջուրն այնքան էր քչանում, որ գետակը վերածվում էր բարակ առվակների, հնարավոր էր դառնում դրանց վրայից ցատկելով անցնել մի ափից մյուսը: Բայց հիմա՝ գարնանը հորդառատ էր: Ստիպված էին դուրս գալ ասֆալտապատ խճուղին, անցնել կամուրջը, շարունակել խճուղին և ոլորապտույտ արահետով իջնել վտակի ափին տարածված ասորաբնակ գյուղը: Այս շրջանցումը հաշվում էր շուրջ հինգ կիլոմետր: Սակայն մեծ եղավ սերժանտի զարմանքը, երբ Անուշավանը քայլեց  դեպի գետակը տանող, հարուստ բնության աննկարագրելի գրավչություններով օժտված ճամփան: Ազատ ժամերին սերժանտը սիրում էր հասնել այդտեղ, երկար կանգնել գետակի ափին ու նայել ջրերի վազքին:

-Գժվե՞լ ես, ո՞ւր ես գնում:

-Դու արի՛, Նիկալայ ջա՛ն, դու գործ չունես,-ասաց Անուշավանը:

-Ինչպես թե գործ չունեմ,- ասաց սերժանտը,- էս եղանակին ես էդ գետը անցնողը չեմ:

-Քեզ ասում ենք, գործ չունես, դու արի՛:

Հետաքրքությունը հաղթեց, երևի մի այլ անցում կա, ինքը չգիտի: Դժկամությամբ հետևեց Անուշավանին: Քիչ անց հասան կարկաչուն գետակի ափը:  Հանդիպակաց ափին պտղատու, արդեն բողբոջներ տված այգիներ էին, հեռվում, տերևազուրկ ծառերի արանքից նշմարվում էին ասորաբնակ գյուղի տները:

-Հը՞, ոնց ես ուզում անցնել, թռչելո՞վ,- հեգնեց սերժանտը նայելով հորդառատ գետակին:

Ի պատասխան, Անուշավանը հանեց կոշիկներն ու գուլպաները, կապոց արեց քուղերով, հետո խնամքով վեր ծալելով՝ հավաքեց շալվարի փողքերը ծնկից վեր:

Սերժանտը ապշած հետևում էր Անուշավանի գործողություններին:

-Դե, ես վերադառնամ,- ասաց բարկացած. ափսոսում էր կորցրած ժամանակի համար, հիմա քաղաքում կլիներ ընկերների հետ:

-Դու արի՛, դու գործ չունես,- կրկնեց Անուշավանը:

-Հասկացի՛ր, ես ջուրը մտնողը չեմ:

-Ո՞վ ա ասում, մտի ջուրը:

-Բա ի՞նչ անեմ:

Անուշավանը լուռ շրջվեց, կռնակը դեմ արեց և ասաց.

-Վերցրու զամբյուղն ու կոշիկները, ել մեջքիս:

Ի՞նչչչ, սա արդեն խելագարություն էր: Սերժանտը որոշեց վերադառնալ:

-Ա՛յ մարդ, խի՞ ես թարսվե, առաջին անգամը հո չի՞, քեզ ասում ենք բարձրացի շալակս, մենք անգիր գիտենք գետի ծանծաղ տեղերը:

Էլի «մենք», որ այս անգամ ավելի իմաստալից հնչեց:

Սերժանտին պատել էր ամոթի և վախի զգացում: Ուզեց մերժել կամ ինքն էլ մերկանալ, բայց նայեց Անուշավանի աչքերին ու մի տեսակ խղճաց: «Այս ամենը «Ժուլետի» համար»,-մտածեց: ճար չկար, թողնել, հեռանալը վիրավորական կլիներ: Մի ձեռքով վերցրեց զամբյուղն ու կոշիկների կապոցը, և անճարակորեն բարձրանալով Անուշավանի շալակը, մյուս ձեռքով կառչեց նրա վզից: Անուշավանը ձեռքերը տարավ հետև, թևերն անցկացրեց սերժանտի ծնկների տակից, մի անգամ թափ տվեց «բեռը» ավելի լավ տեղավորելու համար ու համարձակ մտավ գետը: Իրոք, նա անգիր գիտեր գետի ծանծաղ մասերը: Որոշ տեղերում ջուրը չէր հասնում ծնկներին, բայց երբ անցնում էր խոր տեղերով, սերժանտը գլխապտույտ էր զգում ջրի հոսքից: Նրան թվաց, թե ուր որ է վայր կընկնեն, երբ մեկ անգամ Անուշավանի ոտքը սայթաքեց, բայց նա վարպետորեն կարողացավ պահպանել հավասարակշռությունը:

Վերջապես բարեհաջող ափ դուրս եկան:

-Տեսա՞ր,- հաղթական ու իրենից գոհ ասաց Անուշավանը, զամբյուղից վերցրեց սրբիչն ու չորացնելով ոտքերը՝  հագնվեց:

-Ամեն դեպքում, խճուղիով կվերադառնանք,- ասաց սերժանտը:

-Հլա սպասի, է՜, հիմիկվանից վերադարձի մասին ա դարդ անում, էս ի՞նչ տեսակ մարդիկ եք էդ քաղաքացիներդ… Հլա թող տեղ հասնենք, տեսնենք սաղ մնո՞ւմ ենք…

Ծառերի միջից մի նեղ կածան էր ձգվում դեպի գյուղ: Օդում տարածվել էր խոնավ ծառերի ու հողի անուշ բուրմունք, լսվում էր թռչունների գեղգեղանք: Սերժանտը քայլում էր թեթև, գետից անփորձ անցնելը թևեր էր տվել…

Գյուղի մատույցներում Անուշավանն ասաց, որ քրդական սահմանամերձ գյուղում հանդիպել է Գեղամին:

-Գեղամն ո՞վ ա,-հարցրեց:

-Քո սենյակի գյուղատնտեսը, էլի:

-Իսկապե՞ս: էնտեղ ինչո՞վ ա զբաղված:

-Ամուսնացել ա շեյխի աղջկա հետ:

-Լինելու բան չէ,- զարմացած ասաց սերժանտը,- մի՞թե քրիստոնյա չէ:

-Ուրացել ա կրոնը, թլպատել են, սուննի մահմեդական ա դարձե, պսակվե ու մնացե գյուղում:

-Հայ աղջիկ չկա՞ր:

-Ինքը պսակված ա, քաղաքում կնիկ ու երեխա ունի, թունդ սիրահարվել ա շեյխի աղջկան, աղջիկն էլ իրան: Պետք ա տեսնես Գեղամին, բոյով-բուսաթով, ուժեղ, տեղով պատկեր ա:

-Թյո՛ւ, հերն անիծած,- ասաց սերժանտը,- սրա հայ ասողի մերը…

Անուշավանն առարկեց.

-Էդպես մի ասա: Մենք էլ առաջ քո նման ինք մտածում, բայց որ տեսանք աղջկան, մնացինք շվար. հուրի-փերի ա, բա՜: Իրա կնիկը խև ա:

-Թքած ունեմ էդպիսի մարդու վրա:

-Նիկալայ ջան, էդքան վռազ մի դատի: Լավ ա, որ մարդ լսի սրտի ձենին: Չսիրելով ապրելը հեչ բանի նման չի: Հեսա, ես ասորի աղջիկ եմ սիրում…

Գյուղում անուններն ու ավանդույթները հայկական էին, ինքնաստեղծ երգերում հիշատակվում էին հայ հերոսների անունները: Երեխաները սիրով ու եռանդով էին յուրացնում այբուբենը: Շրջապատված մուսուլմաններով՝ նրանք հարյուրամյակներ հաջողել էին թեկուզ աղավաղված պահպանել իրենց ազգային դիմագիծը: Սերժանտը դժվարանում էր բացատրել ևս մի հակասություն… «Սրտի ձենին» լսելով, ուր կհասնեն…

-Շատ դարդ մի արա,-ասաց Անուշավանը,- մի քանի հոգի էսպես ըլլեն, ազգը չի կորչի… Իմանո՞ւմ ես ինչքան ասորի աղջիկներ մեզի հարս են եկե, հայացե: Ժուլետին էլ Աստծով մենք կհայացնենք…

Մտան գյուղ՝ արտաքուստ ոչնչով չտարբերվող իրենց գյուղից:

«Ժուլետենց» տանը հին ծանոթի պես դիմավորեցին Անուշավանին: Տունը երկհարկանի էր: Պատվեցին սերժանտին՝ նրան նստեցնելով երկրոդ հարկում գտնվող հյուրասենյակի վերին կողմը: Այստեղ ևս նստում էին պարսկական ձեռագործ գորգերով ծայրից ծայր պատած հատակին ու հենվում պատերի տակ շարված նույնպես գորգապատ մութաքաներին: Թախչաներում շարված էին ծաղկամաններ, արձանիկներ:

«Ժուլետը» լավիկն էր, ծիծաղկոտ, մի քիչ կարճահասակ, բայց  սիրունատես, վայելչակազմ, ասորական դիմագծերով, ուսերին թափված շեկ մազերով: Հագել էր կիպ, ծնկներից ցած շրջազգեստ՝ դեպի դուրս բացված ալիքաձև քղանցքներով: Հատակին փռված սուփրայի վրա ուտելիքները ոտաբոբիկ, կռացած շարելիս՝ գծագրվում էին երիտասարդ աղջկա փարթամ մարմնի բարեմասնությունները: Զուր չէր Անուշավանը սիրահարվել նրան:

Սերժանտին պատել էր այն զգացումը, որ հակառակ կանանց մեծամասնության չխնամված ու երբեմն վանող արտաքինին, գյուղերում ավելի ուժգին է արտահայտված մարմնական սերը: Չկային քաղաքացիներին հատուկ բյուրեղացած զգացումները: Դա ավելի ցայտուն զգաց ասորաբնակ գյուղում, երբ փողոցում քայլում էին դեպի Ժուլիետենց տունը: Կանայք գլխաբաց էին, հայացքները չէին փախցնում, ժպտում էին, երբ նայում էր նրանց. շարժուձևերը կանչող-հրավիրող էին: Ասես օդում ևս կիրք կար:

Բազմամարդ ընտանիք էին եղել. չորս քույր, երկու եղբայր: Բացի Ժուլիետից, որ ամենափոքրն էր, մյուսներն ամուսնացել էին, հեռացել գյուղից ու հաստատվել քաղաքում, մնացել էին երեքով՝ հայրը, մայրը և Ժուլիետը: Մայրն ասաց, որ մեկ դյուժին թոռնիկների կարոտն է քաշում:

-Շաբաթվա գլխին հանդիպում են,- ծիծաղելով ասաց Ժուլիետը,- բայց մերս էլի կարոտում է:

Թեև Անուշավանը վարժ ասորերեն խոսել գիտեր, բայց սերժանտի ներկայությամբ խոսում էին թրքերեն:

-Գյուղերը դատարկվում են,- ասաց հայրը,- մարդկանց ձգում է քաղաքի ավելի հեշտ կյանքը, մենք էլ ինչ ունենք-չունենք կծախենք, կգնանք:

-Ո՞ւմ կծախեք,-հարցրեց սերժանտը:

-Թուրքերին, էլ ում, մերոնք ծախող են, առնող չկա:

«Գյուղից քաղաք, քաղաքից մայրաքաղաք, մայրաքաղաքից արտերկիր և… վերջ»,- մտածեց սերժանտը: Իր ծննդավայրն էլ սկսել է  դատարկվել քրիստոնյաներից, երևի զինվորությունից հետո ինքն էլ կգնա մայրաքաղաք ու հետո կտանի տնեցիներին: Մտքով սլացավ տուն, կարոտեց մորը, հորը, քույրերին: Հիշեց  Օդեթին: Իր հատուկենտ նամակների մեջ Օդեթը ակնարկել էր, որ պատրաստվում են ընտանիքով տեղափոխվել մայրաքաղաք: Հազվադեպ էին կապվում միջքաղաքային հեռախոսով. նախ թանկ էր, հետո պիտի ժամերով հերթի սպասեին, զահլա չկար: Հանգստյան օրերին քաղաք գնալից՝ նամակները ստանում էր մի հայի հյուրանոցից, ուր իջևանում էին ընկերներով: Անհամբեր տնտղում էր նամակներն ու հարազատների նամակներից առաջ կարդում Օդեթի նամակը: Բայց աստիճանաբար նրա նամակները քչացան ու մղվեցին հետին պլան… Երանի ինքն էլ Անուշավանի նման սիրող սիրտ ունենար: Չգիտեր՝ կարոտո՞ւմ է Օդեթին, կամ Օդեթն՝ իրեն: Մի բան ակնհայտ էր, որ առաջվա պես չէր նեղվում նրա չլինելուց: Զգում էր, որ իրենց սերն եղել է ավելի շատ պատանեկան զմայլանք: Իրենց համբույրներն ու կիսամութ սենյակներում իրար սեղմված տանգո պարելը ասես մնացել էին հեռվում, մշուշի մեջ, հառնում էին՝ որպես պատանեկան հափշտակություն և միանգամայն աններդաշնակ ներկա իրականությանը: Զորանոցային ու գյուղական զրկանքներով լի կյանքը կոփել էր իրեն, ասես մեծացել էր մի քանի տարով, առնականացել, բացել էր կյանքի փակ վարագույրները, ներարկել ինքնավստահություն, արկածախնդրության մարմաջ… Ինքը կարողացել էր գրողի ծոցն ուղարկել գլխավոր հրամանատարի պատգամը՝ պատրաստ դիմագրավելու բոլոր հնարավոր հետևանքներին…

Ճաշին սերժանտը նկատեց, որ Անուշավանը գրպանից մի սպիտակ գույնի գեղեցիկ արկղիկ հանեց ու հանդիսավորությամբ հանձնեց Ժուլիետին: Թևի թանկ ժամացույց էր: «Սա էլ երևի մաքսանենգված ապրանքներից է,- մտածեց Սերժանտը,- տեսնես Ժուլետի հայրը տեղյա՞կ է, թե ինչով է զբաղվում Անուշավանը»: Ժամացույցը ձեռքից-ձեռք անցավ, բոլորը հավանեցին:

Բազմաթիվ կենացներ խմեցին տնական օղիով: Սերժանտի գլուխը թեթև պտտվում էր…

Ճաշից հետո Ժուլիետը սուփրայի սպասքն ու ամանները շարեց պղնձե մի մեծ սինիի մեջ ու պատրաստվում էր դուրս տանել, Անուշավանը չթողեց, ինքը վերցրեց ծանր սինին ու միասին իջան ներքև: Մնացին երեքով: Սերժանտը կարծում էր, որ մայրն էլ կգնա նրանց հետևից, բայց նա չոր միրգ, չամիչ, ընկույզ, հալվա, տնական թխվածք ու սպիտակ գինի դրեց սփռոցին, քաշվեց լուսամուտի մոտ ու վերցնելով անավարտ մի գործվածք՝ սկսեց լուռ հյուսել ճաղերով:

Խոսք բացվեց քրդերի մասին: Ժուլիետի հայրը պատմեց, որ մի քանի օր առաջ թվով յոթ հոգի քուրդ զենքի մաքսանենգներ, ջորիներով սահմանից անցկացրած մեծ քանակությամբ զենքերով ու ռազմամթերքով, հանդիպել էին զինված ժանդարմների ու հազիվ ճողոպրել՝ բարձրանալով մոտակա քարքարոտ լեռն ու կորել ժանդարմների տեսադաշտից: Ժանդարմներին հաջողվել էր որսալ միայն անտեր մնացած ջորիներից մեկին. փորձել էին հետևել մաքսանենգներին, բայց հանդիպելով զինված դիմադրության, քաղաքից օգնություն էին խնդրել: Հաջորդ օրը տեղ հասած զինված ուժերի մի վաշտ դիրք էր գրավել լեռան ստորոտում ու փակել փախուստի հնարավոր ուղիները: Ի դերև էին անցել մաքսանենգների փախուստի մի քանի փորձերը, սակայն դիմադրությունը շարունակվել էր, հրացանաձգությունը տևել էր մինչև երեկո: Երրորդ օրը, վաղ առավոտյան զինվորները սկսել էին ամեն կողմից կրակելով՝ բարձրանալ ու նեղացնել օղակը: Մաքսանենգները կյանքի նշույլ ցույց չէին տվել: Առաջնապահ զինվորները հասնելով լեռան գագաթին, մնացել էին շվարած: Քրդերը ջորիներով ու բեռներով հանդերձ անհետացել էին, ասես գետնի տակն էին անցել: Ոչ ոք չգիտեր, նրանց ինչպես և ինչ ուղիներով է հաջողվել գիշերը ճեղքել ժանդարմների ու զինվորների խիտ շղթան ու հեռանալ: Նրանց կայանած վայրում թափված էին տեսել միայն հավի ու գառան ոսկորներ, վիսկիի դատարկ շշեր ու խարույկի մնացորդներ: Հավանաբար մեկը վիրավորված կամ մեռած է եղել, որովհետև մի կողմում նկատել էին չորացած արյան լճակ:

-Դևերի պես են,- իր խոսքը ավելի պատկերավոր դարձնելու համար ասաց Ժուլիետի հայրը:

Թե որքանով էր ստույգ նրա պատմածը, դա իրեն չէր հետաքրքում. խնդիրը կայանում էր նրանում, որ Ժուլիետի հայրը դրվատանքով էր խոսում մաքսանենգների և քամահրանքով՝ երկրի զինված ուժերի մասին, առանց նկատի ունենալու, որ դիմացը զինվորական է նստած՝ թեկուզ կրթական առաքելությամբ:

Ժուլետն ու Անուշավանը ուշանում էին: Սերժանտը ապշել էր Ժյուլետի ծնողների անտարբերության վրա: Հոգնել էր նստած դիրքից ու հոր շաղակրատանքից: «Տեսնո՞ւմ ես սրիկային,-մտքում անդադար կրկնում էր սրտնեղված,- ինձ մենակ թողեց գնաց սեր անելու…»:

Եկան: Երկուսի դեմքերն էլ փայլում էին երջանկությունից:

Սերժանտը զղջաց իր մտքերի համար, բարի նախանձ զգաց: Արդյոք մի օր իրեն էլ կվիճակվի՞ այսպես երջանիկ լինել…

Անուշավանը սկսեց գինի խմել, խմել նոր թափով…

Մութն ընկնելու վրա էր, երբ նրանք օրորվելով դուրս եկան Ժուլիետենց տնից: Ինքը քայլում էր ավելի հաստատուն:

-Ո՞ւր ես գնում,- հարցրեց սերժանտը, երբ տեսավ, որ Անուշավանը քայլում է դեպի գետակը տանող արահետը:

— Դու արի՛… դու գործ չունես… մենք…,-բերանը ծռմռելով ասաց «Ժուլետի» սիրով երջանկացած Անուշավանը. այդ պահին նրա համար թերևս անհնարին ոչինչ չկար:

Որոշեց հակաճառել, բայց չգիտես՝ օղու ազդեցության տակ, թե՞ նրա ջգրու, ընդունեց մարտահրավերը:

-Գնա՛նք,- ասաց չարացած,- շուտ արա մութն ընկնում ա, տեսնեմ էս անգամ ինչ ղալաթ ես անելու:

Սակայն Անուշավանը չէր շտապում: Կանգնեց մի ծառի տակ, բխկաց ու միզեց: Սերժանտն էլ հետևեց նրա օրինակին… Մոտեցան ափին: Հազիվ էին երևում դիմացի ափի ծառերն ու սպիտակին տվող հողե ճամփան:

Կրկնվեց նույնը, լոկ այն տարբերությամբ, որ այս անգամ Անուշավանը կոշիկները չվստահեց սերժանտին, գուլպաները խցկեց կոշիկների մեջ, քուղերը կապեց իրար ու գցեց վզին՝ կրծքի վրա:

Ջրի մեջ իրեն թվում էր, թե յուրաքանչյուր քայլը վերցնելիս՝ մի քանի մետր գնում են դեպի ձախ, վերադառնում կենտրոն ու մի քանի մետր գնում դեպի աջ: Սայթաքումները հաջորդում էին մեկը մյուսին ու ասես ամեն անգամ Անուշավանը հրաշքով էր կանգնած մնում ու վերցնում հաջորդ քայլը: Դրանցից մեկի ժամանակ սերժանտին թվաց, թե ընկնում են, երկու ձեռքով կառչեց Անուշավանի վզից ու ձեռքից բաց թողեց դատարկ զամբյուղը: «Էսպես տեղ չենք հասնի»,- մտածեց հուսահատված, բայց մեկ էլ զգաց, որ կանգնած է ամուր հողի վրա:

-Տեսա՞ր,- ասաց Անուշավանը, ուղղեց կռացած մեջքը, նորից կռացավ ու… երկար փսխեց:

-Զամբյուղը ձեռքիցս ընկավ,- ասաց սերժանտը՝ ինքն էլ սրտխառնոց զգալով, խեղճացած:

-Ջանդ սաղ, Նիկալայ ջան, մի զամբյուղն ինչ ա, որ չպահար…,- ասաց հռհռալով, լվացվեց գետի ջրով, թարմացավ:

Ի՞նչ ասեր, իրավացի էր մարդը:

-Էդքան մի մտածի, է՜, լվացվի, էրթանք…

Անուշավանը թաց ոտքերով առանց գուլպաների հագավ կոշիկները, բայց շալվարի փողքերը ցած չիջեցրեց, երևի սպասում էր, որ ոտքերը չորանան քամուց…

Եվ հենց այդպես, շալվարի փողքերը վեր, գուլպաները ձեռքին, լցված «Ժուլետի» սիրով, սերժանտի հետ օրորվելով նրանք մտան գյուղամեջ… Բարեբախտաբար, մութն ընկել էր, ու այդ ժամին դրսում քիչ մարդ կար:

 

Թորոս

Վարուցանքի օրերին, տղամարդիկ մենակ կամ խմբով սկսեցին վերադառնալ արտասահմանից: Կյանքն սկսեց եռալ արտերում ու այգիներում: Օրվա մեջ գյուղը դատարկվում էր: Թութունի ու ցորենի արտերը մեծամասամբ մեքենայացված էին: Չէր կտրվում տրակտորների հռնդյունը: Այգիներում կանայք գետնից կտրում ու բարձրացրած պահում էին խաղողի որթերը, տղամարդիկ բահերով շուռ էին տալիս տակի հողը:

Մի անգամ, Գրիգորենց այգու մոտով անցնելիս, սերժանտը վերցրեց նրա բահն ու սկսեց փորել: Լսել էր, որ դա ծանր աշխատանք է, և որ տղամարդիկ օրվա ընթացքում վառված ափիոնի կտորներ են դնում բերանում՝ հոգնությունը հաղթահարելու համար: Փորում էին առավոտից մինչև իրիկուն կարճ դադարներով՝ ծխելու, մի բաժակ ջուր խմելու կամ ճաշելու համար: Ինքը շատ էր հպարտանում իր ջղուտ, մարզված մարմնով: Բացի այն, որ զբաղվում էր սպորտով, զորանոցի առավոտյան վարժանքներն ավելի էին պնդացրել մկանները: Բահը ծանր էր. սկսեց փորել անվարժ, անհավասար, ընդօրինակելով գյուղացիներին՝ հողով լցված բահի կոթը հենում էր ծնկին: Հազիվ կարողացավ փորել մի կարճ տարածություն: Քրտինքը առվակներով հոսում էր դեմքի վրայից,  չդիմանալով լարվածությանն ու ծնկի ցավին, բահը հանձնեց Գրիգորին ու հեռացավ ներկաների քմծիծաղի տակ: Ողջ մարմինը ցավից տնքում էր մեկ շաբաթից ավելի…

Սերժանտն օրերի հոսքը չէր չափում օրացույցով: Իր կարծիքով այնտեղ լոկ միանման, անշունչ թվեր են, որ իմաստ են ստանում միայն քաղաքում: Այստեղ, բնության գրկում, ժամանակի անկաշկանդ երթը զգացվում էր հողի տակից գլուխը դուրս հանած ծիլով, ծառերի վրա աննկատ շատացող կանաչով, բերանի մեջ հալվող ծիրանի անուշ համով, ոսկեգույն հասկերի խշշոցով, մաճառի թնդությամբ… Չհասկացվեց, թե երբ հասան բերքահավաքի օրերը: Կտուրների վրա սկսեցին մեկը մյուսի հետևից բարձրանալ դեզերը: Ցորենը գնում էր քաղաք, հետ վերադառնում պարկերի մեջ ալյուր դարձած ու շարվում թոնրատներում: Խաղողը ճմլվում, ջուր դարձած՝ հոսում, լցվում էր մառաններում շարված կավե կճուճների մեջ, թշթշալով՝ վերածվում գինու ու հանդարտվում: Կախանների վրա չորացրած ու ձեռքի ափով հարթեցված որակյալ թութունի տերևները դարսվում էին իրար վրա փայտե արկղների մեջ ու բեռնատար ավտոներով փոխադրվում քաղաք:

Թութունը վաճառվում էր միայն պետությանը. վերակացուներ էին գալիս քաղաքից, զննում և առանձնացնելով անորակ, հիվանդ թութունը՝ տանում էին գրեթե ձրի՝ անել կացության մատնելով բերքը խոտանած գյուղացուն… Տաժանակիր աշխատանք էր հատակին նստած՝ թութունի տերևների հարթեցման էտապը: Այս ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը կատարում էին կանայք ու երեխաները: Վերջինների տեսքը խղճալի էր. թութունի թունավոր շիրան քսվում էր նրանց մանկական ափերին այտերին, ճակատին… Երեխաներին չաշխատեցնելու միջազգային նորմերի մասին մտածելիս՝ սերժանտը չգիտեր լացեր, թե՞ ծիծաղեր. այստեղ նման «անհեթեթություններին» ականջ դնելու ժամանակ չունեին…

Սկսվեց հարսանիքների շրջանը: Մեկը հարս գնաց, մեկին հարս բերեցին: Երկու դեպքում էլ արյունալի տուրուդմբոցներ եղան խնամիների միջև: Առաջին անգամ ինքը վախեցավ, հաջորդ անգամ ծիծաղը հազիվ էր զսպում… Տուրուտմբոցը պիտի լիներ, ավանդույթի մի մասնիկն էր, առանց դրա կընկներ հարսի արժանապատվությունը, պիտի բոլորն իմանային, որ հարսին հեշտ չեն հանձնում…

Ուրախացավ, երբ լսեց, որ շուտով տեղի կունենա Մերիի հարսանիքը: Բայց ուրախությունը կարճ տևեց, նույնիսկ վշտացավ, երբ ասացին որ Մերին ամուսնանում է վարսավիր Թորոսի հետ: Թորոսն ավանդապաշտ, նահապետական մի ընտանիքի անդրանիկ զավակն էր, Մերիից երևի քսան տարով մեծ: Շուտ էր ճաղատացել, բայց բարետես, նուրբ դիմագծերով, կանացի ձեռքերով երիտասարդ էր, ավելի շատ քաղաքացու էր նման, հագնում էր բաց սրճագույն կաշվե բաճկոն, ջինս շալվար: Թորոսը բնակվում էր քաղաքում, սեփական վարսավիրանոց ուներ: Ինքն էլ, ընկերներն էլ մազերը կարճացնում էին նրա վարսավիրանոցում: Տարիներ առաջ ամուսնացել էր, բայց կինն ու արգանդի պտուղը մահացել էին վաղ ծննդաբերության ժամանակ: Անուշավանի ասելով՝ նա իսկական գեղեցկուհի էր ու Թորոսի սերը նրա հանդեպ հասնում էր պաշտամունքի: Կնոջ մահը շատ վատ էր ազդել, ամեն ուրբաթ օր գալիս էր գյուղ, այցելում կնոջ գերեզմանին: Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նա  նորից կամուսնանա: Հայրը գյուղի մեծահարուստներից էր, տասնյակ հեկտարներ թութունի պլանտացիաների տեր: Իրենից փոքր երկու եղբայրները վաղուց ամուսնացել, երեխաներ ունեին: Եղբայրների կանայք երկուսն էլ  հարևան գյուղերից էին:

Արսենը սպառնացել էր, որ կսպանի Թորոսին հարսանիքի գիշերը: Բայց դա անշուշտ տեղի չունեցավ: Հարսանիքից մի քանի օր առաջ ժանդարմներ հայտնվեցին գյուղում ու Արսենին տարան զինվորության: Ամեն բան նախապես կազմակերպված էր. ժանդրամների հայտնվելը հենց այդ օրերին զուգադիպություն չէր, այլ կանխամտածված… Խեղճ տղան չհասցրեց նույնիսկ փախչել զինվորությունից:

Այլևս  չտեսավ Արսենին, նրան տարել էին ծառայությունը անցկացնելու երկրի հեռավոր նահանգներից մեկում:

Ճոխ հարսանիքին հատուկ հրավերով ներկա էին նաև իր բանակային ընկերները, որոնք մտերիմ էին Թորոսի հետ: Քաղաքում հանդիպեցին, փող հավաքեցին ու մի հարսանեկան նվեր գնեցին նորապսակների համար: Գինին խմում էին շշերից կամ դույլերով: Բոլորն էլ հարբել էին: Սերժանտի հայացքը մի քանի անգամ հանդիպեց Մերիի դատարկ հայացքին, ու թեև ամեն անգամ աղջիկը ժպտաց, բայց  իր  սիրտը ճմլվեց: Հարսանեկան շորերի մեջ ու թանձր շպարով Մերին նման էր խաղալիքի խանութում շարված շեկլիկ կուկլաներին, որոնց աչքերը բացվում ու փակվում են գլխի վերուվար շարժումից: Անուշավանի կարծիքով՝ Թորոսը լավ մարդ է, հիանալի ամուսին կլինի Մերիի համար ու կերջանկացնի: Մեկ է, «էն լակոտից» բան դուրս չէր գալու, տկլորի մեկն էր…

Նրանք գյուղում չէին մնալու, հարսանիքից հետո գնալու էին քաղաք:

Հաջորդ օրը կեսօրին, երբ ընկերները պատրաստվում էին մեկնել իրենց գյուղերը, լուրը պայթեց ռումբի նման.

-Թորոսը հոր տունն է ուղարկել Մերիին, աղջկը կույս չի եղել…

Ծայր առան անպատասխան հարցեր, ասեկոսեներ, զանազան կարծիքներ, հոռետեսական ու լավատեսական կանխատեսումներ: Այնպես էլ չհասկացվեց, նժարը ում օգտին է թեքվում ՝ Թորոսի՞, թե՞ Մերիի…

Իր աչքի առաջ ամեն վայրկյան կիսամութում ցած կախված կանացի մերկ, ճերմակ ազդրն էր, մինչև ծունկը հասնող գյուղական նախշահյուս գուլպայով…

 

Սյուզի

Ձմեռը մոտենում էր: Դեռ տղամարդկանց վերադառնալու և գյուղական աշխատանքները սկսվելու ժամանակվանից դադարել էր գյուղական բարիքներով լցված ամանների «երթևեկը»: Միայն Անուշավանի մայրը՝ տիկին Սալբին երբեմն սերժանտին բաժին էր հանում կաթից կտրված, պառաված գոմեշի մսից իր նոր եփած կերակուրներից: Գյուղում ուրիշ միս չէր վաճառվում: Միսը մանր կտրատում էին ու թփով տոլմա պատրաստում: Տոլմայի երեսը լրիվ պատում էին քամած մածնի հաստ շերտով ու դրա վրա լցնում աղացած կարմիր կծու պղպեղ ու սոխառած. առաջին հայացքից դժվար էր կռահել կերակրատեսակի ինչ լինելը: Պատրաստում էին նաև ավելի ընդունված՝ գոմեշի մսով ռագու, որի մեջ լցնում էին գետնախնձոր ու չորացրած համեմունք, ընդ որում միսն այնքան պինդ էր լինում, որ դժվար էր ծամելը: Ամեն անգամ պինդ միսը ծամելիս՝ օտարոտի մտքեր էին այցի գալիս: Մարդիկ անդադար ծամում ու ուտում են, ուտում են այն ամենը, ինչ հնարավոր է վերցնել բնությունից, կենդանիներից: Այսքան աշխատանք, չարչարանք, մրցակցություն, գիտություն, գյուտեր ու ներդրումներ, պատերազմներ՝ կատարվում են միայն ու միայն ծամելու և ուտելու նպատակով… Հիշեց մի օր, երբ սոված էր, բայց տանը ուտելու ոչինչ չգտավ, գյուղում խանութ չկար, որ գնար մի բան առներ, ուտեր: Վախ զգաց: Այդ պահին մոռացել էր ամեն, ամեն բան, ուղեղը տարերայնորեն աշխատում էր միայն ուտելու ուղղությամբ: Սոված գայլի պես դուրս եկավ տնից ու սկսեց հոտոտել օդը: Նոր թխած լավաշի բուրմունք առավ, մոտեցավ: Կանայք անմիջապես մի քանի կտոր լավաշ տվեցին: Հրաժարվեց, ասաց կուշտ է, ստիպեցին: Այդ օրը և հաջորդ օրը, մինչև քաղաք գնալը, անցկացրեց ցամաք լավաշ ուտելով… Քաղաք հասնելուն պես առաջին գործը եղավ մեկ լրիվ բաժին «չելո-քյաբաբ»[5] ուտելը: Հիշեց նաև, որ օրեր առաջ, ցորենի արտի մի հողակտորի համար կռիվ ծագեց երկու եղբոր միջև, հազիվ բաժանեցին. մեկի քթից արյուն էր հոսում, մյուսի գլուխն էր պատռվել: Վերքին էշի ճարպ դրեցին: Տանուտեր Ավագը և գյուղի տարեցները աշխատում էին հաշտեցնել եղբայրներին: Ցորենը հաց է, հացը ուտելու համար է: Իր կարծիքով, ուտելը, բառի իսկական ու բազմակողմանի իմաստներով, կյանքի ու գոյատևման ամենագլխավոր առանցքն է, որի առջև նսեմանում են մինչև անգամ մարդկային արժեքները: Բոլոր շնչավոր արարածները ուտում են, ուտում են նաև մեկը մյուսին:

Երանի հնարավոր լիներ յոլա գնալ առանց ուտելու…

Գյուղական բարիքներով լցված ամանների փոխարեն, ավելացան քաղաքից գնված զանզազան պահածոների տուփերը: Գոնե հացը միշտ կար. նույնիսկ թրքաբնակ գյուղում, կանայք հաց թխելիս՝ իր աշակերտների միջոցով թարմ լավաշ էին ուղարկում իրեն:

Չկար այն ուշադրությունն ու ջերմությունը, որ առկա էր գալու առաջին շաբաթներին: Կանայք զբաղված էին արտերկրից վերադարձած ամուսիններով: Սանդրան էլ տղամարդկանց հայտնվելու հենց առաջին օրվանից դադարեց գալ: Դա չէր վշտացնում սերժանտին, վերջին անգամ երկուսն էլ այնպիսին չէին, ինչպես միշտ… Մի կարճահասակ, նիհար, բայց լավ հագնված տղամարդ հաճախ ելումուտ էր անում Սանդրայենց տանը: Հետագային պարզվեց, որ նա Սանդրայի մեռած ամուսնու մտերիմ ընկերն է և հարսանիքի քավորը:

Ավելի հաճախակի դարձան շաբաթվա վերջին քաղաք կատարած իր այցելությունները: Ձանձրացել, հոգնել էր գյուղից: Թվում էր, թե իր ընկերներն էլ նույն հոգեվիճակն ունեին: Շատացել էին տրտունջները, հաշվում էին ժամանակը, թե երբ կավարտվի «էս էշի կյանքը»…

Քաղաքի հասարակաց տունն իր մաքրությամբ ու ազգերի բազմազանությամբ մեծ համբավ ուներ երկրում: Այստեղ կային պարսիկ, թուրք, քուրդ, ասորի պոռնիկներ: Տղաները մտերմացել էին ասորուհիների հետ: Նրանցից մեկը մի երեկո բերնից թռցրեց, որ Սյուզի անունով մի հայ պոռնիկ կա այսինչ գյուղից: Դա սերժանտի գյուղն էր:

Ընկերները դեմ չեղան, որ ինքը հանդիպի աղջկան:

Նախամուտքում նստած սև չադրայով կինը սկզբում տարօրինակ հարցեր տվեց, ինչը ներվայնացրեց իրեն: Բայց երբ համոզվեց, որ սերժանտը տեղացի չէ, վերցրեց դրամն ու Ալիաղային կարգադրեց, որ հյուրին առաջնորդի Սյուզիի սենյակը: Ալիաղան, բարձրահասակ, մարմնեղ, կոշտ ու կոպիտ, հիսունի մոտ՝ տան «համեքարեն»[6] էր:

Կիսամերկ աղջիկը նստած էր սենյակի անկյունում, դեղին լուսամփոփի կողքին դրված մուգ թավշապատ աթոռակին: Լավիկն էր, ցանկահարույց, բայց շպարված դեմքն ու ծամոն ծամելը, վանող տպավորություն թողեցին սերժանտի վրա:

Բարձրացավ տեղից, հաճոյակամ ժպտաց, բարևեց թրքերեն ու ձեռքով առաջարկեց նստել բազմոցին:

-Բարև, Սյուզի՛,- ասաց սերժանտը հայերեն:

Աղջիկը թեթև ցնցվեց, թվում էր՝ չէր սպասում, որ եկվորը հայ կլինի:

-Բարև,-ասաց ակամա:

-Ձեր գյուղում ես կրթության բանակային եմ,- ասաց Սերժանտը, համոզված լինելով, որ դա կուրախացնի աղջկան:

Բայց նա, ընդհակառակը, լարվեց, ժպիտն անհետացավ դեմքից ու  քննախույզ նայեց:

-Ուրեմն Նիկոլայը դու ես,-ասաց կարճ դադարից հետո,- գյուղում ինչ կա-չկա:

Հարցը տրվեց հենց այնպես. չսպասեց պատասխանին: Երևում էր, որ տեղյակ է գյուղի անցուդարձին: Փոքրիկ սեղանից վերցրեց քաղցրավենիքի վազն ու պարզեց հյուրին:

-Հա՛, ես եմ: Որտեղի՞ց գիտես իմ մասին:

-Երեխերքն են ասե:

-Երեխե՞րքը… ո՞վ:

-Ախր, քեզ ինչ,-ասաց սրտնեղված,- փող ես տվե գործդ արա, գնա…

Մոտեցավ կանգնեց տղայի առջև ու փորձեց հանել նրա ժակետը:

-Մի վայրկյան սպասի,- ասաց սերժանտը:

Սենյակը տաք էր, քրտինքի կաթիլներ էին հայտնվել ճակատին:

-Սյուզի…-սկսեց, բայց լռեց, ասես մտքում որոճում էր ասելիքը,- երբ իմացանք, որ դու…

-Երբ իմացաք, որ հայ եմ, հա՞,- ընդհատեց սերժանտի խոսքը,-եարա՜բ, հո՞ չես էկե գլխիս քարոզ կարդաս, մինչև ստեղ,-ցուց տվեց կոկորդը,- կուշտ եմ… Շորերդ հանի:

-Չէ, տերտեր հո չեմ, քարոզ կարդամ. ուզում եմ իմանամ, հե՞ր ես եկել էստեղ:

Սյուզին բարձր ծիծաղեց:

-Շատ ես ուզում իմանաս, հրեն գյուղում կպատմեն, սիրուն տղա ես, հլա արի սեր անենք…

Սերժանտը զգում էր, որ տեղի է տալիս: «Անօգուտ է»,- մտածեց, բայց հարցրեց:

-Ինքդ եկա՞ր, թե՞ զոռով բերեցին:

-Շատ ֆոզուլն[7] ես, հա՜:

-Դու հարցիս պատասխանի՛ր,- ասաց տիրական:

Սյուզին լրջացավ:

-Չեմ հասկանում ի՞նչ ես ուզում իմ ջանից:

-Քո ջանի՞ց… բա կարծում ես հե՞ր եմ եկե,- ասաց սերժանտը,-քեզի…

Երկուսն էլ ծիծաղեցին:

-Բա խի՞ ես սպասում:

-Վռազ, վռազ չեմ սիրում, մի քիչ զրուցենք, չե՞ս պատմի քո մասին:

-Ի՞նչ պատմեմ, ինքս իմ ոտով եմ եկե ստեղ:

-Բա ընտանի՞քդ:

Սյուզին գլուխը կախ գցեց ու ակամա նայեց անկյունում, արդուզարդի սեղանին դրված էժանագին շրջանակի մեջ մի կնոջ նկարին:

-Էս ով ա՞:

-Մերս:

Սերժանտին թվաց, որ աղջկա աչքերը լցվեցին:

-Մերդ գյուղումն ա՞:

-Չէ, ամենը վաղուց գնացել են:

-Ո՞ւր:

-Վա՜յ, հոգիս հանար, վերջ տուր, էլի, գնացին Ամերիկա:

-Ամերիկա՞,- սերժանտը շշմեց:

-Բա դո՞ւ:

-Հերս տնից վռնդեց… երկար պատմություն ա… մեր գյուղի տղաները վատն են, խաբեցին… դու նոր ես եկե, ոչինչ չես իմանում… Պրծա՞նք…

Այսքան հեշտ ու հասարա՞կ: Ի՞նչ աներ, սկսեր խրատե՞լ, դա ի՞նչը կփոխեր, փրկե՞ր աղջկան կործանումից, բայց ինչպե՞ս: Թողներ-գնա՞ր, թե՞…

Սյուզին վճիտ աչքերը հառած, նայում էր սպասողական: Այդ պահին, հակառակ դեմքի շպարին, աղջկա էությունն այնպիսին էր, որ մոռացնել էր տալիս իր ով և ինչ լինելը:

Տեսնելով, որ տղան ընկել է մտքերի մեջ, նա  մոտեցավ, նստեց ծնկներին ու սկսեց շոյել գլուխը…

Նրա մեջ կար մի բան, որ նման չէր մյուսներին…

Սերժանտը չզգաց, թե ինչպես կտրվեց իրականությունից…

-Իմ իսկական անունը Սյուզի չէ, Ալվարդ ա,- ասաց նա,- երբ հագնվեց ու պատրաստվեց դուրս գալ,- էլի եկ, կսպասեմ, ջիգա՛րս…

Հին ավտոբուսի մեջ, քաղաքից գյուղ տանող ճանապարհին ու խճուղուց մինչև գյուղը ձգվող արահետով քայլելիս՝ ոչ մի վայրկյան չէր կարողանում մտահան անել Սյուզիին: Ընկել էր անուրջների աշխարհը… Ինքը հարստացած, գրպաներում լիքը փող, անարգել ներխուժում է հասարակաց տուն, բռնում է Սյուզիի ձեռքն ու ասում. «Եկել եմ քեզ ազատեմ էս դժոխքից, արի՛ ինձ հետ»: Սյուզին հուզվում է, արցունքներ են հոսում աչքերից, գրկում է ու համբուրում իրեն. «Չեն թողնի, դու գնա, քեզի կծեծեն»,- ասում է լացակումած: «Դու արի՛, դու գործ չունես»,-ասում է Անուշավանի ոճով: Միասին, ձեռք-ձեռքի բռնած դուրս են գալիս սենյակից: Նեղ միջանցքում Ալիաղան կտրում է նրանց ճանապարհը. ինքը բռունցքի դիպուկ հարվածով նրան գետին է տապալում: Դռան մոտ պահակը մարմնով փակում է դուռը: Ինքը գրպանից հանում է քսան թումանանոցների մի կապուկ ու տալիս պահակին: Պահակը շվարած նայում է փողին ու ասում. «Ալլահա թափշըրրամ»…[8] Վազում են, արագ նստում՝ «Կիրակի օրերը՝ երբեք» ֆիլմում տեսած ավտոյի նման՝ իր սեփական կարմիր ֆորդ-մուստանգն ու սլանում քաղաքից դուրս: «Դու կապրես իմ առանձնատնում, վայելքի մեջ, կլողանաս ավազանում, ծառաներ կունենաս»,-ասում է հուզված…

-Աղա՛, աղա՛, բու յոլ հարա՞ գեդիր[9],- հարցրեց ճամփաբաժնում չադրայով կանգնած մի ծեր կին, որ զարմացած նայում էր ինքն իր հետ բարձրաձայն խոսող զինվորականին:

Կտրվեց անուրջներից, «էս որտեղի՞ց հայտնվեց», մտածեց զայրացած ու շարունակեց ճանապարհը: Բայց զղջաց, շրջվեց ու ասաց գյուղի անունը:

Դաժան իրականությունն իրեն զգացնել տվեց իր ողջ մռայլությամբ: Քայլերը ծանրացել էին, հազիվ էր փոխում ոտքերը նոր տեղացած ձյան մեջ. զզվել էր գյուղից… իրենից… իր թուլությունից, ներկա իրավիճակից: Դեռ հինգ ամիս կար ծառայության ավարտին:

Գյուղում անակնկալ էր սպասում:

Սենյակը լրիվ դատարկ էր, մնացել էին միայն պատի տակ անկանոն շարված մի քանի դատարկ ամաններ, որոնք սպասում էին իրենց տերերին: Մտավ թոնրատուն. նավթի գալոնները նույնպես չկային: Դուրս եկավ փողոց, ոչ ոք չկար: Այս ի՞նչ է կատարվում: Գողության նման չէր, գրապահարանը, սեղանը, աթոռները ինչո՞ւ պիտի տանեին:

Քաղաքից պահածոներ ու մթերքներ էր բերել տիկին Սալբիի համար: Մտազբաղ քայլեց ոչ շատ հեռու՝ անուշավանենց տունը:

-Վերջապես եկա՞ր,- ասաց Անուշավանն ու ձեռքը բռնած քայլեց պատշգամբով, դեպի ծայրամասի սենյակն ու բացեց դուռը: Գրեթե նախորդ սենյակի դասավորությամբ դասավորված էին իր մահճակալը, սեղանը, աթոռները, գրապահարանը:

-Համեցե՛ք,- ասաց շողացող դեմքով,- էս վերջին ամիսները մեզ մոտ կմնաս, մեզ մոտ էլ կուտես, կխմես:

Տիկին Սալբին ու Անուշավանի տասնամյա եղբայրը՝ Թևանը, պատշգամբում կանգնած, ժպիտը դեմքներին, նայում էին ապշած սերժանտին:

-Էս ամենը մենա՞կդ ես արել,-հարցրեց կարճ դադարից հետո:

-Չէ, աշակերտներդ էլ օգնեցին: Էս հանգուցյալ հորս սենյակն էր: Հերս գրել-կարդալ գիտեր, էս սենյակում գրաճանաչ էր դարձնում գյուղացիներին,- ասաց Անուշավանն ու նկատելով սերժանտի անտարբեր հայացքը, ավելացրեց,- ի՞նչ կա, քեֆդ տեղը չի՞, թե՞ չես հավանում:

-Հավանում եմ, իհարկե, հավանում եմ, բայց էսպես ճիշտ չի, հո ձրիակեր չեմ:

-Լավ, էլի, հլա մի հանգստացի, հետո մի բան կմտածենք:

Սերժանտը ձեռքի կապոցները հանձնեց տիկին Սալբիին, շոյեց Թևանի գանգուրներն ու Անուշավանի հետ ներս մտնելով՝ հետևից փակեց դուռը:

— Դու ի՞նչ գիտես մեր գյուղից Սյուզի անունով մի աղջկա մասին,-ասաց առանց նախաբանի:

-Ի՞նչ Սյուզի, Ալվարդի՞ն ես ասում:

-Հա:

-Հը՞, չըլլի էղել ես իրա մոտ:

-Չէ,-ստեց,-լսեցինք որ «էնտեղ» մի հայ կա էդ անունով, էս գյուղից:

-Հա, գեղի պատիվը տարել ա…

Անուշավանը պատմեց, որ փոքր տարիքից Ալվարդը աշխույժ, կրակոտ աղջնակ էր, տեղը հանգիստ նստել չգիտեր: Շուտ աճեց. դեռահաս տարիքում տարբերվում էր գյուղի մյուս աղջիկներից: Տղա տեսնելիս՝ հալումաշ էր լինում, ինքն էր առաջ ընկնում: Սիրուն էր. տղաները խենթանում էին նրա համար, բայց չէին համարձակվում մոտենալ. հերը հարուստ, ազդեցիկ մարդ էր, շատերի գլուխն էր կերել, վախենում էին: Ուզող գտնվեց, եկան ձեռքը խնդրեցին, հերը մերժեց, որովհետև տղի հերը «ինչք» չուներ, փող չուներ: Տղեն ուրիշին առավ: Դրանից հետո հորից գաղտնի, Սյուզին քնեց մի քանի հոգու հետ, վերջը  հղիացավ: Հերը իմացավ, սաստիկ ծեծեց, տնից դուրս արեց: Մերը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, աղջկան էր ուզում, բան դուրս չեկավ, հերը չներեց: Ալվարդը ձմեռվա օրով, մենակ, լացելով, գնաց քաղաք: Ազգականներ ուներ, մի քանի օր պահեցին, մինչև բախտի բերմամբ մի օր հանդիպեց ժուլետենց գյուղի իր ասորի ընկերուհուն, որ անբարոյական էր դարձել: Ընկերուհին նրան տարավ «էնտեղ»: Անունը փոխեցին, դարձավ Սյուզի:

-Բա երեխա՞ն,- հարցրեց Սերժանտը:

-Հա, երեխան աղջիկ ա, ապրում ա մոր հետ: Հիմա երևի չորսի, հինգի մեջ ա:

-Դու եղե՞լ ես նրա մոտ…

-Չէ, մեր գեղի տղերքին ճանապարհ չի տալիս: Առաջին օրվանից, էդ իր պայմանն ա էղե: Հիմա խի՞ ես էդքան տխուր:

-Ես… ես… ինձ ճանապարհ տվեցին… բայց երեխային չտեսա,-ասաց սերժանտն ու գլուխը կախեց:

 

Մերի, Սանդրա

Խստաշունչ ձմեռվա բքի ու ծանր ձյան հետևանքով երեք շաբաթից ավելի  փակվեց դեպի խճուղին ձգվող ճամփան: Սոված գայլերը վխտում էին շեների շուրջ. գիշերները պարզ երևում էին մթան մեջ փայլատակող նրանց աչքերը: Գյուղացիները քաղաք էին գնում միայն  հարկադիր դեպքերում, մեծ դժվարությամբ, ընկերոջ հետ կամ խմբով, զինված մահակներով ու դաշույնով: Դժվար էր նույնիսկ թրքաբնակ գյուղի դպրոց գնալն ու վերադառնալը: Սերժանտը հաճախ բացակայում էր աշխատանքից: Ամեն բան մի կողմ, գյուղում բաղանիք չկար, ստիպված էր գյուղացիների նման լոգանք ընդունել Անուշավանենց գոմում, երկաթե տաշտի մեջ, կովերի ու գոմեշների զարմացած հայացքի տակ: Տիկին Սալբին նավթավառի վրա ջուր էր եռացնում, Թևանը «կռուշկայով» լցնում գլխին: Լողանալիս, երբեմն աչքն ընկնում էր արջառ դարձած հորթուկին ու լցվում էր խանդաղատանքով: Մի օր, ուշ գիշերին, Անուշավանը արթնացրեց իրեն և ասաց, որ կովը ծնում է: Քնաթաթախ,  հազիվ հիշեց, որ ինքն էր խնդրել իմաց տալ, երբ կովը կծնի: Հապճեպ հագնվեց, վազեց գոմ: Ինքը երբեք, երբեք չի մոռանա այդ գիշերը, որ լուսացրեց գոմում, չի մոռանա կովի երկունքը, բառաչը, թույլ, ծալված ոտքերով, թաց աղվամազով պատած, վարդագույն դնչիկով հորթուկին: Չի մոռանա նաև առավոտը ծեգին, հենց գոմում կերած ծնած կովի առաջին կաթից պատրաստված սպիտակ «դալի» համը: Այդ օրվանից հաճախ էր մտնում գոմ, խաղում հորթուկի հետ:

Եղանակը սկսեց տաքանալ, բայց դեռևս դժվարանցանելի էին գյուղական ճամփաները: Իրենց հարևան ասորի հղի Մարիամը կողի էր ընկել, ուզում էր «մարդավարի» ծննդաբերել քաղաքում, ծննդատանը: Ինչքան համոզել էին, որ մնա, բան դուրս չէր եկել: Վեր էր կացել, մի բոխչայի մեջ վերցրել նորածինի շորերն ու բարուրը, մենակ ճամփա ընկել քաղաք: Սերժանտն ուշ իմացավ այդ մասին, աշխարհի նախատինքը թափեց փսլնքոտ, խմած ամուսնու գլխին, որ չէր ուզել կնոջն ուղեկցել գոնե մինչև խճուղին:

-Մարդը տավար ա,-ասաց տիկին Սալբին,- մի մտածի, Մարիամը «զա՛բա՛րդա՛սթ»[10] կնիկ ա, բան չի պատահի:

Հիրավի, չէր անցել չորս օր, Մարիամը հաղթական, ուրախ, զվարթ վերադարձավ՝ նորածին, անուշիկ տղան՝ գրկին:

Թանձր ձանձրույթը սկսել էր խեղդել: Հոգնել էր կարդալուց, ռադիո լսելուց: Անուշավանն էլ չկար, վաղուց գնացել էր, չէր վերադարձել: Տիկին Սալբին, աչքը ճանապարհին, անդադար աղոթք էր մրմնջում… Տաք հագնված մեկ-մեկ տնից դուրս էր գալիս, քայլում դեպի գետը տանող ձյունածածկ ուղին ու չէր կշտանում ձմեռային գեղասքանչ տեսարանները դիտելուց. ինչքա՜ն հարափոփոխ է բնությունը…

Փողոցում հազվադեպ էր պատահում անցորդների: Մի օր նկատեց Երվանդին՝ Մերիի հորը: Երվանդը չտեսնելու տվեց, ճամփան թեքեց ու գլուխը կախ հեռացավ:

-Բարև, ա՛յ մարդ,-կանչեց հետևից,-բարևդ ո՞ւր ա, շա՞տ ես վռազում:

-Աստծու բարին,- ասաց Երվանդն ու շրջվեց դժկամորեն,- ասա՛:

Կոտրված տեսք ուներ, կռացած:

-Քեզ շատ չեմ պահի, ի՞նչ կա-չկա, Մերին հե՞ր չի գալիս հայերեն դասերին:

-Մերի՜, Մերի՜,- Երվանդը հանկարծ ձայնը բարձրացրեց,- շան քածով հոգիս հանեցիք, Մերի չկա:

-Ինչպե՞ս թե չկա,- ասաց ու հանկարծ անդրադարձավ, որ չարաբաստիկ հարսանիքի օրվանից չէր տեսել Մերիին:

-Մերին քաղաք ա գնացե,-ասաց սրտնեղված ու հեռացավ:

Ինչպե՜ս էր մոռացել Մերիին: Գոնե հարցներ Անուշավանից, նա միշտ տեղյակ էր ամեն բանից: «Երևի քաղաք ա գնացել Արսենին հանդիպելու հույսով,-մտածեց,-Անուշավանը գա՝ կիմանամ»: Լավատեսությանը զուգահեռ՝ մտքովը վատ բաներ էին անցնում. սարսափեց…

Երեկոները, գյուղացիների խնդրանքով, ինքը գրքերից պատմվածքներ կամ բանաստեղծություններ էր կարդում նախկին թոնրատանը, որն իր ջանքերով վերածվել էր գյուղական հավաքատեղիի: Նոր խսիր էին փռել, ով ինչ ուներ՝ տանից բերել ու պատերին, իրար կողք, շրեշով փակցրել էին Րաֆֆու, Բրիջիդ Բարդոյի կիսամերկ, Չարլի Չապլինի, Շահի և թագուհու, Ս. Թադեի վանքի, մի նորածին մանկան և այլ նկարներ ու պլակատներ: Օղին ու գինին անպակաս էին: Թոնիրը վառում էին, թեժացնում, թողնում, որ հանգստանա: Երբ առաջին անգամ իրեն ասացին, որ նստի թոնրի եզրին ու ոտքերը կախի ցած, ընդդիմացավ, «բա որ ոտքերս այրվեն»,-ասաց վախեցած: Ստիպեցին, փորձեց ու այնքան սիրեց, որ թոնրատուն մտնելուն պես, վազում, նստում էր թոնրի եզրին, սառած ոտքերը հանձնում ածխացած, մարմրող կրակի ախորժելի ջերմությանը, որ միախառնված արյան հոսքին՝ ոտքերի ծայրից ասես երակներով բարձրանում, տարածվում էր մարմնում, հասնում գլխին, հետ վերադառնում ու նոր պտույտ գործում… Թոնրատան դուռը բացելիս՝ ցուրտը ներխուժում էր ներս, բայց այդ դիրքի մեջ՝ հոգը չէր, մնում էր ցրտից պաշտպանված:

Բացի դռնից, երդիկին հենված ելարանը ևս ծառայում էր հարևանների ելումուտին: Աչքն ելարանին ընկնելիս՝ հնարավոր չէր չմտաբերել…Սանդրային: Սանդրան վաղուց քաղաք էր տեղափոխվել: Ճիշտ է, հակառակ գլխավոր հրամանատարի կանխագուշակումին՝ գլուխը մնաց իր տեղում, բայց  ամեն անգամ այդ կնոջը հիշելիս՝ ցնցվում էր իրենից անկախ, չգիտեր՝ դրդված զղջմա՞ն, թե՞ մեղքի զգացումից: Մտքերն իրարամերժ էին: Անձկությամբ էր մտաբերում իրեն այն պահին, երբ իր մոտից խռով հեռանալուց հետո առաջին անգամ Սանդրան նայեց իրեն ու ժպտաց փողոցում: Բերկրանքից գլուխը կորցրել էր, ասես աշխարհը տվել էին իրեն, դարձել էր համակ ցանկություն, ուղեղն ասես աշխատում էր միայն մեկ ուղղությամբ… Ինչպե՞ս իրեն թույլ տվեց քնել տարիքով իրենից մեծ մի գյուղացի այրի կնոջ հետ, ում հանդեպ չուներ սիրո ամենափոքր զգացումն անգամ…  Սերը սուտ է. սերը նսեմանում է կրքի առաջ: Մի՞թե կիրքը չէ, որ չարախնդալով չեզոքացնում է վախը, մթագնում նույնիսկ իրազեկված բանականությունը, անտեսել տալիս տարիք, դասակարգային խտրություն, հասարակական կարծիք, սեռ, կրոն, ազգություն և սահմանված այլ տաբուներ… Մի՞թե հեշտանքը չէր, որ մղել էր Սանդրային ուշ գիշերին քայլել կտուրներով, երդիկից իջնել ու ներխուժել միայնակ տղամարդու որջը: Բայց երբ շիջում է հեշտանքը, գլուխ են բարձրացնում վախը, զղջումը, բանականությունը՝ տեղի տալով տանջալից ինքնախարազանումի: Լավ էր գոնե մինչև քաղաք տեղափոխվելը, ուրիշների ներկայությամբ կամ իրար հանդիպելիս՝  Սանդրան իրեն պահում էր այնպես, որ ասես ոչինչ տեղի չէր ունեցել… Սերժանտը մտքում գնահատում էր նրա ինքնատիրապետումն ու լցվում երախտագիտության զգացումով: Երկար, տվայտալից մտորումներից հետո եկել էր այն եզրակացության, որ գյուղում «նամուս» ասվածը  հարաբերական բնույթ ունի: Դա ավելի շատ արտահայտվում էր ավանդական մտածողության ու նախապաշարումների տեսքով, քան բարձրաշխարհիկ հասարակության կողմից ընդունված բարոյականության նորմերով: Այր ու կին հարաբերությունների առումով այստեղ մակերեսային էին մոտենում այնպիսի խնդիրներին, որոնք սովորաբար դատափետվում են: Զերծ լինելով բյուրեղացած զգացումներից և մոտ լինելով բնությանը, գյուղացիներն առաջնորդվում են բնության թելադրանքով: Դրա վառ ապացույցներից մեկը տղամարդկանց բացակության շրջանում մենակ մնացած կանանց՝ գյուղի պատանիների ու երիտասարդների հետ թաքուն սիրախաղերն էին, որոնց մասին ինքը տեղյակ էր, բայց որոնք այնպես էլ չէին բացահայտվում տղամարդկանց վերադառնալուց հետո…

Մի քանի ընտանիքներ ևս գաղթեցին գյուղից: Տներն այգիների հետ վաճառում էին հարևան գյուղերի թրքերին կամ քրդերին. հայտնվեց առաջին թուրք ընտանիքը, հետո երկրորդը, երրորդը… Թափուր տների մութ պատուհաններում լույս երևաց: Առաջին օրերին լկտի հայհոյանքներով համեմված լեզվակռիվներ եղան: Թուրքերը բողոքեցին, ժանդարմներ եկան, սպառնացին: Հետո համակերպվեցին, կամաց-կամաց նորաբնակների ներկայությունը դարձավ սովորական, սկսվեցին բարիդրացիական հարաբերություններ…

Արդեն զգացվում էր գարնան շունչը: Հեռու չէր գյուղից հեռանալու օրը, չգիտեր՝ ուրա՞խ է, թե՞ տխուր: Գյուղում անցել էր իր կյանքի թերևս ամենաանսովոր ու հետաքրքիր ժամանակահատվածը: Ինչևէ, ուրախ էր, որ ավարտվում է զինվորական ծառայությունը: Անտարակույս, աշխարհում չկա մի զորակոչիկ, որ ուր և ինչ առաքելությամբ էլ ծառայելու լինի, հենց առաջին օրվանից անձկանոք չմտածի ծառայության ավարտի մասին:

Վերջապես եկավ այն օրը, երբ զինվորական ջիփը, առանց ուղեկցորդ սպայի, կանգնեց Անուշավանենց դռան առաջ: Սերժանտը դուրս եկավ հագնված լրիվ համազգեստով, թևերին անցկացրած ուսապարկը, որի մեջ անձնական պիտույքներն ու հագուստներն էին, ձեռքում՝ գյուղական մթերքներով ծանրաբեռնված պայուսակը: Մյուս իրերն ու գրքերը թողեց Անուշավանին:

Բացի իր աշակերտներից, քիչ մարդ էր եկել սերժանտին ճանապարհելու: Թրքեր էլ կային: Ոմանց հետաքրքրում էր ավելի շատ զինվորական ջիփի հայտնվելը, քան սերժանտի վերջնական մեկնումը: Սենյակը թողնելիս՝ մի բան սեղմեց կոկորդը, բայց հավաքվածները, ինչպես միշտ անտարբեր, միայն նայողի դերում էին: Որքան դժվար էր թափանցել գյուղացիների սրտի խորքը, նրանց զգացումները կարծրացած են իրենց ափերի կոշտուկների պես:

Տիկին Սալբիի աչքերը լցված էին. նույնպես դժվար էր կռահել՝ դրանք բաժանումի՞, թե՞ ուրախության արցունքներ էին: Նախորդ օրը մեկը եկել էր քաղաքից, լուր տվել, որ Անուշավանը կգա մի քանի օրից: Պիտի գնային «Ժուլետի» ձեռքը խնդրելու: Պարզվեց նրա երկար բացակայության պատճառը. բռնվել էր մաքսանենգված ապրանքը ձեռքին, նստեցրել էին, բայց Ժուլիետի հոր նյութական միջամտությամբ ազատ էին արձակել: Խոսում էին, որ հավատարիմ է մնացել իր տված երդումին ու չի մատնել ընկերներին, որ «աղջկա հերն» ինքը մաքսանենգների պարագլուխներից մեկն է…

Զինվորական ջիփը ինչպես եկել էր ամիսներ առաջ, այնպես էլ ցնցվելով ու ոստոստելով հեռացավ գյուղից: Նույնիսկ վարորդի ներկայությունը  արգելք չեղավ, որ լուռ արտասվի…

 

-Գիտե՞ս ում հանդիպեցի քաղաքում,- ասաց ընկերը, երբ ավտոբուսով սլանում էին իրենց ծննդավայրը:

-Ո՞ւմ:

-Էն, կապույտ աչքերով, շեկ մազերով հարսին, վարսավիր Թորոսի կնկան:

-Մերիի՞ն,-սերժանտը վեր թռավ տեղից:

-Հա:

-Շպարված հո չէ՞ր:

-Շպարվա՞ծ, չեմ հիշում, կարծես՝ չէ:

-Որտե՞ղ տեսար…

-Մթերքի խանութում, եկել էր գնումների, էս ինչե՞ր ես հարցնում:

Սերժանտի լարվածությունն անցավ…

-Հետը խոսեցի՞ր:

-Հա, մոտեցա, բարևեցի, սկզբում չճանաչեց, բայց երբ քո անունը տվեցի, ուրախացավ, հիշեց, որ հարսանիքին ներկա էինք: Ասաց, որ բարևեմ քեզ:

-Էլ ի՞նչ ասաց:

-Ասաց, որ բաժանվել ա Թորոսից, աշխատում ա մի հայ ընտանիքում որպես աղախին:

Սա երևի ամենաբարեհաջող ելքն էր. առույգ, կենսախինդ կրակոտ Մերիի համար անշուշտ դժվար է եղել մեն-մենակ տանել անպատվությունը, փակվել տան չորս պատերի մեջ, չէ՞ որ գյուղամեջ դուրս գալու պարագային, հանդիպելու էր գյուղացի կանանց չարախինդ հայացքներին, երկդիմի ակնարկներին: Հիշեց Մերիի հոր հետ իր կարճ զրույցը, նրա վշտախառը զայրույթը, երբ տվեց  աղջկա անունը: Երևի տանն էլ անդադար լսել է ծնողների նախատական խոսքերը. չէ՞ որ դեռ խայտառակությունը մի կողմ, հարուստ փեսա էին ձեռքից տվել… Չէր դիմացել, փախել էր քաղաք, կամ գուցե հայրն էր վռնդել տնից… Տեսնես՝ ում մոտ է մնացել, ինչպես է աշխատանք գտել: Ինչպե՞ս ինքը ժամանակին ոչինչ չէր ձեռնարկել: Իսկ ի՞նչ պիտի ձեռնարկեր, ինչպե՞ս պիտի պաշտպաներ, օգներ աղջկան: Գոնե, Փառք Աստծո, նա դիմացավ հալածանքներին, չգնաց Սյուզիի ճանապարհով… Դարձավ աղախի՜ն… Չէ՜, ինչ տարբերություն, խորտակվեց Մերիի կյանքը, շեկլիկ, բարեկազմ այդ աղջկան հանգիստ չեն տա… կկորչի…

Սերժանտը կծկվեց ավտոբուսի աթոռի մեջ ու սարսռաց. ընկերը նայում էր նրան զարմացած:

 

Գյուղական կյանքն իր բոլոր հոգսերով ու դժվարություններով հանդերձ անցավ անհոգ, լի անմոռանալի դրվագներով ու հուշերով: Թե ինչ էր սպասում իրեն գալիք օրերում՝  չգիտեր, բայց գիտակցում էր, որ այսուհետև իր ճամփան լինելու է ավելի խորդուբորդ, քան գյուղ տանող արահետը և գետն անցնելու համար ոչ ոք կռնակը դեմ չի տալու իրեն, որ պիտի ապավինի միայն իր սեփական ուժերին…

Որոշեց այլևս չշարունակել օրագիրը, ի՞նչ պիտի գրեր, գյուղից հետո, քաղաքն իր մեքենայացված կյանքով անհրապույր ու մռայլ էր թվում:

 

Մարտ 2016

Թեհրան

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

[1] — Հայ է (թրքերեն)

[2] — Բանակային (պարսկերեն)

[3] — Բարի գալուստ (թրքերեն)

[4] — Ծաղիկ (թրքերեն)

[5] -Պարսկական ազգային կերակուր՝ մսի խորովածով ու փլավով:

[6] — Ամեն բան անող (պարսկերեն):

[7] -Իրեն չվերաբերող հարցերով հետաքրքվող (պարսկերեն)

[8] -Ձեզ հանձնում եմ Աստծուն (թրքերեն):

[9] -Այս ճանապարհը ո՞ւր է գնում (թրքերեն):

[10] — Ձեռներեց, խիզախ, ճարպիկ (պարսկերեն, գործածվում է նաև թրքերենում)

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի