Զինվորական ջիփը դուրս գալով խճուղուց, ոստոստելով ու ցնցվելով մտավ դեպի գյուղերը տանող խորդուբորդ ճամփան:
Ձմեռը կիսվել էր: Սերժանտը հմայված դիտում էր մեծ գետից բաժանվող վտակներով ոռոգված հարուստ բնության ձմեռային հրաշագեղ տեսարանները: Աջ ու ձախ գետնատարած խաղողի այգիներ էին, թութունի ու ցորենի կիսաձյունածածկ արտեր՝ իրարից բաժանված տերևազուրկ բարդիների ու ուռիների խիտ շարքերով:
Իր բախտը չբերեց. չորս ամիս զորանոցում նախապատրաստական կուրսեր անցնելուց հետո պիտի մեկնեին տվյալ տարածաշրջանի գյուղերը՝ գրագետ դարձնելու գյուղացիների զավակներին ու կրթվել ցանկացող գյուղացիներին: Գյուղերն ընտրեցին վիճակահանությամբ: Իր հինգ հայ ընկերներին բաժին ընկան հայաբնակ գյուղերը: Առանց ուսուցչի հայաբնակ գյուղ չմնաց: Շտաբը որոշեց, որ ինքը կբնակվի հայերի մոտ ու կդասավանդի մոտակա թրքաբնակ՝ ավելի բազմամարդ գյուղում:
-Դու այստեղ ես աշխատելու,- ասաց սպան, երբ հասան թրքաբնակ գյուղը:
Գյուղը մաքուր տեսք չուներ, սերժանտի նոր փայլեցրած սապոգները մինչև ճտքերը ցեխոտվեցին: Այստեղ ու այնտեղ թրիք ու աղբի մնացորդներ էին: Ստվերոտ պատերի տակ երևում էին գորշագույն ձյունի պատառիկներ: Երկու գայլաշուն գռմռալով խեթում էին օտարականներին:





Վերջին մեկնաբանություններ