Dino Buzzati, 1906-1972
Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Գիշերվա ժամը երկուսն էր, երբ Ֆրանչեսկոն ու ես, պատահմամբ (բայց իսկապե՞ս պատահմունք էր) անցանք Կալցավարա փողոցի համար 37 շենքի մոտով, ուր ապրում է բանաստեղծը:
Որքա՜ն արդար ու խորհրադանշական է, որ հանրահայտ բանաստեղծը բնակվում է մեծ շենքի վերջին, բավական անհրապույր այդ հարկում: Ներքևում կանգնած, երկուսս էլ, առանց մի բառ ասելու նայեցինք վեր` հուսալով: Շենքի ճակատամասը թաղված էր մթության մեջ.բայց վերևում, այնտեղ, ուր վերջին քիվն անհետանում է երկնքի մշուշների մեջ, մի պատուհան (միայն դա) թույլ լույս էր արձակում: Մնացյալի հետ համեմատած, մարդկության հետ համեմատած, որ քնած էր գազանի քնով, որպես խուփ, գծուծ ու կույր պատուհանների սև շարքի հակոտնյա, որքա՜ն հաղթականորեն էր լուսավորում այն:
Հնամաշ ռոմանտիկա էր գուցե, բայց մեզ սփոփեց այն միտքը, թե մինչ մյուսները ընկղմված էին խոր քնի մեջ, այնտեղ`վերևում, մի մենակյաց լամպի լույսի տակ նա բանաստեղծություններ էր հորինում: Իսկապես տարաժամ էր, գիշերվա ամենահեռու անկյունը, երբ երազներն են ծնվում, և հոգին, եթե կարող է, ազատագրվում է կուտակված ցավերից`սավառնելով կտուրների վրայով ու աշխարհի մշուշների միջով, փնտրելով խորհրդավոր այն բառերը, որ վաղը, վերին շնորհով խոցելու են մարդկանց սրտերը` նրանց դրդելով մտածելու վեհ բաների մասին: Իսկապես, դժվար կլիներ պատկերացնելը, որ բանաստեղծներն աշխատեին, ենթադրենք, առավոտյան ժամը տասին, երբ հենց նոր են սափրվել, մի առատ նախաճաշից հետո:
Մինչ դեմքերս այդպես վեր էինք պարզել, ու գլխներովս խառնիխուռն մտքեր էին անցնում, ինչ-որ բան ստվերի պես հանկարծ շարժվեց լուսավորված պատուհանի շրջանակի մեջ և դանդաղ անկումով գահավիժեց մեզ վրա: Նախքան գետնին հասնելը, ամենամոտ լամպարի լույսի մեջ երևաց, որ դա թղթե գնդիկ էր: Ընկավ մայթի վրա:
Մեզ հասցեագրված ուղերձ էր կամ հավանաբար կանչ` ուղղված անծանոթ անցորդին, ով առաջինը գտներ այն, ինչպես անում են անմարդաբնակ կղզում նավաբեկվածները` շշի մեջ փակելով այն ու հանձնելով օվկիանոսի ալիքների ողորմածությանը:
Սա էր առաջին միտքը, որ ծագեց մեր գլխում: Կամ էլ, բանաստեղծը վատ էր զգում, ու քանի որ տանը ոչ ոք չկար, օգնության էր կանչում: Եվ կամ , գուցե գողե՞ր էին մտել իր սենյակը, ու այդ թղթի կտորը հայտնում էր այդ մասին:
Ֆրանչեսկոն ու ես միասին կռացանք` թղթե այդ գնդիկը վերցնելու: Ես ավելի ճարպիկ գտնվեցի:
-Այդ ի՞նչ է,-հարցրերց ընկերս:
Լամպարի լույսի տակ ես արդեն բացում էի այն:
Դա ճմրթած թուղթ չէր: Օգնության կանչ չէր: Իրականությունն ավելի պարզ ու ճապաղ էր: Եվ կամ` ավելի հանելուկային: Ձեռքումս հայտնաբերեցի թղթի կտորների մի կույտ, որի վրա նշմարեցի բառերի ծվեններ: Ակնհայտորեն, բանաստեղծը գրելուց հետո հիսաթափվել էր կամ կատաղությամբ էր համակվել, թուղթը պատառոտել էր հարյուր կտորների, դրանցից մի գնդիկ էր սարքել ու այն շպրտել պատուհանից դուրս:
-Դեն մի՛ նետիր,-ասաց Ֆրանչեսկոն,-գուցե դա մի շատ գեղեցիկ բանաստեղծություն է: Մի քիչ համբերություն դրսևորելով` կարող ենք կտորները իրար կպցնել:
-Եթե գեղեցիկ բան լիներ, դեն չէր նետի, հանգի՛տ եղիր: Եթե դեն է նետել, նշանակում է զղջացել է, նշանակում է, դա նրան դուր չի եկել, ու դա ինքը չի ընդունում որպես իրենը:
-Երևում է, դու նրան չես ճանաչում: Նրա ամենահայտնի տողերը փրկել են իր ընկերները…Մինչդեռ ինքն ուզեցել է ոչնչացնել դրանք: Նա դժվարահաճ է:
-Եվ հետո, -ասացի,-ծեր է արդեն, որոշակի տարիքից հետո բանաստեղծություններ այլևս չեն գրում:
-Չէ՛, գրում է, միայն թե չի տպագրում դրանք, քանզի երբևէ գոհ չի լինում իր գրածներից:
-Լա՛վ: Իսկ եթե բանատեղծության փոխարեն,- ասացի ես,- լոկ հասարակ նշու՞մ է, ընկերոջն ուղղված նամա՞կ, կամ էլ պարզապես ծախսերի ցուցակագրու՞մ:
-Էս ժամի՞ն:
-Հա՛, էս ժամին: Բանաստեղծները, կարծում եմ, հաշիվներ են կազմում գիշերվա երկուսին:
Այդժամ ես նորից կոլոլեցի թղթի ծվեններն ու դրեցի բաճկոնիս գրպանը:
Ի հեճուկս Ֆրանչեսկոյի բողոքների, այդ դրվագներն այլևս չառանձնացրի, չփռեցի սեղանի վրա, չփորձեցի վերակազմել թուղթն ու կարդալ, թե ինչ էր գրված այնտեղ: Թղթե գնդիկը, համարյա այն նույն վիճակում, ինչ վիճակում վերցրել էի գետնից, փակեցի մի արկղում, որ միչև հիմա մնում է այնտեղ:
Բացառված չէր, որ ընկերս իրավացի լիներ, և մեծ բանաստեղծը իսկապես զղջացած լիներ իր գրածի համար և կատարելության իր այդ մոլեգնության պատճառով ոչնչացրած լիներ տողեր, որոնք այլ դեպքում, դառնալու էին անմահ: Կարող է պատահել, որ նրա գրած բառերն այդ գիշեր, կազմեին աստվածային մի ներդաշնակություն, լինեին անենահզոր ու ամենամաքուր բանը, որ երբևէ ստեղծվել է աշխարհում:
Բայց պիտի հաշվի առնել այլ վարկածներ ևս. որ կարող է այն լիներ անկարևոր թղթի մի կտոր: Որ, ինչես քիչ առաջ էի ասում, տնային գործերի մասին մի ճապաղ նշագրություն լիներ ընդամենը. կամ թե, գուցե բանաստեղծը չէր գրել դա ու նետել դուրս, այլ նրան հարազատ կամ նրա մոտ ծառայող ինչ-որ մեկը.կամ, գուցե իսկապե՞ս դա բանաստեղծություն է, բայց անհաջող մի բանաստեղծություն, կամ էլ, ուղղակի չի կարելի բացառել, որ մենք սխալվել էինք, որ լուսավոր այն պատուհանը բանաստեղծինը չէր, այլ պատկանում էր մեկ այլ բնակարանի, ու այդժամ, այդ ձեռագրի պատառիկը այլ բան չի լինի, քան ճմրթված մի թուղթ ընդամնենը:
Բայց և այնպես, այդ հակասական ենթադրությունները չեն, որ ինձ ետ են պահում թուղթը վերականգնելուց: Հակառակը: Գտածոյի գիշերային հանգամանքները, գուցե անտեղի համոզմունքը առ այն, թե առեղծվածային ինչ-որ խզբզոց պարունակում է, ավելի հաճախ, քան մենք եք կարծում, կյանքի այնպիսի փաստեր, որոնք արտաքնապես թվում են, թե կախված են կույր պատահականությունից, և այն միտքը, թե նախախանամությունն էր, ամենագետ ճակատագիրը, որ հենց մեզ` ինձ ու Ֆրանչեսկոյին էր դրել այդ վայրում, հենց այդ գիշեր, հենց այդ ժամին, որպեսզի կարողանայինք վերցնել մի գանձ, որն այլ դեպքում, պիտի կորչեր: Այդ ամենը` անբանականի վրա հիմնված փաստարկների հանդեպ իմ հակումով, ինձ համոզեցին, որ թղթե գնդիկն իր մեջ պարունակում է մի ահռելի գաղտնիք. գերմարդկային գեղեցկություն ունեցող մի բանաստեղծություն, նկատի ունեմ, որ բանաստեղծը դա ոչնչացրել էր այն դառն համոզմունքից, թե չի կարողանալու այլևս երբեք հասնել այդպիսի բարձրության (իսկապես, արվեստագետն իր կորագծի գագաթին հասնելուց հետո, ճակատագրայնորեն գահավիժում է ցած և ստիպված է այլևս ատել այն ամենն, ինչ արել է դրանից առաջ, և ինչը նրան անընդհատ հիշեցնում է ընդմիշտ կորսված մի երջանկության մասին):
Նման համոզվածությամբ` ես նախընտրում եմ թանկարժեք անակնկալը պահպանել այնպիսին, ինչպիսին կա, և թաքուն պահել մի անորոշ ապագայի համար: Ու ինչպես որ կյանքում որևէ լավ բանի սպասումը անպայմանորեն մեզ տալիս է ավելի շատ ուրախություն, քան թե այն ունենալու իրողությունը (և իմաստուն բան է անմիջապես չօգտվելը այդ լավ բանից, այլ ըմբոշխնել ցանկության այն հիանալի տեսակը, որ բավարարված լինելու, բայց ոչ դեռևս իրականում բավարարություն ստանալու անխախտ ցանկությունն է, մի խոսքով` սպասումը, որն այլևս երկյուղներ ու կասկածներ չունի, և հավանաբա մարդուն շնորհված երջանկության միակ ձևն է, ինչպես որ գարունը, որը խոստում է, և ուրախացնում է մարդկանց ավելի շատ, քան ամառը, քանզի վերջինս իրականացումն է այն բանի, ինչը տենչում էինք), այդպես էլ անհայտ բանաստեղծության հմայքը այն երևակայությամբ կանխավ ապրելն է, ինչը հավասար է, և անգամ, գերազանցում է ուղղակի և խոր իմացության գեղարվեստական հաճույքին: Պիտի ասեն սակայն, թե դա երևակայության չափազանց անբռնազբոս խաղ է, թե այդպես դուռ է բացվում խորհրդապաշտության ու փչոցների համար: Բայց եթե նայենք ետ, պիտի հավաստենք, որ ամենաերանելի ու մեծ ուրախությունները երբևէ չեն ունեցել ավելի հաստատուն կառույց:
Ասենք, չլինի՞ այստեղ բանաստեղծության առեղծվածի հետ գործ ունենք` արտահայտված իր ծայրահեղ օրինակներից մեկի մեջ: Իսկապես, հնարավոր է, որ այն կարիք չունենա գործածելու բաց և ընդհանուրի համար հասկանալի մի լեզու, ոչ էլ ունենա տրամաբանական իմաստ, ոչ էլ իր բառերը կազմեն կապակցված նախադասություններ կամ արտահայտեն ողջամիտ հայեցակարգեր: Նաև բառերը, ինչպես այս դեպքում, կարող են բաժանվել կտորների և աղոտ կերպով միախառնվեն վանկերի մեքենայության մեջ: Ավելին. դրա կախարդանքը վայելելու, դրա թափը զգալու համար, ավելորդ է դրանք կարդալը: Բավական է նայել դրանց, բավական է դրանց հետ շփում-կապը, ֆիզիկական հարևանությունը:
Գուցե և այդպես է: Կարևորը մանավանդ հավատալն է, որ այդ գրքույկի մեջ, այդ էջում, այդ տողերում, այդ նշանների մեջ գլուխգործոց է (տե՛ ս Լեոպարդիի Զիբալդոն. “Մեծ մասամբ, գեղեցիկը գեղեցիկ է, քանզի այդպիսին է իրեն համարում): Ես, օրինակի համար, երբ բացում եմ դարակս ու ձեռքիս մեջ սեղմում թղթե այդ գնդիկը, ուր`պատառիկնրի այդ թնջուկում, ենթադրաբար թաքնված է բանաստեղծության մի ուրվագիծ, գուցե ներշնչանքի ուժով, բայց հրաշալիորեն ինձ ավելի բավարարված եմ զգում, ավելի կայտառ, ավելի թեթև, նշմարում եմ հոգևոր մեծության լույսը, և ծայրագույն հորիզոնից դանդաղորեն դեպի ինձ են առաջանում լեռները, մենակյաց լեռները:
(Իսկ գուցե դրա մեջ այլ բան չկա, քան անանուն մի նամակի սևագիր` որևէ գործընկերոջ բախտին քար գցելու համար):
1 մեկնաբանություն
Հիանալի թարգմանություններ եք անում
Շնորհակալություն